Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։
——————————————————
Հայկական խաղարարար պատվիրակության օրագիր
13 հունիս-31 օգոստոս, 1918թ, Կ․ Պոլիս
Հուլիսի 12-ին մեր պատվիրակությունից մի քանիսը՝ Մ․ Բունիաթյան, Գ․ Խատիսյան, գնդ․ Շահբաղյան, Տ․ Միրզոյան և Հ․ Բերբերյան, կովկասյան մյուս պատվիրակութոյւնների հետ շոգենավով գնացին Բուրսա, որտեղ կառավարությունը կազմակերպել էր հատուկ էքսկուրսիա։
Հուլիսի 15-ի առավոտյան ժամը 11-ին Ահարոնյանը, Խատիսյանը և զորավար Կորգանովը տեսակցություն ունեցան Թալեաթ փաշայի հետ․․․
Հուլիսի 16-ին Խատիսյանը եղավ արտգործնախարար Նեսսիմի բեյի մոտ։
Հուլիսի 18-ի երեկոյան ժամը 7-ին մեզ մոտ եկավ Մուխտար բեյը և Էնվեր փաշայի կողմից խնդրեց, որ մենք տանք նրան մեր քարտեզը՝ ցույց տալով մեր ակնկալած սահմանները։
Հուլիսի 22-ին Մուխտար բեյին ներկայացրեցինք՝ Էնվեր փաշային հանձնելու համար, մեր քարտեզը՝ նոր, փոփոխված սահմաններով, բացատրություններով հանդերձ։
Հուլիսի 25-ին, ժամը 2․30-ին Ահարոնյանը, խատիսյանը և Պապաջանյանը գնացին Երիտթուրքերի կենտրոն՝ կոմիտեի հետ առանձին տեսակցության։ Տեսակցությունը տևել է երկու ժամ և շոշափվել են շատ կարևոր խնդիրներ։ Բովանդակութոյւնը առանձին արձանագրված է։
Երեկոյան մեզ մոտ եկավ Ռուֆի բեյը կառավարության կողմից և հայտնեց, որ վաղը Երևան է գնում արտակարգ լիազոր զինվորական իշխանության կողմից Աբդուլ Կերիմ փաշան՝ կարգավորելու Բաթումի դաշնագրից բխող մի շարք խնդիրներ։
Երեկոյան ժամը 10-ին մեզ մոտ այցելության եկավ Բեռնում թուրք դեսպան Ֆուադ բեյը, երկար խոսակցություն ունեցավ մեզ հետ։ Իր, ըստ երևույթին առաջադեմ հայացքներով, նա լավ տպավորություն թողեց մեզ վրա։
Հուլիսի 29-ին Խատիսյանը եղավ արտգործնախարար Նեսսիմի բեյի մոտ․․․ Տեսակցության մանրամասները առանձին արձանագրված են։
Հուլիսի 31-ի երեկոյան մեզ մոտ էր Երիտթուրքերի գլխավոր կոմիտեի նախագահ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր բեյը։ Նա առանձին խոսակցություն ունեցավ Ահարոնյանի հետ, դրա ամփոփումը առանձին։
Օգոստոսի 2-ին մեր պատվիրակները և զորավար Կորգանովը ներկա եղան Սելամլիքին։ Այնտեղ ծանոթացան Մեհմետ Ալի փաշայի հետ։ Երևում է՝ զուտ զինվորական մարդ է, առանց վատ տրամադրությունների, գիտի քիչ ռուսերեն, բավական ֆրանսերեն և գերմաներեն։
Օգոստոսի 6-ին մեր պատվիրակները գնացին և ներկա էին Հաջջի փաշայի թաղմանը։
Ներքին գործերի նախարար Ջանբուլատ բեյը նամակ է գրել մեզ, որով նշանակում էընդունելություն ամսի 8-ի առավոտյան։
Օգոստոսի 15-ին ժամը չորսին երեք պատվիրակները՝ Ահարոնյան, Խատիսյան, Պապաջանյան, գնացին տեսակցության արդարադատության նախարար Խալիլ բեյի մոտ։ Խոսակցության նյութը արձանագրված է առանձին։
Օգոստոսի 20-ի առավոտյան Ահարոնյանը, Խատիսյանը և Պապաջանյանը գնացին տեսակցության Էնվեր փաշայի մոտ։ Խոսակցության նյութը գլխավորապես գաղթականությանն էր վերաբերում և արձանագրված է առանձին։
Օգոստոսի 27-ի երեկոյան մեզ մոտ հրաժեշտի ճաշի էին հրավիրված Մուխտար բեյը, որը նշանակված էր Ուկրաինայի դեսպան և գնում էր Կիև, և Ռուֆի բեյը, որը նշանակված էր գլխավոր հյուպատոս Խարկովում։ Նրանց ի հիշատակ մի մի ընծա մատուցեցինք։
Օգոստոսի 31-ի առավոտյան ամբողջ պատվիրակությունը ներկա էր Սուլթանի թրակապության հանդեսին (համապատասխանում է մեր թագադրությանը):
ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 1-31։ Բնագիր, ձեռագիր։
Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 210-217:
Կարդալ նաև՝
https://www.aniarc.am/2017/04/12/aharonian-delegation-enver-talaat-june-july-1918/