Սամվել Շահրամանյանը Արցախի լուծարման հրամանագիր ստորագրելուց հետո Սարգիս Գալստյանին նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

1633

Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիր ստորագրելուց հետո Սամվել Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գրում է Ազատությունը:

Պարզ չէ, թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում: Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը չի մանրամասնել, նշելով, որ գաղտնիության հարց կա։

Հայկական առցանց մեդիայում 2023թ աշնանը հրապարակվեց մի փաստաթուղթ, որով Շահրամանյանը Գալստյանին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել սեպտեմբերի 27-ի հրամանագրով: Փաստորեն, Գալստյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել այն օրերին, երբ Արցախը ենթարկվում էր բռնի տեղահանության:

Պարզ չէ նաև, թե Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրած Շահրամանյանը որևէ այլ հրամանագիր ստորագրել է՞:

Մոտ կես տարի Ստեփանակերտում մնալուց հետո Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունել, թեև ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել: Հետագայում նա հրաժարվել է ցուցմունքից։

Գալստյանը վերջերս առերեսվել է Շահրամանյանի հետ, որն այս գործով վկա է։ Շահրամանյանը օրերս հաստատել էր, որ հարցաքննվել է այս գործով, բայց փակագծեր չէր բացել, թե կոնկրետ ինչ հարցեր են իրեն տվել, ինքն էլ ինչ պատասխաններ է տվել։

Կարդալ նաև՝

Սարգիս Գալստյանի պատմությունը. Թաթուլ Հակոբյանը ճիշտ է