Վազգեն Ա-ի այցը Թուրքիա (Պոլսի Հայոց պատրիարքի մահվան առիթով). 4-20 հուլիսի, 1961թ

2873

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀՈՐ ՄԱՀԸ

Հունիսի 22-ին, հինգշաբթի օրը, Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ ազգային մեծ տոնին, Ստամբուլում, Գումգափու թաղի հայոց Ս. Երրորդություն եկեղեցում, առավոտյան ժամերգության ընթացքին, աղոթքն ու երգը շրթներին, երկրորդ անգամ կրկնվող սրտի հանկարծական և սուր տագնապի հետևանքով, մահանում էր Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Խաչատուրյանը:

Նորին Ամենապատվության հանկարծական մահը խոր վիշտ պատճառեց Մայր Աթոռին, անձամբ Վեհափառ Հայրապետին և համայն հայ ժողովրդին:

Ազգային մեծ կորստի ծանր տպավորության տակ, Ազգիս Վեհափառ Հայրապետը, վշտահար սրտով, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանին հեռագրում էր.

«Սուգի մեջ են Հայ Եկեղեցին և Ս. Էջմիածինը: Վշտահար է Մեր սիրտը: Ոչ ևս է Կոստանդնուպոլսո Պատրիարք Մեր սիրեցյալ եղբայրը՝ Գարեգին Արքեպիսկոպոս: Կորսնցուցինք հավատավոր ու ոգեշնչված մեծ եկեղեցական մը: Հանգի՜ստ և խաղաղությո՜ւն իր տանջված հոգիին և ափ մը լույս՝ Փրկչի Իջման Ս. Սեղանեն իր լույս հոգիին:

Հատուկ բարձր պատվիրակություն Էջմիածնեն կմեկնի դեպի Ստամբուլ, մասնակցելու թաղման արարողություններուն:

Կառաջարկենք հետաձգել թաղումը, սպասելով Մայր Աթոռիս պատվիրակության ժամանման:

Լրացուցիչ կհեռագրենք պատվիրակության մեկնումի թվականը»:

Թուրքիայի հայոց Պատրիարքարանը որոշում է հետաձգել հոգելույս Տ. Գարեգին Պատրիարքի թաղման հանդիսությունը, սպասելով Մայր Աթոռի և թեմերի պատգամավորությունների ժամանմանը:

Անփոխարինելի էր Հայ Եկեղեցու կորուստը և շատ ծանր Վեհափառ Հայրապետի վիշտը: Նորին Ս. Օծությունը եղբայրական սրտագին բարեկամությամբ կապված էր նորոգ հանգուցյալ Ամենապատիվ Սրբազան Պատրիարքի հետ, հարգում և սիրում էր նրան որպես տիպար, տեսլապաշտ, ժողովրդանվեր հոգևորականի:

Նորին Ս. Օծությունը բարեհաճում է անձամբ գլխավորել Սրբազան Պատրիարք Հոր թաղման հանդիսությանց մասնակցող Մայր Աթոռի բարձր պատվիրակությունը, սփոփելու, մեղմելու համար մանավանդ Թուրքիայի հայության մեծ վիշտը, տանելու նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությունները Թուրքիայի հայ հավատավոր Իր զավակներին:

Վեհափառ Հայրապետի Ստամբուլ ուղևորության բարի լուրը սրտագին գոհունակությամբ և մեծ խանդավառությամբ է դիմավորում Ստամբուլի համայն հայ համայնքի կողմից:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԵԿՆՈՒՄԸ

Հուլիսի 3-ին, հինգշաբթի, առավոտյան ժամը 9.30-ին, Վեհափառ Հայրապետը իջնում է Մայր Տաճար, և աղոթելուց հետո, ուղևորվում Երևանի օդանավակայանը ու ժամը 10-ին, «ԻԼ-18» ինքնաթիռով, մեկնում է Մոսկվա:

Այս տխուր առիթով Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Վրաստանի Հայոց առաջնորդ գերաշնորհ Տ. Կոմիտաս եպիսկոպոս Տեր-Ստեփանյանը և Մոսկվայի հայոց հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Պարգև վարդապետ Գևորգյանը:

Օդանավակայանում Վեհափառ Հայրապետին ճանապարհում են Մայր Աթոռի սգավոր միաբանությունը, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները, վանքի պաշտոնեությունը և այլ պաշտոնական և այլ պաշտոնական անձնավորություններ:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ՍՏԱՄԲՈՒԼ

Հուլիսի 4-ին, երեքշաբթի, ժամը 19.44-ին, ավստրիական ինքնաթիռով Ստամբուլ է ժամանում Վեհափառ Հայրապետը, Իր շքախմբով:

Ստամբուլի Եշիլգյուղի օդանավակայանում հավաքված բազմահազար հայ ժողովուրդը, անհամբեր և սրտատրոփ, սպասում է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի գալստյան:

Բովանդակ հայ համայնքը, եկեղեցական վարչությանց գլխավորությամբ, նախապատրաստվել էր արժանավայել մեծարանքով, պատշաճորեն դիմավորելու Վեհափառ Հայրապետին:

Վեհափառ Հայրապետի ժամանման առթիվ Հայոց Պատրիարքարանում կազմվել էր ընդունելության հատուկ հանձնախումբ՝ բաղկացած Պոլսի ականավոր ազգայիններից:

Պատրաստվում և գործադրության է դրվում Վեհափառ Հայրապետի ընդունելության հատուկ մի ծրագիր, գնահատելի կանոնավորությամբ:

Որոշյալ ժամին, սրտատրոփ և անձկագին սպասումից հետո, ինքնաթիռը հուշիկ իջնում է վերջապես Ստամբուլի Եշիլգյուղի օդանավակայանը: Հուզումը պատում է բոլորին, ալեկոծվում է բազմությունը և թնդում է ուրախ, ցնծագին ծափերի որոտը:

Եվ ահա նորին Ս. Օծությունը, ինքնաթիռի կամրջակի վրա կանգնած, տխուր ու հանդիսավոր, օրհնում է Իր Հավատացյալ Հոտին:

Վեհափառ Հայրապետին դիմավորում են եկեղեցական վարչությանց եկեղեցական և աշխարհական անդամները՝ գլխավորությամբ գերաշնորհ Տ. Շնորհք եպիսկոպոս Գալուստյանի:

Պատրիարքական փոխանորդ արժանապատիվ Տ. Արամ ավագ քահանա Պասմաճյանը, արծաթե ափսեի մեջ, Վեհափառ Հայրապետին է մատուցում ավանդական աղն ու հացը:

Վեհափառ Հայրապետին ողջունում են նաև հանգուցյալ Տ. Գարեգին Պատրիարքի թաղման հանդիսությանց մասնակցելու համար Ստամբուլ ժամանած գերաշնորհ Տ. Խադ, Տ. Մամբրե, Տ. Տիրան արքեպիսկոպոսները, հոգեշնորհ Տ. Սահակ, Տ. Շահան, Տ. Գևորգ, Տ. Գյուտ, Տ. Խոսրով վարդապետները, քահանայից դասը, պաշտոնական այլ անձնավորություններ, համայնքային մարմիններ և մամուլի ներկայացուցիչներ:

Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորելու համար օդանավակայան էին եկել նաև Ստամբուլում քույր եկեղեցիների և հարանվանությանց ներկայացուցիչներ:

Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ. Աթենագորաս Արքեպիսկոպոսի անունից Ամենայն Հայոց Հայրապետին բարի գալուստ է մաղթում պատրիարքական փոխանորդ գերաշնորհ Տ. Է. Էմիլիանոս միտրոպոլիտը հույն երկու վարդապետների հետ:

Վեհափառ Հայրապետին դիմավորում են նաև Ստամբուլում սովետական հյուպատոսն ու փոխ-հյուպատոսը:

Հանուն Ստամբուլի կուսակալ Նորին Վսեմություն Ռեֆիկ Տուլգայի, ընդհանուր կարգապահության հսկում է օդանավակայանի պետ Զաֆիե Էրեն:

Մի տխուր առիթով և շատ ծանր, բայց սրտագին պարտականություն կատարելու համար էր Ստամբուլ ժամանում Ամենայն Հայոց Հայրապետը, բերելով Իր սփոփանքի և քաջալերության հայրական խոսքը Իր հոտին՝ «Քաջալերեցարուք, ես եմ, մի՛  երկնչիք»: Այնուամենայնիվ Ստամբուլի հայ համայնքը, միասիրտ և միակամ, իր մեծ սուգի և վշտի մեջ, իմացավ արժանավայել հանդիսությամբ, վեհությամբ և ջերմորեն դիմավորել իր հոգևոր Հորը՝ Ամենայն Հայոց Հայրապետին:

Հունիս 4-ը պատմական, հավետ անմոռանալի ոսկե մի նոր էջ ավելացրեց Թուրքիայի հայության հարուստ ազգային-եկեղեցական տարեգրությանց մեջ, Վեհափառ Հայրապետի շնորհաբեր, հովվապետական այցելության երջանիկ առիթով:

Օդանավակայանում Վեհափառ Հայրապետը, օրհնելով Իր ճանապարհի վրա հավաքված խուռներամ, խանդավառ բազմության, պատվո պահակների շարքերի միջով, առաջնորդվում է օդանավակայանի պաշտոնական ընդունելությանց  պատվո դահլիճը, ուր բարեհաճում է ընդունել հայ և օտար մամուլի, ռադիոյի թղթակիցներին և սիրով պատասխանում նրանց հարցերին:

Մի փոքր հանգստից հետո, Վեհափառ Հայրապետը, բազմաթիվ պատվո ինքնաշարժերի ուղեկցությամբ, ժողովրդական բուռն ծափերի, ուրախ բացականչությունների, ցնծության տարափի տակ, օրհնություն սփռելով Իր ճանապարհի վրա, առաջնորդվում է դեպի Գումգափուի հայոց աթոռանիստ Մայր Եկեղեցին, ուր դրվել է հանգուցյալ Պատրիարքի դագաղը:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԳՈՒՄԳԱՓՈՒԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Նորին Ս. Օծությանն առաջնորդող շքախումբը, Ագսարայի ճանապարհով, հանդիսավոր ու հուշիկ, ուղղվում է դեպի աթոռանիստ Մայր Եկեղեցին, ուր հավաքված ծովածավալ բազմությունը, խանդավառորեն, բայց խոհուն և գիտակից կարգապահությամբ, դիմավորում է Վեհափառ Հայրապետին:

Մայր Եկեղեցու պատմությունը, իր փառաշուք անցյալի մեջ, գուցե երբեք չի արձանագրել նման հանդիսավոր, անմոռանալի դեպք:

Մայր Եկեղեցու պատմությունը, իր փառաշուք անցյալի մեջ, գուցե երբեք չի արձանագրել նման հանդիսավոր, անմոռանալի դեպք:

Մայր Եկեղեցու ավետաբեր զանգերը հնչում են հանդիսավոր ու վեհ: Վեհափառ Հայրապետը, ամպհովանու տակ, խաչով ու խաչվառով, խնկով ու աղոթքով, եկեղեցական թափորով առաջնորդվում է Մայր Եկեղեցի, ուր մուտք է գործում «Հրաշափառ»-ով:

Այնուհետև, արարողության ավարտին, եկեղեցական թափորը, Վեհափառ Հայրապետի հանդիսադրությամբ, «Որ յանէից» Հանգստյան շարականը երգելով, ուղղվում է դեպի եկեղեցու աջակողմյան ավանդատունը, ուր հանգչում է երաշնորհ Տ. Գարեգին Պատրիարքի մարմինը դագաղի մեջ, եպիսկոպոսական ծանրագին զգեստավորման մեջ:

Վեհափառ Հայրապետը, շրջապատված վշտահար եկեղեցականներով, արցունքը զսպած, խոնարհվում և «Հոգւոց» է արտասանում հանգուցյալի դագաղի վրա:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՈՂՋՈՒՅՆԸ

Հանգուցյալ Պատրիարքի հոգու խաղաղության համար կատարված Հոգեհանգստյան  այս մասնավոր աղոթքից հետո, Վեհափառ Հայրապետը հանդիսավորությամբ դուրս է գալիս ավանդատնից և առաջնորդվում եկեղեցու Ավագ Սեղանը:

Պատմական եկեղեցու նվիրական կամարների տակ թնդում է «Որ զշնորհս» շարականը: Վեհափառ Հայրապետը բարձրանում է Ավագ Սեղան, հաղորդելու Ս. Էջմիածնի օրհնությունն ու Իր հայրական ողջույնները Իր սիրելի զավակներին:

Գերաշնորհ Տ. Շնորհք սրբազանը, հանուն Պատրիարքարանի և հայ համայնքի, ողջունում է Ամենայն Հայոց Հայրապետի շնորհաբեր այցելությունը, շնորհակալություն և երախտագիտություն հայտնելով Նորին Ս. Օծության, որը եկել է մխիթարելու Իր հոտին և նրա մեծ վիշտը ուրախության փոխակերպելու:

Բարձրախոսի առաջ է կանգնել այժմ Վեհափառ Հայրապետը: Եկեղեցին, քար լռության մեջ, երկյուղածորեն, հափշտակված, կարոտով ունկնդրում է Հայոց Հայրապետի մխիթարական խոսքերը երջանկահիշատակ Պատրիարքի մահվան առթիվ և ստանում Նրա ողջույնն ու օրհնությունները Հայրենիքից և Մայր Աթոռից.

«Հանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյ Սրբոյ: Ամէն»:

Խաղաղությո՜ւն ընդ ձեզ: Խաղաղությո՜ւն ձեզի ամենուդ, սիրելի՛ եղբայրներ ի Քիրստոս, և ձեզի, հավատացյալ զավակներ Սեր:

Մենք ամենայն հայոց Մայր Աթոռ Ս. Էջմիածնեն կուգանք, կսկիծը Մեր սրտին, ձեզի հետ մեկտեղ աղոթելու համար հանգուցյալ մեծանուն Պատրիարք Գարեգին Արքեպիսկոպոսի հոգվույն հանգստյան և խաղաղության համար:

Նորոգ հանգուցյալ Սրբազան Պատրիարքը, մեր Եկեղեցվո ամենապայծառ դեմքերեն մեկը, ընդմիշտ կհեռանա մեր այս անցավոր կյանքեն, ապրելու համար ուրիշ կյանք մը, ոգեղինացած կյանք մը, մեր եկեղեցվո և մեր սրտերուն մեջ:

Մենք բոլորս, զինքը սիրողներս, սրբությամբ պիտի պահպանենք իր հիշատակը և իր վաստակը: Եվ կխորհինք, թե՛ մենք, այսօրվաններս և թե՛ գալիք սերունդները, իբրև օրինակ ցույց պիտի տան իր անձնավորությունը, ճշմարիտ, ազնիվ և ոգեշնչված հոգևորականի, օրինակ՝ բարոյական մեծ նկարագրի և Ս. Եկեղեցվո անխոնջ ու տքնաջան ծառայի, հաճախ տառապանքի իսկ գնով:

Ձեր այսքան հոծ ներկայությունը այստեղ և ճամբաներու վրա, օդանավակայանեն մինչև հոս, ցույց կուտա ձեր սերը և հարգանքը դեպի մեծ հանգուցյալը:

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Մեր. այս տխուր առիթով ձեզի բոլորիդ կբերենք սիրո ողջո՜ւյն և բյուր օրհնությո՜ւն սուրբգրական Հայոց աշխարհեն և Փրկչի Իջման սուրբ տեղեն, ուր մեր հավատքը, իբրև աստվածապարգև շնորհ, ծնունդ առավ, աճեցավ և ծաղկեցավ, և հայոց հոգիները բարձրացուց դեպի ճշմարիտ ճանապարհը կյանքի, որպեսզի հայ ժողովուրդի զավակները արժանի դառնան երկնային արքայության և փրկվին անոնց հոգիները:

Մխիթարական է Մեզի համար, խորապես մխիթարական, որ ձեր մեջ այսքան կենդանի է մեր նախնյաց սուրբ հավատքը, որ այսքան ծաղկյալ են ձեր եկեղեցիները, որ դուք այսքան կազմակերպված կերպով կապրիք կրոնական համայնքներու մեջ, իբրև ճշմարիտ զավակները Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցվո:

Մեծ և անփոխարինելի մխիթարություն մըն է այս Մեր հայրապետական սրտի համար:

Հաջորդ օրերուն կխորհինք, թե Մեզ հետ միասին պիտի մասնակցիք ամենքդ թաղման արարողություններուն, ձեր վերջին հարգանքը մատուցանելու համար ձեր հոգելույս Պատրիարք Հոր հիշատակին:

Եթե Տերը կամենա, այս մեկ-երկու շաբաթներուն ընթացքին կխորհինք, թե բազմաթիվ առիթներ պիտի ունենանք ձեզի բաշխելու մխիթարական խոսքեր և օրհնություններ: Մենք և դուք, ամենքս, քահանայք և ժողովուրդ, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, պիտի փառաբանենք զԱստված այն բոլոր բարիքներուն համար, զորս կվայելենք մեր երկիրներուն մեջ:

Այս առիթով կուզեինք նաև Մեր գոհունակության խոսքը հայտնել ձեր և մեր երկրի պետական իշխանություններուն, որոնք ամեն դյուրություն ընծայեցին Մեզի, որպեսզի Մենք այստեղ գանք և Մեր հոգևոր պարտականությունը կատարենք:

Շնորհակալ ենք և երախտապարտ:

Կմնանք աղոթող այս երկրի՝ Թուրքիո Հանրապետության բարօրության և խաղաղության համար:

Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ. կտեսնենք և կզգանք, որ դուք բոլորդ շատ հուզված եք: Վստահ ենք, թե դուք ալ Մեր հուզումը կզգաք: Մեր սրտերը, առանց բառեր արտասանելու, և բառերու իմաստեն անդին, կխոսին արդեն իրար հետ: Ուրեմն աղոթենք, լուռ աղոթենք հանգուցյալ Պատրիարքի հոգվույն համար, աղոթենք Ս. Եկեղեցվո անսասանության համար և աշխարհի խաղաղության համար: Ամեն»:

Վեհափառ Հայրապետի պատմական այս ուղերձից հետո, երգչախումբը ոգևորությամբ կատարում է Մայր Աթոռի հոգևոր հիմնը՝ «Էջ Միածինն ի Հօրէ», մինչ հայրապետական Ս. Աջը, խաչ ի ձեռքին, բարձրանում է օրհնելու եկեղեցուն և հայ ժողովրդին:

Եկեղեցական արարողությունից հետո, Վեհափառ Հայրապետը, նույն հանդիսավորությամբ, առաջնորդվում է Պատրիարքարանի դահլիճը, ընդունելու քույր եկեղեցիների և տարբեր դավանությունների, թաղական խորհուրդների, հոգաբարձությունների, խնամակալությունների և մամուլի ներկայացուցիչների ցավակցությունները Կոստանդնուպոլսի պատրիարք Տ. Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի մահվան առթիվ:

Պատրիարքարանի հանդիսությանց դահլիճում, հանուն  Ընդունելությանց հանձնաժողովի և Ստամբուլի հայ համայնքի, Վեհափառ Հայրապետին ողջունում է Տիար Կարապետ Ղազարյանը հետևյալ սեղմ, բայց սրտառուչ ու բովանդակալից ուղերձով.

«Ձերդ Վեհափառության բարձր ներկայության մեր մեջ ստեղծած սրբազան խռովքին, հուզումին և խորունկ երախտագիտության առջև, թույլ տվեք, որ պերճախոս լռությամբ խոնարհինք Վեհիդ հանգամանքին և անոր անձին հմայնքին  առջև և ըսենք. Հայոց Հայրապետ, բարով եկաք Ձեր հարազատներուն, և առնենք այն Ս. Աջը, որ մեզի կբերե մեր հավատքի աղբյուրին լույսը»:

Բարի գալստյան այս հուզիչ ուղերձից հետո, բոլոր ներկաները աջահամբույրով իրենց սերն ու երախտագիտությունը ներկայացնում են Ամենայն Հայոց Հայրապետին և ստանում են Նրա օրհնությունները:

Այնուհետև Վեհափառ Հայրապետի բարձր պատվին Կարգադիր հանձնախումբը կազմակերպում է ընդունելություն Պարկ հոթել-ում, որին մասնակցում են նաև բոլոր հյուր հայ հոգևորականները, պատրիարքական փոխանորդ Տ. Արամ ավագ քահանա Պասմաճյանը, Կենտրոնական վարչության անդամները և մամուլի ներկայացուցիչներ:

Սրտագին մթնոլորտում ընդունելությունը վերջանում է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ»-ով:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը առաջնորդվում է Հիլտոն հյուրանոցի «Ագդենիզ» հարկաբաժինը հանգստանալու:

Վեհափառ հայրապետի Ստամբուլ ժամանման լուրը նույն օրը արձագանքում է թուրքական մամուլը, ի մասնավորի «Ջումհուրիեթ», «Ագշամ», «Ենի Ստամբուլ» և «Հուրրիեթ» թերթերը:

Իսկ Պոլսի հայ մամուլը՝ «Ժամանակ» և «Մարմարա» օրաթերթերը, լայնորեն և սրտազեղումով արձագանքում են Վեհափառ Հայրապետի պատմական այս այցելությունը և շեշտում նրա հոգևոր, բարոյական մեծ նշանակությունը:

Հուլիսի 5-ին «Մարմարա»-ն, «Բարի՛ եկաք, Վեհափա՛ռ» խորագրի տակ, թարգման հադիսանալով բովանդակ հայ համայնքի զգացմունքների, գրում էր.

«Ստամբուլի ջինջ երկինքեն երեկ երեկո լույս մը իջավ Եշիլգյուղի օդանավակայանը և վայրկյանի մը մեջ խոր հուզումով համակեց բոլոր սրտերը:

Լուսո աղբյուր Ս. Էջմիածնեն, հայ հավատքի այդ հնադարյան կենդրոնեն, Վեհափառին հետ և Վեհափառի միջոցավ՝ մեզի հասան օրհնություններ Փրկչի Իջման Ս. Սեղանեն:

Կխոհիմ, թե ընթերցողներու զգացումներուն թարգմանը հանդիսացած կըլլամ, եթե դառման մեր հավատքի լույս Արևին և ըսեմ խոնարհելով:

-Բարի՛ եկաք, Վեհափա՛ռ»:

-Նույն օրը «Ժամանակ»-ը, «Բարի՛ եկաք, Վեհափա՛ռ» վերնագրի տակ, գրում էր.

«Սրտագին զգացումներով, խոր հուզումով և անվերապահ հարգանքով, «Բարի՛ եկաք» կըսենք Ձեզի:

Բարի՛ եկաք մեր գեղազվարճ ափերը, ուր դարերե ի վեր բույն դրած է Ձեր հոտին մեկ մասնիկը, և ուր երջանկահիշատակ մեծ Ֆաթիհի ֆերմանով հաստատված Պատրիարքական պատմական Գահը, ավա՜ղ, այսօր կմնա թափուր:

Վեհափա՛ռ, մենք չէինք ուզեր զՁեզ դիմավորել սուգ ու շիվանով, բայց բալասան և միխթարություն կբերեք Դուք այսօր մեզի: Եվ մենք դարձյալ կկրկնենք. «Բարի՛ եկաք»:

Վեհափա՛ռ, մենք հոս Ձեզի կներկայանանք իբրև հավաքականություն մը, որուն երկնակամարը հակառակ պահ մը ստվերոտած ըլլալուն, կմնա միակամ և միատարը, կապված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցվո լուսաբևեռ Ս. Էջմիածնի»:

ԱՋՀԱՄԲՈՒՅՐԸ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ

Մեծ օր է Ստամբուլի հայ համայնքի համար: Փակ են բոլոր դպրոցներն ու խանութները: Վաղ առավոտից բազմաթիվ հավատացյալներ, ուխտավորներ բոլոր դասերից և բոլոր տարիքներից, Ստամբուլի բոլոր թաղերից և գործող 30 եկեղեցիներից ու նույնիսկ գավառներից եկել, հավաքվել են Պատրիարքարանի առաջ, շրջակայքում, մայթերի վրա, տեսնելու Ամենայն Հայոց Հայրապետին, համբուրելու Նրա Ս. Աջը և ստանալու օրհնությունները:

Պատրիարքարանի դիվանի կողմից պաշտոնական հաղորդագրություն է տրված մամուլին, որով հայտնվում է, որ Վեհափառ Հայրապետը Պատրիարքարանում բարեհաճում է ընդունել Իր բոլոր զավակներին և օրհնել նրանց:

Առավոտյան, հյուրանոցի Իր հարկաբաժնում, Վեհափառ Հայրապետը ընդունում է հատուկ և պաշտոնական մի շարք այցելություններ, և ապա մեկնում Պատրիարքարան, ուր ականատես է լինում սրտառուչ հարգանքի, սիրո տեսարանների:

Բացվում են Պատրիարքարանի հանդիսությանց դահլիճի դռները և հավատացյալների բազմությունը, ուխտավորի ջերմեռանդությամբ և երանությամբ, տողանցում է Հայրապետի գահի առաջով, համբուրելով Նրա Ս. Աջը …

Ահա թե ինչպես է նկարագրում ականատես մի անձնավորություն այդ հուզիչ, անմոռանալի պահը.

«Հուզիչ էր տեսարանը մանավանդ, երբ հավատացյալ մայրեր, քույրեր, եղբայրներ, զավակներ և թոռներ դահլիճի դռան առջևեն կարգի կմտնեին և լուռ, երկյուղածությամբ և խոր հավատքով կմոտենային Նորին Վեհափառության:

Կտեսնեինք կիներ, որոնք դահլիճի դուռեն կհանեին իրենց կոշիկները և դահլիճի կեսեն իսկ ծնրադիր, ուխտի գացող ուխտավորի մը հավատքով, կմոտենային Վեհափառ Հայրապետին, կհամբուրեին Անոր քղանցքը, հետո կառնեին Անոր Աջը, կհամբուրեին, կհամբուրեին, չէին գոհանար, անգամ մը ևս իրենց երեսները կքսեին Անոր քղանցքին և հակառակ իրենց կամքին, կստիպվեին հեռանալ անկե: Այս տեսարանը երեկ կրկնվեցավ բազմաթիվ անգամներ, ամեն անգամուն ալ հայտնի հուզումով պատելով Վեհափառ Հայրապետը» («Մարմարա» օրաթերթ, 6 հուլիսի 1961 թ.):

Վեհափառ Հայրապետը հայրական հոգածությամբ և գուրգուրանքով հետաքրքրվում էր իր զավակներով և հուզումով սպասում, որ վերջին ուխտավորն իսկ չզրկվի հայրապետական օրհնությունն ստանալու երանությունից:

«Եվ այս,- եզրակացնում է «Ժամանակ»-ի թղթակիցը,- կշարունակվեր այսպես: Պատանի մը ծերունիի մը կհաջորդեր, մամիկին քովնիվեր շնորհալի երիտասարդուհի մը, բոլորը, բոլորն ալ երկյուղած, բոլորն ալ սիրազեղ և երանությամբ արբշիռ, … Աջը առնել Վեհափառին:

Ի՜նչ անմոռանալի օրեր, ի՜նչ հուզումնալից պահեր են ասոնք, որոնցմե դարեր ամբողջ հեռու մնացած էր Ստամբուլի հայը», «Ժամանակ» օրաթերթ, 6 հուլիսի 1961 թ.):

Նույն օրը, Պատրիարքարանում, Վեհափառ Հայրապետը ընդունեց նաև համայնքային մարմինների, վարժարանների տնօրենների, դպրաց դասերի և երգչախմբերի, վարչական խորհուրդների անդամների պաշտոնական այցելությունները և սիրալիր զրույց ունեցավ բոլորի հետ:

Վեհափառ Հայրապետին այցելեցին նաև հայ կաթոլիկ համայնքի վիճակավոր գերապայծառ Տ. Պողոս արքեպիսկոպոս Քիրեճյանը՝ ընկերակցությմբ Տ. Հովհաննես Չոլախյանի և Տ. Գասպար Պեյլերյանի, Վիեննայի Մխիթարյան հայերի անունից Հ. Սարգիս Բարոյանը, Հ. Գրիգորիս Մանյանը և Հ. Գաբրիել Այանյանը, Վենետիկի Մխիթարյանների անունից Հ. Հակոբոս Փոսպըյըգյանը և Հ. Անտոն Ճիվանյանը, հայ բողոքականների անունից պատվելի Ա. Ազատյանը:

Ավելի ուշ, Վեհափառ Հայրապետը ընդունեց Սահմանադիր ժողովի անդամ օրիորդ Հերմինե Գալուստյանի և երաժիշտ Հովհաննես Չեքիճյանի այցելությունները:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ

Հուլիսի 6-ին, հինգշաբթի, առավոտյան ժամը 10-ին, Վեհափառ Հայրապետը Իր շքախմբով այցելում է Թաքսիմի Անկախության հուշարձանին և ծաղկեպսակ զետեղում Ամենայն Հայոց Կաթողիկսո Վազգեն Ա» մակագրությամբ:

Հետմիջօրեի ժամը 14.30-ին, Վեհափառ Հայրապետը պաշտոնական այցելություն է տալիս Ստամբուլի նահանգապետ զորավար Ռեֆիկ Տուլգային, Սարաճանեպաշըի քաղաքապետության նոր շենքում:

Ստամբուլի նահանգապետին տրված պաշտոնական այս այցելության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընկերակցում են Տ. Մամբրե և Տ. Կոմիտաս սրբազանները, Տ. Պարգև վարդապետը, պատրիարքական փոխանորդ արժանապատիվ Տ. Արամ ավագ քահանան, սահմանադիր ժողովի անդամ օրիորդ Հերմինե Գալստյանը, պր. Արա Գույումճյանը, պր. Կարապետ Ղազարյանը և պր. Կարապետ Աբրահամյանը:

Վեհափառ Հայրապետը քաղաքապետարանի բակում դիմավորվում է պրոտոկոլի տեսուչ Ֆերիտոն բեյի կողմից և առաջնորդվում հյուրասրահ Իր շքախմբով:

Ստամբուլի պր. նահանգապետը ողջունում է Ամենայն Հայոց Հայրապետի այցելությունը Ստամբուլ և հանուն իր կառավարության խորունկ ցավակցություն է հայտնում Գարեգին Պատրիարքի մահվան տխուր առիթով՝ Վեհափառ Հայրապետին և հայ համայնքին:

Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնում պր. նահանգապետին նրա ողջույնի և մխիթարական խոսքերի համար, Իր ողջույններն ու մաղթանքներն է հաղորդում պր. նահանգապետին, Ստամբուլ քաղաքին և հյուրընկալ այս երկրին, ուր հայ ժողովրդի մի կարևոր հատված և Հայ Եկեղեցին ապրում են խաղաղ:

Այնուհետև Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և պր. նահանգապետի միջև տեղի է ունենում զրույց, ջերմ մթնոլորտում: Ապա հրաժեշտ է առնում Վեհափառ Հայրապետի պր. նահանգապետից և Իր շքախմբով վերադառնում Պատրիարքարան:

ԵՐԱՆԱՇՆՈՐՀ  Տ. ԳԱՐԵԳԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄԸ ԵՎ                           ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ   

Հուլիսի 7-ին, ուրբաթ, Վեհափառ Հայրապետի բարձր նախագահությամբ, Գումգափուի Մայր Եկեղեցում, կատարվում է հանգուցյալ Պատրիարքի վերջին օծումը:

Առավոտյան, Մայր Եկեղեցու զանգերը, տխուր և գուժական, ղողանջում են ընդհատ-ընդհատ:

Տաճարը լիքն է հավատացյալներով: Ստամբուլի հայ համայնքը իր վերջին հարգանքն է մատուցում իր սիրելի Պատրիարքին: Դասերում տեղ են գրավել պաշտոնական բարձր անձնավորություններ, դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներ և դավանությանց ներկայացուցիչներ:

Անձամբ ներկա է Հունաց Տիեզերական Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ. Աթենագորասը: Ներկա է նաև Ստամբուլի նահանգապետ զորավար Ռեֆիկ Տուլգան իր շքախմբով:

Մայր Եկեղեցու ատյանում դրվել է հանգուցյալ պատրիարքի մարմինը դագաղում, եպիսկոպոսական լրիվ զգեստավորման մեջ, շրջապատված Ս. Խաչ դպրեվանքի սաներով: Չորս քահանա հայրեր, լռիկ-մնջիկ, Սաղմոս են քաղում, մինչ վեց քահանաներ, զգեստավորված, պատվո պահակ են կանգնել, որպես դագաղակիրներ:

Ժամը 9.30-ին, Վեհափառ Հայրապետը Պատրիարքարանից եկեղեցական թափորով առաջնորդվում է Մայր Եկեղեցի, ուր հոգեհանգստյան պատարագ է մատուցում գերաշնորհ Տ. Շնորհք սրբազանը: Սուրբ պատարագի երգեցողությունները կատարում են «Գողթան» և «Կոմիտաս» միացյալ երգչախմբերը, ղեկավարությամբ դոկտ. Տիգրան Մամիկոնյանի: Երգեհոնի վրա ընկերակցում է պր. Ժիրայր Ասլանյանը:

Սուրբ պատարագը, հանդիսավորությամբ և տպավորիչ, վեհությամբ շարունակվում է մինչև «Ողջոյն»:

Վեհափառ Հայրապետը, քահանայապետական լրիվ զգեստավորման մեջ, ավանդատնից առաջնորդվում է Ավագ Սեղան՝ կատարելու հանգուցյալի վերջին օծումը, առընթերակայությամբ Տ. Մամբրե և Տ. Սերովբե սրբազանների:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆԸ

Վերջին օծման արարողությունից հետո, Վեհափառ Հայրապետը, հանգուցյալ Սրբազան Պատրիարք Հոր դագաղի վրա, խոսում է հետևյալ սրտառուչ և բովանդակալից դամբանականը, ներկայացնելով  հանգուցյալի բազմաբեղուն կյանքն ու գրական վաստակը: Վեհափառ Հայրապետի դամբանականը լսվում է մեծ հետաքրքրությամբ և մխիթարությամբ.

«Հանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ: Ամէն»:

«Առաջնորդ մեծ անկաւ յաւուր յայսմիկ յԻսրայելի»:

Սիրելի՛ սգակիր և վշտահար ժողովուրդ.

Հին Ուխտի մեծ մարգարեներեն մեկը՝ Դավիթ արքան, այս խոսքերով ողբաց իր սիրելիներեն, Իսրայելի մեծ զավակներեն մեկուն՝ Աբեներ զորավարի մահը: Իրապես ան հոգիով արդար էր և հավատարիմ, քաջարի, ուխտյալ զավակը իր ժողովուրդի, որ նահատակվեցավ Իսրայելի հանդեպ իր ունեցած մեծ սիրույն և նվիրումին մէջ:

Դավիթ մարգարեին ողբի այս խոսքերը մենք ևս կկրկնենք այսօր, զի Գարեգին Սրբազան Պատրիարքի մահով մեր Ս. Եկեղեցին կկորսցնե հոգևոր իր մեծ առաջնորդներեն մեկը:

Այո, ոչ ևս է Թուրքիո հայոց մեծանուն Պատրիարքը՝ Գարեգին Արքեպիսկոպոս Խաչատուրյան, Մեր սիրեցյալ Եղբայրը ի Քրիստոս: Ճշմարտապես և խորապես արդար հոգի մը էր ան, լուսավորված Քրիստոսի ճշմարիտ սիրով և նվիրված իր ամբողջ կյանքով մեր Ս. եկեղեցիին և մեր հավատացյալ ժողովուրդին: Ահա թե ինչո՞ւ իսկապես մեծ է մեր կսկիծը:

Այսօր, Հայաստանյաց բոլոր եկեղեցիները, աշխարհի բոլոր ճանապարհներուն վրա ուր կան անոնք և ուր հայ սիրտ մը կբաբախե, սուգի մեջ են այս պահուս, վասնզի այստեղ, այս Մայր Եկեղեցվո պատմական կամարներուն տակ, մեր սուրբ աղոթքներով և մաղթանքներով, մենք կպատրաստվինք հողին հանձնելու անշնչացած մարմինը մեծ հանգուցյալին:

Սուգի այս մեծ պահուն, Մեզի համար, իբրև Հայոց Հայրապետ, անսահման մխիթարություն է տեսնել, թե ինչպես մեր ամբողջ ժողովուրդը, մեր ամբողջ Եկեղեցին և մանավանդ Ստամբուլի համայն հավատացյալ զավակները Մեր, մեկ սիրտ մեկ հոգի, ծունկի կուգան այսօր մեծանուն հանգուցյալի հիշատակին առջև, իրենց վերջին ողջույնը և աղոթքը մատուցանելով: Մեզ համար մեծապես մխիթարական է նաև տեսնել այստեղ Մեր կողքին բարձրաստիճան ներկայացուցիչները քրիստոնեական եկեղեցիներու, իրենց գլուխը ունենալով Հունաց Տիրեզերական պատրիարք Նորին Սրբություն Աթենագորասը, որոնք մեզի հետ կաղոթեն մեր սիրեցյալ Եղբոր հոգվո խաղաղության համար:

Մեզի համար նույնքան մեծ մխիթարություն է, որ այսօր իրենց հարգանքի տուրքը կբերեն հանգուցյալի հիշատակին նաև այս երկրի պետական բարձրաստիճան ներկայացուցիչները, գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետ զորավար Ռեֆիկ Տուլգայի՝ հանուն Պետության Վսեմաշուք Նախագահին: Երեկ, Վսեմաշուք նահանգապետի ընդունելության պահուն, Մենք շատ զգացվեցանք  այն խոր հարգանքի և վշտի արտահայտություններեն, որ ունեցավ ան հանդեպ հոգելույս Պատրիարքի հիշատակին:

Սիրելի՛ հավատացյալներ. մեր Ս. Եկեղեցին քրիստոնեական հնագույն եկեղեցիներեն մեկն է, որ իր հավատացյալներու համրանքով փոքր է թեև, սակայն փոքր չէ եղած թիվը մեր մեջ, հին ժամանակներեն մինչև մեր օրերը, հոգևորական մեծ դեմքերու, ներշնչված հոգիներու, որոնք փառքը կկազմեն մեր Եկեղեցվո պատմության և որոնք կապրին լույսի աշխարհի մը մեջ, հաղթական և փառավորյալ Եկեղեցին կազմելով հավիտենական կյանքի սահմաններեն անդին:

Կխորհինք, թե բոլորդ Մեզի հետ համաձայն կըլլաք, եթե անկեղծորեն սրտով ըսենք, թե ի Տեր հանգուցյալ Գարեգին Արքեպիսկոպոս Խաչատուրյան եղավ մեր Եկեղեցվո կյանքին մեջ այդ մեծ, ոգեշնչված, լուսամիտ, տեսլապաշտ, ժողովրդանվեր և մանավանդ աստվածասեր և հավատավոր մեր հոգևոր առաջնորդներեն մեկը, իր կյանքի ու գործունեության ամբողջ տևողության ընթացքին: Այս տարի կլրանար իր քահանայության  60-ամյակը: Ինչպես գիտեք, ձեռնադրված էր կուսակրոն քահանա ուղիղ վաթսուն տարի առաջ, երանաշնորհ Տ. Եղիշե Դուրյան արքեպիսկոպոսի ձեռքով, այդ մեծ հոգևորականի միջոցով իր հոգիին մեջ ընդունելով Ս. Հոգվույն բոլոր շնորհները: Եվ ահա, երկար տարիներու իր գործունեության ընթացքին, ան ապրեցուցեր էր, պայծառացուցեր և պտղաբերեր իր բոլոր շնորհները Հայ Եկեղեցվո և հավատացյալ ժողովուրդի ծառայության ճանապարհին վրա, ճանապարհ մը, որ հաճախ եղած է փշոտ, երբեմն նույնիսկ տառապալից, մեր Ազգի փոթորկահույզ կյանքի ընթացքին: Սակայն իբրև քաջ հովիվ, հանգուցյալը բոլոր փոթորիկներուն դիմադրած է իր հոգվո խաղաղությամբ, իր մտքի պայծառությամբ, իր լույսի ծարավով և անսահման սիրով:

