Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը, 23 հունիս, 2008թ
«Սրբազան հայր, հարգելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք։
Նախ ցանկանում եմ ձեզ եւ ի դեմս ձեզ՝ ՌԴ-ում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ Հայաստանի բարեկամներին եւ գործընկերներին հաղորդել Հայաստանի ջերմ ոդջույնները։ Ես նայում եմ այս դահլիճում հավաքվածներին եւ մտածում, որ այսպիսի վառ անհատականությունների հավաքը մեկ հարկի տակ պատիվ կբերեր յուրաքանչյուր ժողովրդի։
Դուք գիտեք, որ Ռուսաստանի հայ համայնքն առանձնահատուկ է շատ առումներով։ Հայրենիքից դուրս ապրող ամենահոծ հայությունն է այստեղ։ Իհարկե, ողջ սփյուռքը հազարավոր թելերով կապված է հայրենիքին, բայց դուք այն համայնքն եք, որի կապերը պատմական հայրենիքի հետ շատ ավելի ամուր են ու բազմաշերտ՝ թե՛ քաղաքական ու մշակութային, թե՛ տնտեսական ու ազգակցական առումներով, եւ այս իրողությունները մեծապես իրենց դրոշմն են թողնում ռուսահայության եւ Հայաստանի հարաբերությունների վրա։
Վերջերս ես ավելի ու ավելի հաճախ եմ լսում սփյուռքի ամենամեծ եւ ազդեցիկ կառույցների ղեկավարների շուրթերից, որ այսօր զգալիորեն փոխվել է սփյուռք բառի շեշտադրումը։ Ռուսաստանի հայկական համայնքն այսօր աշխարհասփյուռ հայության կողմից դիտվում է որպես ամենամեծ, ազդեցիկ եւ լրջորեն ներգրավված համայնքը։ Եվ դա, իրոք, այդպես է։ Բավական է հպանցիկ հայացք նետել հենց այս լսարանին՝ հասկանալու համար, թե ինչպիսի նշանակալի ծավալով եւ ընդգրկվածությամբ է ներկայացված հայկական սփյուռքը Ռուսաստանի կյանքի բոլոր ոլորտներում, բոլոր ասպարեզներում։
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հայկական սփյուռքը նաեւ նվազ կազմակերպված է։ Օբյեկտիվ պատճառներով այստեղ չկան խոշոր կառույցներ, լոբբիստական կազմակերպություններ, միություններ։ Բայց ավելի մտահգիչ է, որ այս հզոր համայնքը չունի համարժեք հայկական դպրոց, արդիական եւ լայն սպառում ունեցող մամուլ, մշակութային կենտրոններ։ Բուհերում եւ գիտական հաստատություններում դեռեւս չունենք այնպիսի հայագիտական կենտրոններ, որոնք կկարողանային մրցակցել Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում գործող այդպիսի կենտրոնների հետ։ Վստահ եմ, որ այսօր Մոսկվայի հայկական սփյուռքը պատրաստ է ունենալու իր նոր «Լազարյան ճեմարանը», որտեղ ուսանելը պատվաբեր կհամարվի ո՛չ միայն հայազգիների համար, եւ որտեղ ուսանելու կգան հայեր ողջ աշխարհից, այդ թվում եւ Հայաստանից։ Եվ դա այս դահլիճում ներկա յուրաքանչյուրիս պարտքն է։ Այո, ֆինանսավորումը պետք է գա գործարար շրջանակներից, բայց մտքի, գաղափարի, հայեցակարգի, ի վերջո, այդ գործի առաջամարտիկները պետք է լինեն ներկա մտավորականները։
Իհարկե, կան ոգեւորիչ օրինակներ՝ հայկական եկեղեցու կառուցումը, Ռուսաստանի հայերի միության ջանքերը, «Երեւան պլազա» կենտրոնի շահագործումը, Մոսկվայի կենտրոնում հայկական ոգով տոգորված եւ Մոսկվայի ժամանակակից խորհրդանիշներից մեկը դարձած «Արարատ Հայաթ» հյուրանոցը։ Բայց դա բավարար չէ։ Մեր համայնքի ներուժը այս քաղաքում եւ այս հզոր երկրում շատ ավելի մեծ է։
Այդ ամենը, անշուշտ, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն սկսվել դատարկ տեղից։ Դրանք հիմնվում են բազմադարյան բարեկամության ու ուժեղ կապերի, մեր ընդհանուր պատմության, համագործակցության դարավոր ավանդույթների, հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների դաշնակցային մակարդակի վրա։
Սա գիտակցում են բոլորը, եւ ասվածը ցույց է տալիս ռուսահայության առանձնակի դերը, որ նա կարող է խաղալ եւ շատ հարցերում արդեն խաղում է այդ հարաբերություններում։
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանը մուտք է գործել բարեփոխումների նոր շրջան։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը եւ մեր ծրագրերի իրականացման հաջողությունը հնարավոր են միմիայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ։ Սփյուռքի բացառիկ առաքելության գիտակցումն է մեզ հուշել ստեղծել առանձին՝ սփյուռքի նախարարություն, որը կազմավորման ընթացքի մեջ է։ Նպատակն այս ոլորտում մեր քաղաքականության արդյունավետության բարձրացումն է։ Մենք հավակնում ենք Հայաստանը դարձնել առողջապահական, բանկային, մտավոր ծառայությունների մատուցման, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն։
Խոսուն մի փաստ բերեմ. այսօր Հայաստանում կատարված ներդրումների ծավալով ռուսաստանյան կապիտալն առաջին տեղում է, ռուսաստանյան ներդրողներն իրենց լավ են զգում Հայաստանում։ Դուք ունեք ե՛ւ տնտեսական, ե՛ւ մտավոր հսկայական ներուժ։ Այդ ներուժի մի մասը պետք է փորձեք իրացնել Հայաստանում։ Համոզված եղեք, որ ձեր արածը պահանջված է, որ ձեր ներդրումը կարեւոր է հայրենիքի համար։ Ես երաշխավորում եմ բոլոր ներդրումների անձեռնմխելիությունը։
Աշխարհի բոլոր անկյուններում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ ցանկանում է Հայաստանը տեսնել ամուր ու բարեկեցիկ, կայուն ու բարգավաճ։ Ցանկացած երկրում մեր հայրենակիցները խորհում են Հայաստանի զարգացման գործում իրենց դերակատարումն ունենալու մասին, ուզում են, որ հայրենիքից եկող լուրերը բարի լինեն։ Հաջողության ու նոր նվաճումների այդ ավետիսները պետք է միասին ստեղծենք։
Վստահ եմ, որ Ռուսաստանի հայությունն աստիճանաբար կբարձրացնի կազմակերպվածության իր աստիճանը, կավելացնի հայապահպանության նպատակին ծառայող մշակութային ու կրթական օջախների թիվը, կմեծացնի ձեռնարկների քանակը։
Իմ այս լավատեսությունը հիմնված է մինչեւ այժմ արված մեր գործերի վրա։ Միաժամանակ, նաեւ վստահ եմ, որ այսուհետ հայկական սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ իր մեջքին պետության էական հոգածությունն է զգալու, եւ Հայաստանը շատ ավելի գործուն է լինելու հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում։
Մինչ օրս մեծ է եղել սփյուռքի դերը մեր պետության, մեր տնտեսության կայացման հարցում. եկել է ժամանակը, երբ Հայաստանի ավելացող հնարավորությունները թույլ են տալիս վստահաբար ասել. ո՛չ միայն սփյուռքը դեր ունի Հայաստանի զարգացման հարցում, այլեւ Հայաստանը մեծ դեր ունի սփյուռքի խնդիրների լուծման հարցում։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսուհետ սա է լինելու Հայաստան–Սփյուռք գործակցության սկզբունքը։
Սիրելի հայրենակիցներ,
Անհնար կլիներ ամփոփել այս ելույթը՝ առանց արագ անդրադարձ կատարելու երեք առանցքային հարցերի՝
Առաջինը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է։ Ես կուզեի, որ դուք ճիշտ ըմբռնեք եւ գնահատեք այն։ Մի քաղաքական ուժ, որ ընտրություններից ամիսներ առաջ բացահայտ հայտարարում էր, որ չի ընդունելու ընտրությունների որեւէ արդյունք, բացի իր իսկ հաղթանակից, փորձում է քաղաքական շանտաժի միջոցով ապակայունացնել վիճակը երկրում։
Բազմիցս հայտարարել եմ, եւ դրան են ուղղված եղել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր իմ բոլոր քայլերը, որ պատրաստ եմ Հայաստանի շահից ելնելով բանակցել եւ աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Լուրջ քայլեր են ձեռնարկվել հետընտրական լարումը թուլացնելու ուղղությամբ՝ ընդդիմությունը հսկայական ծավալով եթեր է հրավիրվում բոլոր հեռուստաալիքների կողմից, ազատ են արձակվել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված բոլոր այն մարդիկ, ովքեր անմիջականորեն չեն մասնակցել բռնություններին կամ ում մեղքի ամբողջական ապացույցները բացակայում են։ Ընդարձակվել է խորհրդարանական ընդդիմության իրավունքների ցանկը, ստեղծվել է դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով խորհրդարանում։
Այս քայլերն ու ջանքերը շարունակվելու են, սակայն հաջողությամբ ավարտվելու համար դրանք պետք է լինեն երկկողմ։ Եվ որեւէ մեկին տրված չի կարող լինել ընտրված իշխանությունը տապալելու կոչերով, սպառնալիքներով եւ ահաբեկումներով խաթարել մեր պետականության կայունությունը։
Երկրորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, հայ-թուրքական հարաբերություններն են։ Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ։ Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը։
Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը։ Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ։ Այլապես այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց։ Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը։
Երրորդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է։ Դուք գիտեք, որ վերջերս կայացել են իմ բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք համաձայնեցինք շարունակել բանակցային գործընթացը հիմնական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում։
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ։ Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ՝ պարտադրված գոյամարտում, վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում։
Տիկնայք եւ պարոնայք, սիրելի հայրենակիցներ, ավարտելով խոսքս, առաջարկում եմ բաժակ բարձրացնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության ամրապնդման, ռուսահայ համայնքի եւ մեր ժողովրդի բարօրության ու ավելի լավ ապագայի համար»։
http://www.president.am/events/statements/arm/?year=2008&pn=3&id=11