Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ

4229

Ամսիս [օգոստոս] 30-ին ժամը 10-ին այստեղ ժամանեցին Օսմանյան կայսրությա Կովկասյան ճակատի հրամանատար Խալիլ փաշան, գերմանական կայսրության դիվանագիտական ներկայացուցիչ Կովկասում, գեներալ Ֆոն Կրեսսը և ավստրիական դիվանագիտության ներկայացուցիչ պարոն Ֆրանկենշտայնը։

Ի պատիվ բարձր հյուրերի հայոց կառավարության կողմից հանդիսավոր ճաշ տրվեց, որին մասնակցեցին բոլոր նախարարները, Հայաստանի խորհրդի նախագահ Ա․ Սահակյանը, Վրաստանում կառավարության ներկայացուցիչ Ջամալյանը, քաղաքի պարետ Շահխաթունին և այլք։

Ժամը 3-ին բարձր հյուրերը ընդունեցին նախաճաշ, որից հետո տեղի ունեցավ ճաշկերույթ Օրիանտ հյուրանոցի այգում։ Կար զինվորական նվագախումբ։ Քաղաքական նշանակություն ունեցող ճառեր արտասանվեցին Խալիլ փաշայի, պարոն Ֆրանկենշտեյնի և գեներալ Ֆոն Կրեսսի կողմից։ Ճաշը վերջացավ ժամը 6․30-ին, և երբ բարձր հյուրերը դուրս էին գալիս հյուրանոցից, դռան մոտ խռնված ժողովուրդը ողջունեց Խալիլ փաշային և մյուս բարձր հյուրերին որոտընդոստ ուռաներով։ Բոլորը ցրվեցին բարձր տրամադրությամբ և մոտիկ ապագայի հույսերով լի։

Կիրակի ցերեկվա ժամը 4 և կեսին, Խալիլ փաշան՝ ուղեկցությամբ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի, իր շտաբի պետի, գեներալ Դ․ Բեկ Փիրումյանի, Երևանի պարետ Շահխաթունու և ուրիշ անձնավորությունների, այցելության եկավ Վեհափառ կաթողիկոսին։

Մինչև ճաշը խոսակցությունը պտտվում էր գաղթականության շուրջ։ Վեհափառը ցանկություն հայտնեց, որ գաղթականներին թույլատրվի վերադառնալ իրենց տեղերը։ Խալիլ փաշան պատասխանեց, որ այդ մասին հայկական կառավարության հետ վարվում են բանակցություններ։

Սուրճ խմելուց հետո հյուրերը Մեսրովբ և Զավեն եպիսկոպոսների առաջնորդությամբ, նայեցին վանքի հնությունները, որից հետո հրավիրվեցին ճաշի։ Վեհափառը առաջարկեց խմել Խալիլ փաշայի կենցաը, բարեմաղթելով, որ երկու հարևան ժողովուրդների բարի դրացիական հարաբերությունները վերականգնվեն և արդարությունը տիրապետի։

Ի պատասխան այս բաժակաճառի, Խալիլ փաշան առաջարկեց խմել Վեհափառ կաթողիկոսի կենացը․․․ Խալիլ փաշան խոստացավ ամեն միջոց գործ դնել, որպեսզի ամոքվի Հայրապետի վիշտը։ Բաժակաճառերից հետո տեղի ունեցավ զրույց մի քանի հարցերի մասին։

Ժողովուրդ, թիվ 7, հինգշաբթի, սեպտեմբերի 5, 1918