Շրվենանց գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

1540

Շրվենանց գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում:

Շրվենանցը գտնվում է մարզկենտրոն Կապանից 20 կմ հեռավորության, ծովի մակարդակից շուրջ 1100 մետր բարձրության վրա, Խոտանան գետի ձախափնյա լեռնալանջին: Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ այսօր գյուղն ունի 69 բնակիչ:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Շրվենանցը ընդգրկված էր Տաթևի վանքի հաշվացուցակում և համարվում էր Սյունիքի մարզի հին բնակավայրերից։ Անվան ծագումը, ըստ ավանդության, կապված է Սյունյաց Շրվեն մելիքի հետ։
Շրվենանցի տարածքում կան գերեզմանոցներ (9-19դդ.), եկեղեցիներ (9-11դդ.)։
Շրվենանցը գտնվում էր Նորաշենիկի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է
1991թ.՝ կազմավորելով ինքնուրույն վարչական միավոր, ապա մաս կազմել խոշորացված Կապանի համայնքի։

Գյուղում կա եկեղեցի (1899թ.), մոտ 2 կմ արևելք՝ Չորեքդռնի ավերակ վանք, 1 կմ
հյուսիս-արևելք՝ գերեզմանատներ, խաչքարեր։

Շրվենանցի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 53 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 96 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 236 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 260 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 300 հոգի,

1914 թվական – 301 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 220 հոգի,

1922 թվական – 265 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 216 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 213-ը հայ, 3-ը՝ պարսիկ,

1931 թվական – 204 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Շրվենանցն ունեցել է.

1939 թվական – 250 հոգի,

1959 թվական – 177 հոգի,

1970 թվական – 139 հոգի:

Շրվենանց գյուղի դպրոցը, որը կրում էր «Շրվենանց Գյուղի Հայոց Եկեղեցական Երկդասյան-Երկսեռ Գ.Ի. Տեր-Մարգարյան» անվանումը, կառուցել է հայտնի նավթարդյունաբերող Գասպար Իվանիչ Տեր Մարգարյանցը 1901 թվականին: Դպրոցում դասավանդում էին բարձրագույն կրթությամբ ուսուցիչներ, իսկ գրադարանն ունեցել է ավելի քան 3000 գիրք: Առաջին անգամ դպրոցում կազմակերպվեց տոնածառի հանդես 1910 թվականին:

 

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Լուսանկարում՝ Շրվենանց գյուղի դպրոցը՝ կառուցված 1901թ, լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Կարդալ և դիտել նաև՝

Կարդալ նաև՝

Շրվենանց. Կապանի գյուղաշխարհը