Շահվերդիլար (Ադրբեջանին անցած) գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Գորիսի շրջան

1408

Որոտան գյուղից դեպի Գորիս տանող Մ2 միջպետական ճանապարհի և գետի ձախ՝ դեպի Հին Խոտ հատվածում, Շահվերդիլար բնակավայրն է: 2020-ի դեկտեմբերին ադրբեջանցիները ճանապարհային նշան են դրել, որը ցույց է տալիս Շահվերդիլարը:

Ճանապարհի այս հատվածը 2020-ի 44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9/10-ի հայտարարության և դեկտեմբերի 18-ի հավելվածի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա այն հատվածն է, որը մինչև 1993 թվականը Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանի մաս էր կազմում և հայկական վերահսկողության տակ անցավ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության մեջ Շահվերդիլարը նշված է Գորիսի գյուղերի ցուցակում: 1932 թվականի քարտեզում (կազմող՝ Խ. Ավդալբեգյան, ՀՍԽՀ Պետրհատ, քարտեզը քննել ու հավանություն են տվել՝ ա/ Գեոդեզիայի և քարտեզագրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը, բ/ Գիտամեթոդական խորհուրդը, գ/ Անդրկովկասյան Գեոդեզիական կոմիտեն, դ/ ՀԽՍՀ Պետպլանը), որը հասանելի է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, Շահվերդիլարը Խորհրդային Հայաստանի կազմում է: Շահվերդիլարի՝ Գորիսի շրջանին պատկանելը նշված է նաև Ակսել Բակունցի մի աշխատության մեջ:

Բակունցը ընդգրկված էր այն հանձնաժողովի կազմում, որը 1920-ական թվականներին փորձում էր լուծում գտնել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև տարածքային վեճերին: Այս տարիներին Ղուբաթլուի շրջանը Քուրդիստանի գավառի մաս էր կազմում:

1926 թվականի աշնանը Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների սահմանագծման աշխատանքներն իրականացնում էր Կոչետկովի նախագահությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված տեղական հանձնաժողովը: Նշված հանձնաժողովում որպես ՀՍԽՀ հողժողկոմատի ներկայացուցիչ ընդգրկվել էր նաև մասնագիտությամբ հողաշինարար Բակունցը:

Մինչ այդ՝ երկու հանրապետությունների միջև՝ Գորիս-Ղուբաթլու հատվածում, սահմանագծի անցկացումը դժգոհություն էր առաջ բերել, ինչ մասին Բակունցը գրում է.

«1924 թ. հուլիսի 11-ի հանձնաժողովը սահմանն ընդունել էր Գորիս-Ղափան խճուղին։ Սակայն տեղական զննությունը և գյուղացիների ցանկությունը եկան որոշ փոփոխություն մտցնելու այդ սահմանագծի մեջ։ Այսպես, օրինակ, ըստ այդ համաձայնության սահմանը խճուղու հետ միասին անցնում էր Բազարչայ գետի վրայով՝ Քյուրդիստանի կողմը թողնելով Շահվերդիլար և Պաշարաջուր թուրք գյուղերը։ Սակայն գյուղացիների ցանկությամբ փոխվեց սահմանագիծը, այդ երկու գյուղը թողնելով Զանգեզուրին։ Նոր սահմանը խճուղուն խառնվում է Մազրա գյուղի տափարակում, անտառի ծայրին։

Անտառի մեջ սահմանը թողնված է խճուղին։ Որովհետև Քյուրդիստանին անցնող Մազրա գյուղը խճուղուց վերև հողեր ունի, իսկ Զանգեզուրին անցնող Շուռնուխին հողեր ունի խճուղուց ներքև, հանձնաժողովը որոշեց. գյուղերին թողնել իրենց հողերը, արտանկարելով այդ հողերը, որոշելով նրանց սահմանները, որպեսզի հետագայում այդ գյուղերն ի հաշիվ պետական անտառների, որոնց մի մասը Քյուրդիստանինն է, մյուսը Զանգեզուրինը, չկարողանան ավելացնել հողերը՝ կտրատելով անտառները։

Համաձայն 1924 թ. հուլիսի 11-ի սահմանագծի՝ Զեյվա գյուղի մոտ խճուղին կտրում է Չայզամի գետը, անցնում գյուղի գլխով դեպի հանքերը։ Խճուղուց ներքև մնում էին մի շարք գյուղեր՝ Զեյվա, Սևաքար, Մողես, Ուժանիս, Եղավարգ, Ագարակ, որոնք մինչ այդ ենթարկվում էին Ղափանին, ունենալով վեճեր հարևան թուրք գյուղերի հետ:

Հայաստանի ներկայացուցչի առաջարկը՝ սահմանագիծն անցկացնել ո՛չ թե խճուղիով, այլ Չայզամի գետով, մերժվեց և՛ ընկ. Կաչետկովի, և՛ ընկ. Կարաևի կողմից, թեկուզ երկու կողմերի համար անվիճելի էր այն, որ վերոհիշյալ գյուղերը պիտի միանան և մինչ այդ էլ միացած էին Ղափանին։ Վեճը Վալի-Դուզ անվանյալ անտառամասի շուրջն է, մոտ 200 դեսյատին տարածությամբ։

Վալի-Դուզը Չայզամի գետի աջ ափինն է, խճուղու և գետի միջև, Զեյվա գյուղին կպած։ Հետագայում առաջանալիք անախորժություններին ընդմիշտ վերջ տալու համար Հայաստանի ներկայացուցչի առաջարկն էր բնական սահման ընդունել գետը, մանավանդ որ Զեյվա գյուղը գետի ձախ ափին էլ ունի վարելահողեր»:

Թե երբ է Շահվերդիլարը Գորիսի շրջանից անցել Ղուբաթլուին, պարզել չկարողացանք: 1926թ այստեղ անց է կացվել մարդահամար (Խորհրդային Միության առաջին մարդահամարը) և այն ներկայացված է որպես Խորհրդային Հայաստանի գյուղ: 1931 թվականի մարդահաշվարկը ևս ցույց է տալիս, որ Շահվերդիլարը Խորհրդային Հայաստանում է: 1971 թվականին հրատարակված «Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը» հատորում Գորիսի գյուղերի շարքում Շահվերդիլարը չկա, ինչը նշանակում է, որ այն Ղուբաթլուին է անցել 1931-ից հետո մինչև 1971-ն ընկած ժամանակահատվածում:

Չպետք է բացառել, որ տեղի ունեցած լինի գյուղերի կամ տարածքների փոխանակություն, ինչպես բազմիցս եղել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև հատկապես Անդրֆեդերացիայի ժամանակահատվածում՝ 1922-1936 թթ, երբ կովկասյան երեք հանրապետությունները որպես մեկ միավոր Թիֆլիս կենտրոնով ԽՍՀՄ-ի մաս էին կազմում:

Ուշագրավ մի փաստ ևս՝ Կորկոտյանի հատորում Շահվերդիլարի բնակչությունը նախապես նշվում է քյուրդ, հետագայում, ինչպես Հայաստանի քրդաբնակ և թաթաբնակ այլ գյուղերի դեպքում, նրանք դառնում են թուրք, թրքո-թաթար և վերջապես՝ ադրբեջանցի:

Շահվերդիլար գյուղը հիմնադրվել է 1873-ից հետո մինչև 1886 թվականն ընկած ժամանակահատվածում:

Շահվերդիլարի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում, 

1873 թվական – չի նշվում,

1886 թվական – 238 հոգի, բոլորը՝ այլ, 

1897 թվական – 217 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1904 թվական – 111 հոգի,

1914 թվական – 147 հոգի, բոլորը՝ թաթար, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – ավերակ,

1922 թվական – ավերակ,

1926 թվական – 87 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – չի նշվում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև՝