Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) զինաթափումը. 1990-ի օգոստոս

5312

Համեմատություններ չփնտրելով Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) և «Սասնա ծռեր» միջև, արժե հիշել 1990 թվականի հուլիս-օգոստոսյան դեպքերը, որոնց արդյունքում զինաթափվեց ՀԱԲ-ը, իսկ ՀՀՇ-ի իշխանությունը ամրապնդվեց: ՀԱԲ-ՀՀՇ առճակատումը խլեց երկու մարդու կյանք՝ Գեղազնիկ Միքայելյան և պատգամավոր Վիտյա Այվազյան:

Վիտյա

ՀԱԲ-ը, որ այդ ժամանակ Հայաստանում ձևավորված ջոկատների մեջ ամենամեծն էր, չէր ենթարկվում ՀՀՇ-ի կամ Շարժման ղեկավարությանը: Մյուս բոլոր ջոկատները, այդ թվում՝ Անկախության բանակը, համագործակցում էին ՀՀՇ-ի կամ Գերագույն խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի հանձնաժողվի հետ, որը ղեկավարում էր Վազգեն Սարգսյանը:

Այդ օրերին վարչապետ Վազգեն Մանուկյանը մի հարցազրույցում ասել է. “Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար”:

1990-ի մայիսին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում, որոնք անց էին կացվում միայն մեծամասնական ընտրակարգով, Հայոց համազգային շարժումը նվազագույն առավելությամբ հաղթեց Կոմկուսին: Խորհրդային Միությունը, որի մաս էր կազմում Խորհրդային Հայաստանը, գտնվում էր անկման փուլում և մեկ տարի անց՝ 1991-ին, պետք է վերջնականապես հեռանար պատմության թատերաբեմից:

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990թ. կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր), երկու փուլով` մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին: Խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը:

1990թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ խորհրդարանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նվազագույն առավելությամբ և քվեարկության երրորդ փուլով հաղթելով Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանին:

Օգոստոսի 6-ին նախագահի տեղակալներ ընտրվեցին ՀՀՇ-ից Բաբկեն Արարքցյանը` առաջին տեղակալ, և Կոմկուսից Գագիկ Հարությունյանը՝ այսօրվա Սահմանադրական դատարանի նախագահը:

Օգոստոսի 13-ին վարչապետ դարձավ ՀՀՇ-ի առաջնորդներից Վազգեն Մանուկյանը:

Օգոստոսի 29-ին Գերագույն խորհուրդը ընդունեց ՙՀայաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու՚ որոշում` պատճառաբանելով ՀԱԲ-ի ՙարկածախնդիր, հակաօրինական գործողությունները՚, որոնց պատճառով խիստ սրվել է իրադրությունը` հանգեցնելով ադրբեջանական կողմի ակտիվացմանը. ՙՆոյեմբերյանում, Ադրբ. ԽՍՀ Շահումյանի շրջանում, Գետաշենում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ղազախ-Երևան գազամուղի և Ղազախ-Իջևան երկաթգծի փակումն ուղղակի հետևանք են ազգադավ գործողությունների՚:

ՀԱԲ-ը լուծարվում էր, նրա մարտիկներին կոչ արվում հանձնել զենքը, ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակած ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:

Ներկայացնենք Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին`

1. հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ ժամը 22-ից մինչև 6-ը,

2. լուծարել Հայոց ազգային բանակ ռազմական կազմակերպությունը,

3. կոչ անել ՀԱԲ-ի մարտիկներին մինչև օգոստոսի 29-ը ժամը 22-ը հանձնել իրենց ունեցած զենքն ու զինամթերքը, զբաղեցրած շենքները, հափշտակած ռազմական տեխնիկան և տրանսպորտի միջոցները,

4. սույն որոշման պահանջները կատարող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողները կձերբակալվեն և կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ,

5. սույն որոշման իրականացումը դնել ՀՀ ՆԳ մինիստրության և նրան ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումների, ՀՀ ՊԱԿ-ի, ինչպես նաև` միլիցիայի կառուցվածքում ընդգրկված հասարակական կարգի պահպանության ջոկատների վրա,

6. սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Մինիստրների խորհրդի վրա:

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, 29 օգոստոս, 1990թ.

Ըստ պաշտոնական վարկածի` ՙՕգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների: Վրաերթի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռաֆայել Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետեւանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծել են ՀԱԲ-ի մարտիկները: Դրա հետեւանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գեղազնիկ Միքայելյանը եւ պատգամավոր Վիտյա Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են՚:

ՀԱԲ-ի առաջնորդներից Վարդան Վարդանյանը տարբեր առիթներով պնդել է, որ Գեղազնիկ Միքայելյանը եւ Վիտյա Այվազյանը ՀԱԲ-ի գնդակներից չեն սպանվել:

Վարդանյանը ՀԱԲ-ի լուծարումից հետո ձերբակալվում է ՙառանձնապես չարամիտ խուլիգանության, ապօրինի զենք կրելու և զենքի ուժով հասարակական կարգը խախտելու՚ հոդվածներով: Կարճ ժամանակ անց նա ազատ է արձակվում:

Գեղազնիկ
Գեղազնիկ Միքայելյան

Հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերին, Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը՝ Չավուշը, արժանացան Հայաստանի ազգային հերոսի կոչման: