Անգլիա-Իսպանիա Եվրո-2024-ի եզրափակիչ խաղին ընդառաջ՝ հայկական ֆուտբոլի ցավերի մասին

1086

Այսօր աշխարհը դիտելու է Անգլիա-Իսպանիա Եվրո-2024-ի եզրափակիչը, և սա առիթ է՝ անդրադարձ կատարելու մեր ֆուտբոլին մի քանի կետերով:

Նախ, մենք ուրախացանք Վրաստանի հաջողությամբ և չէինք խոսում Թուրքիայի հավաքականի մասին, որը, ինչպես երկու այլ հավաքականներ՝ Ավստրիա և Շվեյցարիա, կարող էին և արժանի էին ավելի առաջ գնալու:

Ինչո՞ւ պետք է մենք ակնկալենք Հայաստանի հաջողությունը, երբ՝

ա/ ֆուտբոլի ազգային մարզադաշտ չունենք, խաղում ենք 80 տարի առաջ կառուցված Հանրապետականում, որը պարուրված է Սարի թաղի ուշ միջնադարի շքեղ ճարտարապետությամբ, Նարդոսի ռազվալներով ու մեծ անիվներով, Գնունիի արևելյան շուկայով: Հայաստանի հաջորդական իշխանությունները անուշադրության են մատնել Հրազդանը, որտեղ կերտվել է հայկական ֆուտբոլի ոսկեդարը: Իբր պիտի նորը կառուցեն, երբ կարող են վերականգնել Հրազդանը՝ նրա փառքը, անցյալը…

բ/ ինչու պետք է ակնկալենք հաջողություն, երբ մենք չունենք դաշտեր, որտեղ կարող է զարգանալ մանկապատանեկան ֆուտբոլը: Մենք ունենք մի քանի նորմալ դաշտեր, իսկ մյուս տեղերում երեխաները խաղում են ցեխի մեջ…

գ/ ինչու պետք է ակնկալենք հաջողություն, երբ Հայաստանի պետությունը ներդրում չի կատարում ֆուտբոլում, չի աջակցում ակումբային ֆուտբոլին, ինչը վերջին 7-8 տարիներին տեղի է ունենում Վրաստանում:

դ/ ինչու պիտի ակնկալենք հաջողություն, երբ լեգիոնականները և նատուրալիզացված ֆուտբոլիստները խեղդում են 17-18-ամյա հայ ֆուտբոլիստների ապագան…

ե/ ինչու պիտի ակնկալենք հաջողություն, երբ, օրինակ, 4-ից 6 մանկապատանեկան թիմ մարզող մարզիչը ստանում է 68 հազար աշխատավարձ, դրան գումարած ինքն է միկրոավտոբուսի վարորդը, որով տեղափոխում է ֆուտբոլիստներին,

զ/ ինչու պետք է ունենք հաջողություն, երբ չի դրվում հաջողության նշաձող: Ասում են՝ 2050-ին դառնալու ենք աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր: Սա ծաղր է հայկական ֆուտբոլի նկատմամբ, ամբիցիա չունենալու ցուցադրական խոստովանություն,

է/ ինչու պետք է հաջողություն ունենանք, երբ հավաքականի մարզիչի առաջ դնում են՝ “էս մի խաղը կրենք” մաքսիումը, որից հետո կարելի է 4 անընդմեջ պարտություն կրել խոշոր հաշիվներով, ընկնել դեպրեդսիայի մեջ, հետո մի խաղ էլ կրել ու այսպես շարունակ՝ vicious circle,

ը/ ինչու պետք է հաջողության հասնենք, երբ մեր ֆուտբոլում կրթությունը սարսափելի ցածր մակարդակի վրա է, երբ ֆուտբոլիստները գիրք չեն կարդում, մարզիչներն օգտագործում են հայհոյանքներ…

թ/ ինչու պետք է հասնենք հաջողության, երբ մեր ֆուտբոլ է մտել պոպուլիզմն ու իբր գործ անելու և իշխանություններին լուրջ-լուրջ հեքիաթներ պատմելու տակտիկան…

Մեր ֆուտբոլը հիվանդ է հնարավոր բոլոր հիվանդություններով, իսկ հիվանդ օրգանիզմից արդար չէ հաղթանակներ պահանջել: Հիվանդ օրգանիզմը կարող է դեղերով հետաձգել անխուսափելի մահը:

Հիվանդ է նաև մեր մտածողությունը:

Ու քանի դեռ այդպես է, մենք ստիպված կլինենք բավարարվել մեր հարևան Վրաստանի հաջողություններով և չխոսել մյուս հարևանի՝ թուրքական ֆուտբոլի առաջընթացի մասին, կարծես դրանից Հայաստանը կթուրքանա կամ առանց թուրքի Հայաստան:

Թաթուլ Հակոբյան

14 հուլիսի, 2024