Այսօր Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյան Աստուծո և մեր առջև կներկայանա իբրև մեծ հոգևորական մը, իբրև հովվապետ մը, որ բարվոք պատերազմը հառաջ տարավ հաղթական կերպով: 60 տարի շարունակ իր հոգեշունչ քարոզներով, իր գաղափարասլաց մտածումներով իր բարի հորդորներով, իր կենդանի աշխատանքով և իր սուրբ աղոթքներով մխիթարություն և կյանք բաշխեց մեր հավատացյալ ժողովուրդին, սկսած իր ծննդավայրեն մինչև Արմաշ, մինչև Ստամբուլ և մինչև հեռավոր Ատլանտյանի և Խաղաղականի ափերը, ուր սփռված կապրին մեր ժողովուրդի զավակները:

Հանգուցյալը մեծ առաջնորդ մը եղավ նաև իբրև դպրության և դաստիրակության մարդ: Ան իր սեպուհ պարտքը նկատեց, ամեն տեղ ուր գտնվեցավ, իբրև հոգևոր առաջնորդ հավասար կարևորություն տալ և զբաղիլ մատաղ սերունդներու դաստիրակության գործով, հարատև աշխատելով քրիստոնեական առաքինությունները հաստատուն կերպով ամրացնել մեր ժողովուրդի զավակներուն սրտերեն ներս:

Ան սորվեցուց ամենուն, որ լուսո որդիներ ըլլան, կյանքի մեջ լույսի ճանապարհները փնտրեն, որպեսզի հայոց բոլոր զավակները, ծարավով և հույսով զեղուն, միշտ դեպի լույսի աղբյուրը ուղղվին որ աղբյուրն է ճշմարիտ կյանքին:

Դուք շատ լավ գիտեք, թե հանգուցյալը շատ կսիրեր լույսի մասին խոսիլ, լույսի աղբյուրի մասին, կյանքի լուսավորության մասին: Կխորհինք, թե ձեր բոլորիդ հոգիներուն բաշխված են այս մտածումները, այս զգացումները՝ իբրև լուսեղեն սնունդ:

Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կրթական-դաստիրակչական գործունեության դափնեպսակը  կհանդիսանա Սկյուտարի մեջ իր հիմնված և այնքան դժվարություններով, բայց հաջողությամբ գլուխ բերած Ս. Խաչ դպրեվանքը: Կխորհինք, թե Ստամբուլի հայ հավտացյալները, համայն հայ ժողովուրդը սրբությամբ պիտի պահպանեն այս կերպով հարգանքի մեծագույն տուրքը տված պիտի ըլլան մեծանուն հիմնադրի հիշատակին:

Սիրելի՛ զավակներ Մեր. դուք քաջ գիտեք, թե հանգուցյալը նաև ժրաջան և անհոգնաբեկ գրական մշակ մըն էր: Քանի՜-քանի՜ գիշերները և անհամար ժամեր աշխատած է առանձնասենյակին մէջ, ամեն տեղ, ուր գտնված է, հաճախ նյութական և այլ զրկանքներու մեջ, որպեսզի թուղթին հանձնե իր հոգիին և մտքին լույսը: Այսօր ան կբաժնվի մեզմե, իր ետին թողած գրական վաստակ մը, որուն լուսապսակ կկազմե Ս. Գրիգոր Նարեկացիի «Ողբերգության մատյան»-ին տաղաչափյալ աշխարհաբար թարգմանությունը:

Վերջերս էր տակավին, երբ առիթը ունեցանք Երևանի մատենադարանի բանասերներեն ոմանց հետ խոսակցելու հանգուցյալ Գարեգին Պատրիարքի Նարեկի թարգմանության մասին: Շատ մխիթարական եղավ Մեզ համար հաստատել, թե ինչքան խոր կերպով մեր գիտնականները կգնահատեն այդ անզուգական գրական գործը: Մեր գրականության նոր շրջանի ամենաարժանավոր մշակներեն մեկը կնկատեն անոնք հանգուցյալ Պատրիարքը:

Գարեգին արքեպիսկոպոս հայ կյանքի երկնակամարին վրա փայլեցավ նաև որպես հոգևոր, բարոյական նկարագրի տեր անձնավորություն մը. ինչ որ մանավանդ մեր օրերուն մենք պետք է գիտնանք գնահատել, երբ բարոյական արժեքները և ըմբնումները այնքան երերուն վիճակի մեջ են հաճախ տեղ-տեղ: Իբրև քրիստոսի ճշմարիտ աշակերտ, անոր «այո»ն «այո» էր և «ոչ»-ը «ոչ», միշտ ուղղամիտ, օրինապահ և ազնիվ:

Այսպես է, որ քաջարի և անշփոթ կեցվածք մը ունեցավ ան վերջին տարիներս մեր եկեղեցիեն ներս ծայր տված տագնապներուն նկատմամբ: Մենք խորունկ հիացում ունինք իրեն հանդեպ, իր այս բարոյական նկարագրի համար և այս սուրբ պահուն մեր հարգանքի տուրքը անգամ մը ևս կմատուցանենք իր հիշատակին:

Մեզի համար բարոյական ըմբռնումներն ու արժեքները, եկեղեցական օրինապահության և կարգապահության սկզբունքները, Հայաստանյայց Եկեղեցվո գերագույն շահերու գիտակցությունը, միասնության սուրբ և փրկարար կանոնը են և կմնան մեր Եկեղեցվոր և մեր ժողովուրդի հոգևոր կյանքի հիմքերը:

Այս ոգիով աղոթեց և գործեց հանգուցյալ Գարեգին Պատրիարքը, բոլորիս համար հանդիսանալով պայծառ օրինակ մը: Այդ տեղը, այդ լուսավոր տեղը, ան միշտ պիտի պահե այսօր և վաղը, գալիք սերունդներուն համար:

Հանգուցյալ Պատրիարքը իր կոչման բարձր կատարներուն հասավ մանավանդ իր պատրիարքության վերջին տասը տարիներու ընթացքին: Այստեղ պարտինք ընդգծել հանգամանք մը ևս, նույնքան կարևոր և նույնքան պատվաբեր մեծանուն հանգուցյալին համար: Այդ՝  իր իմաստուն, հեռատես և անկեղծ վերաբերմունքն էր դեպի այս երկրի իշխանությունը, ուր կգտնվեր իր պատմական Աթոռը:

Մենք միշտ խորապես գնահատած ենք հանգուցյալի գործունեությունը վերջին տասը տարիներու ընթացքին, նաև այն բանի համար, որ իբրև Թուրքիո հայոց Պատրիարք, գիտցավ լավագույն հարաբերություններ մշակել Թուրքիո Հանրապետության պետական բարձր իշխանությանց հետ, գիտցավ վստահությունը շահիլ այդ իշխանությանց և իր անձով ցույց տալ իր հոտին քաղաքացիական հավատարմության ճանապարհը:

Մխիթարական էր Մեզ համար մամուլի մեջ կարդալ վերջերս, եթե չենք սխալիր երկու ամիս առաջ, թե հանգուցյալը պատիվն էր ունեցեր տեսակցելու ձեր երկրի Վսեմաշուք Նախագահին՝ զորավար Ջեմալ Գյուսելի հետ, ներկայացնելով այդ առթիվ իր և Թուրքիո հայ հավատացյալ ժողովուրդի հարգանքն ու հավատարմությունը, այս կերպով անգամ մը ևս ամրապնդելով այն բարեկամական և փոխադարձ հարգանքի կապեր, զորս ամրացուցած էր արդեն անցյալի մեջ ալ պետական իշխանությանց և Հայ Եկեղեցվո, Թուրքիո հայոց Պատրիարքական աթոռին միջև, Աթոռ մը, որ պատմական անցյալ մը ունի այս երկրին մեջ իր ավանդություններով, իր սուրբ կանոններով և իրավասություններով, որոնք այսօրվան կյանքի պայմաններուն մեջ ևս կենդանի են, բնականաբար նոր Թուրքիո Հանրապետության հիմնական օրենքներու և շահերու սահմաններու մեջ: Կխորհինք, թե հանգուցյալ պատրիարքի այս ոգին միշտ պիտի պահպանվի իր հաջորդներուն կողմե՝ ի շինություն հոգևոր կյանքին թուրքիո հայ հավատացյալ ժողովուրդի:

Վշտարար և սիրեցյալ զավակներ Մեր. տակավին երկար կարելի էր խոսիլ հանգուցյալ Պատրիարքի արժանիքներուն և անոր կյանքի գործերուն մասին: Ժամանակը սակայն կսահի և ավա՜ղ, մենք կպատրաստվենք հողին հանձնելու մարմինը Մեր սիրեցյալ Եղբոր՝ Գարեգին Արքեպիսկոպոսի:

Այս սրբազան պահուս մեր վիշտը կլուսավորվի սակայն մխիթարության զգացումով մը, որովհետև մենք կհավատանք, թե հողին պիտի հանձնենք իր մարմինը միայն, մինչ իր լույս հոգին, միշտ կենդանի, պիտի բարձրանա դեպի մյուս ափը կյանքին, ապրելու համար այսուհետև ավելի փառավոր կյանք մը, միաժամանակ բաշխվելու մեր հոգիներուն՝ իբրև քաղցր և սուրբ հիշատակ:

Սիրելի՛ ժողովուրդ. պիտի ուզեինք ձեզ մխիթարել մեծ առաքյալի խոսքերով, որ կպատգամե մեզ բոլորիս. «ՈՉ ԿԱՄԻՄ, ԵՂԲԱՐՔ, ԵԹԷ ՏԳԷՏՔ ԻՑԷՔ ՎԱՍՆ ՆՆՋԵՑԵԼՈՑ, ԶԻ ՄԻ՛ ՏՐՏՄԻՑԻՔ ՈՐՊԷՍ ԵՒ ԱՅԼՔՆ, ՈՐՈՑ ՈՉ ԳՈՅ ՅՈՅՍ»: Մենք քրիստոնյաներ ենք և կհավատանք հավիտենական կյանքին: Մեր սրտերուն մեջ ամուր կպահենք քրիստոնեական այդ մեծ հույսը: Հետևաբար մեր տխրությունը թող համազոր չըլլա հուսահատության: Մեզ համար մահը հաղթված է Քրիստոսի հրաշափառ հարությամբ, և ամեն մեկս կրնանք ժառանգել երկնքի արքայությունը: Քրիստոնեկան այս մեծ հույսը մեր կյանքի լույսն է, որով կառաջնորդվինք ու կգործինք մեր այս անցավոր կյանքի ընթացքին, և օր մը մխիթարված սրտով մեր աչքերը կփակենք:

Այսպես ահա, մենք այսօր կպատրաստվինք հողին հանձնելու մարմինը հոգելույս Գարեգին Արքեպիսկոպոսի: Եվ այս սրբազան պահուն իրեն կբերենք վերջին ողջույն Հայոց աշխարհին և Փրկչի Իջման Ս. Սեղանեն, վերջին ողջույն Օշականի Մեծ Սուրբեն և հայրենի մեր բոլոր սրբատեղիներեն, Մայր Աթոռիս միաբանութենեն և համայն մեր ժողովուրդի սրտեն, նաև մեր ամենաջերմ աղոթքը, որ Տերը խաղաղությամբ ընդունի իր տառապած մեծ հոգին և արժանի ընե զայն լուսեղեն անթառամ պսակին: Թող օրհնյալ ըլլա հիշատակը հանգուցյալ Գարեգին Պատրիարքի և թող Տերը արժանավոր հաջորդ պարգևե այս Աթոռին և Իր սուրբ հովհանին շարունակե տարածյալ պահել Առաքելական մեր Ս. Եկեղեցիին վրա, համայն մեր հավատացյալ ժողովուրդին վրա, որպեսզի անոնք խաղաղությամբ աշխարհի վրա շարունակեն իրենց սուրբ առաքելությունը, ի փառս աստուծո:

«Թագավոր երկնավոր, զեկեղեցի քո անշարժ պահեա,

Եվ զերկրպագուս անունդ քում պահեա ի խաղաղութեան»:

Ամե՜ն»:

Դամբանական քարոզից հետո, Վեհափառ Հայրապետը Մայր Եկեղեցում առաջնորդվում և բազմում է Իր գահի վրա և ընդունում պետական բարձր անձնավորությանց, կրոնական պետերի, հարանվանությանց և դիվանագիտական մարմնի ներկայացուցիչների ցավակցությունները:

Հավարտ սուրբ պատարագի, Վեհափառ Հայրապետը առաջնորդվում է Պատրիարքարան:

Այնուհետև, փոքր դադարից հետո, գերաշնորհ Տ. Խադ արքեպիսկոպոսի հանդիսադրությամբ, հուղարկավորական թափորը ուղեկցվում է դեպի Շիշլիի հայոց ազգային գերեզմանոցը:

Հուղարկավորության և թաղման հանդեսին մասնակցում է ստամբուլի ողջ հայ համայնքը, իր հարգանքի վերջին տուրքը բերելով մեծանուն պատրիարքի հիշատակին:

Շիշլիի գերեզմանատանը, հանգուցյալ Պատրիարքի դագաղի վրա դամբանականներ են խոսում գերաշնորհ Տ. Մամբրե, Տ. Տիրան և Տ. Սերովբե սրբազանները:

Հուսկ ուրեմն, հանգուցյալ Տ. Մեսրոպ պատրիարքի Նարոյանի շիրիմի մոտ, հողին է հանձնվում երջանկահիշատակ Գարեգին Պատրիարքի աճյունը, հոգեհանգստայն սրտառուչ մեղեդիների վեհ և խորհրդավոր հնչյունների տակ:

Հանգի՜ստ և խաղաղությո՜ւն նրա աճյուններին:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԱՑ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Հունիսի 8-ին, շաբաթ, առավոտյան ժամը 10-ին, Վեհափառ Հայրապետը պաշտոնական այցելություն տվեց, Ֆեների Հունաց Պատրիարքարանում, Ստամբուլի Հունաց Տիեզերական Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ. Աթենագորաս Սրբազան Արքեպիսկոպոսին:

Պատմության մեջ առաջին անգամ էր, որ Ամենայն Հայոց Հայրապետը պաշտոնական մի այսպիսի պատմական այցելություն էր տալիս Օրթոդոքս Եկեղեցու Պետին, քրիստոնեական սիրո և եղբայրության զգացմունքներով և ոգով:

Պատմական այս այցելության ժամնակ, Նորին Ս. Օծության ընկերակցում էին գերաշնորհ  Տ. Խադ, Տ. Մամբրե, Տ. Տիրան, Տ. Սերովբե, Տ. Շնորհք, Տ. Կոմիտաս սրբազանները, հոգեշնորհ Տ. Պարգև, Տ. Գևորգ, Տ. Գյուտ, Տ. Սահակ վարդապետները, արժանապատիվ Տ. Արամ, Տ. Դավիթ, Տ. Շահե քահանաները, պարոնայք Կարապետ Ղազարյանը, Կարապետ Աբրահամյանը, Արա Գույումճյանը, Եղվարդ Պենկլյանը և Թ. Փեհլիվանյանը:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը Հունաց Պատրիարքարանի դարբասից ընդունվում է պատրիարքական փախանորդ գերաշնորհ Տ. Էմիլիանոս սրբազանի, չորս այլ հույն եպիսկոպոսների և ութը վարդապետների կողմից, և եկեղեցիների զանգերի զվարթ ղողանջի տակ, մտնում է եկեղեցի, ուր աղոթելուց հետո, առաջնորդվում է Պատրիարքարան:

Պատրիարքարանի դահլիճի դռանը Ամենայն Հայոց Հայրապետին ջերմորեն և բացառիկ սիրալիրությամբ դիմավորում է Նորին Սրբություն Տ. Աթենագորաս Պատրիարքը, շրջապատված ութը միտրոպոլիտներով և այլ հոգևորականներով:

Այնուհետև, Արևելքի երկու հնագույն և պատմական Եկեղեցիների Հոգևոր Պետերը առաջնորդվում են դահլիճի խորքում գրված հայրապետական երկու գահերը:

Երկու հոգևոր պատերի միջև տեղի է ունենում ջերմ զրույց:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով Սրբազան Պատրիարք հորը, ասում է.

«Սիրելի՛ Եղբայր ի Քրիստոս.

Իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս, Աստուծո փառք տալով կողջունենք այս պահը: Աստված Մեզ պարգևեց առիթը Ձերդ Սրբության այս վայրին մեջ այցելելու: Ձերդ Սրբության մեր սուգին մասնակցութենեն խորապես զգացված ենք: Ձեր մասնակցությունը հոգելույս Պատրիարքի հուղարկավորության՝ Մեզ համար բարոյական մեծ մխիթարություն մը եղավ:

Հոգելույս պատրիարքը իր նամակներուն մեջ հաճախ կգրեր Ձեր մասին և Մենք Ս.Էջմիածնի մեջ մեծ հետաքրքրությամբ կկարդայինք զանոնք: Ձեր եղբայրական զգացումներուն և անոր հանդեպ ունեցած անկեղծ բարեկամության տեղյակ էինք:

Հոգելույս պատրիարքը Ձեզ շատ կսիրեր ու կհարգեր, և Մենք անձամբ այս պահուն Ձեզ ճանաչելով, Մենք Մեզ զորացած կզգանք:

Կաղոթենք Ձեր արևշատության և Ձեր Ս. Եկեղեցիին փառքին և առավել ծաղկման համար»:

Վեհափառ Հայրապետի ողջույնի խոսքին պատասխանում է Նորին Սրբություն Աթենագորաս Պատրիարքը.

«Հարգելի՛ Սուրբ Եղբայրս.

Աստծու փառք տալով, Ձեզ հանդեպ Մեր զգացումները արտահայտելե հետո, սրտանց կողջունենք Ձեր ներկայությունը այստեղ:

Ձեր Սրբության Մեր Աթոռին և անձին հանդեպ ունեցած զգացումներուն տեղյակ էինք:

Հոգելույս Պատրիարքի հետ մեր տեսակցություններու ընթացքին այս պարագան հաճույքով կհաստատեինք: Կուզենք կրկնել, թէ անոր վախճանումեն չափազանց զգացված ենք: Մեզի համար ալ մեծ կորուստ մը եղավ այն, որովհետև Հայ Եկեղեցվո բացառիկ մեկ զավակն էր:

Ձեր ճամփորդության և հոս ներկայության իմաստը կգնահատենք և ասոր համար է, որ հետևյալը կըսենք:

Մեր հոգելույս Եղբոր վախճանմամբ մեր զգացած վիշտը Ձեր հոս այցելության  առթած ուրախությամբ թեթևացած է:

Ձերդ Սրբությունը կճանչնանք Ձեր ընտրության թվականեն սկսյալ, տեղյակ ենք Ձեր աշխատություններուն և զգացումներուն, մասնավորաբար քրիստոնյա եկեղեցիներու համագործակցության և միացման հարցի մեջ Ձեր ունեցած կարիծիքներուն: Այս բոլորի համար զՁեզ սրտանց կշնորհավորենք: Մեր երկու Եկեղեցիները նույն ճամբեն քալած են դարերու ընթացքին: Երբեմն եթե պատահած են մշուշոտ պահեր, անոնք պատմության  խառնված են այսօր որևէ իմաստ չեն կրեր:

Մեր Եկեղեցվո, Ս. Սինոդի և անձին կողմե կգնահատենք եկեղեցիներու միության համար Ձեր թափած ջանքերը:

Վստահ ենք, թե Մենք, իբրև Եկեղեցիներու Պետեր, պետք է աշխատինք նոր դարաշրջան մը բանալու և եղբայրության կապեր հաստատելու համար:

Սիրելի՛ Եղբայր, քանի մը օրեն պիտի փոխադարձենք Ձեր այս այցելության և ավելի երկար պիտի խոսինք այս հարցերու շուրջ:

Աստված միշտ Ձեզ օրհնե և Ձեզ առողջ և երկար կյանք պարգևե»:

Նորին Սրբություն Աթենագորաս Պատրիարքի ողջույնի խոսքերին պատասխանում է Վեհափառ Հայրապետը ասելով.

«Ձերդ Սրբության այս խոսքերը պիտի պահենք Մեր սրտին մեջ իբրև թանկագին ընծա: Այսօրվա հադիպումը ապագայի Մեր գործակցության հիմնաքարը պիտի ըլլա: Աստուծո անունը երախտագիտությամբ կհիշենք, որովհետև Մեզի պարգևեց այս հանդիպումը»:

Հաջորդում է հյուրասիրություն, ջերմ մթնոլորտում:

Երկու քույր Եկեղեցիների Պատերի միջև տեղի ունեցած այս հանդիպումը մտերմիկ մթնոլորտում, սահմանված է մնալու պատմական՝ Հայ և Հույն Եկեղեցիների նորագույն շրջանի պատմության մեջ:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը և Հունաց Տիեզերական Պատրիարքը ողջագուրմամբ բաժանվում են միմյանցից, անմոռանալի և քաղցր հուշերով:

Պատմական այս այցելության առթիվ, Վեհափառ Հայրապետը Աթենագորաս Պատրիարքին է նվիրում արծաթե մի ափսե, Ս. Էջմիածնի նկարով, գործ Երևանի ճարտար ոսկերիչների:

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍԿՅՈՒՏԱՐԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հուլիսի 9-ին, Վարդավառի կիրակի օրը, Վեհափառ Հայրապետը հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցում Սկյուտարի հայոց Ս. Կարապետ եկեղեցում: Հայրապետական հանդիսավոր սուրբ պատարագին ներկա է լինում ծովածավալ բազմություն, վայելելով հոգեկան անպատում մխիթարություն և երանություն:

Ժամը 10-ին, Վեհափառ Հայրապետը, «Հրաշափառ»-ով և ամպհովանու տակ, եկեղեցական թափորով և հայրապետական լրիվ, փառահեղ զգեստավորման մեջ, առաջնորդվում է եկեղեցի:

Բազմաձայն պատարագի հոգեպարար երգեցողությունը կատարում է եկեղեցու երգչախումբը, ղեկավարությամբ դոկտ. Տիգրան Մամիկոնյանի:

«Հայր մեր»-ից առաջ, Վեհափառ Հայրապետը, Իր գեղահույս և բովանդակալից քարոզով, վերացնում և մխիթարում է բազմահազար հավատացյալներին Պայծառակերպության լուսաբաշխ տոնի իմաստի և խորհրդի միջոցով, ինչպես նաև Ս. Էջմիածնի համազգային սրբավայրի հոգևոր, պատմական նշանակությամբ:

Հայրապետական սուրբ պատարագի ընթացքում ավանդական աղավնիներ բաց են թողնվում եկեղեցում, որոնք «երանությամբ լի կթևածեին Ամենայն Հայոց լուսաշող Հայրապետի գլխուն վերև»:

Բազմահազար ժողովուրդը, «երկիւղիւ և սրբությամբ», պատարագիչ Վեհափառ Հայրապետի ձեռքով սուրբ հաղորդություն է ստանում:

Հավարտ սուրբ պատարագի, ավելի քան երկու ժամ, ուխտավորների և հավատացյալների բազմություններ, շարան-շարան, կարգապահ, սրտատրոփ, հավատով և սիրով լի, մերթ երանության արցունքներով, մոտենում են ի համբույր Վեհափառ Հայրապետ Ս. Աջին:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը ընդունում է բոլորին, բաշխելով Իր օրհնություններն ու ողջույնները հավասարապես բոլորի՜ն, բոլորի՜ն:

Օրվա հանդիսությանց ականատեսներից մեկը այսպես է բնութագրում հայրապետական սուրբ պատարագի նշանակությունը, թարգմանը հանդիսանալով իր բոլոր եղբայրների և քույրերի անխառն զգացմունքների.

«…Ո՞վ կրնա թարգմանել, ո՞ր գրիչը կրնա նկարագրել այն զգացումներն ու ապրումները այնպես, ինչպես անոնք սա պահուս գոյություն ունին հավատացյալներու սրտերուն մեջ: Անոնք ունին անպատմելի և արդար հուզում մը միայն Առաքելական Մայր Աթոռի Վեհափառ ներկայացուցչին առջև: Զգացումներ, որոնք շատ զգացական և ժամանակավոր ապրումներ ըլլալե ավելի, հայ ժողովուրդի դարավոր կյանքին ավիշը կհանդիսանան:

Խունկի անուշ բույրով է լցված տաճարը սրբության այս հարկին և փառաբանության այս տեղին մեջ, հավատացյալները խոր երկյուղածությամբ կխոնարհին Վեհափառ Հայրապետի առաքելահիմն հեղինակության առջև:

Տեսարան, ուր ամենեն քարսիրտներն անգամ պապանձած են: Հայ ժողովուրդը, իր անկեղծ ու մեկին դիրքով, այլևս բոլորովին գնահատած ու ըմբռնած է արժեքը Փրկչի Իջման վայրին, որ հոգիներեն ներս կհոսի ահա սրբանվեր  սա խորանին լուսարձակներուն, մոմերուն ու խաչերուն ընդմեջեն:

Բյուրավոր շնորհակալություն Քեզի, Վեհափա՛ռ Տեր, մենք չէ որ Քու մեծությունդ լոկ պաշտամունքի ու ծիսակատարության մեջ կուզենք տեսնել, Դուն ներկայացուցիչը Ս. Էջմիածնի, մարմնացումն ու դարավոր սյունն ես և ամրակուռ խարիսխը հայ գոյության» («Ժամանակ» օրաթերթ. 9 հուլիսի 1961 թ.):

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՍԿՅՈՒՏԱՐԻ Ս. ԽԱՉ ԴՊՐԵՎԱՆՔՈՒՄ

Վարդավառի պատարագից հետո, Վեհափառ Հայրապետը բարեհաճում է պաշտոնական այցելություն տալ Ս. Խաչ դպրեվանքին, որը հանգուցյալ Պատրիարքի մեծագործություններից մեկը եղավ, միաժամանակ նրա սրտի ամենամոտ կրթական հաստատությունը, որի գոյության և նպատակի հետ շատ պայծառ հույսեր էր կապել Գարեգին Պատրիարքը:

Թեև սուգի մեջ է Դպրեվանքը և վշտահար են դասախոսական կազմն ու ուսանողությունը, սակայն Վեհափառ Հայրապետի ուրախառիթ, մխիթարական այս այցելությունը թեթևացնում է նրանց վիշտը և Ս. Խաչ դպրեվանքի կամարների տակ ստեղծվում է տոնական օրերի հատուկ զվարթ, հոգեշեն մթնոլորտ:

Վեհափառ Հայրապետի բարձր պատվին, Դպրեվանքի հանդիսությանց սրահում կազմակերպվում է ընդունելություն, որին մասնակցում են նաև Դպրեվանքի և նրա այլ հաստատությանց խնամկալության անդամները, Ս. Խաչ, Ս. Կարապետ և Գատըգյուղի եկեղեցիների թաղական խորհուրդների ներկայացուցիչներ, երգչախմբերի ղեկավարներ և այլ պաշտոնական հյուրեր:

Սեղանը օրհնում է Վեհափառ Հայրապետը: Դահլիճի խորքում, գեղեցիկ վարագույրի ֆոնի վրա, ուշադրություն գրավում խոշոր վերտառությունը՝ «ԲԱՐԻ՜ ԵԿԱՔ, ՎԵՀԱՓԱ՛Ռ ՏԵՐ», մինչ դահլիճի պատի վրայից հրճվանքով նայում են նկարները Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի և Գարեգին Պատրիարքի, վերջինս առնված սև քողի մեջ:

Դպրեվանքի տեսուչ հոգեշնորհ Տ. Շահան վարդապետ Սվաճյանը հետևյալ գեղեցիկ ուղերձով ողջունում է Վեհափառ Հայրապետի շնորհաբեր այցելությունը և հանգամանորեն ծանոթացնում դպրեվանքին.

«Հանուն Ս. Խաչ դպրեվանքի ուսուցչական կազմին և աշակերտության, սրտագինս կողջունեմ Ձերդ Վեհափառության շնորհաբեր գալուստը Ս. Խաչ դպրեվանք: Ձերդ Վեհափառության այս այցելությունը հրճվանքով կլցնեն մեր բոլորի սրտերը:

Ժողովուրդի այս սիրալիր առարկա հանդիսացավ Ձերդ Ս. Օծությունը, այս պահուս լավագույն և մխիթարական գրավականն է այն ճշմարտության, որ հայ ժողովուրդը, ուր որ ալ գտնվի, հոգևին կապված է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցիին և անոր միակ կեդրոն աստվածակերտ Ս. Էջմիածնին, որում արժանընտիր ու բազմաշնորհ Գահակալը մեր մեջ տեսնելու երանելի բախտավորությունը ունեցանք բոլորս:

Տակավին մեր ունեցած մեծ սուգի ազդեցության տակ ենք: Այս հաստատությունը կորսնցուց իր Հայրը: Ազգն ալ կորսնցուց անձնամոռաց ու հավատավոր եկեղեցական մը և տաղանդավոր միտք մը:

Բայց հաշտ ենք կյանքի այս սովորական դեպքին առջև: Մեր մխիթարությունը մեր հավատքն իսկ է, այն հավատքը, որ մահ չի ճանչնար և կյանքի և ստեղծագործության գլուխ-գործոցը եղող մարդուն ընդմիշտ կորսվիլը չընդունիր:

Ունինք նաև երկրորդ մխիթարություն մը. թե հանգուցյալ մեծանուն Պատրիարքը իր բարի և առաքինի կյանքով, նկարագրի մեծությամբ և անխոնջ աշխատասիրությամբ շատ հզոր կերպով տպավորված է մեզ, այժմ մեր մեջ կզգանք զորավոր ուղիին:

Վստահ եմ, թե իր անբիծ հոգին պիտի խայտա, եթե այս հաստատության զավակները հետևին այս հաստատության առաջադրած նպատակներուն:

Հանգուցյալը հաճախ կըսեր. «Նյութականի մասին մտահոգություն չունիմ»: Անոր մեծագույն մտահոգությունն էր, որ այս վարժարանը հասնի այն բարձրագույն մակարդակին, որ կարենա դիմագրավել իր ժողովուրդին հոգեկան և մտավոր պահանջները: Շատ կփափագեր, որ այս հաստատության զավակները, որպես ուսուցիչ և հոգևորական, ծառայեին իրենց պատկանած Ազգին:

Տակավին մեր աչքին առջև է անոր հայրական բարի ժպիտը և իր խորունկ գոհունակությունը հայտնաբերող քաղցր բառերը՝ երբ կլսեր աշակերտի մը դեպի այդ ուղղությամբ ունեցած փափագն ու հաջողությունը:

Վեհափա՛ռ Տեր, կորսնցուցինք զինք մարմնավորապես, բայց իր կամքը իր փափագները, իր նախասիրությունները երկար ժամանակե ի վեր մեզի ծանոթ ըլլալուն համար, առաջ Աստված՝ շփոթության մեջ պիտի չիյնանք ասկե վերջ, երբ առանձին մնանք: Մեր ուժերուն ներած չափով պիտի աշխատինք առաջ տանիլ Ս. Խաչ դպրեվանքը, ապրեցնելով ու անպակաս ընելով անոր մեջ Գարեգին կրթանվեր Պատրիարքը և անոր բարձրորեն ներշնչված ոգին:

Վեհափա՛ռ Տեր, իբրև տեսուչը այս դպրեվանքին, որ անարժանաբար հինգ տարիներե ի վեր կվարեմ, այն խորունկ համոզումը ունիմ, թե մեր ժողովուրդը և մեր եկեղեցականությունը շատ պետք ունի դպրոցի և դաստիրակության:

Անջրպետները արշավող և տիրեզերքի գաղտնիքներու լուծմունքը որոնող սա դարուն մեջ, մեր ժողովուրդը և հոգևորականությունը առավել չափով պետք ունին հոգեկան և բարոյական առողջ ու հաստատուն սկզբունքներու վրա հիմնված գիտության և դաստիրակության:

Ս. Խաչ դպրեվանքը իր կարելին պիտի ընե հաջողելու համար այս մարզերուն մեջ: Արդարև, որոշ դժվարություններ կան, բայց երբե՛ք ընկճվելու և հուսալքվելու վախը չունինք: Նպատակն ու արդյունքը շատ նվիրական և հուսադրիչ են: Կբավե, որ ունենանք այս հաստատությանց լուսահոգի հիմնադրին հավատքը, կամքը և աշխատանքը:

Վեհափա՛ռ Տեր, անցյալ տարի Ս. Խաչ դպրեվանքը ունեցավ 158 աշակերտներ: Ասոնցմե 130-ը եկած էին գավառներեն և մնացյալները՝ Ստամբուլեն:

Գավառներու մեջ հայ դպրոցներ չգտնվելուն պատճառով, հոնկե եկածները մեծ մասամբ հայերեն չեն գիտեր: Անոնք այս հաստատության մեջ տարիներու ընթացքին, մեր թուրք հայրենիքի լեզվին զուգընթաց, կսորվին նաև շատ հաջող կերպով իրենց մայրենի լեզուն:

Շնորհապարտ ենք մեր թուրք բարեխնամ կառավարության, որ ժողովրդավար սկզբունքներով և քաղաքակիրթ հասկացողությամբ, ո՛չ միայն կարտոնե հայ լեզվի ուսուցումը մեր դպրոցներուն մեջ, այլ կպարտադրե, որ լավ և վկայալ ուսուցիչներու ձեռքով ու անթերի կերպով ուսուցվի մեր լեզուն հայ աշակերտներուն:

Ս. Խաչ դպրեվանքի միջնակարգի և լիսեի դասարանները վեց հատ են: Նախակրթարանը ավարտող տղաքը կուգան և կմտնեն մեր Զ դասարանը և վեց տարիներու կանոնավոր ուսումե մը վերջ, շրջանավարտ կըլլան դպրեվանքի լիսեի բաժնեն:

Ս. Խաչ դպրեվանքի լիսեն Թուրքիո մեջ եղած հայ և օտար պետական լիսեներու հավասար է, և մեր շրջանավարտները նույն իրավունքները ունին, ինչ որ ունին պետական լիսեի ավարտականները:

Տեսչությանս շրջանին այս տարի երրորդ լիսեավարտներու խումբն է, որ վկայական կստանա, շատ փայլուն հաջողությամբ: Պետական և այլ վարժարաններեն եկած քննիչները ուրախությամբ նշեցին մեր տղոց բացառիկ հաջողությունները: Լուսահոգի Սրբազան Հայրը քննությանց շրջանին ամեն օր մանրամասն կհետաքրքրվեր տղոց քննություններով:

Հոս բառեր կպակսին բացատրելու Նորին Ամենապատվության ուրախությունը, երբ իրեն կհաղորդեի տղոց հաջողությունները:

Այս տարի 11 լիսերավարտ աշակերտները, որոնք կփափագին իրենց ուսումը շարունակել կրոնական և հայագիտական ուղիով, կմնան դպրեվանքի մեջ և կհետևին ընծայարանի դասընթացներուն:

Ընծայարանը ունի 2 դասարան 4 և 5 աշակերտներով: Այս տարի, եթե Տերը կամենա, պիտի ունենանք դասարան մը ևս:

Լուսահոգի Սրբազան Հայր ընծայարանի ուսանողներուն անպայման կուսակրոն եկեղեցական ըլլալու պարտադրանքին տակ չէր դրած, այլ կփափագեր, որ եթե ուզեն, անոնք կրնան ըլլալ զարգացած քահանաներ և ուսուցիչներ:

Տակավին ընծայարանի աշակերտները հոժարակամ եկեղեցական ըլլալու խոստումը չեն տված, բայց բոլորն ալ ուշիմ, աշխատասեր և ծառայասեր տղաք են, մեզի մեծ հույս կներշնչեն, թե անոնք պիտի իրագործեն Սրբազան Պատրիարք Հոր երազները:

Ունինք 24 հատ լավ և որակով հայ և օտար ուսուցիչներ, որոնք գործակիցներ են ինձի:

Վեհափա՛ռ Տեր, մեր անցյալ և նախանցյալ տարիներու շրջանավարտներեն մեկ մասը, որոնք չհետևեցան ընծայարանին, բոլորն ալ առանց բացառության կհետևին համալսարանական կրթության: Ուրախ եմ, որ Ս. Խաչ դպրեվանքը անոնց մեջ դրավ ուսանելու ճաշակն ու տենչը:

Հուզումով կլցվիմ, Վեհափա՛ռ Տեր, երբ կտեսնեմ մեր աշակերտները, որոնք այսօր պետական համալսարաններու մեջ աշխատության և հաջողության նույն թափով դեպի առաջ կսուրան: Ինչքա՜ն ուրախ պիտի ըլլանք, երբ քանի մը տարի վերջ, մեր գավառի այս պատանիները տեսնենք մեկ-մեկ բժիշկներ, փաստաբաններ, արվեստագտներ և գիտության մարդեր:

Ուրախ եմ ըսելու, թե երախտագիտության զգացումը միշտ վառ է անոնց մեջ, և ամեն առիթով իրենց անխառն երախտիքը կհայտնեն Ս. Խաչ դպրեվանքին և անոր երջանկահիշատակ ու հեռատես հիմնադրին:

Կրոնական կյանքին գալով, մեր աշակերտները առավոտ և երեկո  և ամեն կիրակի առանց բացառության կմասնակցին եկեղեցական արարողությանց: Անոնց նկարագրի և բարոյականի շինության գործին մեջ Եկեղեցին իր աղոթքներով, իր շարականներով, իր անցյալի փառքով մեծ դեր կխաղա անոնց մատղաշ մտքերուն մեջ: բոլորն ալ կսիրեն Եկեղեցին և սիրով կապված են անոր փրկարար նպատակին:

Այժմ արձակուրդի շրջան է. հանգուցյալ Պատրիարքի վախճանումեն առաջ տղոց մեծ մասը մեկնած էին իրենց գյուղերն ու քաղաքները, այնպես որ հոս մնացածներով պիտի ջանանք ներկայացնել Ս. Խաչ դպրեվանքի աշակերտությունը: Վստահ եմ, թե Ձերդ Վեհափառությունը ներողամիտ պիտի գտնվի եղած պակասներուն համար:

Բայց գավառ գացողներն ալ պարապ չեն նստած: Արձակուրդը կանցնեն ընթերցումներով և եկեղեցական ծառայությամբ, որոնց մասին հաճախ տեղեկություններ կուզեմ գավառի քահանաներեն, որոնք բոլորն ալ լավ կարտահայտվին տղոց մասին:

Վեհափա՛ռ  Տեր, Ձեր օրհնաբեր այցելությամբ, այս հաստատությունը անգամ մը ևս նվիրականացավ. Որքա՜ն ուրախ է անոր հոգին հիմա, երբ կտեսնե, թե Ազգիս Վեհափառ Հայրապետը եկած է իր հիմնական հաստատությանց մեջ և Իր հայրապետական օրհնությունները կուտա:

Ինչպես ծանոթ է բոլորիդ, հանգուցյալը կատարյալ Էջմիածնասեր մըն էր, բառին բովանդակ իմաստով: Ան ինչքա՜ն տպավորած է մեզ իր իմաստուն և քաղցրաշունչ քարոզներով, երբ մանավանդ կխոսեր Վեհիդ և Մայր Աթոռ լուսակերտ Ս. Էջմիածնի մասին:

Վեհափա՛ռ Տեր, մենք, իր հոգևոր զավակները, պիտի հետևինք իրենց քայլ առ քայլ, այն սերը, այն խորունկ հարգանքը, այն անքակտելի կապը, որ կար լուսահոգի Գարեգին մեծ Պատրիարքին մեջ, կա նաև մեր մեջ և այս պիտի շարունակվի հավերժորեն:

Թող անսասան մնան Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և անոր ճառագայթները եղող աշխարհի բոլոր հայ եկեղեցիները:

Երկա՜ր տարիներ Լուսավորչի արժանավոր հաջորդ Հայոց ամենասիրելի և երիտասարդ Հայրապետին: Աստված խաղաղության, համերաշխության և սիրո մեջ պահե հայ ժողովուրդը»:

Այնուհետև ուսանողները հանդես են գալիս երգերով, արտասանություններով, ուղերձներով, խորունկ գոհունակություն պատճառելով Վեհափառ Հայրապետին և բոլոր ներկաներին:

Ս. Խաչ դպրեվանքի խնամակալության անունից ողջույնի խոսք է ասում պր. Կարպիս Ղազարյանը:

Դպրեվանքի ուսանող Արսեն Ճանյանը, հանուն իր ընկերների, կարդում է հետևյալ գողտրիկ ձոնը՝ Վեհափառ Հայրապետին ուղղված.

ԲԱՐԻ՛ ԵԿԱՐ, ՎԵՀԱՓԱՌ

Գուրգուրո՛տ Հայր,

Բաղձալի Էջմիածնեն

Մեր ցավին համար եկար.

Հայ ցավին համար եկար:

Քու ձայնիդ մեջ,

Հոգելի՛ց Հայր,

Մեր մեծ ցավեն դարման կա:

Քու ձայնիդ մեջ

Մեր երգը կա,

Մեր տառապանքն ու լացը կա:

Քու տառապանքն ու լացը կա:

Վեհափա՛ռ Հայր,

Մեր հարազատ սիրտը կա:

Քու ձայնիդ մեջ,

Հնադարյան մեր Ազգին խոր կամքը կա:

Նայվածքիդ մեջ

Էջմիածինն ամբողջ կա:

Վերջում հանդես է գալիս Վեհափառ Հայրապետը ուսանողության ուղղված օրհնության և գոհունակության խոսքով, և ոգեկոչելով հիշատակը հանգուցյալ Պատրիարքի, հորդորում է ապրեցնել նրան իրենց սրտերում, կյանքում և գործերի մեջ:

Ընդունելությունը վերջանում է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ»-ով:

Դպրեվանքից վերադարձի ճանապարհի վրա, Վեհափառ Հայրապետը այցելում է Սկյուտարի հայոց գերեզմանատունը, ուր «Հոգւոց» է արտասանում Պետրոս Դուրյանի, Ռեթեոս Պերպերյանի և Հովհաննես Հինդլյանի շիրիմների վրա:

ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Տ. ԱԹԵՆԱԳՈՐԱՍ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Հուլիսի 10-ին, երկուշաբթի, հետմիջօրեի ժամը 16-ին, Պատրիարքարանում, Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաց Տիեզերական Պատրիարք Ամենապատիվ Տ. Աթենագորասի փոխադարձ այցելությունը:

Տիրեզերական Պատրիարքը Հայոց Պատրիարքարանի դարբասի առաջ ընդունվեց հայ բարձրաստճան հոգևորականների կողմից և Մայր Եկեղեցու  զանգերի ցնծագին ղողանջի տակ, առաջնորրդվեց Պատրիարքարանի դահլիճը, որի մուտքի առաջ Սրբազան Հյուրին ընդունեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը, սրտագին ողջագուրմամբ:

Ընդունելությանը ներկա էին գերաշներհ Տ. Խադ, Տ. Մամբրե, Տ. Շնորհք, Տ. Կոմիտաս սրբազանները, վարդապետ և քահանա հայրերը:

Եկեղեցու երկու հոգևոր իշխանավորների միջև տեղի ունեցավ եղբայրական ջերմ, անկեղծ զրույց, Հայ և Հույն Եկեղեցիներին շահագրգռող հարցերի շուրջ:

Ապա հաջորդեց հյուրասիրություն:

Հրաժեշտից հետո, Պատրիարք Սրբազանը առաջնորդվեց Մայր Եկեղեցի, ուր Նորին Սրբազանությունը աղոթեց և ողջունելով Իրեն դիմավորելու համար հավաքված բազմությանը, ասաց.

«…Իր (Գարեգին Պատրիարքի) մահովը բոլորս ալ շատ մեծ կորուստ մը ունեցանք, թե՛ Հայ Եկեղեցին և համայնքը, թե՛ կառավարությունը, ինչպես և Հույն Եկեղեցին, բոլոր քրիստոնյա աշխարհը և մանավանդ Ես:

Մենք քրիստոնյաներս կհավատանք, որ այս է կյանքը և ուրախություն և տխրություն միատեղ են: Բայց մեր այս տխրութենեն վերջ, մեծ ուրախություն մը ունինք անոր համար, որ հիմա մեր մեջ է Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը:

Ամբողջ աշխարհի հայերուն Ծայրագույն պատրիարքն է Ան և բոլոր եկեղեցիներու ամենաերիտասարդ Հայրապետը: Թե՛ մեր Ֆեների Պատրիարքարանին մեջ երբ տեսնվեցանք իրարու հետ, եղանք այնքան մտերիմ, որ կարծես, թե արդեն վաղեմի երկու բարեկամներ ըլլայինք Մենք: Էջմիածնի Վեհափառ Կաթողիկոսը Ես ալ մեծապես կգնահատեմ, ամեն տեղ ջերմ ընդունելություն կգտնեն և հարգանք կվայելե:

ԳՈՀ ԵՆՔ, ՈՐ ԲՈԼՈՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԴ ՋԵՐՄՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԵՔ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՉԵՆՔ ԵՐԵՎԱԿԱՅԵԼ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ, ՉԵՆՔ ՃԱՆՉՆԱՐ ՄԵՆՔ ԱՅԴՊԻՍԻ ԵԿԵՂԵՑԻ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՎԱՏԱՐ, ՈՐԵՎԷ ՀԱՅ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ՉԸԼԼԱ:

Կաղոթենք, որ Տերը արժանավոր հաջորդ մը տա հայոց Պատրիարքության և կկարծենք, որ հանդարտ ու խաղաղ վիճակով ընտրություն մը պիտի ընենք, քաղաքակիրթ հավաքականություն մըն եք:

Որքան ատեն տերը կամենա և Ես գտնվիմ պաշտոնիս գլուխը, մեծ ուրախությամբ պիտի  ըլլամ ձերմոտ, պիտի ըլլամ ձեր  եկեղեցիներուն մեջ: Մեծ ուրախությամբ պիտի սպասեմ նոր Պատրիարքին և նույն սերն ու հարգանքը պիտի ունենամ անոր հանդեպ»:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ Ս. ՓՐԿԻՉ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ՝ ԳԹՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Հունիսի 10-ին, երկուշաբթի, առավոտյան ժամը 11-ին, վեհափառ Հայրապետը այցելում է Եդիկուլեի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցը:

Գթության այդ հարկի տակ, Վեհափառ Հայրապետը ջերմորեն դիմավորում է հոգաբարձության ատենապետ դոկտ. Նորայր Պերպերյանի, հաստատության բժշկապետ դոկտ. Հայրո Հայրապետյանի, բժշկական ամբողջ կազմի, խնամակալության անդամների կողմից և նախ առաջնորդվում է Ս. Փրկիչ մատուռը աղոթելու:

Այնուհետև հիվանդանոցի ընդունելության սրահում, Վեհափառ Հայրապետի, «մեր օրերու Վասպուրականի Արծիվ»-ի օրհնաբեր այցելությունը ողջունում է դոկտ. Հայրապետյանը, շնորհակալության և երախտագիտության անկեղծ զգացմունքներով, «որ Իր թևերը տարածեց մեր ալ վրա, ինչպես ըրած էր ամբողջ աշխարհի մեջ տարածված հայության վրա»:

Ազգային հիվանդանոցի բժշկական անձնակազը մի առ մի համբուրում է Վեհափառ Հայրապետի Ս. Աջը:

Վեհափառ Հայրապետը օրհնում է գթության այդ հարկի բոլոր նվիրյալ աշխատողներին, ապաքինում բարեմաղթում բոլոր հիվանդներին և օրհնում հիշատակը այդ մեծ հաստատության բարերաների:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը այցելում է հիվանդանոցի բոլոր հարկաբաժինները, առանձին կաբինետները, սրտի մեծ գոհունակությամբ և հպարտությամբ, Իր օրհնությունը բաշխելով բոլոր հիվանդներին: Վեհափառ Հայրապետը հետաքրքրվում է հիվանդների վիճակով, կարիքներով և շուտափույթ առողջություն մաղթում, Իր Ս. Աջը դնելով հիվանդների վրա:

«Դուք,- ասում է Վեհափառ Հայրապետը հիվանդներին,- Ձեր հիվանդության պատճառով չէիք կրնար եկեղեցի գալ, ուստի Մենք եկանք ձեզ այցելել: Կմաղթենք շուտ ապաքինում և վերադարձ ձեր սիրելիներու մոտ»:

Վեհափառ Հայրապետը մասնավորաբար հետաքրքրվում է փոքրիկ հիվանդների վիճակով. «Թոյլ տուք մանկտւոյդ գալ առ իս», մաղթում, որ նրանք շուտ դուրս գան հիվանդանոցից և վազեն դեպի դպրոց:

Կեսօրվա մոտ, ի պատիվ Վեհափառ Հայրապետի, տրվում է ճաշկերույթ, որի ընթացքում, հանուն հիվանդանոցի հոգաբարձության, բարի գալստյան հետևյալ գեղեցիկ ուղերձն է կարդում դեկտ. Գ. Գըրըքճյանը.

«Թույլ տվեք ինձ, Վեհափա՛ռ, հանուն Ստամբուլի Ս. Փրկչյան հայոց հիվանդանոցի հոգաբարձության, պաշտոնեության և պատսպարյալներու, բարի գալուստ մաղթել Ձեզ և երախտագիտություն հայտնել այն բարձր պատվույն համար, զոր բարեհաճեցաք շնորհել այս ազգային բարենպատակ հաստատությանց և երջանկացնել զայն Ձեր բարձր շնորհներով և օրհնություններով:

Անկարելի է ինձ այս պահուս բառերով արտահայտել այն հուզումը և հոգեկան խռովքը, որուն մեջ կգտնվինք բոլորս, մեր մեջ ունենալով հայ ժողովուրդի հոգեկան և ֆիզիկական գոյության հիմնաքարը և գերագույն խարիսխը եղող վեհագույն և սրբագույն հաստատությանց  Գահակալը, որուն ներկայության գտնվելու հազվագյուտ և գերազանց բախտը կվայելենք:

Հայ ժողովուրդը, Վեհափա՛ռ, ի սփյուռս աշխարհի տարածված ձեր զավակները գիտակից են, կխնդրենք որ վստահ ըլլանք այս իրողության, և կգուրգուրան սրտագին այդ սրբազանագույն հաստատությանց վրա: Անոնք գիտեն, թե առանց անոր այսօր գոյութենեն դադրած պիտի ըլլային նաև իրենք, ինչպես որ գոյություն չունին այսօր իր ժամանակակից հզոր ազգեր, որոնք զրկված էին սակայն նմանօրինակ հաստատություններե և կամ այդ գիտակցությունը ունեցող զավակներե, և որոնց անունները այսօր այլևս պատմության գրքերու մեջ միայն կհիշատակվին:

Բազմաթիվ դարեր առաջ, Հովսեփ կաթողիկոս Հողոցմեցին, Արտաշատի մեջ գումարած իր 18 եպիսկոպոսներու ժողովին մեջ, կուտար իր վճռական  պատասխանը Հազկերտի, ըսելով, թե ոչ մեկ բան, ոչ հրեշտակներ, ոչ մարդիկ կարող էին բաժանել զիրենք իրենց  սուրբ հավատքեն: Բազմաթիվ դարեր հետո, այսօր, իր հաջորդները ևս կըսեն. «Ոչ մեկ բան կարող է զմեզ բաժանել մեր սուրբ հավատքեն և մեր զավակներեն, ուր որ ալ ըլլան և ինչ պայմաններուն մեջ ալ գտնվին անոնք»:

Իսկ զավակները, Ձեր զավակները, Վեհափա՛ռ, կգոչեն. «Ոչ մեկ բան կարող է բաժանել զմեզ մեր լուսաղբյուրեն և անոր Գահակալեն», որոնցմե կսպասեն իրենց տոհմային միությունը և երջանկությունը:

Օրհնեցե՛ք, կխնդրենք պաղատագին, Վեհափա՛ռ, Հայ Ազգը: Եվ մենք, Ձեր անձնվեր զավակները, պիտի պահենք միշտ հիշատակը Ձեր այցելության մեր սրտերուն մեջ, իբր ամենաթանկագին և անփոխարինելի գոհար»:

Այնուհետև խոսք է առնում Վեհափառ Հայրապետը, գնահատանքով խոսում Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցի և նրա բժշկական անձնակազմի կատարած նախախնամական դերի մասին հայ կյանքում, ոգեկոչում է հիշատակը հաստատության հին և նոր բարերաներին: Իր հայրապետական գոհունակությունն ու գնահատությունն է հայտնում հիվանդանոցում տիրող կարգ ու կանոնի, մաքրության, հիվանդներին ցույց տրված հոգածության և քրիստոնեական ուշադրության համար:

Վերջում Վեհափառ Հայրապետը ազգային այս հաստատության վրա հայցում է ամենաբարին Աստծո օրհնությունն ու հովանին և հրաժեշտ է առնում տառապանքների ամոքման այդ տնից:

Նույն օրը երեկոյան, Վեհափառ հայրապետը, ընդառաջելով «Պարկ հոթել»-ի տեր և տնօրեն պր. Արամ Խտրյանի սրտագին հրավերին, փոխադրվում է նոր հյուրանոց, ուր մնում է մինչև Իր մեկնումը Իր շքախմբի հետ, վայելելով հյուրընկալի գուրգուրանքն ու սրտաբուխ, ջերմագին հյուրասիրությունը:

ԱՅԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 11-ին, Վեհափառ Հայրապետը շարունակում է Իր այցելությունները Ստամբուլի մի շարք եկեղեցիներին և ազգային հաստատություններին, ամենուրեք լինելով Իր սիրելի և հարազատ զավակների հետ և արժանանալով ջերմ ընդունելության:

Վեհափառ Հայրապետը այցելում է Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին, պատրիարքանիստ եկեղեցին, որի 500-ամյանկը տոնվելու է շուտով, մեծ հանդիսավորությամբ: Վեհափառ Հայրապետը  «Հրաշափառ»-ով մուտք է գործում եկեղեցի: Հավաքված բազմությունը խանդավառությամբ դիմավորում է Վեհափառ Հայրապետին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը այցելում է նաև Ստամբուլի հնագույն և փառավոր պատմական կոթողներից մեկը՝ Այա Սոֆիայի Մայր Տաճարը, որ այժմ թանգարանի է վերածված, և Թոփգափուի թանգարանը:

Նույն օրը, հետմիջօրեին, վեհափառ Հայրապետը Պատրիարքարանում ընդունում է Ստամբուլի հայ ուսուցիչների ներկայացուցիչների պատվիրակությանը և սրտագին զրույց ունենում նրանց հետ:

Վեհափառ Հայրապետը հադես է գալիս հայ կյանքում և հայ նոր սերնդի մտավոր և բարոյական դաստիրակության գործում հայ ուսուցչի մեծ դերի և վսեմ կոչման նվիրված բովանդակալից ճառով, որը լսվում է մեծ հետաքրքրությամբ և հաճախ ընդհատվում ծափերով: Իր ճառում Վեհափառ Հայրապետը օրհնությամբ ոգեկոչում է հիշատակը մեծ ուսուցչապետերի՝ Խրիմյան Հայրիկի, Ռեթեոս Պերպերյանի, Հովհաննես Հինդլյանի և շատ ու շատ ուրիշների:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը Պատրիարքարանում ընդունում է ժողովրդի զանազան ներկայացուցիչների այցելությունները և բաժանում Ս. Էջմիածնից բերված խաչիկներ:

Ամսի 12-ին, չորեքշաբթի օր, Վեհափառ Հայրապետը այցելում է Կետիկփաշայի Ս. Հովհաննես եկեղեցին և Ս. Մեսրոպյան նորակառույց վարժարանի շինությունը: Թաղական խորհրդի ատենապետ Վարդգես Հայրապետին ուղղված զգայուն մի ուղերձ, որտեղ նա ասում է. «Ձեր ներկայության հրապարակով կըսենք, թե կրոնքով իբրև հայ Առաքելական Եկեղեցվո զավակ, անքակտելի կերպով միշտ կապված ենք Ս. Էջմիածնի Մայր Աթոռին ու այս գոյավիճակը պիտի պահենք հավիտյան…»:

Նորին Ս. Օծությունը, շնորհակալություն հայտնելով արտահայտված որդիական ազնիվ և ջերմ զգացմունքների համար, ասում է.

«Հայ Եկեղեցին և հայ դպրոցը կողք-կողքի. ահա սուրբ և մեծ ավանդություն մը հայկական, որ նվիրական է մեզի համար, փրկարար և կենարար»:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը այցելում է Խասգյուղի Ս. Ստեփանոս եկեղեցին, ուր ողջունում և օրհնում է ժողովրդին:

Եկեղեցու խորհրդարանում մեծանուն Կոմիտաս վարդապետի աշակերտներից Զարեհ Մխիթարյանը Վեհափառ Հայրապետին նվիրում է անմահ Կոմիտասի մեկ երգի իր կողմից պատրաստված ձայնագրությունը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացվում է հոգելույս Գարեգին Պատրիարքի վերջին գրաբար հետևյալ քառյակը՝ Կաթուղիկե Ս. Էջմիածնի տոնի օրը, Հայրապետական մաղթանքի ժամանակ երդվելու համար.

ԶԱթոռն մեր Արարատեան,

Պահեա անշարժ և անսասան.

Հայրապետին Հայոց համայն,

Տեառն Վազգենայ տուր կեանս երկար:

Քառյակը ձայնագրել և դաշնավորել է աթոռանիստ Մայր Եկեղեցու երաժշտապետ պր. Վահե Զնտանճյանը:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԳԱԼՖԱՅԱՆ ՈՐԲԱՆՈՑԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Հուլիսի 12-ին, չորեքշաբթի, Վեհափառ Հայրապետը այցելում է Խասգյուղում Գալֆայան որբանոցը:

Համեստ և հավատավոր մի հայ կնոջ՝ Սրբուհի մայրապետ Գալֆայանի (1822-1889) նախաձեռնությամբ Սկյուտարի բարձրունքների վրա հիմնված այս պատվական հաստատությունը, որը բոլորում է գոյության 96 ամյակը, Ստամբուլի հայ կյանքում կատարել  է շատ մեծ, շնորհակալ աշխատանք, որը հայ աղջկանց հայերի և քրիստոնեական դաստիրակության վսեմ գործում:

Գալֆայան աղջկանց այս որբանոցը, որպես հայ ժողովրդի սրտին մոտիկ հաստատություն, պահվել-պահպանվել է մեր ժողովրդի սրտաբուխ լումաներով:

Ամենայն Հայոց Հայրապետը Իր շնորհաբեր այցելությամբ բարեհաճում է պատվել ազգային կրթական այս մեծ հաստատությունը:

Առավոտյան ժամը 10.30-ին, Վեհափառ Հայրապետը որբանոցի դռան առաջ դիմավորվում է խորին հարգանքով և երկյուղախությամբ, հաստատության խնամակալության անդամների, հաստատության արժանավոր Մայր Մարիամ մայրապետի, քույրերի և երախտապարտ ողջ ուսանողուհիների կողմից և թափորով ու «Հրաշափառ»-ով առաջնորդվում որբանոցի մատուռը: Վեհափառը ողջույնի խոսք է ասում և օրհնում հաստատությունը, աստվածասեր քույրերին և ժողովրդին:

Ներկա է նաև ծանոթ գրագիտուհի տիկին Հայկանուշ Մառքը:

Նորին Ս. Օծությունը ողջունում է հաստատության բոլոր ղեկավարներին, տալով հայրապետական Իր օրհնությունն ու պատգամը, որոնք ընդունվում են բարեպաշտ խոնարհությամբ և երանությամբ:

Այնուհետև Վեհափառ հայրապետը առաջնորդվում է Գալֆայան տան դահլիճը: Ուսանողուհիները երգում են հաստատության քայլերգը:

Դահլիճում Վեհափառ Հայրապետի օրհնաբեր այցելությունը հանուն ուսանողուհիների ողջունում է ամենափոքրիկ գալֆայանցին, ի գեղեցիկ արտահայտության հաջող կատարմամբ:

Ապա Վեհափառ Հայրապետը, հաստատության ղեկավարների առաջնորդությամբ, ծանոթանում է որբանոցի բոլոր բաժիններին, լինում է դասարաններում, ննջարաններում, սեղանատանը, ամեն  քայլի հայրապետական բարձր գնահատանքը և գոհունակությունը հայտնում տիրող մաքրության, կանոնադրության և կրոնաբույր, շինարար մթնոլորտի համար:

Գալֆայան որբանոցի խնամակալ տիկնանց հանձնախումբը, հաստատության սերտացման մեջ, Վեհափառ Հայրապետի բարձր պատվին կազմակերպում է ընդունելություն:

Սեղանը օրհնում է Վեհափառ Հայրապետը և այնուհետև կրթական այս պատվական հաստատության կամարների ներքո, սեղանների շուրջ ստեղծվում է ջերմ, ընտանեկան մթնոլորտ:

Կատարվում են արտասանություններ, երգեր, ուղերձներ:

Որբանոցի այրի Մայր Մարիամ Քյոսեյանը առաջինը հանդես է գալիս բարի գալստյան հետևյալ գեղեցիկ ուղերձով.

«Վեհափա՛ռ Տեր.

Ձերդ Ս. Օծության շնորհաբեր այցելության առթիվ, հոգիս հրճվանքով լի, խոնարհաբար կուգամ իմ և ուխտի միաբանության անձնվեր քույրերուն և հարյուրյակ մը սանուհիներուս կողմե շնորհակալություն հայտնել այն բարձր շնորհին համար, զոր ընծայեցինք մեզ, Ձերդ Վեհափառության այսօրվա բերկրառիթ այցելությամբ:

Թույլ տվեք ուրեմն, Վեհափա՛ռ Տեր, որ հանուն միաբանության և մատաղատի անմեղ սանուհյացս, որոնցմե այս պահուս մաս մը կբացակայի արձակուրդով, սիրազեղ համբույրներ դրոշմեն Ձեր պատվական Ս. Աջույն, ամենաջերմ իղձերով և բարեմաղթություններով:

Անսասան մնաք, վեհափա՛ռ Տեր, Ձեր Հայրապետական բարձր Գահուն վրա և Ձեր թանկագին կյանքին արևը միշտ փայլի և շողա մեր գլխուն վրա»:

Խնամակալության անունից հանդես եկավ պր. Վահան Խյուտավերտյանը հետևյալ գեղեցիկ ուղերձով.

«Վեհափա՛ռ Տեր.

Թուրքիո հայոց անձնվեր և անձնազոհ Սրբազան Պատրիարքին, երջանկահիշատակ Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Խաչատուրյանի անակնկալ մահվամբ, երբ մեր աչքերը արցունք և սրտերը սուգ ունին, մխիթարական է և սրտապնդիչ մեզ մոտ ներկայությունը  Ձերդ Վեհափառության, Ս. Էջմիածնի ազգընտիր Գահակալին, որուն այսօր մեր որդիական անկեղծ և սրտագին զգացումները մատուցանելու պատեհությունը կգտնենք:

Գալֆայան Սրբուհի մայրապետի ձեռակերտ հաստատությունս, իր 96-ամյա հանգրվանին, Ձեր օրհնաբեր այցը ընդունելու պատիվը ունենալուն համար հպարտ է ու երջանիկ:

Ի դիմաց Գալֆայան միաբանության և խնամակալության, հարգանոք կխոնարհիմ մեր պատվական և սիրելի Հայրապետին առջև, որ մեզ կբերե Լուսավորչի լույսը Ս. Էջմիածնեն: Կմաղթեմ երկար ու արևշատ կյանք, խնդրելով Իր հայրական օրհնությունները հաստատությանս բարգավաճման ու երկարակեցության համար և խոնարհաբար ակնածանոք կհամբուրեմ Ձեր սրբազանօծ Ս. Աջը»:

Այնուհետև խոսք առնելով, Վեհափառ Հայրապետը օրհնում է բոլոր ներկաներին և ասում.

«Ձեր հետ շատ քաղցր պահեր անցուցինք այս հարկին տակ: Աստվածային շունչը կզգացվի այս հաստատության ոչ միայն  մատուռին, այլ դպրոցին մեջն ալ: Դուք, սիրելի՛ Մայր և քույրեր, նվիրված Աստուծո և մեր զավակներուն, անփոխարինելի գործ մը կկատարեք: Պիտի չմոռնանք այս սեղանին շուրջ ստեղծված ջերմ մթնոլորտը: Ճաշակեցինք ձեր պատրաստած համեղ ճաշերը, բայց նյութականին հետ հագեցանք նաև հոգեպես և բարոյապես:

Կգնահատենք բոլոր անոնք, որոնք այս հաստատության կօժանդակեն: Խնամակալություն, ժողովուրդ և մամուլ գուրգուրանքով կհետևին այս հաստատությանց հառաջդիմության:

Կուզենք մեր գնահատանքին խոսքերը ուղղել Գալֆայան ուխտին և անոր գլուխը հանդիսացող Մայրապետին, բերել Ս. Էջմիածնեն մեր օրհնությունը և այս առթիվ շնորհել իրեն լանջախաչ կրելու իրավունք, և Մեզ համար մեծ հաճույք պիտի ըլլա Ս. Էջմիածին Մեր վերադարձեն հետո անմիջապես, այնտեղ պատրաստված հատուկ լանջախաչ մը ուղարկել իրեն, որպեսզի զարդարե իր կուրծքը Ս. Էջմիածնի մեջ պատրաստված և օրհնված խաչով մը, զոր ինքը, վստահ ենք, պարծանքով պիտի կրե»:

Ապա Վեհափառ Հայրապետը անցնում է հյուրասրահ և Իր օրհնություններն է բաշխում աջհամբույրի սպասող բազմության:

Վեհափառ Հայրապետը, մոտ երկու ժամ անցկացնելուց հետո Գալֆայան որբանոցի մաքրամաքուր մթնոլորտում, հրաժեշտ է առնում հոգեկան մեծ գոհունակությամբ և վերադառնում հյուրանոց:

Հուլիսի 12-ը պատմական անմոռանալի օր հանդիսացավ Գալֆայան որբանոցի համար:

Երեկոյան ժամը 19.30-ին, Վեհափառ Հայրապետը այցելեց Բյոյուքդերեի հայոց եկեղեցին, Իր օրհնություններն ու հայրապետական պատգամը տալով Իր զավակներին:

Այնուհետև Նորին Ս. Օծությունը այցելեց Գուրուչեշմեի եկեղեցին, ուր նույնպես մուտք գործեց «Հրաշափառ»-ով: Արարողության վերջում Վեհափառ Հայրապետը տվեց Իր օրհնություններն ու պատգամը հավաքված բազմության:

Երեկոյան ժամը 21-ին, Վեհափառ Հայրապետը այցելեց Օրթագյուղի հայոց եկեղեցին, ուր նույնպես ամպհովանու տակ, «Հրաշափառ»-ով մուտք գործեց, արժանանալով խանդավառ, արտակարգ մեծարանքի և երախտագիտության:

Հովվապետական շնորհաբեր այցելությանց վերջում, Վեհափառ Հայրապետը եղավ Բեշիկթաշի հայոց եկեղեցում, որտեղ նորին Ս. Օծությունը ընդունվեց նույնպիսի ջերմությամբ և պատիվներով:

ՀԱՅՐԱՊԵՏԱԿՆ ՔԱՐՈԶ ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԲԵՅՕՂԼՈՒԻ Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հուլիսի 13-ին, հինգշաբթի, Բեյօղլուի Ս. Երրորդություն եկեղեցում, եպիսկոպոսական պատարագ մատուցեց Տ. Կոմիտաս սրբազանը և քարոզեց Տ. Վեհափառ Հայրապետը:

Սուրբ պատարագի երգեցողությունները կատարում էր «Ասողիկ» երգչախումբը, ղեկավարությամբ պր. Ժ. Արսլանյանի:

Հավարտ սուրբ պատարագի, կատարվեց հոգեհանգիստ Գարեգին պատրիարքի հոգու խաղաղության համար:

Կեսօրին, Բեյօղլուի և Ղալաթիայի եկեղեցիների թաղականությունների անունից, Վեհափառ Հայրապետի բարձր պատվին կազմակերպվել էր ընդունելություն, Բողազչիի ճաշարանում, Ոսկեփորի ափին: Հրավիրված էին բազմաթիվ անձնավորություններ:

Վեհափառ Հայրապետին ողջունում են և բաժակ առաջարկում Նրա թանկագին կենաց դեկտ. Հ. Հայրապետյանը, դոկտ. Վարդ Շիկահերը և դոկտ. Գևորգյանը:

Ընդունելությունն անցնում է շատ ջերմ մթնոլորտում: Վերջում խոսք է առնում Վեհափառ Հայրապետը և Իր շնորհակալությունն ու գոհունակությունն է հայտնում ջերմ, խանդավառ այս հանդիպման համար: Վեհափառ Հայրապետը Իր խոսքի մեջ անդրադառնում է վերջին 4-5 տարիների մեր եկեղեցական կյանքի տխուր դեպքերին և ասում.

«Մենք այդ բոլորը կնկատենք թյուրիմացությանց արդյունք, շատ մակերեսային և անցողական երևույթներ, որոնք չեն համապատասխաներ մեր ժողովուրդի, հայ ժողովուրդի ճշմարիտ զգացումներուն և մտածումներուն»:

Վեհափառ Հայրապետը, հրաժեշտ առնելուց հետո, Իր ճանապարհի վրա այցելում է Նորագյուղի եկեղեցին, ուր Իր օրհնություններն է տալիս հավաքված հավատացյալ ժողովրդին:

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅՈՑ ՄԻԱՑՅԱԼ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՐԵԿՈՒՅԹԸ

Հուլիսի 13-ի երեկոյան, Վեհափառ Հայրապետը, Պատրիարքարանում, ընդունում է Ստամբուլի հայոց քահանայական դասին, մոտ 35 հոգի: Վեհափառ Հայրապետը, օրհնելով արժանապատիվ քահանա հայերին, տալիս է նրանց հորդորներ:

Երեկոյան ժամը 20-ին, «Պարկ հոթել»- ում, Ստամբուլի հայոց միացյալ երգչախումբը կազմակերպում է մեծարանքի ընդունելություն, որն անցնում է շատ ջերմ մթնոլորտում:

Ստամբուլում գործում են 14 երգչախմբեր, հետևյալ անուններով.

  1. «Կոմիտաս» (Գուրուչեշմե).
  2. «Գողթան» (Գումգափու).
  3. «Ասողիկ» (Բեյօղլու).
  4. «Զվարթնոց» (Կետիկփաշա).
  5. «Սկյուտարի Միացյալ» (Սկյուտար).
  6. «Ս. Կարապետ» (Սկյուտար).
  7. «Վարվառյան» (Գումգափուի դուրս).
  8. «Քառասուն Մանկանց» (Բաքրըգյուղ).
  9. «Ս. Թագավոր» (Գատըգյուղ).
  10. «Նարեկացի» (Բեշիկթաշ)
  11. «Դուրյան» (Բալաթ).
  12. «Սահակյան» (Սամաթիա).
  13. «Վարդանանք» (Ֆերիգյուղ).
  14. «Լուսավորիչ» (Բեյօղլուի Ս. Հարություն):

Երգչախմբերի մեջ ամենահինը «Կոմիտաս»-ն է, հիմնված 1910 թվականին: Անմահ Կոմիտաս վարդապետը, երբ 1915 թվականին գտնվում էր Կոստանդնուպոլսում, որոշ ժամանակ անձամբ ղեկավարել է այս երգչախմբին:

Պր. Հակոբ Ֆընտըգյան, հանուն Միացյալ երգչախմբի, կարդում է հետևյալ հուզիչ ուղերձը.

«Վեհափա՛ռ Տեր.

Դժվար է գտնել բառեր, նույնիսկ Հայկազնյան ճոխ բառամթերքին մեջ, որոնք կարենային հարազատորեն արտահայտել այն սրբազան խռովքը, որ կալեկոծե այսօր մեր սիրտը, մեր հոգին, մեր բովանդակ էությունը:

Տարիներով փայփայված անհնարին երազ մըն է, որ հանկարծ կիրականանա ծագող արևու մը փայլատակումով, և կողողե հոգիները բոցավառ լույսով, լիաբուռն հրճվանքով հոգեցունց խանդավառությամբ:

Արարատյան Մայր Աթոռեն, Միածնաէջ Ս. Սեղանեն մեզի հասնող մյուռոնաօծ այդ լույսը կուգա մխիթարություն և օրհնություն փռելու մեծ կորուստի մը վիշտովը կոտտարող մեր սրտերուն մեջ:

Մեր խոր սուգին մեջ ունենալ բան մը երակշիռ և անսովոր, որքան երանավետ, նույնքան աննախընթաց և պատմական, սփոփանքի մեծագույն կազդույրը եղավ մեր բովանդակ համայնքին համար;

Ձեր ժամանումեն մինչև այսօր, Վեհափա՛ռ Տեր, Դուք առիթը ունեցաք մոտեն տեսնելու և շոշափելու այն խանդակաթ սերն ու նվիրումը, որ կբաբախե յուրաքանչյուր այլ անհատի սրտին մեջ. ըլլա ան մտավորական թե արվեստագետ, առևտրական թե արհեստավոր, պաշտոնյա թե գործավոր:

Սևեռելով Ձեր խորաթափանց հայացքը հոգվոց աչքերեն ներս, Դուք դյուրությամբ տեսաք, թե ինչպիսի անմար ու անշեջ փայլով մըն է որ կպլպլա Լուսավորչի կանթեղը մեն-մի հոգիի մեջ կանգնված խորանի վրա և ինչպիսի՜ երկյուղածությամբ մըն է, որ հոն կօրհներգվի պաշտամունքը մեր Ս. Եկեղեցիին:

Վեհափա՛ռ Տեր, այսօր ալ, այս սեղանին շուրջ, Ձեր դեմը ունիք ստամբուլահայ երգչախումբերեն կազմված հավաքականություն մը, որուն գլխավոր տեսլականներեն մին եղած է իր Եկեղեցիին մշտական պայծառությունը:

Ի տղա տիոց ներշնչված մեր փառապանծ պատմությամբ, գոտեպնդված մեր Մայրենի Եկեղեցվույն հոգեհույզ ու սրտագրավ քերթողությամբ, անոնք առհավական փարումով մը նվիրված են մեր հոգևոր երաժշտության մշակումին, ու ի գին տարիներու բարոյական թե նյութական զոհողությանց, ջանացած են եղբայրական երգակցությամբ խնկավետ դաշնակցություն մը ստեղծել մեր տաճարներու կամարներուն ներքև և տալ հայ հավատացյալին՝ արվեստի սրբազան հուրով մկրտված մայրենի տոհմիկ երաժշտությունը:

Այս հավաքականության մեջ Դուք պիտի գտնենք պատանիներ ու երիտասարդներ, չափահասներ ու տարեցներ, ամեքն ալ հավատարմորեն նվիրված նույն գերազնիվ նպատակին իրագործման:

Այս հավաքականությունը, Վեհափա՛ռ Տեր, որքան գիտակից իր քաղաքացիական ու հայրենակցական պարտականությանց, հավատարիմ իր երկրին ու պետության, որուն բազմազան բարիքները տևականորեն վայելելու երջանկությունը ունի, կապված կմնա նաև, ի հոգևորս, իր հավատքին լուսաբևեռը եղող Ս. Էջմիածնին, որուն արժանավոր Գահակալին ներկայությունը վայելելու շնորհքը ունի և ամենախոր հարգանքով Անոր առջև կխոնարհի ու բերկրանքով կխայտա իր հոգին այսօր:

Սաղմոսներու և մեղեդիներու կարգին այս հավաքականության սիրտը հար փոթորկած է հիշատակությամբը պատարագիչին. «Եւս առաւել զԵպիսկոպոսապետն մեր և զպարտուական Հայրապետն Ամենայն Հայոց…»:

Այդ հիշատակությունը ինքն ալ միշտ կրկնած ու անոր մեջ դրած է իր բովանդակ սիրտն ու հոգին, անկե ժայթքող հուզումի սարսուռը ըմպած է միշտ ումպ առ ումպ, խունկ ու կնդրուկ է ծխած անոր առջև իր հավատարմության ու նվիրման ուխտովը:

Տարիներ ու տարիներ հառած է իր հոգեղեն աչքերը դեպի անմատույց բարձրունքները Ս. Էջմիածնի, անկե ստացած Սրբալույս Մյուռոնը իր հավատքին ու անով կենսավորած իր հոգեկան ու բարոյական գոյությունը:

Այսօր ձերդ Ս. Օծության բարձր ներկայությամբ, ան կտիրանա մեծ ցանկության մը իրականացման, շնորհ մը, զոր վայելելու բախտը չէին ունեցած ոչ իր ծնողքը, ոչ ալ իր նախնիքն ու պապերը, և որուն համար ան իր բովանդակ կյանքի ընթացքին պիտի մնա միշտ շնորհապարտ ու երախտագետ:

Առաքելաշնորհ Ձեր այս այցելության հիշատակը ան իր հոգով սրբարանին մեջ պիտի պահե միշտ անեղծ ու անվթար, և իբր նվիրական մասունք մը պիտի գուրգուրա անոր վրա, իր գոյության ընթացքին, անկե քաղելով միշտ ներշնչումը իր պաշտամունքին:

Օրհնեցե՛ք, վեհափառ Տեր, օրհնեցե՛ք դպրաց և երգչախումբերու այս եկեղեցանվեր հավաքականությունը և թող ձեր օրհնությունը իջնե մեն-մի հոգիի սրբարանեն ներս, հոն անգամ մը ևս կռելու և կոփելու լույս հավատքը մեր երանաշնորհ պապերուն, սերը հանդեպ մեր Մայրենի Եկեղեցիին և իր մեջ Լուսավորչեն ցոլք մը բյուրեղացնող ձեր օրհնությունը թող թռիչք տա հոգիներու, հավատքի լուսեղեն ճամբով սլանալու դեպի աստվածային բարձրունքներ:

Վստահ եղեք, Վեհափա՛ռ Տեր, որ, օրհնված և ոգևորված ձեր վեհաշուք ներկայությամբ. Տպավորված Ձեր հայրական ոսկեղեն խոսքերու ներգործումով, հարյուրավոր այս կենսահորդ հադադները պիտի երգեն ընդմիշտ.

«Թագաւոր երկնաւոր. զԵկեղեցի քո անշարժ պահեա…»:

Եվ պիտի շարունակեն հայցել. Տեր, «Բարեխօսությամբ վերին քո զօրացդ, միշտ անշարժ պահե զԱթոռ Հայկազնեայս»:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏՎԻՆ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ Տ. ԱԹԵՆԱԳՈՐԱՍ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄՈՏ

Հուլիսի 14-ին, ուրբաթ կեսօրին, Վեհափառ Հայրապետը հյուր եղավ Հունաց Տիեզերական Պատրիարքի, Ֆեների Պատրիարքարանում:

Ընդունելությանը մասնակցում էին գերաշնորհ Տ. Խադ, Տ. Սերովբե, Տ. Շնորհք, Տ. Կոմիտաս սրբազանները, Տ. Պարգև, Տ. Սահակ, Տ. Գևորգ վարդապետները, քահանա հայեր, պր. Կարապետ Աբրահամյանը, պր. Հակոբ Ֆընտըգյանը, դոկտ. Տիգրան Մամիկոնյանը, պր. Ժիրայր Արսլանյանը, պր. Հովհաննես Չեքիճյանը, պր. Վարդգես Գաբրիելյանը և դոկտ. Տիգրան Թահթապրունյանը:

Ընդունելությունն անցավ ջերմ, եղբայրական մթնոլորտում, վերածվելով ճշմարտապես «սիրո սեղանի մը», ինչպես նման առիթներով արտահայտվել է հանգուցյալ Պատրիարքը:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը և Հունաց Տիեզերական Պատրիարքը ճառեր փոխանակեցին:

Վեհափառ Հայրապետը, մտերիմ զրույցի ժամանակ, Ամենապատիվ Տ. Աթենագորաս Պատրիարքին հրավիրեց մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Սիրալիր այս ընդունելությունից հետո, Վեհափառ Հայրապետը ողջագուրվելով, հրաժեշտ առավ Ստամբուլի Հունաց Տիեզերական Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ. Աթենագորաս Սրբազանից:

Պաշտոնական այս տեսակցության ընթացքին, Նորին Սրբություն Տ. Աթենագորաս Պատրիարքը Ամենայն Հայոց Հայրապետին նվիրեց թանգարանային արժեք ունեցող բյուզանդական ոճով մի սրբապատկեր:

Նույն օրը, առավոտյան ժամը 10-11-ին, Պատրիարքարանում կազմակերպվել էր պրես-կոնֆերանս հայ և օտար թղթակիցների համար, որտեղ Վեհափառ Հայրապետը պատասխանեց թղթակիցների բոլոր հարցերին:

Վեհափառ Հայրապետը առանին ունկնդրություն շնորհեց Ստամբուլի «Ժամանակ» և «Մարմարա» հայ թերթերի խմբագիրներին:

Երեկոյան ժամը 17-21-ին, Վեհափառ Հայրապետը այցելում է Ֆերիգյուղի Ս. Վարդանանց, Թոփգափուի Ս. Նիկողայոս, Բաքրգյուղի Ս. Աստվածածին և Եշիլգյուղի Ս. Ստեփանոս եկեղեցիներին: Ամենուրեք խուռներամ բազմությունը հուզմունքով և խանդավառությամբ դիմավորում է Վեհափառ Հայրապետին, ստանալու համար Նրա սուրբ օրհնություններն ու արժանանալու աջհամբույրի:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

Ստամբուլի հայ սանուց 11 միություններ, ուրբաթ, հուլիսի 14-ի երեկոյան, «Պարկ հոթել»-ում, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր պատվին, կազմակերպում են ընդունելություն, որին հրավիրվել էին նաև հոգևորական և աշխարհական բազմաթիվ պաշտոնական անձնավորություններ և այլ հյուրեր:

Սեղանը բացվում է Վեհափառ Հայրապետի Տերունական աղոթքով: Պր. Արա Կյուրտեն ներկայացնում է սանուց միությունների համառոտ պատմականը և գործունեության պատկերը:

Գործադրության է դրվում ճոխ, գեղարվեստական մի ծրագիր, սանուց միությունների շնորհալի անդամների և անդամուհիների մասնակցությամբ:

Այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացվում են սանուց միություններ և անոնց անդամները, որոնք մի առ մի, խորին պատկառանքով գալիս են խոնարհվելու Վեհափառ Հայրապետի առաջ և ստանում նրա հայրական օրհնությունները:

Ընդունելության ժամանակ, հայ մշակույթի և հայ ժողովրդի ստեղծած իմացական, հոգևոր արժեքներին նվիրված բովանդակալից ճառով հանդես է գալիս Վեհափառ Հայրապետը, շեշտելով այդ արժեքների ստեղծման և պահպանման աշխատանքներում հայ երիտասարդության՝ ուսուցիչ, փաստաբան, բժիշկ, արվեստագետ, վիճակված պատմական սրբազան պարտականությունը:

Ստամբուլում գործում են հետևյալ 11 սանուց միությունները. «Կեդրոնական», «Մխիթարյան», «Եսայան», «Պեզճյան», «Արամյան», «Գարակյոզյան», «Սահակյան», «Սկյուտար», «Մաքրուհյան», «Թարգմանչաց» և «Մեսրոպյան»:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՕՐՀՆՈՒՄ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀՈՂԸ

Հուլիսի 15-ին, ուրբաթ, Գատըգյուղի Ս. Թագավոր եկեղեցում եպիսկոպոսական հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցում գերաշնորհ Տ. Կոմիտաս սրբազանը, իր անձի շուրջ այստեղ ևս ստեղծելով ջերմ սեր և միացում, իր քաղցր ձայնի և սուրբ պատարագի մատուցմամբ պատճառած հոգևոր երանության համար:

Ժամը 10-ին, Վեհափառ Հայարպետը նախ այցելում է Սկյուտարի Ս. Խաչ եկեղեցին և օրհնում ժողովրդին, ապա, ժամը 11-ին, հանդիսավորապես մուտք գործում Գատըգյուղի Ս. Թագավոր եկեղեցին, խանդավառություն ստեղծելով և հոգեկան ուրախություն ստեղծելով Իր ճանապարհի վրա:

Սուրբ պատարագին ներկա են նաև քույր եկեղեցիների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ունկնդրում են սուրբ պատարագի Կոմիտասյան երգեցողությունը, հուզումով և հափշտակությամբ:

Քարոզում է Վեհափառ Հայրապետը, ընդգծելով հայ դպրոցին վիճակված դերը, վեր հանելով մեր ժողովրդի կրթական հաստատություններ կառուցելու ձգտումը, և ապա օրհնում արծաթյա ափսեի մեջ Իրեն մատուցված հողը, բերված նոր կառուցվող Արամյան վարժարանի հիմքից:

Հավատ սուրբ պատարագի, Վեհափառ Հայրապետը հյուրասիրվում է … և ապա օրհնում հավատացյալ ժողովրդին:

Գատըգյուղից հետո, Վեհափառ Հայրապետը այցելում է Շիշլիի հայոց գերեզմանատունը, «Հոգւոց» արտասանելու հոգելույս Գարեգին Պատրիարքի գերեզմանի վրա:

Նորին Ս. Օծությունը հանգուցյալ Պատրիարքի թարմ շիրմի վրա զետեղում է Ս. Էջմիածնից բերված մի գեղեցիկ, քանդակազարդ խաչքար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը ազգային գերեզմանատանը այցելում է պատրիարքների, այդ թվում Օրմանյանի, Նարոյանի, մտավորականների, ծանոթ ազգային դեմքերի շիրիմները և ընդհանուր «Հոգւոց» արտասանում:

Նույն առավոտ, Ռումելի Հիսարի Ս. Սանդուխտ կույս եկեղեցում, պատարագում և քարոզում է Ամենայն Հայոց Հայրապետի գավազանակիր հոգեշնորհ Տ. Պարգև վարդապետ Գևորգյանը:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅԱՐԱՊԵՏԸ ԳԱՐԱԿՅՈԶՅԱՆ ՈՐԲԱՆՈՑՈՒՄ

Հուլիսի 15-ին, շաբաթ օրը, ժամը 15-ին, Վեհափառ Հայրապետը այցելում է Գարակյոզյան որբանոցը և ընդունվում խնամակալության անդամների կողմից ու առաջնորդվում Սանուց միության սրահը, ուր Նրա բարձր պատվին կազմակերպվել էր ընդունելություն:

Սեղանը օրհնում է Վեհափառ Հայրապետը: Որբանոցի տեսչուհին տիկին Սիրանուշ Ֆերուհխյանը հետևյալ սրտաբուխ խոսքերով ողջունում է Վեհափառ Հայրապետի շնորհաբեր այցելությունը, խնդրելով Նրա հայրական օրհնությունը հաստատության ու սանուհիների վրա.

«Վեհափա՛ռ Տեր.

Գրեթե անհավատալի իրականություն մըն է Ձերդ Վեհափառության շնորհաբեր այցը մեր համեստ երդիկին ներքև:

Ցնծության մեջ է այսօր Գարակյոզյան տունը: Անոր փոքրիկ բնակիչներուն անմեղսունակ հոգիներն անգամ երջանկությամբ կխայտան:

Արև բերիք, Վեհափա՛ռ, մեր կարոտ սրտերուն, զարթոնք՝ մեր հոգիներուն:

Ձեր սրբազան անձովը մերը եղան օրհնությունները մեր սրտերուն խորան Ս. Էջմիածնին:

Խոնարհաբար կուգանք բարի գալուստ մաղթել, արևշատություն մաղթել Ձերդ Վեհափառություն, անզուգական Հայրապետ: Ազգովին կհավատանք, որ Ձերդ Սրբության առաջնորդությամբ պիտի պայծառանա մեր հնամենի, աննման Ս. Եկեղեցին և կատարյալ համերաշխության մեջ մեր սրտերը պիտի լեցվին սիրով ու խաղաղությամբ»:

Գործադրվում է գեղարվեստական հայտագիր, որից խոսք առնելով, Իր օրհնությունն է տալիս Վեհափառ Հայրապետը:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը ընդունում է այցելությունը Լիբանանից ծանոթ ազգային երկու դեմքերի՝ մեթր Հրաչ Սեդրակյանի և պր. Օննիկ Ճամպուլյանի, որոնք եկել էին ներկա գտնվելու հանգուցյալ Պատրիարքի հուղարկավորությունը՝ հանուն Լիբանանի հայության:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը ընդունում է նաև Հունաստանի հայոց օրինապահ թեմի թեմական խորհրդի ներկայացուցչին:

ՀՐԱԺԵՇՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՔԱՐՈԶ

Հուլիսի 16-ին, կիրակի, Գումգափուի աթոռանիստ Մայր Եկեղեցում, հրաժեշտի սուրբ պատարագ է մատուցում և քարոզում Վեհափառ Հայրապետը:

Առավոտյան ժամը 10-ին, Վեհափառ Հայրապետը, Պատրիարքարանի դահլիճից, զգեստավորված, ամպհովանու տակ, «Հրաշափառ»-ով առաջնորդվում է եկեղեցի:

Վաղ առավոտվանից, արտակարգ բազմությունը լցրել է տաճարը, բակը, շրջակայքը ամբողջ:

Ս. Սեղանին սպասարկում են սրբազան, հոգեշնորհ և քահանա հայերը:

Սուրբ պատարագի երգեցողությունը կատարում է Ստամբուլի բոլոր եկեղեցիների երգչախմբերից կազմված միացյալ խումբը, Հովհաննես Չեքիճյանի ղեկավարությամբ:

Սուրբ պատարագի ընթացքում, «Հայր մեր»-ից առաջ, Վեհափառ հայրապետը խոսում է Իր ներշնչված և պերճիմաստ քարոզներից մեկը, մոտալուտ հրաժեշտի խոհերի և զգացմունքների ներքո:

Վեհափառ Հայրապետը օրհնությամբ տալիս է Իր հրաժեշտի ողջույնը Ստամբուլի հայ համայնքին, խաղաղության, միասնության կոչ անում բոլոր հավատացյալներին և հորդորում խմբվել Եկեղեցու հովհանու ներքո, Իր գոհունակությունը հայտնում աննախընթաց, խանդավառ ընդունելության համար և Իր շնորհակալությունները երկու պետությունների իշխանությանց՝ Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ ցուցաբերված բարյացկամության և ընծայված դյուրությունների համար:

Վեհափառ Հայրապետը վերջում խաղաղություն է ցանկանում ողջ աշխարհին:

Հավարտ սուրբ պատարագի, հաղորդվում են հազարավոր հավատացյալներ, որոնք ներկա էին եղել հայրապետական հանդիսավոր սուրբ պատարագին:

ՀՐԱԺԵՇՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏՎԻՆ

Երազի նման արագ, բայց բովանդակալից և հուզումնառատ, անցնում էին Ամենայն Հայոց Հայրապետի շնորհաբեր այցելության օրերը Ստամբուլի Իր սիրելի ժողովրդի ծոցում, Իր հարազատ զավակների այցելությամբ, օրհնությամբ:

Հուլիսի 16-ի սուրբ պատարագից հետո, երեկոյան, հայ համայնքը պատվում է իր սիրելի Հայրապետին, հրաժեշտի ընդունելություն կազմակերպելով «Պարկ հոթել»-ում:

Ողջերթի սեղանը օրհնում է Վեհափառ Հայրապետը; Ընդունելությանը ներկա են գերաշնորհ Տ. Խադ. Տ. Սերովբե, Տ. Շնորհք, Տ. Կոմիտաս սրբազանները, Տ. Պարգև վարդապետ Գևորգյանը, Գալֆայան որբանոցի մայրեր, Պորտուգալիայի հյուպատոսը, հայ համայնքի, հարանվանությունների և մամուլի ներկայացուցիչներ:

Ընդունելության գեղարվեստական բաժնին իրենց սրտագին մասնակցությունն են բերել Ալիս Քիթապճյանը, Պետրոս Գույումճյանը, Նուրհան Ռուշանը, Վարուժան Արսլանյանը, Սիլվա Չիլպողոսյանը և Պ. Սրապյանը:

Հանուն Կարգադիր հանձնաժողովի, շնորհակալության, երախտագիտության և ողջերթի ջերմ, սրտառուչ ուղերձ են կարդում Կարապետ Տեր Ղազարյանը, Ս. Խաչ դպրեվանքի անունից՝ Կարպիս Զամբաքը, ներկաների անունից՝ Թոկո Աճեմյանը:

Ընդունելության ընթացքում, պատրիարքական փոխանորդ արժանապատիվ Տ. Արամ ավագ քահանա Պասմաճյանը առաջհամբույրով Վեհափառ Հայրապետին է հանձնում Ստամբուլի հայության նվերը՝ քանդակազարդ ոսկյա կազմով մի մատյան, գործ Ստամբուլի հայ ոսկերիչների, պատրաստված ոսկերիչ Տիրան Շեկի գլխավորությամբ, վրան հանգուցյալ Պատրիարքի նկարով, հետևյալ մակագրությամբ:

«Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԷՆ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ, ԹՈՒՐՔԻՈՅ ԻՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԷՆ, Ի ՅԻՇԱՏԱԿ Ն. ՎԵՀԱՓԱՌՈՒԹՅԱՆ ԻՍՏԱՄԲՈՒԼ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ, 1961»:

Ընդունելով Իր զավակների սրտաբուխ նվերը, Վեհափառ Հայրապետը ևս նվիրում է արծաթե քանդակազարդ մի մեծ, գեղեցիկ ափսե, կենտրոնում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նկարը, գործ Երևանի հայ ոսկերիչների:

Այս ուրախ և հավետ անմոռանալի պահին, Վեհափառ Հայրապետը, որպես հուշանվեր, ականակուռ ձեռաց խաչեր է տալիս հոգևորականներին, Էջմիածնում պատրաստված, հայկական ոճով:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը արտասանում է հրաժեշտի Իր հուզաթաթավ խոսքը.

«Հրաժեշտի այս պահուն, անգամ մը ևս կբորբոքին հուզումի զգացումները, այն հուզումի զգացումները, որոնցով Մեր սիրտը լեցուն եկանք այստեղ երկու շաբաթ առաջ: Եկանք ձեզ մոտ, ու Մեր հարգանքի տուրքը և Մեր վերջին ողջույնը բերինք հանգուցյալի հիշատակին, Մեր խղճի պարտքը կատարեցինք ձեզի հետ մեկտեղ, և ոչ արհամարհելի չափով մը, անշուշտ որ մխիթարվեցանք: Մենք կրցանք այս մխիթարությունը ապրիլ, ամեն բան առաջ, շնորհիվ մեր պետական իշխանություններու, դեպի Թուրք կառավարությունը, որ անմիջապես ընդառաջեց Մեր դիմումին և Մենք եկանք այստեղ: Եվ տակավին ավելին, այստեղ գալե վերջ, պետական իշխանությունները այնքան ուշադիր եղան Մեր անձին հանդեպ և հարգալիր, և մանավանդ այնքան սրտացավ դեպի Հայ Եկեղեցին և մասնավորապես հանգուցյալի հիշատակը:

Մենք շատ ուրախ ենք, ինչպես լսեցինք քիչ առաջ, թե՛ պր. Ղազարյանի զեկուցումեն և թե՛ ուրիշ առիթներով ձեր արտահայտություններու ընթացքին, որ դուք, իբրև հայ Եկեղեցվո զավակներ, կվայելեք բարյացկամ վերաբերմունքը պետական իշխանության և գիտցած եք վստահությունը շահիլ այս իշխանության: Մենք սրտանց կփափագինք, որպես Հայոց Հայրապետը և իբրև Հայ Եկեղեցվո Պետը, որ այս հավատարմության զգացումներու վրա անխախտ մնաք ամենայն անկեղծությամբ:

Վստահ ենք, որ ինչպես մինչև հիմա, և Մենք շոշափելի կերպով այս դրական արդյունքները տեսանք, վստահ ենք, որ այսուհետև ձեր պետական իշխանություններն ալ նույն բարյացկամությամբ պիտի վերաբերին դեպի ձեր կրոնական, եկեղեցական կյանքը և այդ կյանքի հետ կապված զանազան լուծելի հարցերը:

Կուզեինք քանի մը խոսք ևս ավելցնել իբրև խորհուրդ և իբրև հորդոր, ուղղյալ ձեզի, որ այստեղ եք հավաքված և որ կներկայացնենք մեծ չափով մը, կկարծենք, Ստամբուլի հայությունը: Հետևաբար Մեր հորդորը ուղղված պիտի ըլլա ձեզի և ձեր միջոցով ամբողջ Ստամբուլի հայ հավատացյալներուն:

Մեր առաջին իղձը և փափագն է, որ դուք բոլորդ, այսինքն Ստամբուլի հայ հավատացյալները, համախմբված ապրիք Ս. Եկեղեցվո հովհանիին ներքև իբրև բարի քրիստոնյաններ և շարունակեք մշակել ձեր հոգիներեն ներս քրիստոնեական առաքինությունները, կարգապահ ոգի մը, շինարար ոգի մը և ոգի մը նաև հավատարիմ քաղաքականության դեպի այս երկիրը: Կփափագինք նաև, որ Մեր հավատացյալ զավակները, Ս. Եկեղեցվո կամարներուն տակ, ապրին սիրով միաբան: Սեր և միություն հին պատգամ մըն է, հեռավոր ժամանակներե կուգա, բայց պետք է ցավով հաստատենք, թե հաճախ Մեր զավակներու կյանքեն ներս անհրաժեշտ չափով չէ պահպանված այդ սերը և միությունը: Ընդհանրապես լավատես ըլլալով, կգտնենք սպասելի ձեր համայնքին համար, որ այս սերը և միությունը անհրաժեշտորեն պահպանվին, ամրապնդվին: Եվ այս պիտի ըլլա անշուշտ հօգուտ մեր Եկեղեցիին, ձեր Եկեղեցիին, ձեր համայնքին կյանքին, և նույնիսկ կրնանք ըսել, անհատապես, հօգուտ ամեն մեկիդ: Որովհետև ուղիղ և առողջ մտածելով՝ սիրով միաբան ընկերային կյանքի մը մեջ, անշուշտ որ ավելի հաճելի է ապրիլ: Ավելի ուրախություններու աղբյուր կհանդիսանա այսպիսի կյանք մը, այդ ընկերության ամեն մեկ անդամին համար:

Մենք կուզենք հավատալ, թե մեր Եկեղեցվո բոլոր զավակները հոգվով, սրտով, զգացումներով առողջ մարդիկ են, իմաստուն են, հեռատես են և բարի:

Մենք մեկ իղձ ունինք իբրև Մայր Աթոռ՝ պահել-պահպանել Հայաստանյաց Եկեղեցվո սուրբ և դարավոր կամարներուն ներքև, ճշմարիտ սիրո միություն մը, ավետարանական իմաստով, անխորտակելի և անսասան: Այս է Մեր կարծիքով, մեր Եկեղեցվո պատմութենեն եկող թելադրանքը և այս է մեր հոգևոր կյանքի գոյության իմաստը իսկ և գեղեցկությունը բարոյական:

Մենք խորապես հրճվեցանք՝ մոտեն ճանչնալով ձեր եկեղեցական կյանքը: Բազմաթիվ եկեղեցիներ այցելեցինք և ամեն տեղ տեսանք բարեկարգ կացություն մը, շեն և պայծառ եկեղեցիներ հավատավոր ժողովուրդով, եկեղեցական օրինական մարմիններով, ժողովուրդի կողմե ընտրված, թաղական խորհուրդներ և հարակից այլ մարմիններ: Հատկապես գովելի կգտնենք ձեր դպրաց դասերը և երգեցիկ խումբերը, որոնց երաժշտությունը վայելեցինք ոչ միայն եկեղեցիներու մեջ, այլ զանազան առիթներով ևս:

Այս բոլորը խորապես գնահատելի են և շնորհավորելի և պատիվ կբերեն Ստամբուլի մեր հավատացյալներուն: Ուրախությամբ այցելեցինք նաև քանի մը կրթական հաստատություններ, ինչպես Գալֆայան հաստատությունը, և տեսանք բարի աշխատանքը աստվածասեր քույրերուն, Ս. Փրկիչ հիվանդանոցը, Գարակյոզյան որբանոցը, որոնք նույնպես պատիվ կբերեն այս համայնքին և որոնք գուրգուրանքի առարկա են ոչ միայն ձեր, այլ ամբողջ հայության»:

Ընդհանուր ծափերի և խանդավառ ցույցերի մեջ, Վեհափառ Հայրապետը հրաժեշտ է առնում Իր սիրելի ժողովուրդից, օրհնելով բոլորին և բարեմաղթելով. «Մնացե՛ք բարով, մնացե՛ք խաղաղությամբ»:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԱՆԳԱՐԱՅՈՒՄ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  ԶՈՐԱՎԱՐ ՋԵՄԱԼ ԳՅՈՒՐՍԵԼԻՆ

Հուլիսի 17-ին, երկուշաբթի, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը Անգարայում այցելում է Թուրքական Հանրապետության Նախագահ Նորին Վսեմություն զորավար Ջեմալ Գյուրսելին:

Պաշտոնական այս այցելության ժամանակ, Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Տ. Կոմիտաս եպիսկոպոս Տեր-Ստեփանյանը, գավազանակիր Տ. Պարգև վարդապետ Գևորգյանը և պատրիարքական փոխանորդ Տ. Արամ ավագ քահանա Պասմաճյանը:

Ամենայն հայոց Վեհափառ Հայրապետը, Իր հետևորդներով, ժամը 9.15-ին ժամանում է Անգարայի էսենբողայի օդանավակայանը:

Հանուն Կառավարության Նախագահի, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դիմավորում և բարի գալուստ է մաղթում արտաքին գործավարության պրոտոկոլի տեսուչ Սուլհի Տիշլիօղլուն: Վեհափառ Հայրապետին դիմավորում են նաև Սահմանադիր ժողովի անդամ օրիորդ Հերմինե Գալուստյանը, սովետական դեսպանատան երեք ներկայացուցիչներ և հայ գաղութը:

Հանրապետության Նախագահը երկու պաշտոնական ինքնաշարժ է տրամադրում Վեհափառ Հայրապետի և նրա շքախմբի համար:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը օդանավակայանի պատվո սրահում կարճ հանգստանալուց հետո, ժամը 10-ին այցելում է Անըթ Կապիր, Թուրք Հանրապետության առաջին Նախագահ Աթաթուրքի դամբարանը: Երկու զինվորներ կրում են Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողմից հուշարձանի վրա զետեղվելիք ծաղկեպսակը, ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ մակագրությամբ: Վեհափատ Հայրապետը ստորագրում է այցելուների պատվո մատյանում:

Ժամը 10.30-ին, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը Չանգայայի ապարանքում այցելում է Պետության և Կառավարության Նախագահ Նորին Վսեմություն զորավար Ջեմալ Գյուրսելին:

Ամենայն Հայոց Հայրապետի և Վսեմաշուք Նախագահի միջև տեղի է ունենում ջերմ և հարգալիր զրույց:

Ընդունելությանը ներկա են Կոմիտաս սրբազանը, Պարգև վարդապետը, պատրիարքական փոխանորդ Տ. Արամ ավագ քահանան, Սահմանադիր ժողովի անդամ օրիորդ Հերմինե Գալուստյանը, պր. Կարապետ Աբրահամյանը և պրոտոկոլի տեսուչ Ս. Տիշլիօղլուն: Թարգմանչի պաշտոնը կատարում է օրիորդ Հերմինե Գալուստյանը:

ԱՆԳԱՐԱՅԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅԱՐՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԲԵՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 17-ի կեսօրին, Անգարայի փոքրաթիվ հայ գաղութը, Վեհափառ Հայրապետի բարձր պատվին, Անգարայի «Բուլվար Պալաս» հյուրանոցում, կազմակերպում է ջերմ ընդունելություն:

Սեղանի վրա Վեհափառ Հայրապետը հետաքրքրվում է Անգարայի հայ գաղութի կյանքով: Այս երջանկաբեր առիթով, Սահմանադիր ժողովի անդամ օրիորդ Հերմինե Գալուստյանը կարդում է զգայուն սրտով և անկեղծ զգացմունքներով բաբախուն հետևյալ գեղեցիկ ուղերձը, թարգմանը հանդիսանալով Անգարայի հայության ջերմ զգացմունքների.

«Վեհափա՛ռ Տեր.

Թուրք Հանրապետության բաբախուն սրտին՝ Անգարայի մեջ, մեր Պետության վսեմաշուք Նախագահին՝ զորավար Ջեմալ Գյուրսելի հետ Ձերդ Վեհափառության տեսակցությունը, մայրաքաղաքիս սակավաթիվ հայ բնակչության պարգևած է Ձեր օրհնաբեր ներկայության արժանանալու բացառիկ ու թանկագին պետություն մը, որ հավետ պիտի հիշի իբր պատմական բարեբաստիկ եղելություն մը:

Տասնյակ մը տարիներ առաջ, քանի մը հարյուր անդամներե բաղկացյալ այս փոքրիկ հավաքականությունը մեծ հույսերով և ուրախությամբ փութացեր էր դիմավորելու Թուրքիո հայոց նորընտիր Պատրիարքը, երջանկահիշատակ Գարեգին Արքեպիսկոպոս Խաչատուրյանը, իր Անգարա այցելության առթիվ: Իսկ այսօր, Թուրքիո բովանդակ հայության հետ ան կսգա թեև իր սրբակյաց, խորահմուտ և անձնվեր կրոնական պետին կորուստը, բայց  Ձերդ Վեհափառություն սփոփարար այցելության շնորհիվ իր տրտմությունը կմեղմանա հոգեկան վերազարթնումի մը գիտակցությամբ: Յուրաքանչյուր անհատ կզգա, թե առանձին չէ, այլ բարոյապես մաս կկազմե ժամանակին ու միջոցին մեջ տարածուն մեծ ամբողջի մը, որուն խորհրդանիշը կհանդիսանա Ձերդ Ս. Օծությունը, հայուն միակ լուսակեդրոնին՝ Ս. Էջմիածնին Վեհափառ Գահակալը:

Մենք, Թուրքիո հայերս, երազ մը ունինք: Երիտասարդ Թուրք Հանրապետության գաղափարներով սնած, յուրացուցած ենք հանճարեղ Աթաթուրքի համամարդկային եղբայրության իդեաlը, որ կխտանա «Հայրենիքի մեջ խաղաղություն, աշխարհի մեջ խաղաղություն» նշանաբանի մեջ: Ու կխորհինք, թե Հայ Ազգը կրնա այս ուղղությամբ համայն աշխարհի օրինակ հանդիսանալ, քաղաքական ամեն տեսակ պայմաններու տակ ապրելով հանդերձ, այդ պատահականություններեն վեր, կրոնական, բարոյական ու մշակութային հիմերու վրա ստեղծելով կատարյալ միություն մը: Գիտենք, թե «Հայոց այս պայծառ ապագան» Ձերդ Վեհափառության ալ մեծ տեսլականը կկազմե. մեր ամբողջ էությամբ հաջողություն կմաղթենք Ձեր բարձր առաքելության ու կհավատանք, թե Մայր Աթոռի աննկուն ջանքերուն շնորհիվ օր մը ամեն հայու համար պիտի բոցավառի Ս. Լուսավորչի անմար կանթեղը:

Վեհափա՛ռ Տեր, Ձեր երանավետ ներկայությունը հոգեկան այնքան մեծ հրճվանք ու բավարարություն պատճառած է Անգարայի հայության, որ մեր սրտերը … [դժվարընթեռնելի հատված- խմբ. ԱՆԻ] անսահման երախտագիտությամբ և սիրո ու նվիրումի ամենաջերմ զգացումներով է, որ երկար, քաջառողջ ու բազմաբեղուն կյանք մը կբարեմաղթենք Ձերդ Ս. Օծության ու խոնարհաբար կհամբուրենք Ձեր Ս. Աջը»:

Վեհափառ Հայրապետը զգացված տոնով պատասխանում է օրիորդ Գալուստյանի խոսքերին, հայտնելով Իր հայրապետական ուրախությունն ու գոհունակությունը, հորդորելով բոլոր ներկաներին, որ Թուրքիայում և կառավարության ղեկավարների մոտ, «իբրև շինարար, աշխատող և հավատարիմ ճանչված տարր, ա՛լ ավելի գնահատելի և օգտակար դառնաք Ձեր երկրին: Հոգեկան այս մխիթարությամբ է, որ պիտի բաժնվինք այս քաղաքեն: Ձեր քաղաքացիական պարտականություններու կողքին, մի՛ մոռնաք նաև ձեր Եկեղեցին»:

Ժամը 13-ին, Անգարայի սովետական դեսպանատանը, կազմակերպվում է ընդունելություն Վեհափառ Հայրապետի պատվին:

Այնուհետև, փոքր հանգստից հետո, Վեհափառ Հայրապետը ընդունում է Անգարայի և այլ շրջաններից՝ Կեսարիայից, Դիաբեքիրից, Ամասիայից և Իսկենդերունից եկած հավատացյալներին, որոնք համբուրում են Նրա Ս. Աջը:

Երեկոյան ժամը 18.45-ին, Վեհափառ Հայրապետը իհնքնաթիռով վերադառնում է Ստամբուլ:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ

Հուլիսի 18-ին, երեքշաբթի, Անգարայից Ստամբուլ վերադառնալուց հետո, Վեհափառ Հայրապետը այցելում է Դոլմապահչեի պալատը, գործը հայտնի ճարտարապետ Պալյանի, ԺԹ դարի կեսերին:

Վեհափառ Հայրապետը պաշտոնապես առաջնորդվում է պալատի բոլոր մասերը, ընդունելության սրահները, թագադրության դահլիճները, սուլթանական աշխատասենյակները, ննջարանները: Ամենուրեք Վեհափառ Հայրապետը ծանոթանում է նկարչական բազմաթիվ գլուխգործոցների, այդ թվում նաև Հովհաննես Այվազովսկու մի քանի տասնյակ նկարների, որոնք զարդարում են պալատի զանազան դահլիճները:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը այցելում է Գարիեի մզկիթը, հին հունական մի եկեղեցի, ուր վերջերս հայտնաբերվել են հրաշալի խճանկարներ:

Ապա Նորին Վեհափառությունը լինում է Սուլեյմանիե մզկիթում, որը համարվում է Ստամբուլի ամենաշքեղ մզկիթը, ճարտարապետական մի կոթող, գլուխ-գործոցը հայ ազգի մեծանուն ճարտարապետ Սինանի:

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՆ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՏՎԻՆ

Հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 17-ին, «Պարկ հոթել»-ում, Ստամբուլի հայ մտավորականությունը Վեհափառ Հայրապետի պատվին կազմակերպում է ընդունելություն, որին ներկա են լինում քաղաքի բոլոր հայկական վարժարանների տեսուչները, ուսուցիչները, ինչպես նաև գրագետներ, արվեստագետներ, երաժիշտներ, երգիչներ և նկարիչներ:

Վեհափառ Հայրապետին ողջունում է նախ Ուսուցչաց միության երկրորդ ատենապետ դոկտ. Աքսան, «որ ներկայացուց հայ մտավորականության կապը հանդեպ Ս. Էջմիածնի և անոր Գահակալին»:

Այնուհետև, հանուն Ստամբուլի հայ ուսուցչության, հանդես է գալիս համալսարանի դասախոս և ավագ ուսուցիչ Հրանտ Տեր Անդրեասյանը, որը խոսում է մտավորականի դերի մասին և ողջունում «Վեհափառին մեջ խտացումը մեր սրտին և հոգեկան կապին հանդեպ Ս. Էջմիածնին, որ խարիսխն է հայ հավատքին»:

Այնուհետև գործադրվում է բովանդակալից գեղարվեստական մի հայտագիր:

Վ. Կոմիկյանը խոսում է Ստամբուլի հայ գրական շարժման մասին: Ուսուցչուհի տիկին Մեսրոպյանը, հանուն Ստամբուլի մտավորական ընտրանու, Վեհափառ Հայրապետին է նվիրվում արծաթյա մի գեղեցիկ ծաղկաման:

Օրիորդ Արուսյակ Ռուշանը արտասանում է «Պարտեզ» մանկական ամսագրի խմբագիր Ատրինե Տատրյանի Վեհափառ Հայրապետին ուղղված ձոնը…

Ընդհանուր ծափերի մեջ Վեհափառ Հայրապետին մատուցվում են նաև ծաղկեփնջեր գրագիտուհի տիկին Հայկանուշ Մառքի, դերասան Եդվարդ Երեցյանի, երաժշտագետ պրոֆ. Աբիսողոմ Գավաֆյանի, նկարիչ Վարդ Հազըրյանի կողմից, հանուն Ստամբուլի իրենց մտավորական շրջանակների:

Այնուհետև, խանդավառ և ջերմ մթնոլորտում, խոսք է առնում Վեհափառ Հայրապետը և նախ Իր շնորհակալությունն է հայտնում այս հանդիպման և «այն քաղցր խոսքերուն համար, որոնք ուղղվեցան Մեզի հայ մտավորականության ներկայացուցիչներուն կողմե»:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը խոսում է Պոլսի հայ գրականության և արվեստի բնագավառներում անցյալի մեր մեծանուն մտավորականների մեզ ժառանգ թողած արժանավոր գործերի մասին, որոնք «մեր գրականության փառքը կկազմեն, մյուս մեծերու կողքին», և հորդորում է Ստամբուլի գրական նոր սերնդին՝ շարունակել այդ գրական ավանդությունը, առաջ ընթանալ «այն լուսավոր ճանապարհեն և հասնիլ այն բարձրունքներուն, ուր հասան ձեր նախնիք»:

Ապա Վեհափառ Հայրապետը ավելացնում է.

«Մենք կուզեինք քանի մը խոսք ևս ավելցնել, շեշտել այն շինարար դերը, այն դաստիրակիչ դերը, որ հայ մտավորականը ընդհանրապես՝ ուսուցիչ, գրագետ, լրագրող, բանաստեղծ, արվեստագետ, գիտնական, կրնա ունենալ և պետք է ունենա այն ժողովրդի ծոցին մեջ, ուր ծնած է և որուն մեջ կապրի: Կխորհինք, թե այն ատեն միայն մտավորականը արժանի կդառնա իր կոչումին և կրնա իր կյանքին իմաստ մը տալ: Արդեն մտավորականի գաղափարը կարելի չէ ըմբռնել զուտ անհատական իմաստով: Եթե մարդիկ առանձին ապրին, ոչ ոք կրնար մտավորական ըլլալ:

Մտավորական ըլլալ կնշանակե ֆոնկսիոն մը ունենալ կյանքի մեջ և ազդել իր շրջապատին վրա: Կխորհինք, թե այս գիտակցությունը երբեք չէ պակսած ձեզմե: Պետք է ներշնչվիլ ժողովուրդեն և տալ ժողովուրդին: Անհեռատես և կեդրոնախույս ձգտումները երբեք օգուտ չեն կրնար բերել ոչ Եկեղեցիին, ոչ կրթական գործին, ոչ ալ ժողովուրդին»:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՊԱՏՎՈՒՄ Է ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՐԻՆ

Հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 20-ին, Բանկալթըի Մխիթարյան վարժարանում, Վիեննական միաբանության մեծավոր Հ. Սարգիս վարդապետ Բարոյանը և միաբանությունը, Ամենայն Հայոց Հայրապետի պատվին կազմակերպվում են ընդունելություն, որին ներկա են լինում նաև Ստամբուլում հայ կաթոլիկ հասարակության վիճակավոր Քիրեճյան գերապայծառը, ընկերակցությամբ չորս հայ կաթոլիկ վարդապետների և Վենետիկի Մխիթարյան հայերից երկու հոգու:

Նորին Ս. Օծության պատվին տրված եղբայրական այս ընդունելության ներկա են լինում նաև Մխիթարյան սանուց միության վարչության անդամները և հայ մամուլի ներկայացուցիչներ:

Սիրալիր խոսակցություն է տեղի ունենում Վեհափառ Հայրապետի, Նրա շքախմբի, Քիրեճյան գերապայծառի և միաբանության միջև, ջերմ մթնոլորտում:

Ապա Վեհափառ Հայրապետը առաջնորդվում է վարժարանի սեղանատունը՝ սեղանը օրհնելու: Հ. Սարգիս Բարոյանը ողջունում է Ամենայն Հայոց Հայրապետի այցելությունը Մխիթարյան վարժարանից ներս, «անոր համար, որ պատիվ ըրած էր իրենց և չէր մերժած իրենց հրավերը»: – «Ձեր արժանավոր և բարի անձը կաղոթենք, որ երկար կյանք ապրի և Ձեր օրհնաբեր հովանին միշտ տարածվի հայ ժողովուրդի բոլոր զավակներուն վրա»,-եզրակացնում է վարդապետը:

Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետը, Իր պատասխան ողջույնի խոսքում, հայրապետական Իր գոհունակությունը և ուրախությունն էր հայտնում, որ «Ստամբուլի մեջ պատեհությունը կունենար Մխիթարյանց հարկը այցելելու, Իր սիրո ողջույնը և օրհնությունը բերելու մեր բազմադարյան սուրբ տաճարներեն, մեր Հայրենի երկերեն, մանավանդ ողջույն և օրհնություն Օշականի Մեծ Սուրբ գերեզմանեն»:

Ճաշից հետո Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հրաժեշտ է առնում Մխիթարյան հայերից, մի անգամ ևս օրհնելով կրթական այս հաստատությունը և նրա մշակներին:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀՐԱԺԵՇՏ Է ԱՌՆՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ

Հուլիսի 19-ին, չորեքշաբթի, Վեհափառ Հայրապետը Իր ամբողջ օրը անց է կացնում հյուրանոցում, զբաղված մի շարք տեսակցություններով և մեկական նախապատրաստական աշխատանքներով:

Նորին Ս. Օծությունը հյուրանոցում ընդունում է այցելությունը Ստամբուլի հայ ավետարանական համայնքի պետ պատվելի Վահան Խարբուլթյանի և Իր օրհնությունն է տալիս հայ ավետարանական համայնքին:

«Էջմիածին», Պաշտոնական ամսագիրՀայրապետական Աթոռոյ ՍԷջմիածնիԸ, 1961