Հայաստանի ազգային արխիվում պահվող ոչ բնօրինակ փաստաթղթի վավերականության մասին. 20 սեպտեմբերի, 1920թ

1780

Հայաստանի Ազգային արխիվում պահվող մի փաստաթուղթ` թվագրված 1920 թվականի սեպտեմբերի 20-ով, համաձայն որի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն (կազմում՝ նաև Սարգիս Կասյանը), հրահանգել էր հայ բոլշևիկ կոմունիստներին 1920 թ․ աշնանը սկիզբ առած թուրք-հայկական պատերազմում իրականացնել հակապատերազմական քարոզչություն։ Փաստաթղթի նպատակն էր արագացնել Հայաստանի Հանրապետության պարտությունը Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցը համարվող քեմալական Թուրքիային և, այդպիսով, նպաստել խորհրդային իշխանության հաստատմանը Անդրկովկասում ու Արևելքում։

Փաստաթղթի թերթի և տեքստի զննությունից ևս պարզ է դառնում, որ այն բնօրինակ չէ, այլ՝ մեքենագիր պատճեն։ Վավերականության տեսանկյունից փաստաթղթի տեքստի հետ կապված առաջին կասկածելի հանգամանքն այն է, որ փաստաթուղթը թվագրված է 1920 թվականի սեպտեմբերի 20-ով, սակայն հայերենի ուղղագրությունն ամբողջովին համապատասխանում է այսօր ընդունված հայերենի ուղղագրության կանոններին։ Ներկայիս ուղղագրության մեկնարկը սկսվում է 1922 թվականի մարտի 4-ի դեկրետով իրականացված «աբեղյանական» ուղղագրության առաջին բարեփոխումով, ինչն իր վերջնական հանգրվանին է հասնում 1940 թ․ օգոստոսի 15-ին, երբ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը հաստատում է հայերենի ուղղագրության մեջ մասնակի փոփոխություններ մտցնելու վերաբերյալ լուսժողկոմի առաջարկը։ Տեքստի ուղղագրությունը, ուստի, հուշում է, որ այն մեքենագրվել է 1940 թ․ օգոստոսի 15-ից հետո։ Ենթադրությունը, թե փաստաթղթի տեքստը կարող էր մեքենագրվել 20-ականների բնագրից 1940 թ․ հետո հաստատված նոր ուղղագրությամբ, քիչ հավանական է թվում, քանի որ նման արտատպության մասին վկայող որևէ նշում, ստորագրություն կամ կնիք չկա ո՛չ փաստաթղթի թերթի վրա, ո՛չ էլ նյութին վերաբերող մեր ձեռքի տակ եղած արխիվային որևէ այլ նյութում։

Կասկածի տեղիք է տալիս նաև փաստաթղթի տեքստի տակ հիշատակված կուսակցական մարմնի հետևյալ կազմը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամներ Սարգիս Կասյան, Ասքանազ Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Շավարշ Ամիրխանյան, Իսահակ Դովլաթյան և Աշոտ Հովհաննիսյան։ Այս կազմը չի համապատասխանում Կենտկոմի իրական կազմին հիշյալ շրջանում։ Ըստ արխիվային և պատմագիտական հավաստի աղբյուրների՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմը առաջին անգամ հաստատվել է 1920 թ․ սեպտեմբերի 10-ին ՌԿ(բ)Կ Կետնկոմի Կովկասյան բյուրոյի նիստին հետևյալ կազմով՝ Ի․ Դովլաթյան, Ա․ Նուրիջանյան, Հ․ Կոստանյան, Ա․ Խանջյան, Ս․ Տեր-Գաբրիելյան, նիստին հաստատվել են նաև հետևյալ թեկնածուները՝ Շ․ Ամիրխանյան ու Վ․ Շահգելդյան։ 1920 թ․ հոկտեմբերի 1-ին ՌԿ(բ)Կ Կետնկոմի կազմբյուրոն հաստատել է Կենտկոմի Կովկասյան բյուրոյի առաջարկած կազմը բացառությամբ Տեր-Գաբրիելյանի։ Կասյանի, Բեկզադյանի և Տեր-Գաբրիելյանի թեկնածությունը ավելացվել է 1920 թ․ նոյեմբերի 11-ին, և Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն վերջնականապես հաստատվել է հետևյալ կազմով՝ Նուրիջանյան, Կոստանյան , Դովլաթով, Տեր-Գաբրիելյան, Բեկզադյան, Կասյան, Աղասի: Փաստորեն, ո՛չ սեպտեմբերի 10-ին, ո՛չ հոկտեմբերի 1-ին, ոչ էլ նոյեմբերի 11-ին հաստատված կոմիտեի կազմը չի համապատասխանում փաստաթղթում նշված կազմին։ Ավելին, Կասյանի թեկնածությունը Կենտրոնական կոմիտեի կազմում հաստատվել է միայն նոյեմբերին, փաստ է նաև, որ Բաքվում փաստաթղթի տակ ենթադրաբար հայտնված Աշոտ Հովհաննիսյանը 1920 թ․ սեպտեմբերի 20-ին եղել է Հայաստանում, իսկ Կենտկոմի կազմում ընդգրկվել է շատ ավելի ուշ՝ 1920-ի դեկտեմբերին։

Ինչպես նշվեց, փաստաթղթի ուղղագրությունը հուշում է, որ այն մեքենագրվել է 1940 թվականի օգոստոսի 15-ից հետո։ Փաստաթղթի հրապարակումը հիշատակող մեր ձեռքի տակ եղած ամենավաղ աղբյուրը վկայում է, որ տեքստը տպագրվել և շրջանառվել է 1988 թ․ ինքնահրատ պարբերականներում ։

Այս գործիչների թիրախավորումը 1940-1988 թթ․ ընթացքում տարբեր քաղաքական նպատակներ կարող էր հետապնդել և հարց է, թե ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել։

Թերևս այս հարցի մասին մտածելու առաջին հնարավոր ուղղությունը կարող է լինել ստալինյան բռնաճնշումների տարիներին նշված գործիչների դատապարտման գործերը «փաստական վկայություններով» ապահովելու քաղաքական խնդիրը։ Փաստաթղթի վեց հեղինակից չորսը՝ Սարգիս Կասյանը (1876֊1938), Ասքանազ Մռավյանը (1885֊1929), Ավիս Նուրիջանյանը (1896֊1938) և Իսահակ Դովլաթյանը (1887֊1937), 1940-ին այլևս կենդանի չէին։ Շավարշ Ամիրխանյանը (1894֊1959) չի ենթարկվել ստալինյան բռնաճնշումներին։ Վեց ստորագրյալներից մեկի՝ Աշոտ Հովհաննիսյանի դատական գործը մեկնարկել է 1937 թվականին, վերջնական դատավճիռը կայացվել է 1941 թվականի հունիսի 9-ին ։

Հ. Գ. Այս փաստաթուղթը և մեկնաբանությունը վերցրել ենք Edgar Pahlavuni (Էդգար Պահլավունի) ֆեյսբուքի օգտատիրոջ էջից