1918թ հունիսի 4-ի Բաթումի դաշնագրին կից Լրացուցիչ պայմանագիր. տեքստ

8688

1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսրությունը և Հայաստանի Հանրապետությունը կնքեցին դաշնագիր: Այդ դաշնագրին կից ստորագրվեցին երկու լրացուցիչ պայմանագրեր, որոնց բովանդակության մասին տեղյակ է մասնագետների նեղ շրջանակ: Ավելին, լրացուցիչ այդ պայմանագրերը, ի տարբերություն Բաթումի դաշնագրի տեքստի, անգամ չկա համացանցում՝ հայկական որևէ տեղեկատվական հարթակում:

ԱՆԻ կենտրոնը առաջինն է, որ ներկայացնում է դրանք: Այն վերցրել ենք խորհրդահայ պատմաբան Խաչիկ Բադալյանի ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1918 ԹՎԱԿԱՆԻՆ գրքից (Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1962, էջ 189-193), ով դրանք վերցրել է արխիվից (ՀՍՍՌ ԿՊՊԱ, Ֆ. 68/200, գ. 11, թ. 120-121), որտեղ դրանք պահվում են, ռուսերենով:

—–

Օսմանյան Կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև 1918 թ. հունիսի 4-ին կնքված Հաշտության և բարեկամության դաշնագրին կից

                                         Լրացուցիչ պայմանագիր

Օսմանյան Կայսրության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համակված ընդհանուր պատերազմի առաջացրած հարցերը և անմիջականորեն դրանց վերաբերող հարցերը լուծելու ցանկությամբ, որոշեցին կնքել ժամանակավոր լրացուցիչ պայմանագիր, որը կպահպանի իր ուժը մինչև ընդհանուր պատերազմի վերջը, և իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.

Օսմանյան կառավարություն

Պատգամավոր, արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ, նորին գերազանցություն Խալիլ բեյ, առաջին պատվիրակ,

Կովկասյան ռազմաճակատում օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մեհմեդ փաշա, ռազմական պատվիրակ:

Հայաստանի Հանրապետություն

Պարոն Ալեքսանդր Խատիսով, պատվիրակության նախագահ,

Պարոն Ռուբեն [Հովհաննես] Քաջազնունի, պատվիրակ,

Պարոն Միքայել Պապաջանով, պատվիրակ:

Այս անձնավորությունները, փոխադարձաբար ծանոթանալով ներկայացված լիազորություններին և գտնելով դրանք միանգամայն ճիշտ, եկան հետևյալ համաձայնության:

Հոդված 1

Հայկական Հանրապետության կառավարությունն անհապաղ ձեռնամուխ կլինի իր զորքերի զորացրմանը: Այդ զորքերի քանակը, ինչպես և այն ռազմական շրջանները, որոնց մեջ դրանք կլինեն, կորոշվեն Օսմանյան կայսերական կառավարության հետ համաձայնեցնելով, ընդհանուր պատերազմի ամբողջ ժամանակաշրջանի համար:

Հոդված 2

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է իր տարածքից անհապաղ հեռացնել այն երկրների սպաներին և քաղաքացիական աստիճանավորներին, որոնք գտնվում են Թուրքիայի կամ նրա դաշնակիցների հետ պատերազմական վիճակում, ինչպես և նշված պատերազմող երկրների դաշնակիցների սպաներին և աստիճանավորներին:

Բացի դրանից, ընդհանուր պատերազմի ամբողջ ժամանակամիջոցում Հայկական Հանրապետության կառավարությունը իր ծառայության չի ընդունի ոչ մի սպայի և առհասարակ ոչ ոքի՝ վերոհիշյալ պատերազմող երկրներից կամ նրանց դաշնակիցներից:

Հոդված 3

  1. Հայկական Հանրապետության կառավարությունը համաձայնություն է հայտնում, որ օսմանյան բանակը կատարի ամեն տեսակի ռազմական փոխադրումներ՝ տրանզիտով (զորքերի, զինվորների, հանդերձանքի, ռազմական նյութեղենի, ամունիցիայի, պարենի և այլ փոխադրումներ): Ինքնըստիքյան հասկանալի է, որ այդ փոխադրումները չեն ձեռնարկվի ընդդեմ Հայկական կառավարության:
  2. Օսմանյան բանակի հրամանատարի նշանակած հանձնաժողովը, Հայաստանի կառավարության հանձնաժողովի հետ համաձայնեցնելով և հանրապետության երկաթուղիների առավելագույն փոխադրունակությանը համապատասխան, կպատրաստի և կսահմանի առաջին պարբերությունում նշված փոխադրումների հիմքերն ու մանրամասնությունները: Տրանսպորտը պետք է լրացվի Հայկական Հանրապետության երկաթուղիների վարչության միջոցների և անձնակազմի հաշվին, Օսմանյան հանձնաժողովի ցուցումներով՝ ստացված օսմանյան բանակի հրամանատարից:
  1. Կարևորագույն կայարաններին կկցվի մի օսմանյան սպա՝ բավարար թվով օգնականներով, երկու կողմերի երկաթուղային հանձնաժողովների ընդհանուր համաձայնությամբ, որպեսզի այնտեղ ապահովվի թուրքական զորքերի մատակարումն ու հանգիստը և հետևի, որ փոխադրումները կատարվեն համաձայն երթուղու և տրված հրահանգների: Այդ սպան չի մտնի այն կայարանի պետի իրավունքների ոլորտը, որին նա կցված կլինի: Հայկական Հանրապետությունը կաշխատի, ըստ հնարավորին, հեշտացնել զորքերի փոխադրումների ժամանակ նրանց սննդի համար անհրաժեշտ մթերքների՝ օսմանյան սպայի կողմից կատարվող գնումները:
  2. 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված հանձնաժողովները իրենց աշխատանքները կսկսեն Երևանում, ամենաուշը սույն պայմանագրի ստորագրումից մի շաբաթ անց: Մինչ այդ, հանրապետության երկաթուղիների վարչությունը կհավաքի և կպատրաստի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները երկաթուղիների վիճակի, անշարժ գույքի ու շարժակազմի մասին և դրանով հնարավորություն կտա առանց ուշացման հաշվելու երկաթուղիների առավելագույն փոխադրունակությունը:
  1. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է բարվոք վիճակում պահել ինչպես երկաթուղիները, այնպես էլ շարժակազմը, ըստ հնարավորին արագ վերացնել պատահական պատճառներով կամ հանցագործությունների հետևանքով առաջացած վնասվածքերն ու ավերումները:
  2. Հայաստանի կառավարությունը, ամեն մի կորուստ, դիտավորյալ փչացում, ինչպես և երկու կողմերի միջև ամեն մի թյուրիմացություն կանխելու նպատակով, պարտավորվում է զինվորական պահակություն դնել երկաթուղու այն գծամասերում, որտեղ նա անհրաժեշտ կգտնի: Եթե նշված կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չի կարողանա իր զորքերով պահպանել երկաթուղիների որևէ գծամաս, ապա այդ գծամասի պահպանության համար կդրվեն օսմանյան զորքեր՝ Հայաստանի կառավարության նախնական համաձայնությամբ:
  3. Հայկական հանրապետության կառավարությունը պարտավորվում է ցրել ամեն մի ուժ, որ նպատակ կունենա խանգարել հիշյալ փոխադրումներին: Եթե նա ինքը ի վիճակի չլինի այդ անելու, ապա օսմանյան զորքերը կմիջամտեն այդ խոչնդոտների վերացման համար՝ գործելով Հայաստանի կառավարության համաձայնությամբ: Խոչնդոտների վերացումից հետո, գծի անվտանգությունը կապահովվի ու կպահպանվի՝ 6-րդ պարբերության բովանդակության համաձայն:
  4. Օսմանյան բանակը, որքանով որ այդ թույլ կտան օսմանյան ռազմական փոխադրումները, կաշխատի չդժվարացնել հանրապետության երկաթուղիներով կատարվող ինչպես ռազմական, այնպես էլ մասնավոր փոխադրումները:
  5. Վերոհիշյալ դրույթները կկիրառվեն նաև Հայաստանի Հանրապետության այլ ճանապարհներով կատարվող ռազմական փոխադրումների նկատմամբ:

Հոդված 4

Օսմանյան կայսերական կառավարությունը իրավունք ունի թույլ տալ իր դաշնակիցների զորքերին օգտվելու այն իրավունքներից, որ տալիս է նրան 3-րդ հոդվածը:

Հոդված 5

Ռազմագերիների փոխանակության մասին Օսմանյան կայսերական կառավարության և նախկին Անդրկովկասյան Համադաշնության կառավարության միջև կնքված կոնվենցիան, որի պատճենը կցվում է սույն պայմանագրին, կպահպանի իր ուժը՝ պայմանավորվող երկու կողմերի համար:

Հոդված 6

Սույն լրացուցիչ պայմանագիրը ուժի մեջ կմտնի ստորագրելու օրվանից: Նրա վավերացված օրինակները կփոխանակվեն Կոստանդնուպոլսում, մեկ ամսվա ընթացքում, կամ ավելի շուտ, եթե դա հնարավոր կլինի:

Ի հաստատումն դրա, լիազորվածները ստորագրեցին սույն լրացուցիչ պայմանագիրը և դրեցին նրա վրա իրենց կնիքները:

Ստորագրված է՝ Խալիլ, Վեհիբ, Ալ. Խատիսով, Մ. Պապաջանով, Ռ. Քաջազնունի

ՀՍՍՌ ԿՊՊԱ, Ֆ. 68/200, գ. 11, թ. 120-121:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/03/31/batum-treaty-1918/