Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու առաջին ելույթը առաջին խորհրդարանում. 1918, օգոստոս 3

6824

Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու առաջին ելույթը երկրի խորհրդարանում՝ Խորհրդում, հնչել է 1918 թվականի օգոստոսի 3-ին՝ Խորհրդի երկրորդ նիստում:

Վարչապետ Քաջազնունին կարդացել է կառավարության հետևյալ հայտարարությունը:

ԱՆԻ կենտրոն

Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր  է ծնունդ առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ո՛չ մի հենարան անցյալում. նա չի՛ հաջորդում նախկին կառավարությունը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը. նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին:

Մյուս կողմից, կառավարությունը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն՝ կատաստրոֆիկ:

Չորս տարի տևող պատերազմը, մեծ հեղափոխությունը, ռուսական զորքերի անկանոն նահանջը մեր սահմաններից, կայսրության տարրալուծումը, պատերազմական ճակատի վրա կրած մեր պարտությունները, տերիտորիաների կորուստը, Անդրկովկասի բաժանումը անջատ պետությունների՝ այս խորին ցնցումները չէին կարող չթողնել իրենց հետևից ահռելի հետքեր: Տնտեսական կյանքի ու ֆինանսական դրության կատարյալ քայքայումը, դադարում ապրանքների արդյունաբերության և փոխանակության, զինամթերքի ծայր աստիճանի պակասություն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայության կամ սոսկալի թանկություն, ներմուծման բացարձակ ընդհատում, երկաթուղային հաղորդակցության դադարում, երթևեկության ուրիշ միջոցների պակասություն, ապա հարյուր հազարներով հաշվվող անտուն և անսնունդ գաղթականություն, անապահով կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի՝ անիշխանություն, անապահով կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի՝ անիշխանություն: Ահա թե ինչպիսի ծանր պայմանների մեջ կանչվել է աշխատանքի իմ կառավարությունը:

Այս բացառիկ դրությունը նախորոշում է արդեն կառավարության բնույթը: Նա չի կարող ձգտել բազմակողմանի ու լրիվ գործունեության, չի կարող ունենալ լայն ծրագիր և սահմանափակվելու է ամենաանհրաժեշտ ու միանգամայն անհետաձգելի խնդիրներով:

Կասեցնել քայքայման պրոցեսը, հանել երկիրը անիշխանության վիճակից և ստեղծել պետական շինարարության համար պայմաններ՝ ահա թե ինչպես է ըմբռնում իր կոչումը ներկա կառավարությունը:

Համաձայն սրան, կառավարությունը դնելու է լուծման հետևյալ խնդիրները.

Ա. Ներքին գործերի սահմաններում

  1. Հաստատել երկրում տարրական իրավակարգ, կյանքի ու գույքի ապահովություն:
  2. Բանալ հաղորդակցության ճանապարհները անարգել երթևեկության համար:
  3. Վերականգնել փոստ-հեռագրական նորմալ հաղորդակցություն թե՛ երկրի մեջ, և թե՛ հարևան պետությունների հետ:
  4. Եռանդուն միջոցների դիմել կարելույն չափ մեղմացնել պարենավորման տագնապը:
  5. Տնօրինել գաղթականների և փախստականների վիճակը, մասամբ վերադարձնել իրենց տեղերը, մասամբ տեղավորել նոր վայրերում:
  6. Նախապատրաստել Հայաստանի Սահմանադիր ժողովի հավաքումը կարելույն չափ շուտ:

Բ. ֆինանսների սահմաններում

Հող պատրաստել սեփական դրամական սիստեմի հիմքը դնելու համար: Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երկիրը ապահովվի դրամական նշաններով, վերականգնի արդյունաբերական կյանքը և ապրանքների փոխանակությունը, ինչպես նաև մշակվի հարկերի առողջ սիստեմ:

Գ. Արդարադատության սահմաններում

Հարմարեցնել դատարանը երկրի քաղաքացիական իրավահասկացման և իրավական սովորույթների պայմաններին՝ միաժամանակ մասնակից անելով քրեական դատավարությանը ժողովրդի ներկայացուցիչներին:

Դ. Զինվորական գործերի սահմաններում

Վերակազմել երկրի զինվորական ուժերը՝ նպատակ ունենալով ստեղծել թվով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահությամբ ուժեղ բանակ:

Ե. Արտաքին գործերի սահմաններում

  1. Ամրացնել Օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ Օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես լուծել օսմանյան զորքերի մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը:
  2. Ազրբեջանի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով՝ լուծել Հայաստանի և այլ պետությունների սահմանների հարցը՝ հիմք ունենալով ազգագրական սկզբունքը՝ իբրև միակը, որ համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն ու նպատակներին:
  3. Լիկվիդացիայի ենթարկել, համաձայնության գալով Ազրբեջանի և Վրաստանի հետ, ընդհանուր հիմնարկությունները և գույքը, որ մնացել են Անդրկովկասյան Հանրապետությունից:

Այս է կառավարության ծրագիրը: Սա կարելի է անվանել պետության գոյությունը ապահովող ամենաանհրաժեշտ գրավականների ծրագիր: Պարզ է, որ նա չի ընդգրկում երկրի բազմազան կարիքները իրենց ամբողջությամբ, որ նրա սահմաններից դուրս մնում են մի շարք կարևոր և արդեն հասունացած խնդիրներ: Բայց կառավարությունը չի դնում հերթի այդ խնդիրները, որովհետև նրանց լուծումը այսօրվա պայմանների մեջ համարում է անկարելի: Կառավարությունը չի ուզում սխալների մեջ գցել երկիրը լայն հեռանկարներով և անիրագործելի խոստումներով, չի ուզում վերցնել իր վրա պարտականություններ, որոնց կատարումը վեր է իր ուժերից: Կառավարությունը համոզված է, որ իր առաջադրած ծրագիրը մաքսիմումն է այսօրվա հնարավորության: Կառավարությունը լարելու է իր ամբողջ ուժն ու կարողությունը այդ մաքսիմումին հասնելու և հույս ունի հաջողությամբ լուծելու դրված խնդիրների գոնե մի մասը, եթե իր կողմն ունենա Խորհրդի անվերապահ վստահությունն ու գործուն աջակցությունը: