Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրությունները, 1919թ, հունիս 21-23. Սիմոն Վրացյան

5013

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ տեղի են ունեցել 1919 թվականի հունիսի 21-23-ին, երբ Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեկ տարեկան էր: Այդ ընտրություններն անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով: Բացահայտ առավելությամբ հաղթեց ՀՅԴ-ն: Այդ ընտրությունների մասին ժամանակին հայկական թերթերը ընդարձակ անդրադարձ են կատարել՝ դրանք որակելով ազատ և արդարից մինչև կեղծված: Ներկայացնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գրությունը այդ ընտրությունների մասին, որը տեղ է գտել նրա «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատության մեջ (էջ 292-298):

ԱՆԻ կենտրոն

1919թ. մարտի 12-ին կառավարությունը որոշեց խորհրդարանի ընտրությունների համար հիմք ընդունել համառուսական Սահմանադրական ժողովի ընտրական օրենքը՝ թուրքահայերին տալով ընտրելու իրավունք: Այս որոշման հիման վրա մշակվեց «Օրենք Հայաստանի խորհրդարանի ընտրությանց», որով յուրաքանչյուր 20 տարին լրացած քաղաքացի, առանց սեռի, կրոնի ու ցեղի խտրության իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին, որոնք պիտի կատարվեին ընդհանուր, գաղտնի, հավասար, ուղղակի և համեմատական քվեարկությամբ: Խորհրդարանի անդամների թիվը սահմանվում էր 80: Ընտրությունները վարելու համար ստեղծվում էին կենտրոնական գավառական, շրջանային, քաղաքային, գյուղական և թաղամասային ընտրական հանձնաժողովներ. կենտրոնական հանձնաժողովը նշանակվում էր Հայաստանի Խորհրդից, իսկ մնացածները՝ իրենցից գերադաս հանձնաժողովներից:

Հայաստանի Խորհուրդը նշանակեց ընտրական կենտրոնական հանձնաժողով, և այս վերջինն անցավ գործի: Նշանակեց գավառական ընտրական հանձնաժողովներ, հանձնաժողովի նախագահներ ու ընտրական հրահանգիչներ և գավառներ ուղարկեց ժողովրդական թերթիկներ՝ մանրամասն հրահանգներով: Ապրիլի 25-ից Հայաստանի բոլոր վայրերում սկսվեց ընտրողների ցուցակագրությունը. քվեի իրավունք ունեցողների ընդհանուր թիվը դուրս եկավ, առանց Կարսի և Շարուր-Նախիջևանի՝ 365, 780 հոգի: Խորհրդարանի ընտրությունների համար կազմվեց հետևյալ ժամանակացույցը.

Մայիսի 12՝ ընտրողների ցուցակների հայտարարման վերջնական ժամանակը:

Մայիսի 22՝ թեկնածուների ցանկը ներկայացնելու վերջին օրը:

Մայիսի 2՝ ներկայացված թեկնածուների ցանկի հայտարարության վերջին պայմանաժամը:

Հունիսի 6՝ վերջնական ժամանակը թեկնածուների ցանկ ներկայացնող ընտրողների հայտարարության՝ ցանկերը միացնելու մասին:

Հունիսի 11՝ ընտրողների ցանկերի երկրորդ հայտարարության վերջին օրը:

Հունիսի 21, 22, 23՝ ընտրություններ Հայաստանի բոլոր վայրերում:

Խորհրդարանի ընտրությունների համար ներկայացվեց թեկնածուների յոթը ցուցակ.

Հ.  Յ. Դաշնակցություն՝ 120 թեկնածու,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 65 թեկնածու,

Սոցիալիստ հեղափոխոխական կուսակցություն՝ 35 թեկնածու,

Քրդական ցանկ՝ 2 թեկնածու,

Ասորական ցանկ՝ 3թեկնածու,

Անկուսակցական գյուղացիական միություն,

Թրքական ցանկ:

Նախընտրական պայքարն արդեն սկսված էր, երբ թիֆլիսցիների և երևանցիների միջև ծագած կուսակցական ներքին անհամաձայնությունների հետևանքով Հայ ժողովրդական կուսակցությունը թեկնածուների ցանկը ներկայացնելուց և ընտրական աշխատանքներ ձեռնարկելուց հետո, սնոտի պատրվակներով, հրաժարվեց մասնակցելուց: Հունիսի 20-ին հետ պահանջեց իր ցուցակը և սկսեց պայքար մղել խորհրդարանական ընտրությունների դեմ: Այդ պայքարում նա հենվում էր, գլխավորապես, Պողոս Նուբարի բռնած բացասական դիրքի վրա: Պողոս Նուբարը դժգոհ էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին կատարվում. Հայաստանը նրա աչքին մի գավառ էր սոսկ, ուր կարող էր գոյություն ունենալ տեղական իշխանություն և ոչ թե խորհրդարան:

Նախընտրական պայքարը եղավ բավական տաք. ժողովներ, թռուցիկներ, ընտրական ցուցատախտակներ, կոչեր, անհաշիվ հոդվածներ թերթերում: Կուսակցական գործիչները շրջում էին գյուղից գյուղ ու քաղաքից քաղաք և աշխատում ժողովրդականացնել իրենց թեկնածուների ցանկը՝ ճիշտ և ճիշտ Եվրոպայի և Ամերիկայի օրինակով:

Ամենից լայն ժողովրդականություն վայելողը, բնականաբար, Հ. Յ. Դաշնակցության ցանկն էր և նրա նշանախոսները՝ Դաշնակցությունը պահանջում էր «Միացյալ և Անկախ Հայաստան», «Ամբողջ իշխանությունը աշխատավոր ժողովրդին», «Հողը աշխատավորին», «Գործը՝ գործազուրկին», «Հաց ժողովրդին», «Ժողովուրդների համերաշխություն և եղբայրություն»:

Ընտրությունները տեղի ունեցան նշանակված ժամանակին և արդյունքը եղավ.

Դաշնակցություն՝  230 272 քվե կամ 72 պատգամավոր,

Սոցիալիստ հեղափոխականներ՝  13 239 քվե կամ 4 պատգամավոր,

Թուրքեր՝ 8 187 քվե կամ 3 պատգամավոր,

Անկուսակցական գյուղացիական միություն՝ 4 224 քվե կամ 1 պատգամավոր,

Քրդական ցուցակ՝ 1305 քվե,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 481 քվե,

Ասորիներ՝ 178 քվե:

Նորընտիր խորհրդարանի բացումը տեղի ունեցավ 1919թ. օգոստոսի 1-ին: Բացումից առաջ խորհրդարանի շենքում տիրում էր եռուզեռ: Կուսակցական ֆրակցիաները կատարում էին նախապատրաստական աշխատանքներ: Բոլորի ուշադրությունը, բնական կերպով, կենտրոնացած էր ՀՅԴ ֆրակցիայի վրա, որ ամեն օր գումարում էր երկարատև նիստեր, ուր քննության էին առնվում բազմաթիվ ընդհանուր՝ սկզբունքային և ընթացիկ, գործնական հարցեր: Ամենից շատ զբաղեցնող խնդիրը երկրի ներսը և ճակատներում տիրող լարված դրությունն էր, որի մեղմացման համար մտածվում էին մի շարք միջոցներ:

Այդ խորհրդակցությունների ժամանակ լուծվեց և ֆրակցիայի ու կառավարության փոխհարաբերության հարցը. վարչապետը նշանակվելու էր ֆրակցիայից՝ կուսակցական բարձրագույն մարմնի հավանությամբ. կառավարությունը պետք է լիներ պատասխանատու խորհրդարանի և ֆրակցիայի առջև. ֆրակցիան իր հրահանգները պիտի ստանար կուսակցության բարձրագույն մարմնից:

Նշանակվեցին թեկնածուներ խորհրդարանի նախագահության հինգ անդամների՝ մեկ նախագահ, երկու փոխնախագահ, ավագ ու կրտսեր քարտուղարներ: Քննվեց և հաստատվեց կառավարության հայտարարության նախագիծը, որից հետո որոշվեցին վարչապետության և նախարարության թեկնածուները: Կառավարության վերակազմությունը հանձնարարվեց Ալեքսանդր Խատիսյանին, որը իր հրավիրելիք նախարարների ցանկը պիտի ներկայացներ ֆրակցիային՝ ի հաստատություն: Կազմվեց խորհրդարանական ֆրակցիայի նախագահություն՝ Արշակ Ջամալյան, Վահան Խորենի և Սիմոն Վրացյան:

Բացումը եղավ հանդիսավոր, խորհրդարանի ավագ անդամ Ավետիք Սահակյանի նախագահությամբ, նախարարական ամբողջ կազմի, օտար ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի ու հանդիսականների ներկայությամբ: Խորհրդարանի դահլիճը, ենթարկված հիմնական վերանորոգության, զարդարված էր դրոշակներով ու գորգերով:

Սահակյանի բացման հակիրճ ճառը ընդմիջվում էր բուռն ծափահարություններով:

«Քաղաքացինե՛ր, Միացյալ Հայաստանի ներկայացուցիչներ: Ուղիղ մի տարի սրանից առաջ՝ օգոստոսի 1-ին, մեր երկիրը շրջապատված էր տաճկական [թուրքական] զորքերի երկաթե օղակով, թշնամու սուրը կախված էր մեր գլխին, մեր հայրենիքը դարձել էր բանտ: Ես, որպես նախագահ գերագույն Ազգային խորհրդի, առաջին նիստին, անխախտ հավատով և խորը համոզմունքով հայտարարեցի, որ մեր հանրապետության նեղ հորիզոնը, որի սահմանները խեղդում էին նրան, պետք է ընդարձակվի, մեր հերոս ու մարտիրոս ժողովուրդը պետք է լինի տերը իր փայփայած ու գուրգուրած հայրենիքի (ծափեր):

Այսօր երջանիկ եմ վկայելու, որ իմ գուշակությունը ոչ միայն արդեն կատարված փաստ և իրականություն է դարձել, այլև մեր ժողովրդի կամքը սրբազան, հայության երկու կեսերը գրկաբաց միացել են և հայտարարել մի պետություն՝ միացյալ, անկախ և ազատ Հայաստան, որի պաշտպանության համար մենք երդվել ենք զոհել մեր կյանքը և կռվել մինչև վերջին շունչը (ծափեր):

Մենք հպարտանում ենք մեր նորածին պետությամբ. նա թույլ է, հեռու է կատարյալ լինելուց, բայց միացնում է իր ամբողջ հողամասը: Ժողովուրդը սիրում է իր երիտասարդ հանրապետությունը. նրա մեջ արմատացել է անկախության գաղափարը. նա երբեք չի բաժանվի նրանից և երբեք չի զիջի: Ճիշտ է, մեր առջև, Տաճկահայաստանի փակ դռների հետև, մեր թշնամին շարունակում է կատարել իր մութ գործերը և ինտրիգներ է սերմանում այս կողմը, մեր հանրապետության սահմաններում: Բայց ես չեմ կասկածում, որ մենք կճեղքենք այդ դուռը մեր մեծ դաշնակիցների հետ միասին, կտիրենք մեր երկրին, որ ցողված է անհամար մարտիրոսների և հերոսների արյունով: Հայ ժողովրդի արյան դատը, անկասկած, պետք է ստանա իր նպաստավոր և արդար լուծումըայդ դատը մարդկության խղճի, պատվի և իրավունքների դատն է, մարդկային գոյության հարցն է, որ ոչ ոք չի կարող ժխտել… Երջանիկ և ոգևորված եմ ողջունելու մեր առաջին ընտրված խորհրդարանը այս պատմական վայրկյանին»:

Ապա ողջունեց դաշնակիցներին ու հարևան պետություններին, և «մեր փառապանած բանակը, որ հայրենասիրության անսահման անձնազոհությամբ կռվում է՝ պաշտպանելով մեր հայրենիքը արտաքին և ներքին թշնամիներից»: Խորհրդարանը խանդավառ ծափերով ու հոտնկայս ցույց արեց հայ զորքին:

Երկրորդ նիստում Խորհրդարանը կազմեց իր նախագահությունը: Փարիզից եղած դիմումի վրա, ձևական նախագահ նշանակվեց Ավետիս Ահարոնյանը, իսկ իրական նախագահներ՝ փոխնախագահներ ընտրվեցին Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, քարտուղարներ՝ Հ. Տեր-Հակոբյանը (ավագ) և Արամ Սաֆրաստյանն ու Ա. Տեր-Միքայելյանը:

Երրորդ նիստում՝ օգոստոսի 7-ին, 40 քվեով ընդդեմ 8-ի, վարչապետ կարգվեց Ալեքսանդր Խատիսյանը: Կազմվեցին խորհրդարանական 12 հանձնաժողովները, որոնց մեջ մտան բոլոր պատգամավորները: Որոշվեց Խորհրդարանի նիստերը գումարել շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերը:

Չորրորդ նիստում, օգոստոսի 10-ին՝ Հ. Արղությանի նախագահությամբ, վարչապետը հայտարարեց նոր կառավարության անդամների ցանկը՝ վարչապետ և արտաքին գործոց նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործոց և արդարադատության՝ Ա. Գյուլխանդանյան, պարենավորման և ելևմտական՝ Ս. Արարատյան, խնամատության և աշխատանքի՝ Ա. Սահակյան, հանրային կրթության և արվեստի՝ Ն. Աղբալյան, զինվորական՝ զոր. Ք. Արարատյան: Ցանկը վավերացվեց 37 քվեով 2-ի դեմ, որից հետո վարչապետը կարդաց կառավարական հայտարարությունը:

Ներկայացնելով Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական բարդ դրությունը, թուրք-ազրբեջանյան դավերը, պարենավորման ու ելևմտական անկայուն վիճակը, անգլիական զորքերի մեկնումը Կովկասից, հայկական հարցի ընթացքը Հաշտության վեհաժողովում՝ հայտարարությունը երկարորեն կանգ էր առնում կառավարության անելիքների և վարելիք քաղաքականության վրա.

«Կառավարությունը պիտի ձգտե ստեղծել ամենամատչելի պետական վարկ շահագործելու և մտցնելու մի շարք տնտեսական ձեռնարկություններ, ցույց տալ պետական օգնություն կարկտից, հեղեղից, մորեխից և այլ արհավիրքներից տնտեսապես քայքայված աշխատավոր դասակարգին, ամեն կերպ պիտի խրախուսի մասնավոր կապիտալի մուտքը մեր երկրի սահմանները, պիտի ապահովի նրա տարածումը և բնականոն զարգացումը, հեռացնելու համար մեր երկրի ծանր ֆինանսական դրությունը:

Կառավարությունը պիտի ջանա կարգավորել հարկային սիստեմը, կիրարկելով եկամտային հարկի պրոգրեսիվ սիստեմը՝ ուժեղացնելով ուղղակի հարկերը ի հաշիվ անուղղակի հարկի: Կնքելով արտաքին փոխառություններ՝ պիտի փութացնի սեփական բոների հրատարակությունը: Աշխատանքի ապահովության և պաշտպանության համար կառավարությունը մտադիր է հրատարակել ազատ բանվորական օրենսդրություն, կիրարկել վարձատրության կենսական նորմաները, հիմնել աշխատանքի և արդյունաբերության տեսչություններ, հաշտարար ատյաններ, աշխատանքի բորսաներ, նպաստել բանվորական կազմակերպությունների ուժեղացմանը, կռվել անգործության դեմ տնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների միջոցով:

Ժողովրդական լուսավորության գործի մեջ կառավարությունը պիտի ղեկավարի հետևյալ սկզբունքով. ընդհանուր, պարտադիր, ձրի տարրական կրթություն: Ժողովրդական լուսավորության գործը պիտի հիմնված լինի աշխատանքի հիմունքների վրա: Կառավարությունը առանձնապես պիտի զարկ տա պրոֆեսիոնալ կրթությանը:

Արտաքին քաղաքականության մեջ կառավարությունը հավատարիմ պիտի մնա նույն քաղաքականության, որին հարած է եղել մինչև այժմ հայ ժողովուրդը, և այն հավատին, որ նա տածում է դեպի դաշնակից պետությունները. միաժամանակ կառավարությունը պիտի ջանա ստեղծել բարեկամական փոխհարաբերություններ հարևան պետությունների հետ և փոխադարձ համաձայնությամբ կարգավորել Հայաստանի սահմանների հարցը, որ հանդիսանում է միակ պատճառը շարունակական դժգոհության և թյուրիմացության: Ոչ մի դեպքում սահմանային վեճերը Հայաստանի և հարևան պետությունների միջև չպիտի լուծվեն զենքի ուժով:

Կառավարությունը մեր երկրի ներսում ձգտում է Հայաստանի Հանրապետության դեմոկրատական նպատակներին, աշխատելով իրականացնել բոլոր քաղաքական ազատությունները. այդ բանի համար կառավարությունը ենթարկում է հիմնական բարենորոգությունների վարչական ամբողջ կազմը՝ ձգտելով ազգայնացնել այն, մայրենի լեզուն գործածության մեջ մտցնելով, պիտի փութացնի զեմստվոն (գավառային ինքնավարությունը) և քաղաքային ինքնավարությունները:

Մեր երիտասարդ պետության կազմակերպման համար ազատություն պիտի տա լայն հասարակական-քաղաքական խավերին, պիտի կիրառի ազգային կուլտուրական լայն ինքնավարության սկզբունքը օտարացեղ ժողովուրդների վերաբերմամբ, առանց որի մեր երկիրը գոյություն ունենալ չէ կարող:

Հողային հարցի վերաբերյալ՝ կառավարությունը պիտի իրականացնի կալվածատիրական, եկեղեցապատկան, վանքապատկան և մասնավոր գինեգործական բոլոր հողերի ազգայնացումը, պիտի բաժանի այդ հողերը սակավահող գյուղացիությանը՝ ըստ աշխատանքի նորմայի և կարիքի:

Ժողովրդի տնտեսությունը բարձրացնելու համար կառավարությունը պիտի աշխատի զարկ տալ արդյունաբերական ուժերի զարգացմանը՝ ցույց տալով պետական աջակցություն քաղաքային ինքնավարության հիմնարկություններին և նրանց միություններին՝ իրենց քաղաքային և տնտեսական ձեռնարկությունների մեջ:

Կառավարությունը ամեն կերպ պիտի աջակցի կոպերատիվներին, ամեն տեսակի միություններին՝ այս ձևով խրախուսելով ժողովրդական նախաձեռնությունը գյուղատնտեսության և տնայնագործական արդյունաբերական վարկի շրջանում: Արդարադատության գործը ամուր հիմքի վրա դնելու համար կառավարությունը մտցնում է դատարաններում ընտրական սկզբունքը: Դատավարությունը պետք է հանրամատչելի լինի դատական ծախսերի տեսակետից: Գործավարությունը դատարանում պետք է տարվի պետական լեզվով, դատավարությունը՝ մայրենի:

Երկիրը արտաքին թշնամիներից պաշտպանելու համար պիտի հենվի որոշ հասակի պարտադիր զինվորական ծառայության վրա: Կազմակերպվում է ժողովրդական միլիցիա մշտական զորքի փոխարեն: Զորքը պիտի ազգայնացվի: Միջոցներ պիտի ձեռք առնվեն զորանոցների կյանքի առողջապահական պայմանների կարգավորման վերաբերյալ:

Կառավարությունը ամեն միջոցներ ձեռք պիտի առնի Հայաստանի սահմաններից դուրս մնացած հայերի վերադարձը իրենց հայրենիքը փութացնել՝ նախօրոք երկրի ներսում ապահովելով նրանց գոյությունը և ստեղծելով հարմարություններ նրանց համար:

Առանձնապես կառավարությունը պիտի ջանա մինչև ձմեռ գաղթեցնել նախկին տաճկահայ գաղթականներին իրենց հայրենիքը, հակառակ դեպքում ամեն կերպ պիտի ապահովեն նրանց:

Վերջապես, հերթական հարց է դառնում վերականգնումը Հայաստանի ավերակների: Այս գործի մեջ պիտի երևան գա դաշնակիցների ակտիվ գործունեությունը:

Առաջադրելով ապագա գործունեության այս ծրագիրը, որի հիմունքներն ու կետերը ես այստեղ ընդգծեցի, նոր կառավարությունը հայտարարում է, որ նա համառորեն պիտի ձգտի իրականացնել այն՝ հիմնվելով օրինականության վրա»:

Հաջորդ նիստերում այս հայտարարությունը առնվեց քննության և ընդունվեց՝ հակառակ Սոցիալիստ հեղափոխականների և անկուսակցական գյուղացիական պատգամավորների քվեների: Ընդիմադիրների կողմից Ա. Խոնդկարյանը երկար ու մանրակրկիտ վերլուծության ենթարկեց կառավարության հայտարարությունը՝ կանգ առնելով Հայաստանի պետականության թերի կողմերի վրա:

Ապա, Խորհրդարանն ու կառավարությունն անցան իրենց հերթական աշխատանքներին: