Հայաստանի զորքերը կոտրում են Զանգիբասարի [այսօր՝ Մասիս] թաթարների դիմադրությունը․ 23 հունիս, 1920

5233

Կառավարական հաղորդագրութիւն Զանգիբասարի մասին․ 23 յունիս

Հայաստանի Հանրապետութեան գոյութեան հէնց առաջին օրերից Զանգիբասարի (այսօրվա Մասիս) շրջանի մահմեդական ազգաբնակութիւնը թշնամական դիրք բռնեց դէպի մեր անկախութիւնը: Ենթարկւելով տաճիկ (թուրք-ԱՆԻ) եւ ադրբէջանական գործակալների պրօվօկացիաներին՝ նա ամեն անգամ, երբ Հայաստանը դժւար օրեր էր ապրում, առաջ էր բերում խռովութիւններ և յարձակւում էր երկաթուղու, զօրքի և հարեւան հայ գիւղերի վրա: Ադրբէջանի դիւանագիտական ներկայացուցիչները սերտ կապ էին պահում զանգիբասարցոց հետ, ահագին դրամ և զէնք էին ուղարկում նրանց և միշտ գրգռուած էին պահում հայերի դէմ: Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքի քթի տակ՝ 15-ից աւելի թուրք գիւղեր գտնւում էին անկախ վիճակի մէջ, չէին ընդունում Հայաստանի իշխանութիւնը և ձգտում էին Զանգիբասարը միացնել Ադրբէջանին:

Հայաստանի կառավարութիւնը, որի հիմնական քաղաքականութիւնն է բոլոր ներքին խնդիրները լուծել խաղաղ միջոցով, բազմաթիւ անգամներ փորձ էր արել համոզելու զանգիբասարցիներին, որ վերջ տան իրենց հակապետական ընթացքին, ճանաչեն Հայաստանի իշխանութիւնը և կատարեն քաղաքացիական պարտականութիւններ հանրապետութեան հանդէպ: Սակայն կառավարութեան բոլոր խաղաղ քայլերը հանդիպել են անյաջողութեան, զանգիբասարցիք այն խաղաղասիրութիւնը համարում էին թուլութեան նշան և սիրտ առնելով տաճիկ-ադրբէջանական սադրանքներից՝ շարունակում էին մնալ ըմբոստ վիճակի մէջ: Մանաւանդ նրանց ամբարտաւանութիւնն ու թշնամական վերաբերմունքը դէպի հայերը ուժեղացան Հայաստանում տեղի ունեցած մայիսեան շարժումների ժամանակ, երբ զանգիբասարցիք յայտնապէս օգնում էին խռովարարներին և արգելք էին հանդիսանում Ալէքսանդրապօլ գնացող հանրապետական զօրքերին՝ փչացնելով երկաթուղագիծն ու կամուրջները: Միւս կողմից, նրանք եռանդով զինւում էին և մարտական խմբեր էին կազմակերպում տաճիկ-ադրբէջանական սպաների ղեկավարութեան տակ:

Հայաստանի կառավարութիւնը սպառելով բոլոր խաղաղ միջոցները, յունիս 18ին զանգիբասարցիներին ներկայացրեց վերջնագիր, պահանջելով 6 ժամուայ ընթացքում ընդունել Հայաստանի իշխանութիւնը, յանձնել զենքերը, ռազմամթերքը, պարագլուխներին ու տաճիկ սպաներին  և տալ պատանդները: Չստանալով բաւարարաութիւն՝ յունիս 19-ին հանրապետութեան զորքերն սկսեցին զինւորական գործողութիւնները ըմբոստ զանգիբասարցիների դէմ, որոնք ցոյց տւին ուժեղ դիմադրութիւն: Զանգիբասարցիք ունէին լաւ պատրաստւած դիրքեր, թնդանօթ, գնդացիր և առատ ռազմամթերք և կռւում էին տաճիկ սպաների ղեկավարութեան տակ: Մեր զօրքերի կտրուկ հարւածների տակ թշնամին չդիմացաւ և դիմեց փախուստի: Յունիսի 20-ին, Հայաստանի զորքերը գրաւեցին ամբողջ Զանգիբասարը, վերցրին երկու թնդանօթ, երեք գնդացիր, 40,000 փամփուշտ և բազմաթիւ հրացան: Զանգիբասարցիք փախան դէպի Արալխը, և այսպիսով վերջ ունեցաւ տաճիկ-ադրբէջանական զզւելի պրօվօկացիան, որ երկու տարի շարունակւում էր Հայաստանի սրտում:

Ուլուխանլու թուրք գիւղը մինչեւ վերջը մնալով լոյալ վիճակում, վայելեց կառավարութեան զօրքերի պաշտպանութիւնը ըմբոստների վրէժխնդրութեան դէմ:

Յենւած հայ աշխատաւոր ժողովրդի կամքի և Հայաստանի հերոսական բանակի վճռականութեան վրա՝ հանրապետութեան կառավարութիւնը խորապէս համոզւած է, որ նոյն վախճան կունենան և բոլոր նրանք, ովքեր դաւեր են լարում Հայաստանի ազատութեան դէմ:

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 131, Հինգշաբթի, 24 Յունիսի, 1920