Յովհաննէս Քաջազնունի. Իմ տղաները

948

Իմ սիրելի մանչուկ:
Խոստացել էի քեզ մի հէքեաթ պատմել. ամէնահրաշալի հէքեաթը որ
երբ եւ է պատմել է հայրիկը իր մանչուկին:
Օրը եկել է որ պատմեմ: Լաւ լսիր որ միտդ պահես, եւ երբ մեծանաս,
ինքդ էլ հայրիկ դառնաս, պատմես քո մանչուկներին:

* * *
Կար-չկար, մի մարդ կար, անունը Արմէն:
Լաւ մարդ էր, բարի, խոհեմ ու շատ աշխատասէր: Ոչ ոքի վնաս չէր
տուել, ոչ ոքին գէշ չէր ցանկացել: Բայց ինքը մի լաւ օր չէր տեսել
կեանքում:
Գեղի աղէն ասում էր Արմէնին.
-Էս արտը որ ցանում ես, իմն է: Էն սարն էլ իմն է: Ջուրն էլ իմն է:
Դու էլ իմն ես, դու, քու հէրը, քու աղէն, քուրն ու աղջիկը,- դուք բոլորդ
էլ իմ ծառաներն էք: Ու ինչ որ ունիք, էն բոլորն իմն է: Քո հացը,
ոչխարը, բուրդը, պանիրը, հաւն ու հաւկիթը,- բոլորը իմն է:
Աղէն էսպէս էր ասում: Էն կողմից Դատաւորն ու գեղի Տանուտէրը
վկայութիւն էին տալիս, թէ՝
– Դրուստ է հրամայում մեր Աղէն: Ի հարկ է որ իրանն է, ապա ո՞ւմը
պիտի ըլլի. վերեւը Աստուած, ներքեւը մեր Աղէն: Ու Արմէնը շատ
բաղդաւոր է որ մեր Աղի պէս աղա ունի գլխին:
Էսպէս էին վկայում Դատաւորն ու Տանուտէրը:
Սրանք վկայում էին, իսկ Նազիր-Վէզիրը գալիս էին, փէտով տալիս
էին Արմէնի գլխին ու խլում ձեռից ինչ որ ունէր-չունէր: Կէսը տանում
էին Աղի տունը, կէսը բաժանում իրանց մէջ, մի բան էլ փայ հանում
Դատաւորին ու Տանուտէրին:
Դեռ ուրիշ, աւելի վատ բաներ էլ անում էին Աղէն ու Նազիր-
Վէզիրը: Բայց հէքեաթի մէջ չի պատմուի:
Արմէնը մտածում էր, մտածում:
– Տէր Աստուած, ասում էր, սա ինչի՞ց է էսպէս: Ինչի՞ համար ես
ծառայ պիտի ըլլիմ էս անխիղճ Աղին ու էս լիրբ Նազիր-Վէզիրին: Ինչո՞ւ
համար նրանք պիտի ուտեն իմ հացը, փէտով տան գլխիս, խայտառակ անեն
կնիկս ու աղջիկս, թքեն երեսիս, ու ես էսպէս լուռ մնամ, ձեռներս բարեւի բոնած…
Մտածում էր, մտածում, բան չէր հասկանում:
Ասում էր.
– Երեւի իմ ճակտին էս է եղել գրած:
Յիշում էր Արմէնը, որ մի ժամանակ էս գիւղում ո՛չ աղա կար, ոչ
Նազիր-Վէզիր: Յիշում էր որ էն ժամանակ արտն էլ իրանն էր, սարն էլ,
ջուրն էլ:
Բայց էդքան հին էր էդ ժամանակը, որ լաւ չէր կարողանում տեղը
բերել: Ասում էր.
– Ով գիտէ, երազի մէջ եմ տեսել էն լաւ օրերը:
Էսպէս տարիներ էին անցնում, երկար տարիներ:
Արմէնը նայում էր չորս կողմը. տղաները ոտաբոբիկ, ցրտահար,
անօթի, ոչ խաղալ գիտեն, ոչ ուրախ խնդալ: Կնիկը ահից ծածկել է
երեսը, կծկուել անկիւնում, սիրտ չի անում որ դռնից դուրս նայի,
արեգակի երես տեսնի: Պառաւ մէրը էնքան է լացել որ աղի-արցունքից
աչքերը կուրացել: Հէրն էլ առաւօտից իրիկուն հէնց մի բան է ասում. սուս
արա, Արմէն, սուսս… չը լինի ձէնդ լսին:
Նայում է Արմէնը, սրտից արուն է կաթում, բայց ի՞նչ պիտի անի.
Էնտեղ Աղէն է կանգնած, Նազիր-Վէզիրն էլ կողքին, փէտերը ձեռներին:
Էլի տարներ անցան, երկար տարիներ:
Ու մէկ էլ գլխի ընկաւ Արմէնը: Ասաւ.
– Չէ՞ որ մեր սարի ետեւ ուրիշ գեղեր կան, ու էն գեղերի ետեւ մեծ-
մեծ քաղաքներ: Էնտեղ զօրեղ մարդիկ են ապրում, ամէն կիրակի
տաճարների մէջ աղօթք են անում, խիղճ-ապուռ ունեն… Մի գնամ պատմեմ
հալս: Որ իմանան, մի ճար կ’անեն, հօ էսպէս անօգնական չեն թողնի ինձ:
Տրեխները պինդ կապեց: Աստուած կանչեց ու ճամբայ ընկաւ:
Եկաւ տեսաւ, -ինչ տեսնի. Կերուխում, ծիծաղ, ուրախութիւն…
Ասաւ.
– Էս ինչ բանի վրայ էք դուք: Քէֆ-հարսանիք էք անում, իսկի չէք
ասում, թէ մեր գեղը կերան էն Աղէն ու Նազիր-Վէզիրը:
Ու պատմեց ամէն բան:
Մեծ քաղքի մարդիկ լաւ մարդիկ էին, գիտուն, հարուստ ու էնքան փէտ
ունէին ձեռներին, որ ուզենային՝ չէ թէ մէկ Աղի՝ տասը աղայի հէրը
կ’անիծէին:
Լսեցին Արմէնի պատմութիւնը, շատ ցաւեցին ու շատ էլ բարկացան
անխիղճ Աղի ու Նազիր-Վէզիրի վրայ: Ասին.
– Լաւ, դու հիմի տուն գնա, տես ինչ ենք անելու էն քու Աղին ու
Նազիր-Վէզիրին:
Արմէնը եկաւ, տնեցոց ականջին ասաւ.
– Դուք մի քիչ համբերէք, տեսէք թէ Մեծ Քաղքի մարդիկ ինչ են
բերելու մեր Աղի գլխին:
Համբերեցին:
Իսկ Մեծ Քաղքի մարդիկ հաւաքուեցին, խորհուրդ արին ուրիշ մեծ
քաղքցիների հետ, իրար նամակ գրեցին, հեռագիր տուին, լրագիր
հրատարակեցին, -էլ ինչ ասես որ չարին:
Ամբողջ աշխարքը իմացաւ, թէ ինչ շուն ու գէլն է եղել Արմէնի Աղէն:
Ու ով որ լսում էր, մի բերան ասում էր.
– Խեղճ Արմէն:
Էնքան ասին, որ էդպէս էլ մնաց անունը: Էլ մարդ չը մնաց որ չասի.

– խեղճ Արմէն:
Ասում էին, գլուխները շարժում, սրտերը քաշում ու գնում էին
իրանց բանին:
Իսկ Աղէն երբ իմացաւ թէ Արմէնը գնացել է Մեծ Քաղաք ու էնտեղ
անունը խեղճ են դրել, կանչեց Նազիր-Վէզիրին, հարցրեց.
– Էսոր քանի՞ փէտ պիտի տայիք Արմէնի գլխին:
Նազիր-Վէզիրը բաց արին մեծ գիրքը, կարդացին, հաշիւ արին ու
ասացին:
– Հինգ փէտ, Աղէն ապրած կենայ:
Ասաւ.
– Գնացէք, տասը տուէք: Ու էս օրուանից սկսած մէկ փէտի տեղ միշտ
երկուսը կը տաք:
Ու էդ օրուանից սկսած մի փէտի տեղ միշտ երկուսն էին տալիս
Արմէնի գլխին:
Արմէնը սուս էր անում ու սպասում:
Էլի տարիներ անցան,- էս անգամ ոչ շատ տարիներ:
Արմէնը տեսաւ որ Մեծ Քաղքի մարդիկ անունը Խեղճ դրին ու պրծան:
Ասենք, ուրիշ բաներ էլ արին Մեծ Քաղքի մարդիկ:
Մի տեղ բարի պառաւները հաւաքուեցին, իրար լաւ-լաւ խօսքեր ասին,
հանգանակութիւն արին, Արմէնին երկու կտոր շաքար ու մի նաշխուն
թաշկինակ ուղարկեցին, ասին. Կաղնտի օրը էս շաքարը կը տաս քու
փոքրիկներին, թող բերանները քաղցրացնեն խեղճերը ու մեզ օրհնեն. էս
աբրեշում թաշկինակն էլ կը պահես մօտդ, որ քթերը սրբես՝ եթէ հարբուխ
ընկնին:

Ուրիշ տեղ տէրտէրները ժամ ասացին, աղօթք արին ու Արմէնին
աւետիս տուին, թէ՝ դու սիրտդ պինդ պահի, մենք էսօր մեր մեծ ժամում
հսկումի կանգնեցինք, Տէր ողորմեա ասինք:
Մի ուրիշ անգամ Մեծերի Մեծերը նամակ գրեցին Արմէնի Աղին, թէ՝
խելօք կաց, խեղճ Արմէնին մի նեղացնի, թէ չէ-թէ չէ էլի նամակ կը գրենք
քեզ:
Աղէն որ լսում էր էս բաները, աչքով էր անում Նազիր-Վէզիրին:
Հէնց որ Աղէն աչքով էր անում, Նազիր-Վէզիրը սկսում էին փէտը
բանեցնել Արմէնի գլխին:
Էնքան բանեցրին, որ յոգնեցին խեղճերը, կռներում էլ հալ չմնաց:
– Չէ, էսպէս չեղաւ, ասաւ Արմէնը ինքն իրան: Շնորհակալ եմ, Մեծ
Քաղքի մարդիկ անունս խեղճ դրին, բայց փէտը էլի մնաց Աղի ձեռին ու
իմ գլուխը՝ էն փէտի զնդան…
Մի քիչ էլ սպասեց, էլի մի քիչ համբերեց…
Մի օր էլ ոտի ելաւ, թէ՝
– Որ էդպէս է, հիմի ես էլ իմը կ’անեմ:
Գնաց անտառ, մի լաւ փէտ ջոկեց, կտրեց, բերեց տուն:
– Ինչ ըլլի՝ ըլլի, էս փէտը ես Աղի ու Նազիր-Վէզիրի գլխին պիտի
ջարդեմ:
Հէնց էն մտքերին էր, թէ ինչպէս անի որ իր սրտի ուզածի պէս զարնի,
մէկ էլ խաբար առաւ, որ Մեծ Քաղքների մարդիկը իրար են անցել,
փէտերը առել կռուի են եկել իրա Աղի դէմ:
Էս որ իմացաւ.-
– Էս օրն է իմ օրը, ասաւ:
Փէտը ձեռն առաւ, կանգնաւ գեղամէջին, գոռաց էնպէս, որ սարերը
ձէն տուին:

