Բոլշևիկյան զորքերը շարժվում են դեպի Արցախ. Համո Օհանջանյանը՝ Չիչերինին. 7 հունիս, 1920թ

6319

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինին, պատճենը՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Լևոն Շանթին

Հունիս 7, 1920 թվական

Ի պատասխան Ձեր թիվ 427 հեռագրի, պատիվ ունեմ հաղորդելու, որ Ձեր հայտագիրը հիմնված է Ձեզ հասած միանգամայն ստահոդ լուրերի վրա։

Հայաստանի հանրապետության կազմակերպման օրից կոմունիստական կազմակերպությունները, մյուս քաղաքական կազմակերպությունների նման, Հայաստանում օգտվում էին լիակատար ազատությամբ, համաձայն երկրի օրենքների․․․ չէին ենթարկվում ոչ մի ճնշումների, ինչպես այդ տեղի ուներ մյուս պետություններում։

Օգտվելով ազատությունից, կոմունիստական կուսակցության ղեկավարները, իրենց հերթին, քանիցս խոսք տվին, ակտիվ պայքար չմղել Հայաստանի ռամկավար կարգերի դեմ։ Դրությունը մնում էր անփոփոխ մինչև անցյալ մայիս ամիսը, երբ պետք է վերջնականապես վճռվեր Թուրքահայաստանի բախտը և Միացյալ Հայաստանի ստեղծման հարցը․․․

Հենց այդ բախտորոշ պատմական րոպեին ․․․Հայաստանի բոլոր խոշոր կենտրոններում փորձեր եղան երկրում երկրում առաջացնելու անիշխանություն․․․

Գաղափարական կոմունիստներ Մուսայելյանը և Ղարիբջանյանը, որոնք իբրև ռևկոմի անդամներ ապստամբություն բարձրացրին, նրանց կյանքը պաշտպանված է․․․

Հայաստանի կառավարությունը հաստատ հավատ ունի, որ կկարողանա ցրել բոլոր կասկածները Ռուսաստանի կառավարության և պատճառ չի դառնա մեր պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընդհատման, որոնց հետևանքին Հայաստանի ժողովուրդն անհամբեր ու պայծառ հույսերով սպասում է․․․

Միաժամանակ, ես չեմ կարող չմատնանշել Հայաստանի Հանրապետության անբաժան մասը կազմող Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ շարժվող խորհրդային զորքերի վրա։

Կառավարությունը կրկնակի պնդումով խնդրում է Ձեզնից կանգնեցնել շարժումը և դրանով հնարավորություն տալ ցանկապատելու Հայաստանի սահմանները և երաշխավորել երկրի ներքին խաղաղությունը։

Թիվ 3444, հունիս 7

Հայաստանի արտգործնախարար՝ Օհանջանյան

—————————

ՉԻՉԵՐԻՆԻ ԴԻՄՈՒՄԸ

(Անթել հեռագիր, Մոսկուայից Երեւան)

Երեւան, արտաքին գործերի նախարար Օհանջանեանին

Մօսկւա, 4 յունիս. – Արժանահաւատ տեղեկութիւնների համաձայն Ալէքսանդրապօլում, Երեւանում, Սարիղամիշում, Ղարսում և Հայաստանի այլ քաղաքներում հարիւրներով կօմունիստներ են ձերբակալւած:

Հայաստանի կառավարութիւնը թոյլ է տալիս ինքնադատ և գաղտնի գնդակահարում է կօմմունիստներին, յատկապէս գնդակահարւած է ընկեր Միքօեանը: Սովետական կառավարութիւնը մեծ վրդովմունքով իմացաւ այն կամայականութիւնների մասին, որ գործ են դրւում Հայաստանի կօմունիստական շարժման գործիչների նկատմամբ:

Ռուսաստանը այս ժամին բանակցութիւններ է վարում Մօսկւայում Հայաստանի կառավարութեան պատւիրակութեան հետ, և նա վճռել է հաստատօրէն օգել հայ ժողովրդին իր կրած ծանր փորձութիւնների մէջ, որոնցից մինչեւ այժմ էլ դեռ չի ազատուել:

Ռուսաստանը մտադիր է միջոցներ ձեռք առնել՝ Հայաստանի սահմանների վրա կարգ ստեղծել և, միջնորդութիւն ստանձնելով Հայաստանի և նրան շրջապատող պետութիւնների միջեւ, հայ ժողովրդի կենսունակ և խաղաղ բարգաւաճման համար պայմաններ կերտել:

Հայ կօմմունիստների նկատմամբ գործ դրւած կամայականութիւնների մասին տեղեկութիւններ ստանալուց յետոյ, Ռուսաստանի կառավարութիւնը չի կարող հանգիստ կերպով քննել ձեր պատւիրակների հետ Հայաստանի դրութիւնը և նրա հետ կնքելիք բարեկամական դաշինքի պայմանները:

Սօվետական կառավարութիւնը պնդում է, որ անմիջապէս արձակւեն կօմմունիստ բանտարկեալները և անյապաղօրէն դադարեցւեն Հայաստանի կօմմունիստական շարժման գործիչների ինքնադատներն ու գնդակահարութիւնները: Մենք խնդրում ենք ձեր կարգադրութիւնների մասին հաղորդել մեզ որպեսզի ձեր պատուիրակութեան հետ ունենալիք մտքերի փոխանակութեան արգելքները վերացւեն:

Արտաքին գործերի կօմիսար՝ Չիչերին

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 127, շաբաթ, 19 յունիս, 1920