Լևոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան շարժման անցած ուղին և հեռանկարները՝ 25 հուլիսի, 1988 թ.

2897

ԱՆԻ-ի կողմից – ինչպես տեղեկացրել ենք, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը որոշակի պարբերականությամբ, հրապարակում է Հայաստանի երեք նախագահների և գործող վարչապետի հրապարակային բոլոր ելույթները, հարցազրույցները, ուղերձները՝ սկսած 1988 թվականից: Այս շարքում, անհրաժեշտության դեպքում, մենք կներկայացնենք նաև նախկին վարչապետների և արտգործնախարարների, ինչպես նաև Արցախի նախագահների ելույթներն ու հարցազրույցները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ս.թ. հուլիսի 18-ին կայացրած որոշմամբ ավարտվեց Ղարաբաղյան շարժման առաջին փուլը, որի բնորոշ հատկանիշն էր հայ ժողովրդի դրսեւորած վճռականությունը՝ զուտ սահմանադրական շրջանակներում ընթացող պայքարում։ Ձեւական տեսակետից՝ հինգ ամիս տեւած համաժողովրդական այդ պայքարը չհասավ իր նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մնաց Ադրբեջանի կազմում, եւ դեռ ավելին՝ հայ ժողովուրդը ենթարկվեց հրեշավոր բռնությունների, որոնց հետեւանքով եղան տասնյակ մարդկային զոհեր, հարյուրավոր վիրավորներ եւ հազարավոր քաղաքական գաղթականներ՝ զրկված կյանքի եւ գույքի ապահովության տարրական իրավունքից։

Դրանով հանդերձ, ամենեւին չի կարելի հավասարության նշան դնել ս.թ. փետրվարի 20-ի եւ հուլիսի 18-ի իրավիճակների միջեւ, քանի որ այդ ընթացքում տեղի ունեցան այնպիսի նշանակալից իրադարձություններ, որոնց վիճակված է բախտորոշ դեր խաղալ հայ ժողովրդի ազգային նկարագրի հաստատման եւ նրա քաղաքական նպատակների իրականացման գործում։ Միայն այն փաստը, որ ստալինյան եւ բրեժնեւյան բռնապետության դաժան լծին ենթարկված մի փոքրիկ ժողովուրդ երկրի դեմոկրատացման համար ստեղծված առաջին իսկ հնարավորության դեպքում ամիսներ շարունակ համաժողովրդական ցույցերի, հարյուրհազարանոց միտինգների եւ տեւական գործադուլների միջոցով կարողացավ հակադրվել աշխարհի հզորագույն ճնշիչ մեքենային եւ հաջողությամբ պաշտպանել իր դատը, բավական է տեսնելու նրա ներսում կուտակված, դարերի խորքից եկող կենսական ահռելի լիցքը, որ ցանկացած ազգի գոյատեւման անհրաժեշտ պայմանն է հանդիսանում։ Դրսեւորելով բարձր գիտակցականություն եւ կարգապահություն՝ հայ ժողովուրդն անցավ դեմոկրատական պայքարի հիանալի դպրոց եւ հաստատեց քաղաքական պարտնյորի իր իրավունքը, որից զրկված էր շուրջ 70 տարի։ Նա դարձավ մի ուժ, որի հետ այսօր ստիպված հաշվի են նստում եւ այսուհետեւ էլ պիտի հաշվի նստեն։ Քաղաքական տեսակետից սա է Ղարաբաղյան շարժման առաջին փուլի խոշորագույն հաղթանակը, որ հիմք է տալիս լավատեսորեն գնահատելու հայ ժողովրդի ազգային պայքարի հետագա ընթացքը։

Իսկ պատմական առումով Ղարաբաղյան շարժումը հինգ ամսվա ընթացքում արձանագրեց այնպիսի կարեւոր նվաճումներ, որոնք աննախադեպ են Սովետական Միության գոյության բոլոր տարիների համար.

  • Երկրի պատմության մեջ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Հայաստանի Գերագույն սովետները որոշումներ կայացրին ներքեւից՝ ժողովրդի կամքով եւ ոչ թե վերեւից իջեցված հրահանգներով, Ղարաբաղում եւ Հայաստանում հաստատվեց իսկական ժողովրդապետություն, բյուրոկրատական ապարատը անգործության մատնվեց, երեւույթներ, որ բխում են վերակառուցման ոգուց եւ արժանի են լուրջ ուսումնասիրման եւ ընդօրինակման.
  • Առաջին անգամ Ղարաբաղում եւ Հայաստանում տեղի ունեցան հարյուրհազարանոց ցույցեր եւ միտինգներ, որոնք իրենց հաճախակիությամբ, կազմակերպվածությամբ եւ զանգվածայնությամբ անգերազանցելի են ոչ միայն Սովետական Միության, այլ ողջ աշխարհի համար, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ զանգվածային միջոցառումների ժամանակ ժողովրդի մեղքով չի արձանագրվել օրինականության խախտման ոչ մի դեպք.
  • ՍՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ Ղարաբաղում եւ Հայաստանում կազմակերպվեցին քաղաքական բնույթ կրող տեւական համազգային գործադուլներ, որոնց նպատակն էր սրել կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա եւ սահմանադրական միջոցներ ձեռնարկել այն բավարարելու համար։

Շարժման այս վճռականությունը, հետեւողականությունը եւ կազմակերպվածությունը բացատրվում են ոչ թե մի քանի սադրիչների եռանդուն գործունեությամբ, ինչպես միամտաբար կարծում են նրա հակառակորդները, այլ այն պարզ հանգամանքով, որ մի ողջ ժողովուրդ միավորվել է միասնական գաղափարի շուրջ, որի արդարացիության նկատմամբ ոչ ոք տարակուսանք չունի։ Պայքարի հզորությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ հայ ժողովուրդը վերջապես հնարավորություն էր ստացել թոթափելու տասնամյակներ շարունակ իր ազգային արժանապատվությունը վիրավորող ստրկական հոգեբանությունը եւ բացեիբաց արտահայտվելու իր ճակատագրի հետ կապված բոլոր էական խնդիրների վերաբերյալ։ Ղարաբաղյան շարժմանն այս կամ այն չափով իրենց մասնակցությունը բերին Ղարաբաղի եւ Հայաստանի հայության բոլոր խավերը, ինչպես նաեւ Սովետական Միության մյուս հանրապետություններում եւ Սփյուռքի գաղութներում բնակվող մեր հայրենակիցներից շատերը։

Շարժումը հատկապես միասեռ եւ հետեւողական էր բուն Ղարաբաղում, որտեղ ե՛ւ մարզի ղեկավարությունը, ե՛ւ ողջ աշխատավորությունն ու մտավորականությունը միեւնույն վճռականությամբ եւ միասնական գործողություններով պաշտպանում էին իրենց սահմանադրական պահանջը։ Դա, անշուշտ, բացատրվում է նրանով, որ պատմական անարդարությունից բխող ազգային խտրականության բոլոր բացասական հետեւանքներին ենթարկվել են նախ եւ առաջ հենց իրենք՝ ղարաբաղցիները, այդ իսկ պատճառով, բնականաբար, նրանց բողոքը առավել հզոր եւ միահամուռ պետք է լիներ։

Սովետական Միության մյուս հանրապետություններում եւ Սփյուռքի գաղութներում բնակվող մեր հայրենակիցները Շարժմանն իրենց բերած մասնակցության մեջ առայժմ սահմանափակվել են միայն տեղեկատվության տարածմամբ, համերաշխության ցույցերով եւ օտար միջավայրում Ղարաբաղի հարցի նկատմամբ դրական հասարակական կարծիք ստեղծելու գործով։ Նրանց հնարավորությունները, սակայն, դեռեւս սպառված չեն, եւ պետք է հուսալ, որ առաջիկայում, մանավանդ սփյուռքահայերը, միահամուռ կերպով կլծվեն մեր ազգի արդար պայքարին։

Շատ ավելի բարդ է Ղարաբաղյան շարժման մեջ Խորհրդային Հայաստանի հասարակության տարբեր խավերի՝ մանավանդ պետական-կուսակցական ղեկավարության եւ նոմենկլատուրային պաշտոնեության ցուցաբերած դերը։ Փետրվարյան օրերից եւեթ պարզ դարձավ, որ լճացման տարիների նեխվածությամբ վարկաբեկված եւ աթոռներին կառչած հասարակական այդ խավն ավելի շուտ շահագրգռված է իր դիրքի պահպանմամբ, քան Ղարաբաղյան շարժմանն աջակցելու մտքով։ Եւ եթե Հայաստանի ղեկավարությունը ժողովրդի ճնշման տակ ստիպված էր որոշ զիջումներ անել, այնուամենայնիվ, նրա համար ավելի կարեւոր էր ենթարկվել կուսակցական կարգապահության տառին եւ անվերապահորեն իրագործել կենտրոնական իշխանությունների հրահանգները։ Ցավոք, պետք է նշել, որ ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարությունը նախանձելի միասնություն հանդես բերեց իր ժողովրդի հետ՝ հովանավորելով նույնիսկ նրա բարբարոսական գործողությունները։

Ղարաբաղյան շարժումը, բնականաբար, ավելի լայն արձագանք գտավ հասարակության մյուս խավերի՝ աշխատավորության, ուսանողության եւ մտավորականության շրջանում։ Գարնանային իրադարձությունների ժամանակ ակտիվ դեր խաղացին մայրաքաղաքի բուհերի ուսանողները, որոնք իրենց դասադուլներով, նստացույցերով ու երթերով մեծապես նպաստեցին Շարժման հզորացմանը եւ նրա հետագա ծավալմանը։ Ամռանն իր վճռական խոսքն ասաց հանրապետության աշխատավորությունը, որի վառ արտահայտությունը հանդիսացան հունիսի 13–15-ի եւ հուլիսի 4–15-ի գործադուլները, ինչպես նաեւ հիմնարկ-ձեռնարկությունների ժողովներում ընդունված համարձակ որոշումներն ու բողոքի բանաձեւերը։ Աշխատավորական զանգվածներում մեծ ակտիվություն ցուցաբերեցին շարքային կուսակցականները։ Բավական է նշել, որ Ղարաբաղի հարցի դրական լուծման պահանջով Հայաստանի կոմունիստների կողմից ՍՄԿԿ 19-րդ կոնֆերանսին ուղղված ուղերձի տակ դրված էր մոտ 40 հազար ստորագրություն։ Ինչ վերաբերում է հանրապետության մտավորականությանը, ապա նա առաջին իսկ օրից Շարժման ղեկը վերցրեց իր ձեռքը եւ մինչեւ վերջ հավատարիմ մնաց հայ ժողովրդի ազգային շահերին։ Տասնյակ հազարավոր գիտաշխատողներ, ինժեներներ, ուսուցիչներ, բժիշկներ, երաժիշտներ, դասախոսներ, նկարիչներ, իրենց ողջ եռանդը ներդնելով մեր արդար պայքարին, սրբորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ։ Մտավորականության ծոցից անհրաժեշտաբար ծնվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որը կոչված էր ապահովելու զանգվածային շարժման կազմակերպվածությունը եւ, արձագանքելով ժողովրդի իղձերին, նախանշելու նրա գործողությունների հիմնական ուղղությունները։ Կոմիտեի գործունեության հաջողությունն իր հերթին պայմանավորված էր այն վստահությամբ, որ տածում էր ժողովուրդը նրա նկատմամբ։

Մտավորականության մասին խոսելիս, դժբախտաբար, չի կարելի չանդրադառնալ նրա ավագ սերնդի ներկայացուցիչների դիրքորոշմանը, որը ցավ եւ արդարացի դժգոհություն է առաջացնում ժողովրդական լայն զանգվածների մեջ։ Փետրվարյան օրերին մեր անվանի գրողները, նկարիչները, ակադեմիկոսները գտնվում էին Ղարաբաղյան շարժման առաջին դիրքերում եւ իրենց իմաստուն խոսքերով կողմնորոշում ու ոգեւորում ցուցարարներին։ Սակայն իրադրության սրման առաջին իսկ պահին նրանք կորցրին իր ենց վճռականությունը, գործարքի մեջ մտան հանրապետության վարկաբեկված ղեկավարության հետ, վերադարձան սերնդին եւ իրենց հասարակական դիրքին հատուկ հարմարվողական վարվելակերպին՝ այդ ամենը փարիսեցիաբար կոծկելով ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ տոգորված բարոյախոսական քարոզներով։ Սակայն առանձին բացառությունների՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի, թղթակից-անդամ Ռ. Ղազարյանի եւ գրող Ս. Խանզադյանի օրինակը հույս է ներշնչում,որ նրանք, այնուամենայնիվ, երբեւէ կզգան իրենց սխալը եւ կվերադառնան իրենց ժողովրդի գիրկը։