– Ես ոչ աղա եմ ճանաչում, ասաւ, ոչ Նազիր-Վէզիր: Էս գեղը իմն է:
Ու ով որ չէ ասի, էս փէտը կ’ուտի:
Հէրն եկաւ, առաջը կանգնաւ.
– Խելառե՞լ ես, Արմէն: Ո՞վ է լսել որ էդպէս խօսքեր ասեն Աղի
երեսին: Սուս արա, սուս…
Ասաւ.
– Խելառել եմ, Հէրիկ, էլ սուս չեմ անի:
Մէրը եկաւ.
– Մեր տունը քանդեցիր, Արմէն: Էդ քանի՞գլխանի ես, որ փէտ ես
քաշել մեր Աղի վրայ:
Ասաւ.
– Քաշել եմ, մէրիկ: Ու պիտի զարնեմ, դու մի կողմ կանգնի:
Կնիկն եկաւ.
– Հողը իմ գլխին, վայ տղաներիս… էդ ի՞նչ ես անում:
Ասաւ.
– Ասում եմ, կնիկ: Ու թող կոտորեն մեր տղաներին: Էլ ինչի՞ ապրեն,
թէ որ ինձ նման խեղճ պիտի մնան:
Կռիւ ընկաւ գեղի մէջ:
Աղի մարդիկ հա՛ տուին Արմէնի գլխին: Էնքան տուին, որ արիւն
ծորաց աչքերից, շունչը կտրուեց բերանում:
Բայց կանգնած է ոտի: Փէտը պինդ պահում է ձեռքում, մէջքը տուել է
պատին ու զարնում է, ուր հասնում:
Ասում է.
– Ինչ ըլլի՝ ըլլի, էս օրն է իմ օրը:
Ու էլի զարնում:
Եկան ասին.
– Հրէն տունդ վառում են, տաւարդ քշում տանում:
Ասաւ.
– Թո՛ղ վառեն. թէ սաղ մնացի, նորը կը շինեմ:
Եկան ասին.
– Հրէն մէրդ սրտաճաք եղաւ վախից:
Ասաւ.
– Վաղը սուգ կ’անեմ, էս օր ժամանակ չունեմ:
Եկան ասին.
– Հրէն զարկին մեծ տղիդ:
Ասաւ.
– Սրա վրէժն է որ առնում եմ հիմի:
Էսպէս զարնում է ու զարնւում Արմէնը, էլ աջ ու ձախ չի նայում:
Ասում է.
– Մինչ ե՞րբ էս կատղած շները մեր միսը ուտեն: Կամ ես ու մեր գեղը,
կամ Աղէն ու իմ դիակը:
Զարնում է ու զարնւում,- մէկ էլ տեսնում է՝ մարդ չի մնացել
դիմացը…
Չորս կողմն է նայում…
Էս ի՞նչ հրաշք է. էստեղ՝ արիւն, էնտեղ՝ դիակ, էն մէկէլ տեղ՝ քանդած
տուն, մի ուրիշ տեղ՝ վառած դէզ: Իսկ դէմը մարդ չկայ կռուող…
Տեսնում է. կին-երեխայ, մեծ ու պզտիկ հաւաքուել են կտրան ծէրին,
ծափ են տալիս, պար են խաղում…
Հարցնում է.
– Էս ի՞նչ պատահեց… Ո՞ւր է մեր Աղէն:
– Հրէն ձին հեծել փախչում է… Մի տես թէ ոնց է փախչում:
– Հապա Նազիր-Վէզի՞րը:
– Ա՛յ, գլխները ճղած սատկում են էնտեղ:
– Դատաւո՞րը:
– Ձեռ-ոտը կապել, մառանն են կոխել:
– Տանուտէ՞րը:
– Չե՞ս տեսնում, առաջդ չոքել, մեղայ է ասում:
Ձեռը տարաւ ճակտին Արմէնը, սրբեց արուն քրտինքը, էլի նայեց չորս
կողմը…
– Էս գեղը մե՞րն է հիմի:
– Մերն է ու մերը:
– Թէ Աղէն ե՛տ գայ…
– Էլ չենք ներս թողնի,- հիմի որ փէտ ունենք ձեռներիս:
– Կը կռուի՞նք:
– Էնպէս կը կռուինք:
– Մինչեւ վերջի շո՞ւնչ:
– Ասում ենք ու երդւում. Աստուած է վկայ:
Մի րոպէ լուռ մնաց Արմէնը: Յետոյ փափախը վեր առաւ, խաչ հանեց
երեսը, արտասուքով լիք աչքերը ու արունլուայ ձեռները երկինք
բարձրացուց, ասաւ.
– Փառք քու անունին, Տէր, որ արժանացրիր էս օրուան:
Էսպէս մնաց կանգուն:
Վերեւում, երկնքի ջինջ կապուտակի մէջ, բարձր-բարձր, ճլվլում էր
արտուտը, անուշ քամին շոյում էր բաց գլխի մազերը, հովացնում
ճակատը, իսկ արտասուքը՝ պայծառ հլունքի նման՝ կաթիլ-կաթիլ
թափւում էին աչքերից ու խառ-նըւոմ երեսի վրայ չորացող արունի հետ…
Յետոյ ուշքի եկաւ, ծածկեց գլուխը, սրբեց աչքերը, մի քիչ մտածեց ու
դարձաւ տնեցիներին.
– Լսէք, ինչ եմ ասում: Էս օր մեր Լոյս Կիրակին է: Էս օրւայ օրը
սուրբ պիտի պահենք: Վաղը կը թաղենք մեր մեռելները ու նրանց սուգը
կ’անենք: Իսկ միւս օր,- միւս օր վաղ լուսաբացին պիտի կանգնենք
աշխատանքի: Մեծ ու պզտիկ, կին ու աղջիկ,- բոլորս մէկտեղ պիտի
կանգնենք աշխատանքի, արուն քրտինք թափենք՝ մեր աւերած գեղը
վերաշինելու, մեր պապոնց տունը զարդարելու:
* * *
Հրաշալի հէքեաթ է, չէ՞:
Ու գիտե՞ս ինչն է ամէնից հրաշալին, ամէնից զարմանալին:
Էն, որ էս հէքեաթը իսկի էլ հէքեաթ չէ, սա մեր էսօրուայ
պատմութիւնն է…
Դէհ, բարի գիշեր, իմ սիրուն մանչուկ: Բարի գիշեր ու լաւ-լաւ
երազներ: Եթէ երազումդ Աշոտին տեսնես, համբուրիր ձեռը: Ասա, որ էս
գիշեր պինդ պիտի քնես, որ առաւօտ աշխոյժ վեր կենաս, չէ՞ որ
լուսաբացին դուն էլ պիտի կանգնես աշխատանքի, մեր պապոնց տունը
վերաշինելու:

2 Փետր. 1920
Նիւ Եորք