Հայերն ու ադրբեջանցիները (թաթարներ) փոխադարձ արյունալի բախումների մեջ ներքաշվել են չորս անգամ (1905-06թթ., 1918-20թթ., 1991-94թթ., 2020թ.): Դրանցից մեկը՝ հայերի համար ամենասարսափելին, կատարվել է 1918թ. այս օրը՝ սեպտեմբերի 15-ին:
Թիֆլիսում 1918թ. մայիսի 28-ին անկախություն հռչակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը տեղափոխվել էր Գյանջա, քանի որ Բաքվում դեռևս իշխանության էր բոլշևիկ Ստեփան Շահումյանի Բաքվի սովետը: Փաստորեն, ամբողջ Անդրկովկասը անջատվել էր Ռուսաստանից, բացի Բաքվից, որտեղ Շահումյանի իշխանությանը աջակցում էին նաև ՀՅԴ-ն և Կասպիցի նավաստիները:
Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին գրում է. «Մեզ վրա հենված, բոլշևիկները Բաքվում խորտակեցին Մուսավաթի ուժը 1918թ. մարտին, իսկ մենք՝ հենված բոլշևիկների և առհասարակ ռուս տարրի վրա և սրանց հետ միասին, կարողացանք Բաքուն պաշտպանել թուրք-թաթարական հարձակումներից»:
Նախքան անդրկովկասյան երեք հանրապետությունների անկախացումը՝ մարտի վերջերին, Բաքվում տեղի էին ունեցել բախումներ մի կողմից բոլշևիկ-ՀՅԴ-ական, մյուս կողմից՝ մահմեդական ուժերի միջև, որոնք ավարտվել էին վերջիններիս պարտությամբ ու ջարդերով: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ 3-ից մինչև 12 հազար մահմեդական սպանվեց:
Քաջազնունու կառավարությունը մտահոգված էր Բաքվի դեպքերով. քաղաքում շուրջ 70 հազար հայություն կար, իսկ թուրքական բանակները և ադրբեջանական ուժերը Գյանջայից պատրաստվում էին արշավել դեպի Բաքու:
Մինչև սեպտեմբեր բախումներ են տեղի ունենում հայերի և թուրք-ադրբեջանական ուժերի միջև Գյանջայից Բաքու ընկած տարածքներում. հայերը տալիս են շուրջ 2000 զոհ, որոնց մեջ էր նաև Սեբաստացի Մուրադը: Չնայած հայերի խնդրանքներին, օգնություն չի հասնում ո՛չ Լենինից, ո՛չ էլ բրիտանացիներից:
1918թ. աշնանը թաթարները վրեժխնդիր եղան մարտյան դեպքերի համար: Սեպտեմբերի 13-ի առավոտյան մոտ 3000 թուրքեր և տեղացի մահմեդականներ սկսեցին գրոհը: Սեպտեմբերի 15-ի առավոտյան Հայոց ազգային խորհրդի անդամները, ինքնապաշտպանության կազմակերպիչներն ու ղեկավարները, զինվորներն ու բնակչության մի զգալի մասը նավերով հեռացան Բաքվից: Իսկ նրանք, ովքեր չկարողացան հեռանալ, երեք օր շարունակ ենթարկվեցին թալանի, սպանության ու գազանությունների: Մի քանի օր անց Խան Խոյսկու կառավարությունը Գյանջայից տեղափոխվեց և հաստատվեց Բաքվում:
Սպանված հայերի թիվը, ըստ Հայոց ազգային խորհրդի, առնվազն 9 հազար էր: Այլ աղբյուրներ նշում են 15-ից 30 հազար թիվը: Փրկվեցին այն հայերը միայն, ովքեր պատսպարվել էին հրեաների ու պարսիկների մոտ:
Քաջազնունին գրում է. «Ադրբեջանի կառավարությունը, որ մինչ այդ նստած էր Գանձակում, թուրքական բանակի ու զինված խուժանի հետ միասին մտավ Բաքու: Տեղի ունեցավ հայ բնակչության անխնա ջարդը [ինչպես մարտ ամսին՝ բոլշևիկ-մուսավաթական կռվի ժամանակ տեղի էր ունեցել, պակաս չափերով, թուրք ազգաբնակչության ջարդը]: Այս դեպքերը կատարվում էին Հայաստանից դուրս՝ թաթարական մի հեռավոր վայրում, բայց անմիջապես անդրադառնում էին մեր քաղաքական կացության վրա, բարդացնում և դժվարացնում այն»:
Հունիսին Թիֆլիսում, երբ Քաջազնունու կառավարությունը դեռ չէր փոխադրվել Երևան, հայ բանագնացներ ուղարկվեցին Բաքու, որպեսզի հայկական զինված խմբավորումները, որոնց ղեկավարում էր ՀՅԴ երևելի դեմքերից Ռոստոմը, կռվի մեջ չմտնեն թուրք-թաթարական ուժերի դեմ և առանց կռվի քաղաքը հանձնեն՝ խուսափելով հայերի հավանական ջարդերից: Սակայն՝ ապարդյուն:
Քաջազնունին գրում է. «Բաքվի մեր ընկերները շարունակում էին տանել իրենց սեփական քաղաքական գիծը նաև այն հաշվով, թե, ամրանալով Բաքվում ու իրենց վրա քաշելով թուրք-թաթարական ուժերը, ազատած կլինեն Հայաստանը թուրքական արշավանքից»:
Արդարացված էր այս քաղաքականությունը, թե ոչ, այսօր, այս սարսափելի դեպքերից ավելի քան մեկ դար անց, դժվար է ասել: Իրականությունն այն է, որ Ստեփան Շահումյանը չկարողացավ պահել Բաքուն, ՀՅԴ-ական խմբերը՝ չկարողացան: Բաքուն դարձավ Ադրբեջանի մայրաքաղաքը, իսկ տեղի հայերը տվեցին հազարավոր զոհեր:
Թաթուլ Հակոբյան