Ջեմալ փաշայի հետ հանդիպում Բաթումում՝ 22-23 մայիս, 1918թ. Ալեքսանդր Խատիսյան

5869
Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն 2018թ վերահրատարակել է Հայաստանում:

_______________________________

Չորրորդ գլուխ

Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները

1918 ապրիլ 1-մայիս 26

Մայիսի 22-ին «Գյուլ Ջեմալ» նավով Բաթում եկավ ծովային նախարար Ջեմալ փաշան։ Նա այցելեց մեր պատվիրակությանը։ Շատ լավ եմ հիշում այդ օրը։ Պատվիրակությունը ողջունեց Ջեմալ փաշայի գալուստը երեք ճառերով։ Վրացիների կողմից խոսեց Չխենկելին, հայերի կողմից՝ ես, թաթարների կողմից՝ Ռասուլ Զադեն։ Մենք համերաշխաբար խոսեցինք Անդրկովկասի շահերի մասին և ապա մեզանից յուրաքանչյուրը մասնավոր կերպով կանգ առավ իր ազգային շահերի վրա։ Մեր ճառերում մենք մատնանշեցինք այն միտքը, որ փոխանակ արյուն թափելու, պետք է ապրելու, շնչելու, աշխատելու և կերակրվելու հնարավորություն տալ բոլորին։ Ես, մասնավորապես, մատնանշեցի պատերազմի սարսափներն ու ավերները և խնդրեցի վերադառնալ դաշնագրի պայմաններին։

Ջեմալ փաշան, պատասխանելով Ռասուլ Զադեի ճառին, շատ ջերմ տոնով ասաց, որ ադրբեջանցիները թուրքերի սիրելի եղբայրներն են և թե թուրքերը եկել են «ազատագրելու» նրանց։ Դառնալով Չխենկելուն և վրացիներին, Ջեմալ փաշան նույնպես սիրալիր և հաճոյալի տոնով խոսեց, որ վերջում նույնիսկ դարձավ սրտագին։ Նա ասաց, որ թուրքերի և վրացիների միջև, ճիշտ է, եղել են անցողակի թյուրիմացություններ, բայց ինքը վստահ է, որ ապագայում դրանք չպետք է կրկնվեն այլևս և շատ դյուրությամբ կարելի պետք է լինի համերաշխ գործակցության հողը մշակել։

Վերջապես, դառնալով ինձ, նրա դեմքը մռայլվեց և տոնը չորացավ։ Նա խոսում էր արդեն թույլ և դանդաղ ձայնով, աչքերը լեցուն էին դաժան և մռայլ կայծերով։ Նա ասաց․ «Հայերի հետ թուրքերի վեճը հին է, և հայերը ոչ մի քայլ չեն անում թուրքերի հետ հաշտվելու համար։ Այս ընթացքը պիտի պատճառ դառնա հայերի նոր դժբախտությունների»։

Ջեմալ փաշան հիշատակեց Անդրանիկի անհաշտ դիրքը Զանգեզուրում, հայերի կապը բոլշևիկների հետ, հայկական «գազանությունները» մահմեդականների նկատմամբ։ Նրա ամեն մի խոսքում զգացվում էր, թե ինչպիսի ահավոր անդունդ կա թուրքերի և հայերի միջև և թե ինչպիսի անհաղթելի ատելությամբ է լցված փաշայի սիրտը հայերի հանդեպ, որոնք կանգնած էին թուրքերի ճանապարհին։

Ջեմալ փաշային հետագայում ես հանդիպեցի Պոլսում և այնտեղ նրան գտա ավելի մեղմ տրամադրության մեջ, բայց Բաթումում նրա դիրքը բացարձակապես թշնամական և անհաշտ էր մեր հանդեպ։

Հետևյալ օրը հանդիսավոր ճաշկերույթ տեղի ունեցավ թուրքական նավի վրա՝ ի պատիվ Անդրկովկասյան պատվիրակության։ Արտաքին վերաբերմունքը շատ սիրալիր էր․ նավը զարդարված էր գորգերով, ծաղիկներով, և մեզ դիմավորեցին խոնարհ ողջույններով։ Ճաշի ժամանակ ինձ ինձ նստեցրին Ջեմալ փաշայի և դոկտոր Բեհաեդդին Շաքիրի միջև։ Վերջինս պատմեց, թե ինչպես ինքը 1914-ին Արդահանի ուղղությամբ մասնակցել է Էնվեր փաշայի արշավանքին և թե ինչպես գնդապետ Ռիզա բեյի հետ կազմակերպել էր աջարական չեթեները։ Եվ հայտնեց, որ ինքը հայերի ազնիվ թշնամին է։

«Հայերը կանգնած են մեր համիսլամական և համաթուրքական սրբազան իդեալների իրականացման ճանապարհին, և մենք անխուսափելիորեն բախվում ենք նրանց հետ։ Դա վեր է և դուրս է մեր անձնական զգացումներից ու տրամադրություններից։ Մենք հարկադրված ենք մեր ճանապարհին տարերայնորեն ոչնչացնել այն ամենը, ինչը որ մեր ազգային սրբազան իդեալների համար արգելք է։ Եվ հետո, դուք միշտ ռուսների հետ եք։ Դուք նրանց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են․ պատմական թշնամիները։ Մտածեք այս մասին, փոխեք ձեր հոգեբանությունը և կոմնորոշումը։ Դուք թշնամի եք, ես էլ թշնամի եմ, բայց մենք ընկերակիցներ ենք։ Մենք հասկանում ենք կենդանի մարմնի կյանքը, նրա մեջ չկա մարդասիրություն կամ կամքի տկարություն։ Զորավոր և կենսունակ մարմնի իրավունքն է, այն միակ իրավունքը, որով ապրում է մարմինը։ Այդպես է և ազգերի կյանքում։ Այդտեղ չկա մեղկ զգայնականություն, կա միայն ինքնապաշտպանության բնազդ և զգացում»,- ասաց նա։

Ես, հարկավ, պատասխանեցի նրան ինչ որ պետք էր, բայց ակներև էր, որ մենք խոսում էինք տարբեր լեզուներով, ու մենք բաժանվեցինք առանց միմյանց համոզած լինելով։

Այդ խոսակցությունից տասը օր հետո Էնվեր փաշան պաշտոնական դիմում ուղղեց մեզ՝ հայերիս հետ հայ-թուրքական զինվորական դաշինք կնքելու մասին։ Արդյոք ճի՞շտ վարվեցինք մենք, թե սխալ, տարբեր խնդիր է, բայց, ինչպես և 1914-ին, մենք մերժեցինք այդ առաջարկը։

Մի քանի ամիս հետո իմացա, որ Ջեմալ փաշան իր հետ Բաթումից տարել էր շատ արժեքավոր ապրանքներ ու այդ առիթով իր դեմ նույնիսկ դատական քննություն էր սկսվել, որը, սակայն, անհետևանք մնաց։