Ալեքսանդրապոլի հայ-թուրք խառը հանձնախմբի աշխատանքը. հունիս 17 – հուլիս 13, 1918թ

3520

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Բաթումի դաշնագիրը կնքելու միջոցին արդեն նախատեսված էր խառը հանձնախմբի գոյությունը, որպեսզի տեղում գործադրի դաշնագրի ինչ-ինչ տրամադրություններ և ճշտի շատ մանրամասնություններ:Այդ նպատակով օսմանյան կառավարությունը հունիսի 12-ին գրում է զորավար Նազարբեկյանին՝ մարդիկ նշանակել խառը հանձնախմբի համար:

Հայ զինվորականության կողմից նշանակվում է զորավար Վաղարշակ Տեր-Հակոբյանը, գնդապետ Իոսիֆ Քիշմիշյանը և փոխգնդապետ Ալեքսանդր Վեքիլովը, իսկ Երևանի Ազգային խորհրդի կողմից Մկրտիչ Մուսինյանը, Կոնստանտին Թամամշյանը, դոկտոր Հ. Մելիքյանը, ովքեր հունիսի 17-ին հասնում են Ալեքսանդրապոլ, որտեղ միանում են թուրք հանձնախմբի անդամներին, որոնց նախագան էր զորաբաժնի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր բեյը:

Խառը հանձնախումբը իր ծրագրում ուներ հետևյալ խնդիրները.

  1. Երկու կողմերը փոխադարձաբար պետք է հետ քաշեն իրենց զինվորներին դաշնագրով գծված սահմաններից ներս,
  2. Կարգավորել թուրքական զորքի՝ մեր երկրով կատարելիք անցքը,
  3. Փախստականների վերադարձը իրենց տեղերը,
  4. Զինվորական գերիների փոխանակությունը:

Խառը հանձնախումբը հունիս 17-հուլիս 13 նիստերը գումարելով և բազմաթիվ թղթեր փոխանակելով, բնական է, որ դարձյալ որոշ եզրակացության և գործնական արդյունքի պիտի չհասներ, եթե  մինչև իսկ այս պարագայի թուրքերը կամենային էլ, այն պարզ պատճառով, որ թուրքերի դիրքն էլ ճշտված չէր Կովկասում:

Իրենց բուն նպատակը շատ պարզ էր՝ տիրել Կովկասին և ձեռք կարկառել արյունակից Թուրքեստանին, սակայն նրա մեծ դաշնակիցը՝ Գերմանիան, վերահասու լինելով այդ ծրագրին, իր շահերը վտանգված էր համարում և պնդում էր Բրեստի սահմանների վրա և մեզ արդեն ծանոթ են Լյուդենդորֆի և Հինդենբուրգի սպառնական հեռագրերը Էնվերին՝ զորքերը Կովկասից հետ քաշելու համար:

Ուստի, օսմանները այս անորոշ կացության մեջ վճռական և վերջնական ոչինչ կուզեին կամ ավելի ճիշտ, կարող էին անել: Այս պատճառով, իրենց ավանդական ձգռգելու քաղաքականությունը այստեղ էլ իր դերը կատարեց, և հանձնախումբը վերը հիշված չորս կետերից ոչ մեկը վերջնականորեն չլուծեց, և երբ հուլիս 13-ի նիստում կազմվում էր իրենց գործունեության տեղեկագիրը, երկու կողմից համաձայն էին արձանագրելու. «Հայ հանձնախումբը իր հուլիս 11 թիվ 71 գրությամբ առաջարկում էր տեղեկագրի մեջ ներմուծել հետևյալը՝ քանի որ Բաթումի հաշտության պատվիրակության և Պոլսի կոնֆերանսի որոշումներն ու համաձայնությունները պետք է վճռական նշանակություն ունենան, այս պատճառով պետք է չեղյալ համարել Ալեքսանդրապոլում օսմանյան և հայ հանձնախմբի հինգ տեղեկագրերում գտնված որոշումներից և համաձայնություններից այն կետերը, որոնք ամբողջությամբ և մասնակի չպիտի համապատասխանեն կամ հակառակեն Բաթումի պատվիրակության կամ Պոլսի կոնֆերանսի որոշումներին կամ համաձայնությանը: Օսմանյան հանձնախումբը հայտնում է իր համաձայնությունը»:

Այսպես վերջացավ նաև Ալեքսանդրապոլի խառը հանձնախմբի աշխատանքը:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 644, թ․ 2-83։ Ինքնագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 106-107: