Թուրքական վերջնագիրը. 31 մայիս, 1918թ, «Հորիզոն»

1737

Խմբագրական ՀՈՐԻԶՈՆ-ի, Թիֆլիս, 31 մայիսի, թիւ 103

Ուլտիմատումը

Թիւրքիայի ներկայացրած ուլտիմատումը մի հրէշային ակտ է իր ամբողջութեամբ և մանրամասնութիւններով: Աւելի անողորմ լինել դէպի թշնամին, քան այս ուլտիմատումով Թիւրքիան դէպի հայ ժողովուրդը, աներևակայելի է: Գիտենք, վաղուց է ասւած, wae wictis! Բայց թիւրքական վերջնագրի բոլոր ծանրութիւնն զգալի դարձնելու համար “վա՜յ յաղթածներին” արտայայտութիւնն էլ թոյլ է:

Մենք երեկ աշխատեցինք ամենաընդհանուր գծերով պատկերացնել մեր կացութիւնը և բացատրել, թէ ինչպէս պէտք է հասկանալ “Մենք յաղթւած ենք” ճշմարտութիւնը:

Աւելի ճիշտ կը լինէր ասել – “վա՜յ թոյլին, երբ ուժեղը կամենում է կուլ տալ նրան”:

Եւ սակայն այնուամենայնիւ մեզ թւում է, որ այլ ելք չի մնացել մեր ժողովրդի համար ստեղծւած ներկայ քաղաքական պայմանների մէջ, քան խմել դառնոսւթեան բաժակը մինչև վերջին կաթիլը:

Մենք հաւատացած ենք, որ եթէ Հայոց Ազգային Խորհուրդը հարկադրւած է ընդունել թիւրքական այս սոսկալի վերջնագիրը, ապա նա, բացի այն ամեն աննպաստ հանգամանքներից, որոնց մասին մենք թռուցիկ կերպով յիշատակեցինք երեկ, անտարակոյս  ունի և այլ բազմաթիւ ծանրակշիռ նկատառումներ, ինչպէս նաեւ մեր թէ տեղակա, թէ ճակատի զինւորական ղեկավար անձանց և մարմինների կարծիքը:

Բնականաբար հարց է առաջ գալիս, թէ՝եթէ Ազգային խորհուրդը տայ իր համաձայնութիւնը ընդունելու այդ վերջնագիրը, կը փրկւի արդեօք ժողովրդի գոնէ ֆիզիքական գոյութիւնը, և արդեօք թիւրքերը կարճ ժամանակից յետոյ չե՞ն ներկայացնելու նորանոր պահանջներ: Այս հարցին փոքր ի շատէ վստահ կերպով  ի հարկէ ոչ ոք չի կարող պատասխանել: Իսկ հաւանականութեան սահմաններում կարելի է միայն ենթադրութիւն անել թէ դրական, թէ բացասական իմաստով:

Բայց այս հարցի այս կամ այն իմաստով արւած հաւանական պատասխան էլ չի կարող մեծ ազդեցութիւն գործել Ազգային խորհրդի բռնելիք դիրքի և որոշման վրայ, քանի որ նա կարող է հիմնւել միայն մեր ներկայ կացութեան և ռէեալ պայմանների փաստային տւեալների վրայ և չի կարող ծանրութեան կենտրոնը տեղափոխել ենթադրութիւնների և ապագայի մշուշոտ հեռանկարների աշխարհը, մանաւանդ այս համաշխարհային մեծ ջրապտոյտի ժամանակ, երբ օրերն ու ժամերն իսկ յղի են ամեն տեսակ անակնկալներով և բարդութիւններով:

Մի հանգամանք ևս: Եթէ անխուսափելի է թիւրքական ուլտիմատումը ընդունելը, ապա Ազգային Խորհուրդը և մամուլը պարտաւոր են ամենաեռանդուն միջոցներով  և շուտափոյթ կերպով մանրամասնորէն պատճառաբանել այդ ծանր քայլի էութիւնը, ամենալայն չափով պարզել բոլոր նկատառումներն ու դրդապատճառները , և հրահանգել մեր ժողովրդին, թէկուզ ճմլւած սրտով, բայց ամենայն սառնասրտութեամբ և զգաստութեամբ հաշտւել անխուսափելի դժբախտութեան հետ և հանգիստ նստել իրենց բնակավայրերում, քանի որ փախուստը և գաղթը առհասարկ կործանարար են ժողովրդի համար, մանաւանդ որ նա գաղթելու, քաշւելու, հեռանալու  մի հանգիստ վայր ու ապահով ճանապարհ էլ չունի:

Այս տողերը շարւած էին արդէն, որ ստացանք Հայոց Ազգային Խորհրդի դիմումը հայ ժողովրդին, որ և հրապարակւում է այս համարում:

Խմբ.