Հայկական խաղարարար պատվիրակության օրագիր. Պոլիս, 13 հունիս-31 օգոստոս, 1918թ

3506

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական խաղարարար պատվիրակության օրագիր

13 հունիս-31 օգոստոս, 1918թ, Կ․ Պոլիս

Հունիսի 24-ին Ահարոնյանի մոտ եղավ հայտնի օսմանյան գործիչ Ահմեդ Ռիզան և կարևոր խոսակցություն ունեցավ։

Մեծ վեզիրը, Էնվեր փաշան և մյուս նախարարները եկան մեզ մոտ այցելության․․․

Երեկոյան ժամը 9-ին Գյուլ-նիհալ շոգենավով Բաթումից եկան Մ․ Պապաջանյանը, Մ․ Բունիաթյանը, գնդապետ Շահբաղյանը, Հ․ Բերբերյանը։

Հունիսի 25-ին մեզ մոտ այցելության եկավ Խալիլ բեյը՝ արդարադատության նախարար, Բաթումի խորհրդաժողովի նախագահ, մնաց մոտ կես ժամ, խոսակցություն ունեցավ ընթացիկ խնդրի մասին։

Ուղարկեցինք մանրամասն նամակ  և տեղեկագիր Բեռլին բժիշկ Համո Օհանջանյանին և Զուրաբյանին՝ Գեգեճկորու ձեռքով, որը այդ օրը գնաց այնտեղ Չխենկելու հետ տեսակցելու համար։

Հունիսի 26-ի երեկոյան ժամը 5-ին մեզ մոտ այցելության եկան Ադրբեջանի պատգամավորները, դրանից հետո եկան Հյուսիսային Կովկասի պատվիրակները։

Հունիսի 28-ի առավոտյան մեզ մոտ եկավ Մուխտար բեյը՝ Էնվեր փաշայի կողմից, տեղեկություն տալու մեր մեր շրջանում երկաթուղու գծի վրա տեղի ունեցած դեպքերի մասին և խնդրելու, որ այդ առիթով մեր պատվիրակության նախագահը հեռագրով դիմի կառավարությանը։ Համապատասխան հեռագիրը կազմվեց և ուղարկվեց օսմանյան կառավարության միջոցով։

Մուխտար բեյը հրավիրվեց մեզ մոտ մնալ նախաճաշի։

Նախընթաց օրը մեզ հայտնել էին, որ Մեծ վեզիրը այսօր հրավիրում է ներկա գտնվելու Սելամլիքին։ Այդ պատճառով, Ռաուֆ բեյի հրավերը դեպի կղզիներ հետաձգվեց։ Սակայն Սուլթանի անառողջության պատճառով Սելամլիքի ընդունելությունը ևս հետաձգվեց։

Երեկոյան ժամը 5-ին մեր պատվիրակները այցելության գնացին Շեյխուլ-Իսլամին, ապա Հայոց պատրիարքարան։

Հունիսի 29-ին Ահարոնյանը և Խատիսյանը, ինչպես նաև մյուս պատվիրակությունները, գնացին Իլդիզ-քեոսկ՝ տեղեկություններ հարցնելու Սուլթանի առողջության մասին։

Հունիսի 30-ին հրավիրված լինելով Տրապիզոնի խորհրդաժողովի նախագահ Ռաուֆ բեյի կողմից՝ հատուկ նավով այցելելու օսմանյան բարձր նավային դպրոցը Հալկի կղզում, Ահարոնյանը, Խատիսյանը, զորավար Կորգանովը, Մ․ Բունիաթյանը, Գ․ Խատիսյանը և Հ․ Քոչարյանը ժամը 10-ին գնացին նավահանգիստ, որտեղ մյուս պատվիրակությունների հետ միասին, նաև Մուխտար բեյի և Ռաուֆ բեյի ուղեկցությամբ նստեցին նավը և գնացին կղզիներ։ Ժամը 1-ին նախաճաշ ծովային դպրոցում․․․ Թեյ շոգենավի վրա։ Վերադարձանք երեկոյան ժամը 8-ին։

Հուլիսի 1-ին, ժամը 3-ին Պապաջանյանը առանձին ունկնդրություն ունեցավ Թալեաթ փաշայի մոտ։ Ուշացած լինելով, նա մյուսների հետ չէր ներկայացել մինչև այժմ։

Հուլիսի 2-ի երեկոյան Սուլթանի մահվան մասին լուր տարածվեց։

Հուլիսի 4-ին, առավոտյան ժամը 11-ին պատվիրակները և զորավար Կորգանովը հրավիրվեցին ներկա գտնվելու Սուլթանի հուղարկավորության հանդեսին։

Երեկոյան մեզ մոտ եկան Ադրբեջանի պատգամավորներից երկուսը՝ Խասմահմեդով և Սաֆիքյուրդսկի, որոնք մնացին մեզ մոտ ընթրիքի։

Հուլիսի 5-ին Ահարոնյանը և Խատիսյանը գնացին պալատ՝ շնորհավորելու նոր Սուլթանին։

Հուլիսի 7-ին Պապաջանյանը ունկնդրություն ունեցավ Էնվեր փաշայի մոտ։

Հուլիսի 8-ի երեկոյան պատվիրակները և զորավար Կորգանովը հրավիրված էին ճաշի Էնվեր փաշայի մոտ։

Հուլիսի 9-ի առավոտյան երեք պատվիրակները [Ահարոնյան, Խատիսյան, Պապաջանյան] և զորավար Կորգանովը գնացին տեսակցության Վեհիբ փաշայի մոտ՝ Քադըքյոյ։

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սուլթանի շնորհավորության հանդեսը Բայրամի առթիվ։ Երեք պատվիարկները [Ահարոնյան, Խատիսյան, Պապաջանյան], զորավար Կորգանովը և Հակոբ Քոչարյանը գնացին Դոլմաբահչեի պալատը։ Կովկասյան մյուս պատվիրակություններին տեղ էր տրված եվրոպական պետությունների դեսպանների շարքում՝ դահլիճի վերին հարկում։

Հուլիսի 11-ին Ահարոնյանը, Խատիսյանը և Պապաջանյանը գնացին շնորհավորելու թագաժառանգի Բայրամը։ Ընդունելությունը շատ սիրալիր էր։

Հետո նրանք այցելության և շնորհավորելու են գնացել Մեծ վեզիրին և մյուս նախարարներին։ Երեկոյան այցելության գնացին՝ շնորհավորելու Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի պատվիրակություններին։

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 1-31։ Բնագիր, ձեռագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 207-209: