ՀՅԴ-ի կողմից Օսմանյան բանկի գրավումը. 14 օգոստոս, 1896

5079

1896 թվականի օգոստոսի 14-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում իրականացվեց զինված քաղաքական գործողություն, որը պատմության մեջ մտավ Բանկ Օտոման անունով: ՀՅԴ Դաշնակցության Պոլսի Կենտրոնական Կոմիտեի և կուսակցության Արևմտյան բյուրոյի որոշումով՝ շուրջ երեք տասնյակ հայեր գրոհեցին կայսրության կենտրոնական դրամատունը, որտեղ աշխատում էին հիմնականում եվրոպացիներ:

Զինված գործողությունը ղեկավարում էին երիտասարդ դաշնակցականներ, 23-ամյա Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան), 24-ամյա Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաջյանը) և 25-ամյա Հրաչ (Հայկ) Թիրաքյանը՝ առաջինը Ակն գավառի Բինկյան գյուղից, երկրորդը՝ Կարինից, երրորդը՝ Տրապիզոնից: Բանկ Օտոմանի հիմնական նպատակը եվրոպական երկրների ուշադրությունը Հայկական հարցի և հայկական բարեփոխումների վրա հրավիրելն էր:

ՀՅԴ կողմից ծրագրված և իրականացված զինված հարձակումը անմիջապես հետևում էր Համիդյան ջարդերին, ինչը և իրականում դարձավ այդ գործողության մղիչ ուժը: Հարձակման ընթացքում Սյունին զոհվում է: Գործողությունը ղեկավարում են Արմեն Գարոն և Հրաչ Թիրաքյանը: Օսմանյան բանկը նրանց գրավման տակ մնում է մեկ օրից պակաս, մինչև օգոստոսի 15-ի առավոտը: Այս ընթացքում տեղի են ունենում բանակցություններ, որը կատարվում էր Պոլսում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Մաքսիմովի միջնորդությամբ: Բանակցությունների հիմնական կետն այն էր, որ եվրոպական պետությունները բարենորոգումներ են իրականացնելու, հետևաբար՝ զինված խումբը պետք է զենքը վար դնի:

Այսպիսով, բանակցությունների արդյունքում, Օսմանյան բանկը գրաված խմբի մի մասը անգլիական նավով տեղափոխվում է Մարսել: Բարենորոգումներ, այդպես էլ չիրականացվեցին, իսկ Բանկ Օտոմանի միջադեպը հայկական կոտորածի ու հալածանքների նոր առիթ դարձավ:

Գործողությունից մի քանի օր անց՝ օգոստոսի 19-ին, ՀՅԴ հեռագրերից մեկում այսպես էր նկարագրվում իրադրությունը. «Ապստամբություն է Պոլսում: Դաշնակցականները գրավել են Օսմանյան բանկը, կոտորելով զինվորներին և պահապաններին: Սպառնացել են օդը բարձրացնել բանկը, եթե դեսպանները բավարարություն չտան հայերի պահանջներին: Երկար բանակցություններից հետո ռուսաց դեսպանատունը խոստացել է կատարել պահանջած կետերը, ինչպես և բանկում գտնվողների ապահովությունը: Խումբը զինված դուրս է եկել բանկից և զենքը պահպանելով մտել է անգլիական նավը: Քաղաքի զանազան մասերում դաշնակցական մյուս խմբերը դիմադրել են զինվորների ու խուժանի հարձակմանը: Բազմաթիվ թուրքեր են կոտորվել: Թուրքերը հարձակվել են անպաշտպան թաղերի վրա և սոսկալի կոտորած արել»:

Մեկ օր անց՝ օգոստոսի 20-ի հեռագրում, կարդում ենք. «Զինվորնեը և խուժանը շարունակում են կոտորածը: Մերոնք դիմադրում են ռմբերով: Դաշնակցական Կեդրոնական կոմիտեն սպառնացել է թափել իր ամբողջ ուժը, եթե անզենների կոտորածը շարունակվի: Դեսպանները խստիվ են միջամտել, և կառավարությունը խիստ միջոցներ է ձեռք առել»:

Օսմանյան բանկի գրավման գործողության մասին հետագայում գրվել են հոդվածներ, գրքեր, երգեր:

Բանկ Օտոմանի ղեկավար կազմի երեք անդամները տարբեր ճակատագրեր ունեցան:

Բաբկեն Սյունին, գործողության հենց սկզբում, իր իսկ ձեռքի ռումբի պայթյունից զոհվեց:

Հրաչ Թիրաքյանը ձերբակալվեց 1915-ին՝ մտավորականների խմբի հետ, և խոշտանգվեց ու սպանվեց Անկարայի մոտ:

Արմեն Գարոն 1908-1912 թթ․ եղավ Օսմանյան կայսրության մեջլիսի պատգամավոր ՀՅԴ-ից: 1911 թ. ՀՅԴ-ի կոալիցիոն տեղով նշանակվեց հեռահաղորդակցության նախարար Թալեաթ փաշայի առաջարկությամբ և աշխատեց մինչև 1912 թ. պետական հեղաշրջումը։ 1913 թ. կրկին նշանակվեց նախարար, այս անգամ՝ առևտրի և հանրային աշխատանքների, և երիտթուրքերի իշխանության օրոք աշխատեց մինչև 1914 թ:

Շահան Նաթալիի հետ Արմեն Գարոն 1919թ․ կազմակերպեց «Նեմեսիս» գործողությունը, որի արդյունքում ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք դահիճները։

Արմեն Գարոն Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր (1919-1920 թթ.), ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպանը: Նա վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին Ժնևում:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկար՝ Բանկ Օտոմանը գրաված հայերը Մարսելում