Թուրքերի վերջնագիրը Բաթումի պատվիրակներին. մայիս 25, 1918

3289
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ին վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր թուրքերի հետ:

_______________________________

Չորրորդ գլուխ

Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները

1918 ապրիլ 1-մայիս 26

Երբ Ջեմալ փաշան հեռացավ Բաթումից, մյուս օրն իսկ հանդիպեցի Կոմս Շուլենբերգին, որ նոր էր եկել Բեռլինից: Շատ հետաքրքրական մարդ էր նա: Բաթում էր եկել որպես գերմանացի սպա: Նրան ճանաչում էի դեռ 1912թ.: Պատերազմից առաջ եղել էր Թիֆլիսում Գերմանիայի գլխավոր հյուպատոսը, խոսում էր ռուսերեն և ֆրանսերեն, լավ կապեր ուներ Թիֆլիսի ամենաբարձր հասարակության հետ և ամենալայն ու ամենախորը կերպով ուսումնասիրել էր Կովկասի կյանքը: Պատերազմից մեկ ամիս առա Կոմս Շուլենբերգը արձակուրդով մեկնեց հայրենիք: Եվ 1914-ին, երբ Էնվեր և Իհսան փաշաները երեք զորաբանակներով հարձակում գործեցին Կովկասի վրա, նրանց սպայակույտում էր նաև Կոմս Շուլենբերգը: Երբ թուրքերը պարտվեցին, նա էլ անհետացավ: Ռուս զորավարները ուզում էին նրան գերի վերցնել: Եվ ահա, նա հանկարծ երևաց Բաթումում: Նա ինձ բացատրեց, որ նշանակվել է Կովկասում գերմանական զինվորական-քաղաքացիական առաքելության անդամ:

Ես նրան բացատրեցի մեր տեսակետը, և նա, ընդառաջ գալով մեզ, ասաց. «Մենք՝ գերմանացիներս, շահագրգռված ենք Անդրկովկասի անկախությամբ: Եթե դուք՝ հայերդ, օգնեք Լոռիի շրջանի գերմանացի պանրագործներին և գործանատերերին, այն ժամանակ մենք կօգնենք, որ ձեզ համար նպաստավոր կերպով լուծվի վիճելի այդ շրջանի բախտը»: Պետք է ասել, որ այդ շրջանում էր գտնվում գերմանական խոշոր գործարան Ֆոն Կուչենբախի անունով, ինչպես նաև՝ մի շարք ուրիշ մանր գործարաններ: Այդ շրջանի նկատմամբ հավակնություն ունեին վրացիները, և այդ պատճառով է, որ հետո տեղի ունեցավ հայ-վրացական պատերազմը, որից հետո այն ստացավ չեզոք գոտի անունը:

Կոմս Շուլենբերգը, ծանոթանալով իրերի վիճակին, մայիսի 23-ին մեկնեց Թիֆլիս:

Ֆոն Լոսովը, մեզանից ստանալով համաձայնություն իր արած առաջարկի համար, նույն պահանջով դիմեց նաև թուրքերին, բայց նրանցից մերժում ստացավ: Մայիսի 24-ին մեր պատվիրակությանը հաղորդեց, որ իր միջամտության ջանքերը, դժբախտաբար, հաջողություն չեն ունեցել:

Մայիսի 25-ին Չիչերինը Մոսկվայից հեռագրով գերմանական կառավարությանը հաղորդել էր, որ խորհրդային կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել Անդրկովկասյան կառավարության հետ Անդրկովկասին մոտ գտնվող որևէ քաղաքում, առանց նախօրոք վճռելու Անդրկովկասի անկախության խնդիրը:

Երբ Բաթումում ի դերև էին գալիս հաշտության փորձերը Անդրկովկասի և Թուրքիայի միջև, և գերմանական միջնորդության առաջարկները ապարդյուն էին անցնում, հայկական շրջաններում տեղի էր ունենում կանոնավոր պատերազմ, որի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից ամենից կարևոր և պատմական նշանակություն ունեցան երկու ճակատամարտեր՝ Սարդարապատում՝ մայիսի 24-29-ը, և Ղարաքիլիսայում՝ մայիսի 25-29-ը:

Իմ նպատակը չէ այստեղ մանրամասնորեն նկարագրել այդ ճակատամարտերը, բայց այն, ինչ որ ինձ ասել էին ռուս, թուրք և հայ զինվորկան հեղինակավոր անձինք, իրավունք է տալիս պնդելու, որ այդ ճակատամարտերը հայ զենքի ամենից լուրջ և փայլուն կռիվներն էին: Սարդարապատի հերոսներն էին Դրոն և զորավար Սիլիկյանը:

Ֆրանսիացի կապիտան Պուատեպարը իր ծանոթ գրքում հետևյալ կերպով է գնահատում Սարդարապատի ճակատամարտը. «Երկրորդ հայկական դիվիզիան զորավար Սիլիկյանի հրամանատարությամբ պաշտպանում էր Արաքսի հովիտը՝ Երևանից դեպի հարավ, քաղաքից մի քանի վերստ հեռավորության վրա: Շեվքի փաշայի ամբողջ բանակը կանգնած էր նրա դեմ: Մայիսի 24-ին զորավար Սիլիկյանը այնպիսի ուժով գրոհ տվեց թուրքերի վրա, որ կատարելապես ջախջախեց նրանց, և հայկական հեզելազորը հալածեց թուրքերին մինչև Ալեքսանդրապոլի բարձունքները: Միմիայն ռազմամթերքի պակասն էր, որ կանգնեցրեց այդ հետապնդումը»:

Այս փայլուն ճակատամարտը փրկեց Երևանը՝ Հայաստանի ապագա մայրաքաղաքը: Այս ճակատամարտը նոր հաղթանակների ոգի ներշնչեց հայ զինվորին:

Գրեթե միաժամանակ, մայիսի 25-ին, թուրքական զորամասերը առաջանալով դեպի Թիֆլիս, ճակատամարտի բռնվեցին հայկական առաջին դիվիզիայի հետ Ղարաքիլիսայի մոտ: Կռիվը տևեց չորս օր: Հայկական դիմադրական ուժը, թուրքական սպայակույտի իսկ վկայությամբ, սքանչելի էր և լավագույնը ամբողջ պատերազմի ընթացքում:

«Բայց թշնամու գերազանց հրետանու հարվածներից և ռազմամերքի պակասից ստիպված, հայերը տեղի տվեցին թուրքերի գերազանց ուժին: Եվ հայկական առաջին դիվիզիայի մնացորդները նահանջեցին դեպի Երևան, իսկ թուրքերը Ղարաքիլիսայում կոտորեցին 7.000 բնակիչներ և գերիներ»,- գրում է Պուատեպարը:

Մայիսի 28-ին Թիֆլիսում հայտարարվել էր Հայաստանի անկախությունը: Սարդարապատը և Ղարաքիլիսան ստեղծել էին մեր ժողովրդի այն ռազմական ոգին և կամքը, որ անհրաժեշտ են անկախ պետություն կազմելու համար: Վեհիբ փաշան խոսակցության ժամանակ ինձ անձամբ ասաց, որ դիմադրական թափի, քաջության և արիության տեսակետով Ղարաքիլիսայի ճակատամարտը իրեն հիշեցրել է Դարդանելի համառ կռիվները, որոնց ինքը մասնակցել է:

Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո այլևս լուրջ կռիվներ տեղի չունեցան, բացի Լոռու և Բորչալուի շրջանների, որտեղ թաթարները կոտորում էին հայերին, որտեղ որ հանդիպում էին:  Զորավար Կորգանյանի աչքի առաջ թաթարները կոտորել էին 20 հայ երեխաների և մի հայ ուսուցչուհու, իսկ իրեն էլ տարել էին անտառ՝ մտածելով, որ նա Անդրանիկն է: Գերմանական Եկատերինենֆիլդ գյուղի մոտ թաթարները դաշտում շրջապատել էին 300-ի չափ հայերի և կոտորել, ինչպես այդ մասին իր կառավարությանը հաղորդել էր գերմանացի սպա Վալքերը: Իսկ նախկին գերման հյուպատոս Անդերսը մայիսի 14-ին Կարսից հաղորդել էր Երզնկա-Էրզրում –Կարս ճանապարհին թուրքերի վայրագությունների մասին:

Մայիսի 25-ը Բաթումում մեզ համար ողբերգական օր էր: Գերման զորավարի միջնորդության ձախողումից հետո մենք ընկել էինք անել վիճակի մեջ: Թաթարներն ու վրացիները չէին ուզում պատերազմել: Թաթարները պահանջում էին հաշտություն որևէ գնով, իսկ վրացիները իրենց ապահովել էին գերմանական ուժով: Եվ մենք էինք միայն, որ պատերազմում էինք Սարդարապատում և Ղարաքիլիսայում: Մեր ճամփաները բաժանված էին, և բացարձակապես անկարող էինք ընդհանուր լեզու գտնել: Օդում արդեն զգացվում էր, որ Անդրկովկասյան հանրապետությունը քայքայվելու է, բայց ինչպես հանգուցյալի տանը մահվան մասին չեն խոսում, այնպես էլ խուսափում էինք որևէ ակնարկ անել Անդրկովկասյան հանրապետության քայքայման ու անդամահատության մասին:

Այդ մասին, սակայն, առաջին խոսքն ասաց զորավար Ֆոն Լոսովը, որ մայիսի 25-ին, երեկոյան ժամը 7-ին, նամակով հայտնեց մեզ, որ իր ունեցած հաստատ տեղեկությունների հիման վրա, Անդրկովկասյան հանրապետությունը  քայքայման վիճակում է, և որովհետև ինքը լիազորություններ ունի Անդրկովկասի հանրապետության և կառավարության վերաբերյալ, ուստի այժմ, երբ այդ հանրապետությունը և կառավարությունը խնդրական էր դառնում, ավելորդ է նկատում այլևս ժամանակ կորցնել Բաթումում և որոշել է նույն երեկոյան իսկ գերման «Միննա Խորի» նավով մեկնել Բաթումից:

Երեկոյան ուշ ժամին Քաջազնունու հետ գնացինք զորավարի մոտ՝ «Միննա Խորի» նավ, նրանից խնդրելով, որպեսզի պաշտպանի մեր նվազագույն արդար պահանջները գերմանական կառավարության մոտ: Զորավարը խոստացավ և խորհուրդ տվեց Հայոց Ազգային խորհրդի կողմից անմիջապես ներկայացուցիչներ ուղարկել Բեռլին:

Նավի մեկնումից հետո, գիշերվա ժամը 12-ին վերադառնալով հյուրանոց, ես իմացա, որ Բաթում է եկել Ժորդանիան՝ Վրաստանի ապագա կառավարության նախագահը: Նա եկել էր Վրաստանի անկախության հայտարարության հետ կապված խնդիրների մասին Չխենկելիի հետ խորհրդակցելու նպատակով: Հետևյալ օրը՝ մայիսի 26-ին, որոշվել էր հայտարարել Վրաստանի անկախությունը, և Ժորդանիան շտապում էր:

Լինելով վրաց մենշևիկ կուսակցության կենտրոնական կոմիտեի, ինչպես նաև Վրաց Ազգային խորհրդի նախագահը, վրացիների մեջ Ժորդանիան կենտրոնական դեմքն էր: Նրան ճանաչում եմ 1900 թվականից: Շատ խելացի և իր ժողովրդի հոգեբանությունը լավ ըմբռնող հմուտ քաղաքագետ է՝ լավ պատրաստված տեսական հարցերում: Նրա ազդեցությունը վրաց զանգվածների վրա հսկայական է: Շատ գեշ կակազելով է խոսում, բայց ճառերը կառուցվածքի և մտքերի տեսակետով գեղեցիկ են: Դեմքի մկանները գրեթե խաղ չունեն և հիշեցնում են եգիպտական քրմապետի արտահայտություն:

Տեղեկանալով Ժորդանիայի գալու նպատակի մասին, ես անմիջապես գնացի նրա մոտ: Նրա հետ էր պրոֆեսոր Ավալովը՝ նույնպես վրացի: Ժորդանիան պատմեց Թիֆլիսում տիրող տրամադրությունների մասին, հաղորդեց, որ հայերը շարունակում են պատերազմել թուրքերի դեմ, որ թուրքերը սանձարձակ կերպով շարունակում են իրենց առաջխաղացումը և հայտնեց, թե նման պայմաններում վրացիներին ուրիշ բան չի մնում, քան հայտարարել Վրաստանի անկախությունը:

– Ինչպե՞ս,- բացականչեցի ես,- չէ՞ որ մենք և դուք միասին պատերազմի մեջ ենք՝ ընդհանուր պատերազմի մեջ ընդհանուր թշնամու դեմ: Ինչպե՞ս եք կարող լքել մեզ, երբ մենք դեռ արյուն ենք թափում: Մի՞թե սա ազնիվ բան է:

– Ազնիվ բան է այն, ինչ որ օգտակար է ժողովրդին,- պատասխանեց Ժորդանիան:

– Այո,- ասացի ես,- իսկ մե՞նք:

– Մենք չենք կարող խեղդվել ձեզ հետ միասին,- պատասխանեց Ժորդանիան,- Մեր ժողովուրդը ուզում է փրկել այն, ինչ որ կարող է: Դուք էլ պարտավոր եք համաձայնության լեզու գտնել թուրքերի հետ: Այլ ելք չունենք:

Սրանով վերջացավ մեր խոսակցությունը: Մի ժամ հետո Ժորդանիան վրաց պատվիրակների մի մասի հետ մեկնեց Թիֆլիս:

Մեզ, իրապես, այլ ելք չէր մնում, քան հայտարարել Հայաստանի անկախությունը: Բախտորոշ դեր կատարեց այն վերջնագիրը, որ մենք ստացանք թուրքերից նույն գիշերն իսկ:

Վերջնագիրը երեք օր ժամանակ էր տալիս ընդունելու այն դաժան պայմանները, որ թուրքական պատվիրակությունը ներկայացրել էր Բաթումի խորհրդաժողովի առաջին իսկ նիստում՝ փակ ծրարով:

Այս վերջնագրի և վրացիների մեկնումից հետո մեզ այլևս բան չէր մնացել անելու Բաթումում: Պետք է շտապեինք Թիֆլիս: Մայիսի 26-ի երեկոյան ժամը 7-ին մեր գնացքը շարժվեց Բաթումի կայարանից: Մայիսի 27-ի առավոտյան հասանք Թիֆլիս: Ճանապարհին կայարաններում կանգնած էին գերմանացի զինվորներ, վրացական սահմանի վրա ծածանվում էր գերմանական դրոշակը: Վրացիները ապահովված էին թուրքական արշավանքից: