1991 թվականի սեպտեմբերից 2-ից՝ Արցախի անկախության հռչակումից ընդամենը մեկուկես ամիս առաջ, Լեռնային Ղարաբաղի մարզի այն ժամանակվա ղեկավարությունը և քաղաքական վերնախավը բոլորովին այլ խնդիրներով էր զբաղված: Պատմությունը “եթե”-ներ չի սիրում, բայց եթե չլիներ Մոսկվայի օգոստոսյան ձախողված խռովությունը, ապա Արցախում այսօր կարող էր լինել այլ ստատուս քվո և այլ քաղաքական իրավիճակ:
1991-ի գարնանը Խորհրդային Միության բանակի օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանը իրականացրել էր “Օղակ” գործողությունը՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: Այդ օրերին Ադրբեջանը հայտարարել էր, որ ամբողջովին հավանություն է տալիս Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի քաղաքականությանը և կողմ է Խորհրդային Միության պահպանմանը, մինչդեռ Հայաստանը ընտրել էր անկախության և Խորհրդային Միությունից դուրս գալու ուղին:
Դեռ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանը ընդունել էր Անկախության հռչակագիր և ձեռնամուխ էր եղել Խորհրդային Միությունից դուրս գալու օրինական, իրավական գործընթացին, մինչդեռ Ադրբեջանը մտադիր էր մնալ Խորհրդային Միության կազմում: Երբ Գորբաչովը 1991-ի մարտին կազմակերպեց Խորհրդային Միության պահպանման հանրաքվե, Ադրբեջանը խորհրդային ութ այլ հանրապետությունների հետ մասնակցեց քվեարկությանը և կողմ արտահայտվեց Խորհրդային Միության հետագա գոյությանը: Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, Մոլդովան ու բալթյան երեք հանրապետությունները՝ Լիտվա, Էստոնիա, Լատվիա, չմասնակցեցին հանրաքվեին: Հայաստանը հայտարարեց, որ ընտրել է անկախության ուղին, իսկ նույն տարվա աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, կանցկացնի անկախության ի՛ր հանրաքվեն:
Գորբաչովը շնորհակալություն հայտնեց Մութալիբովին և ադրբեջանցի ժողովրդին,քանի որ Ադրբեջանը, ինչպես նշեցինք, 1991-ի մարտին մասնակցել և այո էր քվեարկել Խորհրդային Միության պահպանման հանրաքվեին: Արդեն ապրիլ-մայիս ամիսներին Բաքուն Կրեմլի աջակցությամբ իրականացրեց “Օղակ” գործողությունը, որը պետական ահաբեկչության և էթնիկ զտման օրինակ էր:
Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավը ուղիներ էր փնտրում Մոսկվայի ու Բաքվի հետ լեզու գտնելու, որպեսզի Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ էթնիկ զտումների և արտաքսման քաղաքականությանը վերջ դրվի:
Ահա այս պայմաններում Մոսկվան և Բաքուն Արցախի ղեկավարությանը և ժողովրդին առաջարկում են հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրություններից և մասնակցել սեպտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Հուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է Արցախի՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկությունը: Մարզխորհուրդը, որը ղեկավարում էր Լեոնարդ Պետրոսյանը (սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության արդյունքում) մերժում է ընտրություններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է մյուս առաջարկը՝ մեկնել Բաքու և Մոսկվա, բանակցել Ադրբեջանի և Խորհրդային Միության ղեկավարության հետ:
Արցախում միակ ուժը, որ հրապարակավ և միանշանակ դեմ արտահայտվեց Բաքու պատվիրակություն ուղարկելուն, ՀՅԴ-ն էր: Մյուս բոլոր ուժերն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կտրուկ դեմ չարտահայտվեցին Բաքու և Մոսկվա պատվիրակություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկին: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը, ևս դեմ չարտահայտվեցին: Ավելին, նրանք Արցախի ղեկավարությանը հորդորում էին լեզու գտնել Ադրբեջանի հետ:
Ավելին, հուլիսի 15-16-ին Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավեճեր այն հարցի շուրջ, թե պե՞տք է Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու: Հարցը դրվեց քվեարկության: Հայաստանի խորհրդարանի 260 պատգամավորներից միայն 10-ը դեմ արտահայտվեց, իսկ 18-ը՝ ձեռնպահ: Մյուսները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և տասնյակ այլ պատգամավորներ կողմ քվեարկեցին այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնում “քաղաքական բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ և փոխզիջումային լուծումներ որոնել Խորհրդային Միության Սահմանադրության և օրենքների շրջանակներում”:
Հուլիսի 20-ին արցախյան 6 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում էր Լեոնարդ Պետրոսյանը, Ստեփանակերտից մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ: Բաքու մեկնած պատվիրակության անդամներից մեկը՝ Վալերի Գրիգորյանը, երեք շաբաթ անց սպանվեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով՝ հայի կողմից արձակված կրակահերթից: Բաքու մեկնած պատվիրակության մյուս անդամները ևս, այդ թվում՝ Լեոնարդ Պետրոսյանը, մեղադրվում էին Արցախի հարցում միակողմնանի զիջումների գնալու, անգամ՝ դավաճանության մեջ:
Իսկ Ադրբեջանը և նրա ղեկավար Մութալիբովը ցնծության մեջ էին: Նրանց թվում էր, որ հայերը պատրաստվում են հրաժարվել Արցախի և Հայաստանի միացման գաղափարից: Բայց տեղի ունեցավ Մոսկվայի հեղաշրջումը, որն ամբողջովին փոխեց իրադարձությունների հետագա ընթացքը:
Երբ 1991-ի օգոստոսի 19-21-ին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզման գործընթացն ավելի արագացավ: Մեկը մյուսի հետևից իրենց անկախությունը հռչակեցին խորհրդային հանրապետությունները: Օգոստոսի 30-ին, երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Արցախին այլ բան չէր մնում, քան նույնպես հռչակել ի՛ր անկախությունը:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միության կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը:
Արցախում ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե:
Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:
Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից