1920 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը խորհրդարանի առաջ զեկուցում է կարդում վերջին երեք շաբաթվա դեպքերի մասին: Ներկայացնում ենք այդ ելույթից որոշ հատվածներ, իսկ ամբողջական տեքստը հասանելի է այստեղ
… Ադրբեջանի հետ բանակցելու բազմաթիվ փորձեր եղան, բայց, ցավոք, պետք է մատնանշենք, որ Հայաստանի հանդեպ նրա նախկին կառավարության բռնած դիրքը վերացնում է բանակցության ամեն մի հնարավորություն: [Ադրբեջանը] համառորեն գծում է իր սահմանները այնպես, որ մեջ է առնում Հայաստանի մեծ մասը: Այդպիսի նախագծի շուրջը մենք բանակցություն վարել անկարող ենք:
Ղարաբաղ և Զանգեզուրի դեպքերը հայտնի են ձեզ: Հայ անպաշտպան գյուղացին, չունենալով ռազմամթերք և կանոնավոր զորք, դուրս է եկել օրհասական կռվի իր վրա հարձակվողների դեմ և, բնականորեն, չի կարողացել դիմադրել մինչև վերջ: Դրա հետևանքը եղել է այն, որ թաթարների կողմից այրվել են լքված գյուղերը, Եվլախ-Շուշի ճանապարհի երկու կողմն ընկած հայկական գյուղերը մաքրվել են, Շուշու հայկական մասը ավերվել է հիմնովին: Քաղաքում տեղի է ունեցել նաև ջարդ, որի ընթացքում հայերը տվել են 400-500 զոհ:
Ապրիլի 10-ին Թիֆլիսի մեր պատվիրակության հեռագրի համաձայն՝ Անդրկովկասյան կոնֆերանսը որոշել է դադարեցնել կռիվներն ու հանձնաժողովներ ուղարկել՝ դեպքերը տեղում քննելու:
Ղազախի հանձնաժողովը իր գործը վերջացրել է մի օրում և ապրիլի 14-ին վերադարձել Թիֆլիս:
Ապրիլի 19-ին մի հանձնաժողով ճանապարհվել է Շուշի: 23-ին ստացված հեռագիրն ասում է, որ իրենք Եվլախ-Շուշի ճանապարհի վրա ոչ մի հայ չեն տեսել: Շուշում պատահել են մի քանի հոգու, որոնք պատսպարված են եղել այս ու այն թաթարի մոտ:
Երրորդ հանձնաժողովը, որ պիտի գնա Շարուր-Նախիջևան, հասել է Երևան: Նա դեռ դուրս չի եկել ճանապարհների փակ լինելու պատճառով: Հանձնաժողովի թաթար անդամ Սուլթանովը գնացել է Դավալու, ծանոթանալու ճանապարհի վիճակին, բայց դեռ չի վերադարձել:
Կոնֆերանսը դեռ պաշտոնապես գոյություն ունի, բայց նիստերն ընդհատված են երեք օրով՝ Բաքվում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով:
Բաքվի գրավումից առաջ հեռագրալարով ինձ հաղորդեցին, թե Ադրբեջանը հայտարարում է, որ բոլշևիկները մոտենում են իր սահմաններին, բայց ինքը ուժ չունի դիմադրելու, որովհետև զորքերը զբաղված են Ղարաբաղում: Ուստի նա Հայաստանի կառավարությունից երաշխավորություն է պահանջում, որ զորքերը հետ քաշելու դեպքում հարձակում չլինի:
Ադրբեջանի հեղաշրջման հետ կապ ունի նաև այն հարցը, թե մենք ինչ վերաբերմունք ունենք դեպի Խորհրդային Ռուսաստանը: Մեր կայուն տեսակետն այն է, որ Հայաստանը չեզոք է հանդեպ Ռուսաստանի քաղաքացիական կռվի և այդ կռիվը վարող ուժերի…
Այնուամենայնիվ, չպետք է անտեսել, որ բոլշևիկներն են Ռուսաստանի իրական ուժը:
Հայաստանի կառավարությունը երբեք դեմ րէ բանակցություններ սկսելու Խորհրդային Ռուսաստանի հետ այն հիմունքներով, ինչ որ նախատեսում են բոլշևիկյան դեկրետները:
Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 91, չորեքշաբթի, 5 մայիս, 1920թ.
Լուսանկարում՝ Շուշին 1920 թ. մարտյան ջարդերից հետո