ՀՅԴ հաղթանակը Հայաստանի առաջին ընտրություններում․ 21-23 հունիս, 1919թ․

1271

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համապետական ընտրություններ անց են կացվել ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1919 թվականի հունիսի 21-ին, և շարունակվել են երեք օր։ Հայաստանը, որ 1918-1920թթ. կառավարման  խորհրդարանական/վարչապետական համակարգ ուներ, ընտրում էր խորհրդարան։

1919-ի մարտին կառավարությունը որոշեց խորհրդարանի ընտրությունների համար հիմք ընդունել համառուսական Սահմանադրական ժողովի ընտրական օրենքը։ Յուրաքանչյուր 20 տարին լրացած քաղաքացի՝ առանց սեռի, կրոնի ու ազգության խտրության, իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին:

Ապրիլի վերջերից Հայաստանի բոլոր վայրերում, որոնք ամբողջապես վերահսկվում էին հայկական իշխանությունների կողմից, սկսվեց ընտրողների ցուցակագրությունը։ Ըստ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքի` ընտրելու իրավունք ունեցել է 365,780 հոգի:

Նշենք, որ ցուցակագրություն և ընտրություններ չեն եղել Կարսում, Նախիջևանում, Զանգեզուրում, Արցախում։ Կարսը և Նախիջւանը դաշնակից բրիտանացիների ռազմական օգնությամբ ՀՀ-ին միացվեցին 1919-ի ապրիլ-մայիսին։ Շատ ավելի բարդ էր իրադրությունը Զանգեզուրում և Արցախում։  

Խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի ունեցան հունիսի 21-23-ը, ներկայացվել էր յոթ ցուցակ.

Հ.  Յ. Դաշնակցություն՝ 120 թեկնածու,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 65 թեկնածու,

Սոցիալիստ հեղափոխական կուսակցություն՝ 35 թեկնածու,

Արագածոտնի անկուսակցական աշխատավոր գյուղացիական միություն՝ 18 հոգի,

Թուրք-թաթարական՝ մուսուլմանական ցանկ՝ 16 հոգի,

Ասորական ցանկ՝ 3 թեկնածու,

Քրդական ցանկ՝ 2 թեկնածու։

Նախընտրական պայքարն արդեն սկսվել էր, երբ թիֆլիսցիների և երևանցիների միջև ծագած կուսակցական ներքին անհամաձայնությունների պատճառով Հայ ժողովրդական կուսակցությունը հրաժարվեց մասնակցել ընտրություններին: Այս կուսակցությունը վարչապետ Քաջազնունու, ապա Խատիսյանի կոալիցիոն կառավարության մաս էր կազմում։

Վրացյանի խոսքերով, Հայ ժողովրդական կուսակցությունը, որ ներկայացնում էր թիֆլիսահայ բուրժուազիայի շահերը, խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու պայքարում գլխավորապես հենվում էր Պողոս Նուբար փաշայի բռնած բացասական դիրքի վրա․ «Պողոս Նուբարը դժգոհ էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում. Հայաստանը նրա աչքին մի գավառ էր սոսկ, ուր կարող էր գոյություն ունենալ տեղական իշխանություն և ոչ թե խորհրդարան»:

Հայ ժողովրդական կուսակցության՝ ընտրությունները բոյկոտելու այլ պատճառներ էլ կային։ Մասնավորապես, նրանք կարծում էին, որ ընտրությունների անցկացումը կատարվում է հապճեպ կերպով, ինչպես նաև՝ ապօրինի էին համարում վարչապետ Խատիսյանի քայլը, երբ արևմտահայ 12 պատգամնավորներ 1919-ի մայիսի 28-ին մաս կազմեցին Հայաստանի խորհրդի՝ գործող խորհրդարանի, որը կազմվել էր 1918-ի օգոստոսի 1-ին։

Հայ ժողովրդական կուսակցության թերթերը, մասնավորապես Երևանի «Ժամանակը», բազմաթիվ հոդվածներ են հրատարակել ընտրությունների կեղծման, ընտրակաշառք բաժանելու և այլ ընտրախախտումների վերաբերյալ, որոնք տեղ էին գտնում հատկապես շրջաններում։ Հակառակը, իշխող ուժի՝ ՀՅԴ-ի մամուլը խոսում էր ազատ, արդար ընտրությունների մասին։ Իրականությունն այն է, որ ՀՅԴ-ն 100 տարի առաջ հայ քաղաքական կյանքի ամենաժողովրդայնություն վայելող և ազդեցիկ ուժն էր։ ՀՅԴ-ն հանդես էր գալիս նախընտրական «Միացյալ և Անկախ Հայաստան», «Ամբողջ իշխանությունը աշխատավոր ժողովրդին», «Հողը աշխատավորին», «Գործը՝ գործազուրկին», «Հաց ժողովրդին», «Ժողովուրդների համերաշխություն և եղբայրություն» նշանաբաններով:

Ընտրությունների արդյունքներն այսպիսին էին․

ՀՅԴ՝  230 272 քվե կամ 73 պատգամավոր,

Սոցիալիստ հեղափոխականներ՝  13 239 քվե կամ 4 պատգամավոր,

Թուրք-թաթարներ՝ 8 187 քվե կամ 2 պատգամավոր,

Անկուսակցական գյուղացիական միություն՝ 4 224 քվե կամ 1 պատգամավոր,

Քրդական ցուցակ՝ 1305 քվե,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 481 քվե,

Ասորիներ՝ 178 քվե:

ՀՅԴ 73 պատգամավորներից 72-ը հայեր էին, 1-ը՝ եզդի՝ Յուսուֆ բեկ Թեյմուրովը։ ՀՅԴ ցուցակով պատգամավորներ դարձան օրվա քաղաքական-պետական դեմքերը, այդ թվում՝ Ավետիս Ահարոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Ալեքսանդր Խատիսյանը, Դրոն․․․ (82 պատգամավորների ամբողջական ցուցակը տեղ այստեղ)։ Պատգամավորներից 3-ը կանայք էին։

4 սոցիալիստ հեղափոխականներն էին Դավիթ Զուբյանը, Լևոն Թումանյանը, Արշամ Խոնդկարյանը, Վահան Մինախորյանը։ Թուրք-թաթարական, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանական ցուցակից, խորհրդարան անցան երկու հոգի՝ Ասադ-բեկ Աղաբաբեկովը և Միր-Բաղիր Միրբաբաևը։ Անկուսակցական գյուղացիական միությունից միակ ընտրված պատգամավորը բժիշկ Արտաշես Մելքոնյանն էր, որը 1920-ին միացավ բոլշևիկների մայիսյան ապստամբությանը ընդդեմ ՀՅԴ իշխանության և գնդակահարվեց։

Խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն, ինչպես գրում է Վրացյանը, բազմաթիվ խորհրդակցությունների արդյունքում լուծվեց խորհրդարանում ՀՅԴ խմբակցության և կառավարության փոխհարաբերության հարցը. վարչապետը նշանակվելու էր խմբակցությունից՝ կուսակցական բարձրագույն մարմնի հավանությամբ։ Կառավարությունը պետք է լիներ պատասխանատու խորհրդարանի և ՀՅԴ խմբակցության առջև, իսկ խմբակցությունը իր հրահանգները պիտի ստանար կուսակցության բարձրագույն մարմնից:

1920-ի մայիսին երբ Հայաստանի մի շարք շրջաններում բռնկվեց բոլշևիկյան ապստամբություն, իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, իր Բյուրոյով, անցավ կառավարության գլուխ՝ վարչապետ Համո Օհանջանյանի ղեկավարությամբ։

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն