Վազգեն Սարգսյանի 8 առաջարկները, որոնք մերժվեցին խորհրդարանում․ 22 հունիս, 1992թ

8690

1992-ի հունիսին, երբ ադրբեջանական ուժերը գրավեցին Շահումյանի շրջանը Արցախի հյուսիսում և առաջ էին շարժվում Մարտակերտի ուղղությամբ, Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խորհրդարանում՝ Գերագույն խորհրդում, ունեցավ ելույթ և առաջարկեց 8 կետանոց մի ծրագիր, որը մերժվեց։ 1992-ի սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանության նախարար նշանակեց Վազգեն Մանուկյանին։

———————-

Ներկայացնում ենք Վազգեն Սարգսյանի՝ 1992թ․ հունիսի 22-ին խորհրդարանում հնչեցրած 8 առաջարկները․

1․ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններում մտցնել ռազմական դրություն։

2․ Պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցնել քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը։

3․ Բարձրացնել անօրինական կերպով ռազմական միավորումներ ստեղծող և ստեղծման փորձ կատարող անձանց քրեական պատասխանատվության հարցը։

4․ Հայաստանի ամբողջ տարածքում ժամանակավորապես արգելել ցույցերի, միտինգների և փողոցային երթերի կազմակերպումն ու անցկացումը։

5․ Զանգվածային լրատվության բոլոր միջոցներում մտցնել ռազմական գրաքննություն։

6․ Արգելել զինվորական տարիքի և զինապարտ տղամարդկանց ազատ արտահոսքը հանրապետության տարածքից։

7․ Արգելել բնակչության ազատ ուղևորությունները ԼՂՀ, ՀՀ Գորիսի, Կապանի, Մեղրու, Սիսիանի, Արարատի և Նոյեմբերյանի ռազմական գործողությունների շրջանները։

8․ Ռազմական գործողությունների շրջաններում (Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, Նոյեմբերյան և Արարատ) ստեղծել ռազմական խորհուրդներ ՀՀ նախագահի զինվորական ներկայացուցչի գլխավորությամբ՝ նրանց տալով շրջանի պաշտպանության հարցերի լուծման լիիրավ լիազորություններ։

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, թիվ 121, 23 հունիս, 1992թ․

Լուսանկարում՝ Վազգեն Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, 1996 թվականի լուսանկար