Արցախը (ԼՂԻՄ)՝ Խորհրդային Հայաստանի մաս՝ Գերագույն խորհրդի որոշումը. հունիս 15, 1988թ

4715

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը ՙԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու վերաբերյալ Ադրբ. ԽՍՀ և Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու՚ Ադրբ. ԽՍՀ ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշման մասին

     15 հունիս, 1988թ.

     Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես և ազգամիջյան հարաբերությունների շատ այլ չլուծված խնդիրներ գտնվում են ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ուշադրության կենտրոնում, որի վկայությունն է ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովի` սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով համակված դիմումը Ադրբեջանի և  Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին: Այդ դիմումը երախտագիտությամբ և հանուն խորհրդային ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեծ պատասխանատվության զգացումով ընդունվեց Խորհրդային Հայաստանի հասարակության, բոլոր աշխատավորների կողմից:

     ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ Կենտկոմի քարտուղարությանը հանձնարարված է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կուտակված հիմնահարցերի, նրա շուրջ ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խոր ու համակողմանի ուսումնասիրություն, համապատասխան առաջարկությունների մշակում և ըստ դրանց պատրաստության աստիճանի` ներակայացնել ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ կառավարության քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերի, մարզի աշխատավորների կարիքների նկատմամբ մեծ ուշադրության վկայությունն է նաև ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին ԽՄԿԿ Կենտկոմի եւ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշումը:

     Հանրապետության Գերագույն խորհուրդը միահամուռ պաշտպանում է համամիութենական 19-րդ կուսակցական կոնֆերանսին ուղղված ԽՄԿԿ Կենտկոմի թեզերը, որոնցում նշվում է, որ քաղաքական համակարգի վերակառուցման շրջանակներում անհրաժեշտ է քննարկել և միջոցներ ձեռնարկել խորհրդային ֆեդերացիայի հետագա զարգացման ուղղությամբ, պահանջում է մշտական ուշադրություն ազգամիջյան հարաբերությունների հարցերի, յուրաքանչյուր ազգի և ազգության զարգացման նկատմամբ:

     Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

     1. Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբ. ԽՍՀ ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը և հաշվի առնելով ԼՂԻՄ-ում և նրա շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի եւ Հայկ. ԽՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ԽՍՀՄ Սահմանադրության 70 հոդվածով` համաձայնություն տալ ԼՂԻՄ-ը Հայկ. ԽՍՀ կազմի մեջ մտնելուն.

     2. Խնդրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին` քննարկել և դրական կերպով լուծել ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցը.

     3. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը, դիմելով Ադրբ. ԽՍՀ Գերագույն խորհրդին, հույս է հայտնում, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջևեղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից:

     Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ Հրանտ Ոսկանյան: