«Փաստ է, որ 1998-ի ռազմապետական հեղաշրջումից առաջ մենք կարող էինք ունենալ հայկական Արցախ, չխոսել կարգավիճակի մասին և ունենայինք դե ֆակտո անկախ Արցախ։ Բայց նրանք, ովքեր ասում էին, որ Մադրիդյան առաջարկները երաշխավորում էին Ղարաբաղի ինքնորոշում՝ այո՛, մենք այդպես կարող ենք կարդալ այդ փաստաթուղթը, բայց ադրբեջանցիները ուրիշ ձևով են կարդալու։ Մենք կարդալու ենք ինքնորոշում ու մտածելու ենք, որ դա լինելու առանց բացառության, որ լինելու է Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ադրբեջանցին ասելու էր՝ տարածքային ամբողջականության շրջանակներում», – ասաց Թաթուլ Հակոբյանը Civic News-ի հետ զրույցում։
Ըստ նրա՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ասեր, որ Ղարաբաղի անկախության հարցում Հայաստանը չունի, չի ունեցել և չի ունենալու դաշնակից, եկեք գնանք ցավալի փոխզիջումների։ «Հայ հանրությունը դեռ նոկաուտի մեջ է, այնպիսի հարվածներ է ստացել, որ հիմա դեռ այդ ցավի տակ է։ Ճիշտ է՝ մենք դեռևս ունենք մի մեծ զանգված, որ ասում է Ոսկեպարով Բաքու՝ ես եմ այդպես ասում, որովհետև եթե կարելի է ասել Ոսկեպարով Արցախ, ապա կարելի է ասել նաև Ոսկեպարով Բաքու։ Կամ կարելի է ասել օրինակ՝ Գյումրիով Կարս կամ Ստամբուլ։ Երազանքին ու արկածախնդրությանը չափ չկա։ Բայց, ամեն դեպքում, հանրության մեծագույն մասը հասկանում է ամեն ինչ։ Մի քանի առիթով ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ դաշնակիցն այսօր, ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են, իշխանական կոնյուկտուրան, այլ՝ ժողովուրդը, որի ձայնը մենք չենք լսում, բայց որը սարսափում է նոր պատերազմից։ Ես ինքս դա զգացել եմ։ Երբ մարդկանց հետ խոսում ես ու նա գիտի, որ չի ձայնագրվում՝ պարզ խոսում է, ասում է՝ մենք պետք է Հայաստանը փրկենք, և այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ դաշնակիցն են», – ասաց Հակոբյանը։
Հակոբյանի կարծիքով՝ բանակցային պրոցեսում ավելի ու ավելի վատ տարբերակներ էին առաջարկվում։ 98-ին մեր ոսկյա հնարավորությունը կորցրեցինք՝ մեր գնացքը գնաց։