Ադրբեջանի եւ Հայաստանի վեճերը. ապրիլի 17, 1923թ, Մեղրի/Նյուվադի/Զանգելան

1601

Թեեւ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը խորհրդային նույն պետության կազմում էին, սակայն սահմանային վեճերն ու տարածքային փոխադարձ պահանջները շարունակվում էին։

Տարածքային վեճերի հիմնական շրջանը Սյունիքն էր, թեեւ մյուս տեղերում նույնպես բազմաթիվ վիճաբանություններ էին լինում։

1923թ. ապրիլի 17-ին Մեղրիի գավառի գործադիր կոմիտեն ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմին էր ներկայացրել իրադրությունը Զանգելանի շրջանում։ Զեկուցագրում նշված էր, որ թեեւ երկու տարուց ավելի էր, ինչ հաստատվել էր խորհրդային իշխանություն, սակայն տպավորություն էր, թե այնտեղ ոչինչ չի փոխվել։

«…Գավառամասի աշխատակից «խորհրդային պաշտոնյաները» մուսավաթիստական բեգական ոգով տարված շովինիստներ են։ …Բոլոր այդ «խորհրդային պաշտոնյաները» ծեծում եւ հալածում են աղքատ գյուղացիությանը։ …Ահա մի շաբաթ է, Նյուվադի գյուղի ներկայացուցիչները դարձյալ գալիս են Մեղրու Գավգործկոմ եւ հայտնում, որ Զանգիլանի շրջգործկոմի նախագահը եկել է գյուղ եւ ժողովրդին նեղություն է տալիս՝ հայտարարելով, որ մենք իրավունք չունենք ենթարկվել Մեղրու շրջանին։ Նման աննորմալ երեւույթին վերջ տալու համար Մեղրու Շրջգործկոմը ուղարկում է յուր ներկայացուցիչը Նյուվադի՝ տեղում պարզելու հարցը։ Ընկերը հասնելով՝ տեսնում է որ հիշյալ նախագահը ինչ-որ ժողով է հրավիրել գյուղում՝ հավաքելով իր շուրջը մի քանի կուլակներ։

 

 

 

Այդտեղ Զանգիլանի նախագահը չի ուզում անգամ խոսակցություն ունենալ Մեղրու ներկայացուցչի հետ, նա իսկույն հրամայում է միլիցիոներներին հարվածել գյուղացիներին, իսկ մյուս կողմից ինքն է սկսում ծեծել գյուղացիներին։ Մեր ներկայացուցիչը այդտեղ, պարզ է, ոչինչ չի կարողանում անել․ նա մի կերպ աշխատում է համոզել նախագահին, որ նրա կողմից այդպիսի վերաբերմունք դեպի գյուղացիությունը անթույլատրելի է։ Ի պատասխան դրան՝ ընկ․ նախագահն ասում է, որ դուք իրավունք չունեք խոսելու այստեղ, հակառակ դեպքում կձերբակալվեք ու շարունակում է իր գործը /Մուսուլման կոմունիստ օլմազ/, այսինքն՝ այստեղ խորհրդային իշխանություն չկա եւ թուրքից կոմունիստ չի կարող լինել։ Մեղրու ներկայացուցիչը վերադառնում եւ տալիս է այդ տեղեկությունները, որի առթիվ հայտնվում է ժողկոմխորհին միջոցներ ձեռք առնելու։ Երկու տարի է խորհրդային իշխանությունը այնտեղ գոյություն ունի, բայց այդ գոյությունը երեւում է, որ միայն օդում է կախված, իսկ իրականության մեջ՝ ոչ»։ (ՀԱԱ,
ֆ. 112, ց. 2, գ. 1, թ. 5)։

Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1923 թվական, Մեդիամաքս

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան

Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի քննարկումը՝ 

Լուսանկարում՝ Մեղրին, 20-րդ դարի սկիզբ