Արցախ՝ 1988-2023. շարժում, հաղթանակ, պարտություն և հայաթափում

3063

Ներկայացնում ենք Արցախի վերջին 35 տարիների՝ 1988-2023թթ պատմությունը 10 դրվագներով:

Դրվագ առաջին

1988 թվականի փետրվարին Խորհրդային Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը դիմեց Երևանին, Բաքվին և Մոսկվային՝ մարզը Խորհրդային Ադրբեջանից հանելու և Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանքով: Բաքուն և Մոսկվան դա համարեցին անընդունելի:

Դրվագ երկրորդ

Ի պատասխան Ղարաբաղյան շարժման՝ Ադրբեջանը փետրվարի վերջին օրերին Սումգայիթ քաղաքում իրականացրեց հայկական ջարդեր: 1990թ հունվարին հայկական ջարդեր կազմակերպվեցին Բաքվում: Ադրբեջանի տարածքում, փաստացի ավարտվեց հայության ներկայությունը, այդ երկրից երկու տարվա ընթացքում դուրս քշվեցին կամ հեռացան ավելի քան 300 հազար հայեր: Հայաստանից հեռացան կամ դուրս քշվեցին բոլոր ադրբեջանցիները՝ մոտ 180 հազար հոգի:

Դրվագ երրորդ

ԽՍՀՄ փլուզումով անկախություն ստացած հայերն ու ադրբեջանցիները մտան պատերազմական փուլ, որը ձգվեց 1991թ վերջերից մինչև 1994թ մայիս: Հայկական բանակը վերահսկողություն հաստատեց 11,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որից բուն Արցախը՝ ԼՂԻՄ-ը՝ 4,4 հազար քառակուսի կիլոմետր, իսկ ավելի քան 7 հազար քառակուսի կիլոմետրը՝ ադրբեջանական 7 շրջաններ: Մոտ կես միլիոն ադրբեջանցիներ տեղահանվեցին: Հայկական կողմը տվեց ավելի քան 6.5 հազար, ադրբեջանական կողմը՝ 12 հազար զոհ:

Դրվագ չորրորդ

1997 թվականի աշնանը Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց լուծում գտնել փուլային տարբերակով՝ ԼՂԻՄ-ն ու Լաչինի ամբողջ շրջանը մնում էր հայկական վերահսկողության տակ՝ առանց կարգավիճակի, Ադրբեջանին վերադարձվում էին 6 շրջանները:

Դրվագ հինգերորդ

1998 թվականի սկզբին Հայաստանում տեղի ունեցավ ռազմապետական հեղաշրջում: Ղարաբաղի հարցի ավելի նպաստավոր լուծման պատրվակով Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մի քանի այլ գործիչներ իշխանությունից հեռացրեցին առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, որի նախագահության ժամանակ Հայկական բանակը կանգնել էր գրեթե 42 հազար քառակուսի կիլոմետրի վրա:

Դրվագ վեցերորդ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության զոհ դարձան 8 բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Իշխանություն մեկ բևեռի գլխատումից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամրապնդեց դիրքերը: Նա և նրա համախոհները հետաքրքրություն չցուցաբերեցին կարգավորելու հակամարտությունը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հարցը լուծվել է:

Դրվագ յոթերորդ

2016թ ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմ: 1994 թվականի մայիսից ի վեր Ադրբեջանը կարողացավ, թեև աննշան, բայց փոփոխության ենթարկել ստատուս-քվոն՝ գրավելով մոտ 800 հեկտար տարածք: Ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը:

Դրվագ ութերորդ

2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց և 44 օրերի ընթացքում գրավեց ամբողջ մերձարաքսյա հողաշերտը, Հադրութի շրջանը, Շուշին և այլ տարածքներ: Հայկական կողմը տվեց շուրջ 4 հազար զոհ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, Հայկական բանակը ժամանակացույցով դուրս եկավ նախկին ԼՂԻՄ-ից դուրս բոլոր շրջաններից:

Դրվագ իններորդ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ավելի քան ինը ամիս շարուկանվող շրջափակումից հետո, Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Արցախի դեմ: Հայաստանը հայտարարեց, որ չի միջամտելու, Ռուսաստանն ու ռուս խաղաղապահները ևս ոչինչ չարեցին: Մի քանի օր անց սկսվեց հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը: Ավելի քան 100 հազար հայեր արմատախիլ արվեցին բնօրրանից: Արցախը, որտեղ 1988թ բնակվում էին շուրջ 150 հազար հայեր և 40 հազար ադրբեջանցիներ, հայաթափվեց:

Դրվագ տասներորդ

2023թ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, որով 2024թ հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը դադարում է գոյություն ունենալ: Մի քանի օր անց նա տեղափոխվեց Հայաստան, իսկ Արցախի նախկին երեք նախագահները, ինչպես նաև պետական ու ռազմական այլ գործիչներ ձերբակալվեցին/առևանգվեցին և տեղափոխվեցին Բաքվի բանտեր:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 6 հոկտեմբեր, 2023թ