Հայ ժողովրդի խաղաղ դեմոկրատական շարժմանը Ադրբեջանի ղեկավարությունը հակադրեց կազմակերպված եղեռնի եւ անվերջ ահաբեկումների, իսկ ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունները՝ մեր ազգային արժանապատվությունը վիրավորելու, Շարժումը ստալինյան պիտակներով վարկաբեկելու, երկրում հակահայկական կարծիք ստեղծելու եւ վերջապես՝ բռնի ուժով մեզ ճնշելու քաղաքականությունը։ Հայ ժողովուրդը հաջողությամբ դիմագրավեց այս բոլոր փորձությունները եւ Սահմանադրության շրջանակներում կիրառած իր վճռական գործողություններով, այնուամենայնիվ, հասավ այն բանին, որ Ղարաբաղի հարցն առաջին անգամ քննության արժանացավ ՍՍՀՄ գերագույն իշխանության ատյանում։ Անկախ քննության արդյունքից, դրանով Շարժումն ապացուցեց իր գոյության իր ավունքն ու ներկայացրած պահանջի արդարացիությունը, քանի որ հակառակ դեպքում այն կխեղդվեր դեռեւս սկզբնավորման պահին՝ չբարձրանալով տարերային դժգոհության մակարդակից։ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հուլիսի 18-ի նիստում հայ ժողովրդի պահանջի արդարացիությունը հերքվեց ոչ թե ուղղակի փաստարկներով, քանի որ դրանք չկան, այլ Սովետական Միության ընդհանուր քաղաքականությանը վերաբերող կողմնակի շահադիտումներով, որոնցից գլխավորներն են.

ա) Սովետական Միությունն իր վերակառուցման քաղաքականությունը բխեցնում է պատմականորեն ձեւավորված արդի իրականությունից եւ այդ պատճառով մտադիր չէ որեւէ փոփոխություն կատարել երկրի վարչա-տարածքային կառուցվածքում։

բ) Ղարաբաղի հարցի լուծումը պատճառ կդառնա նմանատիպ հարցերի մի շղթայի առաջացման, որը երկիրը կկանգնեցնի անելանելի վիճակի առաջ։

Ինչպես տեսնում ենք, նման մոտեցման մեջ մոռացության է մատնվում ոչ միայն տարրական մարդկային արդարությունը, այլեւ ազգերի ինքնորոշման հանրահայտ սկզբունքն ու Սովետական Միության կողմից վավերացված միջազգային իրավունքի նորմերը։ Սա բարոյական իրավունք է տալիս հայ ժողովրդին շարունակել իր պայքարը եւ չհաշտվել այն մտքի հետ, որ ինչպես 1920թվականին Հայաստանի կեսը զոհաբերվեց հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի, այժմ էլ Ղարաբաղը զոհաբերվի հանուն Սովետական Միության թվացյալ ընդհանուր շահերի, մանավանդ համոզված լինելով, որ Ղարաբաղի հարցի դրական լուծումը ոչ միայն չի հակասում այդ շահերին, այլեւ՝ ընդհակառակը, կնպաստի դեմոկրատացման ուղին բռնած մեր երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։

Հուլիսի 18-ից սկսած՝ Ղարաբաղյան շարժումը մտավ զարգացման նոր փուլ, որն, ի տարբերություն նախորդ շրջանի, առաջիկա ամիսներին հավանաբար կկրի խրամատային պայքարի բնույթ։ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության որ ոշման մեջ հայ ժողովրդի ընդվզման շնորհիվ մտցված որոշ դրակ ան կետեր թերեւս առաջիկայում հնարավորություն տան ինչ-որ չափով ապահովելու Լեռնային Ղարաբաղի ազգային ինքնուրույնությունը, ամրապնդելու նրա կապերը Հայաստանի հետ, բարելավելու մարզի տնտեսությունն ու աշխատավորության կենսամակարդակը։ Սակայն պարզ է մի բան, որ հայ ժողովուրդն այլեւս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ եւ նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչեւ մարզ ի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ։ ՍՍՀՄ Սահմանադրությունն այդ նպատակին հասնելու համար դեռեւս շատ հնարավորություններ է պարունակում, իսկ հայ ժողովուրդը իր հնգամսյա պայքարով արդեն ապացուցել է, թե ինչպես պետք է օգտվել այդ հնարավորություններից։ Այն փաստը, որ Սովետական Միության ղեկավարությունն արագ ի վիճակի չեղավ դեմոկրատական լուծում տալու հայ ժողովրդի արդարացի պահանջին, դեռեւս չի նշանակում, որ առաջիկայում երկրի վերակառուցման եւ մեր հասարակարգի դեմոկրատացման խորացման պայմաններում չի ուղղի իր սխալը։

Ղարաբաղյան շարժումն ամբողջ ՍՍՀՄ-ում առաջացրեց դեմոկրատական պայքարի մի նոր ալիք, որ ինքնին միակ երաշխիքն է երկրում հայտարարված առաջադիմական պրոցեսների տեւականության ապահովման։

ՀՀԱՆԱ, 12/25.070.88։ Թռուցիկ, 25 հուլիսի, 1988 թ.։ Բնագիր։

Մեքենագիր։