Կարսում, Սարիղամիշում, Կարինում հայերի ծանր վիճակը. 16 սեպտեմբեր, 1921թ

3673

Անկարան պետք է ընդառաջ գնա

Նախաբան- Այս հոդվածը դրվել է “Խորհրդային Հայաստան” օրաթերթի 1921թ. սեպտեմբերի 16-ի համարում՝ թիվ 174, առաջին էջում: Դա Կարսի պայմանագրի ստորագրման նախօրեն էր: Հոդվածից ակնհայտ է դառնում, որ 1920 թ. հոկտեմբերին Կարսի անկումից հետո այնտեղ, ինչպես նաև Սարիղամիշում և Էրզրումում եղել են հայեր, որոնք գտնվում էին ծանր պայմաններում:

Ինչպես Երևում է Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ ընկեր [Լևոն] Սարգսյանի հեռագրից՝ որ տպված էր մեր թերթի երեկվա համարում, Հայաստանի բանվորա-գյուղացիական կառավարությունը եռանդուն և հաստատ քայլեր է անում Ղարսում, Սարիղամիշում և Էրզրումում և այլուր մնացած և չափազանց ծանր պայմաններում գտնվող հայ քաղաքացիների դրությունը բարելավելու համար:

Միանգամայն անբնական էր և օտարոտի երկար ամիսներ գոյություն ունեցած դրությունը, որ երկու հարևան և բարիդրացիական հարաբերություններ ունեցող պետություններից մեկը՝ Խորհրդային Հայաստանը, իր պաշտոնական և իրավազոր ներկայացուցիչը չունենար Տաճկաստանում [Թուրքիա], մինչդեռ վերջինս իր ներկայացուցիչը միշտ էլ ուներ Հայաստանում:

Այն հանգամանքը, որ Անկարայի կառավարությունը, ի դիմաց Քյազիմ Կարաբեքիրի լայն դռներով ընդունեց Հայաստանի ներկայացուցչին, ցույց է տալիս, որ նոր Տաճկաստանի կառավարությունը գիտե հարգել Հայաստանի բանվորների և գյուղացիների անունով և նրանց հեղափոխական կռվով ստեղծված կառավարության իրավունքները:

Այս առաջին մարդավայել քայլից հետո, որ գոհունակությամբ ողջունեցին Հայաստանի բանվորները և գյուղացիները, Անկարայի կառավարությունը պիտի անի և հետևյալ քայլը, որ անվիճելիորեն կարող է ամրացնել մեր երկրի ամենավերջին ռանչպարի հավատը դեպի տաճիկ հարևանը:

Այն օրից ի վեր, երբ Հայաստանում տապալվեց դաշնակցական իշխանությունը և հաստատվեց բանվորա-գյուղացիական կառավարություն, այն օրից Սովետական Հայաստանում չի արյունոտվել և ոչ մի մուսուլմանի քիթը, չի ընկել մուսուլմանի գլխից և ոչ մի մազ:

Ընդհակառակը, Սովետական Հայաստան վերադարձած բոլոր տնավեր մուսուլման գյուղացիները և՛ գտան հանգիստ կյանք, և՛ Հայաստանի կառավարության ամենաջերմ ու գործնական աջակցությունը: Մուսուլման գյուղերը ունեն իրենց հեղափոխական կոմիտեները, որոնք իրավազոր և հավասար մասնիկ են կազմում Հայաստանի բոլոր ազնիվ ռանչպարների կառավարության:Եվ ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քանի որ այդպես էր պահանջում այս երկրի բոլոր աշխատավորների շահը, առանց ազգերի խտրության, մի շահ, որ ոտնատակ էր արվում երկու ազգերի հակաժողովրդական ուժերի կողմից: Միաժամանակ, Հայաստանի Սովետական կառավարությունը ազատ հնարավորություն և աջակցություն ցույց տվեց հայրենիք վերադառնալու ցանկացող տաճկահպատակներին:

Լուսանկարում՝ Սանասարյան վարժարանի շենքը Կարինում

Դիտել նաև՝