«Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը»՝ Հարավային Կովկասը Թուրքիա-Ռուսաստան առանցքում. Հայկ Գաբրիելյանի նոր հատորը

1171

2024 թվականի ընթացքում ընթերցողի սեղանին է դրվում թուրքագետ Հայկ Գաբրիելյանի գիտական հոդվածների ժողովածուի երրորդ հատորը: Այն արդեն տպարանում է և գրախանութներում կլինի հուլիսի վերջերին:

Գաբրիելյանի նախկին երկու գրքերը՝ «Էրդողանը և քրդական հիմնախնդիրը» և «Էրդողանի պայքարը Հին Թուրքիայի դեմ», հիմնականում անդրադարձ էր Թուրքիայի ներքին քաղաքականությանը և վերջին տասնամյակների ամենակնճռոտ՝ քրդական հարցին: Երրորդ գիրքը՝ «Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը», ինչպես նաև այս տարի հրատարակվելիք չորրորդ և հինգերորդ հատորները Թուրքիայի արտաքին, երկկողմ ու տարածաշրջանային քաղաքականության մասին է:

Երրորդ հատորը բաժանված է երկու հիմնական մասի՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ և Հարավային Կովկաս, որն ընդգրկում է 10 հոդված ու 1 հավելված, երկրորդ մաս՝ Թուրքիան որպես էներգետիկ և լոգիստիկ միջանցք՝ 9 հոդված:

Հոդվածներից մի քանիսը ուղղակիորեն առնչվում են Հայաստանին՝ Մեծամորի ատոմակայանի գործունեությունից Թուրքիայի դժգոհություններ, Արաքսի հիդրոհանգույցների հիմնախնդիրը Հայաստանի ու Թուրքիայի միջև, «Ֆուտբոլային դիվանագիտություն», Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական դեր ստանձնելու Էրդողանի փորձեր:

Հեղինակի ուշադրության կենտրոնում Անկարա-Մոսկվա հարաբերություններն են, այդ թվում՝ տարածաշրջանը ազդեցության գոտիների բաժանելու Թուրքիայի և Ռուսաստանի 2+2 մոդելը:

Երրորդ հատորի երկրորդ մասը էներգետիկ և լոգիստիկ հանգույց դառնալու Անկարայի նկրտումներն են՝ Թուրքիայի երկաթուղային աշխարհաքաղաքականությունը, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումը, Թուրքիայի տրանսպորտային պլանը մինչև 2053 թվականը, գազային միջանցք դառնալու թուրքական ներուժն ու հեռանկարները:

Մինչև տարեվերջ ԱՆԻ կենտրոնը կհրատարակի Գաբրիելյանի հինգհատորյակի վերջին երկու գրքերը, որոնցում անդրադարձ է կատարվում Մերձավոր Արևելքում և Հյուսիային Աֆրիկայում Անկարայի արտաքին քաղաքականությանը, Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին ու Անկարայի Բալկանյան քաղաքականությանը և գլոբալ հավակնություններին:

Թաթուլ Հակոբյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն