Ջուջեվան գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Նոյեմբերյանի շրջան

4568

Ջուջեվան գյուղը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա: Գյուղը նախկինում ունեցել է կամ տվել են այլ անվանումներ ևս՝ Ջուջեվանք, Ճչեվանք, Ճիճվական:

Այն հին բնակավայր չէ, հիմնադրվել է 1870-ական թվականներին՝ նաև Արցախից տեղափոխվածների կողմից:

Ջուջեվան գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1873 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1873-ին գյուղը ունեցել է 73 բնակիչ, բոլորն էլ հայ:

Ջուջեվանի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 73 հոգի

1886 թվական – 113 հոգի

1897 թվական – 172 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 276 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 290 հոգի

1922 թվական – 269 հոգի

1926 թվական – 328 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 326-ը՝ հայ, 2-ը՝ թուրք

1931 թվական –  370 հոգի

Խորհրդային տարիներին գյուղը մեծացել է՝ հասնելով գրեթե 600 հոգու:

Ջուջեվանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ջուջևանը մտնում էր Իջևանի շրջանի մեջ:

Պատրաստեց՝ Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Եղիշե Պետրոսյանի

Դիտել նաև՝