Հայաստանը իր անկախությամբ պարտական է Թուրքիային. Ավետիս Ահարոնյանը՝ թուրք սուլթանին, 6-ը սեպտեմբերի, 1918թ

3366

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայ պատվիրակության ընդունելությունը Սուլթանի մոտ, թարգմանիչ՝ Էնվեր փաշա

Սեպտեմբերի 6-ին, ուրբաթ, առավոտյան ժամը 12-ին երեք պատվիրակները [Հայաստանի Հանրապետության պատվիրակները՝ Ավետիս Ահարոնյան, Ալեքսանդր Խատիսյան, Միքայել Պապաջանյան] հրավիրված էին ներկա լինելու Սելամլիքի հանդեսին, որից հետո եղավ հանդիսավոր ընդունելություն բոլոր կովկասյան պատվիրակությունների՝ առանջին-առանձին։

Ընդունելությանը ներկա էր Էնվեր փաշան։

Սելիմլիքի հանդեսից հետո Սուլթանին ներկայացան առանձին-առանձին ներկայացան պատվիրակությունները՝ ըստ կարգի։

Ադրբեջանի պատվիրակությունից հետո ներկայացան հայկական պատվիրակության երեք անդամները՝ նախագահ Ահարոնյան, Ալ․ Խատիսյան և Մ․ Պապաջանյան։

Ահարոնյանը դիմելով Սուլթանին՝ արտասանեց հետևյալ ողջույնի ճառը․

Ձերդ Մեծություն, ես ողջունում եմ հանուն հայկական պատվիրակության և Հայկական Հանրապետության։ Ձերդ մեծության թագադրությունը (գահակալությունը) և ցանկանում եմ Օսմանյան պետության բարգավաճումը և բարօրությունը։

Հայ ժողովուրդը իր կողմից և Հայկական Հանրապետությունը երբեք չեն մոռանա, որ իր անկախությամբ նա պարտական է օսմանական կայսրության բարեհաճ ցանկությանը։

Ես երջանիկ եմ, որ կարող եմ թարգման լինել Ձեր առաջ խորին երախտագիտության զգացմունքի հայ ժողովրդի կողմից, որը իր բոլոր ջանքերը գործ կդնի ոչ միայն պաշտպանելու իր անկախությունը և առաջադրվելու համար, այլև ավելի ևս ամրապնդելու բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ։

Միևնույն ժամանակ, հայ ժողովուրդը այս կրկնակի նպատակին հասնելու համար ոչ մի միջոց չի խնայի, որ ավելի արժանանա քաղաքակրթության և առաջադիմության, լիահույս լինելով, որ Ձերդ Մեծությունը և իր կառավարությունը միշտ նրան կաջակցեն դրանում և կթեթևացնեն այդ վսեմ նպատակը։

Նախագահի [Ահարոնյան] ճառը ֆրանսերենից թարգմանեց Էնվեր փաշան։

Սուլթանը լսում էր մեծ ուշադրությամբ։ Ապա նա թուրքերեն պատասխանեց հետևյալը, որ ֆրանսերենի թարգմանիչ Էնվեր փաշան ևս ուրախ է տեսնել ազատ և անկախ Հայկական Հանրապետության ներկայացուցիչներին։ Նա ցանկանում է բարօրություն այդ նորակազմ պետությանը և նա լիահույս է, որ երկու հարևան պետությունները՝ Թուրքիան և Հայաստանը, կբարգավաճեն իրենց ազգերի երջանկության համար։

Ահարոնյանը պատասխանեց, որ նա ուրախ է լսել կայսրական այն խոսքերը, որոնք նա քաղցր պարտք կհամարի հարազատ կերպով հաղորդել հայ ժողովրդին, որին նա կանխավ հավատացած է, որ այդ ողորմած խոսքերը մեծ ուրախություն կպատճառեն։

Սուլթանը կրկին պատասխանեց, որ նա ուրախ է, որ հայ ժողովրդի մեջ գտնվեցին ուժեր, որոնք կարողացան կազմակերպել ինքնուրույն պետություն և այստեղ ուղարկեցին իրենց պատվիրակներին։

Նա կրկին բարեմաղթեց հայ ժողովրդին լինել ոչ միայն երջանիկ, այլև ուժեղ՝ պաշտպանելու իր անկախությունը։

Մերոնք շնորհակալություն հայտնեցին այս խոսքերի համար և հեռացան։

Հետո իմացան, որ ադրբեջանցիները շեշտել են, որ նրանց վիճակը կապված է Թուրքիայի վիճակի հետ։

Վրացիներին Սուլթանը խնդրել է հայտնել իրենց ժողովրդին, որ ցանկանում է բարեկամական հարաբերություններ Վրաստանի հետ։

Իսկ Հյուսիսային կովկասցիներին հայտնել է, որ ցանկանույմ է բարօրություն նրանց ժողովրդին։

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 220-221։ 

——————————————————————

Հ․ Գ․ Հունիսի 25-ին Պոլսում պետք է սկսվեր մի խորհրդաժողով, որին սպասվում էր Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի մասնակցությունը: Հրավիրվել էին նաև անդրկովկասյան հանրապետությունները: Հայկական կողմը տպավորություն ուներ, թե Գերմանիան ուզում է վերանայել Բաթումի պայմանագիրը` համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանների: Պոլիս մեկնած պատվիրակությանը հրահանգ էր տրվել ամեն ջանք թափել` ընդարձակելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Նրանք Պոլսում մնում են ավելի քան չորս ամիս` մինչև նոյեմբերի 1-ը, Խատիսյանի խոսքերով` փորձելով ցույց տալ ՙմեր անվիճելի իրավունքներն Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին մեր կովկասյան հարևանները՚:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2015/08/27/armenians-meet-tallat-enver-1918-tatul-hakobyan-book/