Ի՞նչ սահմաններով Հայաստանի քարտեզ ներկայացնել Էնվերին. Ահարոնյանի պատվիրակությունը Պոլսում՝ 19 հուլիս, 1918

5997
Հայկական պատվիրակությունը Պոլսում, 1918թ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական Հանրապետության խաղարարար պատգամավորության նիստերի արձանագրություններ

25 հունիս-18 հոկտեմբեր, 1918թ, Կ․ Պոլիս

Նիստ 6

Հուլիսի 7-ի առավոտյան, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, Կորգանյան, Բունիաթյան, Գ. Խատիսյան, Քոչարյան:

Նորից հարց տրվեց մեր ներկայացնելիք սահմանների ծրագրի մասին: Մտքերի երկար փոխանակություն եղավ, ընդ որում՝ մի քանիսը պաշտպանում էին, որ մենք պետք է մտցնենք նաև Նախիջևանի գավառի մի մասը՝ երկաթուղու գիծը, մյուսները պնդում էին շարունակել նախկին մեր ծրագիրը:

Նիստ 9

Հուլիսի 18-ի երեկոյան ժամը 9-ին: Ներկա էին բոլորը, բացի Պապաջանյանից, որը հիվանդ էր:

Նախագահը [Ահարոնյան-խմբ. ԱՆԻ-ի] զեկուցեց, որ նույն օրը Էնվեր փաշայի կողմից իր մոտ էր եկել Մուխտար բեյը և խնդրել, որ նրանց ներկայացնենք մեր սահմանների քարտեզը, որ, ինչպես իրենք ասում են, մյուս պատվիրակությունները արդեն իրենցը տվել են և միայն մենք ենք, որ չենք տվել:

Քննության դրվեց հարցը, թե ինչ սահմաններով տալ այդ քարտեզը: Որոշվեց պատրաստել և ներկայացնել քարտեզը, նշանակելով.

ա. Բաթումի պայմանագրի համաձայն մեր տարածքի սահմանները,

բ. առանձին գույնով նշանակել Թուրքիայի գրաված երկրները՝ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի սահմաններից դուրս,

գ. քարտեզի մեջ մտցնել բոլոր հայաբնակ գավառները՝ առանձին նշելով թուրքերի [ադրբեջանցիների- խմբ. ԱՆԻ-ի] և վրացիների կողմից վիճելի համարված մասերը, քարտեզի մեջ մտցնել նաև Զանգեզուրի գավառի հարավային կեսի արևմտյան մասը և Նախիջևանի գավառի Օրդուբաթի շրջանը:

Արձանագրության վերջին կետի առթիվ ամսի 19-ին և 20-ին եղած խոսակցությունների ժամանակ, երբ վարջնականապես պատրաստվում էր քարտեզը Էնվեր փաշային ներկայացնելու համար, Պապաջանյանը հայտնեց, որ ինքը միանգամայն դեմ է այդ կետին և այդ առթիվ տալիս է իր առանձին կարծիքը, որը խնդրեց պահել գործերի մեջ:

Նիստ 10

29 հուլիս, երեկոյան ժամը 9.30-ին, ներկա էին Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, Կորգանյան, Քոչարյան:

Խատիսյանը զեկուցեց այն հարցերի մասին, որ շաշափվել էին արտգործնախարար Նեսսիմի բեյի հետ իր ունեցած վերջին տեսակցության ժամանակ, նույն օրը ճաշից հետո:

Գերիների հարց: Հարց է ծագել, թե ում համարել հայ գերիներ, քանի որ ռուսաստանցի գերիներ են, որ վերցվել են Ռուսաստանի հետ ունեցած պատերազմից: Նախարարը համաձայնել է Խատիսյանի տեսակետի հետ, այն է՝ Հայաստանի գերիներ համարել նրանց, որոնք ծնվել են հայկական գավառներում և իրենց ճանաչում են Հայաստանի քաղաքացիներ: Խոստացել է այդ մտքով ներկայացնել խնդիրը Էնվեր փաշային և Նախարարների խորհրդին:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 32-99։ Բնագիր, ձեռագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 231-233:

Լուսանկարում՝ Հայկական պատվիրակությունը Պոլսում, 1918թ