Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի քայլը

2179

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ հունիսի 26-ին, Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ողջունելի է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը»:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հունիսի 21-ին հրապարակել է հայտարարություն, որով ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշմումը:

«Մենք ողջունում ենք Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին հետևելու և Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Հունիսի 18-ին՝ Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու որոշումից 3 օր առաջ, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Արդյոք քննարկվել է՞ Պաղեստինը ճանաչելու հարցը այդ հեռախոսազրույցում, հաղորդագրության մեջ չի նշվում:

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ, կարևորել բանագնացների հանդիպումների շարունակականությունը և վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Երկու առաջնորդները, ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։

Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին, ասվում է ՀՀ ԱԳՆ հունիսի 21-ի հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը:

Արխիվային լուսանկար, 2022թ աշուն