Հռչակագիր Հայաստանի անկախության մասին – 23 օգոստոս, 1990թ. տեսանյութ և տեքստ

11974

23 օգոստոս, 1990թ.

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի ՙՀայկ. ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին՚ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը.

  1. Հայկ. ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:

Հայաստանը ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը:

  1. Հայաստանը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները:
  2. Հայոց պետականության կրողը Հայաստանի ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Գերագույն խորհրդին:
  3. Հայաստանի տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի քաղաքացիության իրավունք ունի:

Հայաստանի քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության եւ աջակցության ներքո:

Հայաստանը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասսայական պատկանելությունից եւ դավանանքից:

  1. Հայաստանն իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ:

Հայաստանը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը:

Հայաստանն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:

Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմակայանները եւ շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաստանի զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

  1. Հայաստանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
  2. Հայաստանի ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն են: Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի օրենքներով:

Հայաստանն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի եւ վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

  1. Հայաստանը սեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեսվարման սկզբունքները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսա-վարկային համակարգ, հարկային եւ մաքսային ծառայություններ:
  2. Հայաստանն իր տարածքում ապահովում է`

խոսքի, մամուլի, խղճի ազատություն.

օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատում.

բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում:

  1. Հայաստանը ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ:
  2. Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
  3. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան: