Հանդիսավոր ճաշկերույթ թուրքերի կողմից՝ Բաթումի դաշնագրի առիթով. հունիսի 5, 1918թ

3536
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ի ամռանը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Հինգերորդ գլուխ

Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը 

Պարզ է, որ Վեհիբ փաշան երկու կողմից էր ուզում ազդել վրացիների վրա՝ սպառնալով գրավել Թիֆլիսը և սպառնալով հայկական նոր կոտորած Թիֆլիսում: Գիշերվա ժամը 1-ին ես գնացի վրաց պատվիրակության նախագահ Նոյ Ռամիշվիլու մոտ և հաղոդեցի Վեհիբ փաշայի հետ ունեցած խոսակցությունս: Ռամիշվիլին շատ հուզված էր: Նա իր ձեռքում ուներ իր կառավարության կտրուկ հրամանը՝ չստորագրել դաշնագիրը, մինչև որ թուրքերը սահմանների հարցում որոշ զիջումներ չանեն: Եվ որովհետև արդեն ուշ էր, նա հնարավորություն չուներ բանակցել Թիֆլիսի հետ: Իսկ Թիֆլիսի գրավումը ոչ մի  պարագայում չէր ուզում թույլ տալ: Վերջապես գիշերվա ժամը 3-ին էր, որ համաձայնվեց ստորագրել դաշնագիրը՝ այդ մասին հատուկ նամակով հաղորդելով Վեհիբ փաշային՝ խնդրելով միայն, որ թուրքերը սահմանների հարցում որոշ զիջում անեն:

Հետևյալ օրը ստորագրվեց թուրք-վրացական դաշնագիրը, և թուրքերը Աբասթումանը զիջեցին վրացիներին:

Հունիսի 5-ի երեկոյան թուրքական պատվիրակությունը մեզ բոլորիս հրավիրեց հանդիսավոր ճաշկերույթի: Ներկա էին կովկասյան բոլոր պատվիրակությունները և Պոլսից եկած բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ և օրագրողներ: Դաշնագրերի վավերացումը նշանակված էր մեկ ամիս անց՝ Պոլսում: Հունիսի 6-ին բոլոր պատվիրակությունները մեկնեցին Բաթումից: Մենք վերադարձանք Թիֆլիս՝ բերելով մեզ հետ հաշտությոն դաշինքը, որի բնագիրը այժմ պահվում է Էջմիածնի թանգարանում, իսկ պատճենը տպված է երեք լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն և հայերեն:

Հունիսի 4-ին հաշտության դաշինքի հետ միասին Բաթումում մենք թուրքերի և մեր կովկասյան հարևանների հետ կնքեցինք հատուկ համաձայնություն երկաթուղային գույքերի բաշխման մասին՝ ըստ յուրաքանչյուր պետության երկաթուղագծի երկարության: Հարկավ, այս համաձայնությունը երկաթուղային գրեթե ամբողջ գույքը տալիս էր վրացիներին, թաթարներին ու թուրքերին, որովհետև վրացիներն ունեին մոտ 500 հարյուր վերստ երկաթուղագիծ, թուրքերն ու թաթարները միասին՝ 700 հարյուր, իսկ մենք միայն 13 վերստ: Այս համաձայնությունը ուժի մեջ չմտավ հետագա դեպքերի հետևանքով: Մեկ ուրիշ համաձայնություն էլ կնքվեց գերիների փոխանակության մասին:

Երբ Անդրկովկասյան հանրապետությունները հաշտություն կնքեցին Թուրքիայի հետ, անմիջապես հերթական դարձավ սահմանների խնդիրը նորակազմ հանրապետությունների միջև: Հրապարակ եկան Լոռիի, Ղազախի, Զանգեզուրի, Սևանա լճի, Ղարաբաղի, Նախիջևանի և այլ կնճռոտ սահմանային խնդիրներ: Թուրքերը ցանկացան վարցահատույց լինել հայերին ի հաշիվ վրացիների և առաջարկեցին իրենց ծառայությունը մեր և վրացիների միջև եղած սահմանների խնդիրը մեզ համար նպաստավոր կերպով կարգադրելու: Ադրբեջանցիները ևս, որոնք նույնպես վեճ ունեին վրացիների հետ Զաքաթալայի շրջանի և Բորչալուի գավառի մի մասի վերաբերյալ, նույնպես ակնկալում էին թուրքերի աջակցությունը: Վրացիները հատուկ գրությամբ թուրքերին խնդրեցին չխառնվել Անդրկովկասյան հանրապետությունների սահմանային վեճերի մեջ: Հունիսի 7-ին գերմանացի զորավար Ֆոն Լոսովը Վրաստանի կառավարությանը հաղորդեց, որ «Գերմանական պահակազորին հրաման է տրվել թշնամաբար չվերաբերվել Թուրքերի նկատմամբ, բայց անպայման մնալ իրենց տեղերում և հայտնել թուրքերին, որ իրենք  գրաված են այնտեղ Գերմանական բարձր հրամանատարության հրամանով»: Այսպիսով, Գերմանիան հովանավորության ու պաշտպանության տակ էր առնում Վրաստանի սահմանները: Մայիսի կեսին Թիֆլիս հասած գերմանացի զորավար Ֆոն Կրեսի առաքելությունը դարձավ Վրաստանի փաստական իշխանությունը:

Գերմանական մի առաքելություն մեկնեց Երևան, բայց միայն զինվորներ:

Երբ մեր պատվիրակությունը Բաթումից վերադարձավ Թիֆլիս, Հայոց Ազգային խորհուրդը անմիջապես ձեռնամուխ եղավ Հայաստանի կառավարության կազմավորմանը: Վարչապետության թեկնածու երեք հոգի էին, բայց մի շարք նկատառումներով՝ միաձայնությամբ որոշվեց ընտրել Հովհաննես Քաջազնունուն: Մյուս երկու թեկնածուները՝ Կարճիկյանը և ես մտանք Քաջազնունու դահլիճի կազմ, ես իբրև արտաքին գործերի, իսկ Կարճիկյանը՝ ելևմտական և խնամատարության նախարար: