Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի առաջնորդ. պատմության այս օրը՝ 4-ը օգոստոսի, 1990

2827

1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Խորհրդային Հայաստանի վերջին գումարման խորհրդարանի նախագահ:

Այսպիսով, 70 տարի իշխանության ղեկին մնալուց հետո Հայկոմկուսը պարտություն կրեց սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով: Տեր-Պետրոսյանի հետ Գերագույն խորհրդի նախագահի աթոռին հավակնում էր Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը:

Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը` 110 ձայն:

Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը` 124:

Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ` Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը: Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը` 81, Տեր-Պետրոսյանը` 123:

Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը` 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում` փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները: