Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի շուրջ խուճապի համար:
Լավրովը այս մասին ասել է, նախքան մայիսի 5-ի որոշումը, որով հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշվելու միակողմանի կերպով: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է: Եվ Հայաստանի կառավարությունը, ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին՝ հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապ պետք չէ»,- ասել է Լավրովը:
«Երբ ես Երևանում էի, և հետո, երբ հեռախոսով շփվում էի իմ գործընկերոջ [ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի – խմբ.] հետ, և հետո, երբ նա արդեն Մոսկվայում էր՝ ապրիլի սկզբի դեպքերից հետո, ինձ հստակ հավաստիացրել են, որ Երևանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության կոնտեքստում, ոչ թե միակողմանիորեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը նշել է, որ Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը. «Թերևս կրքերը պետք է հանդարտվեն, դա պարզ է: Սակայն քաղաքական գործընթացը, քաղաքական կարգավորումն այլընտրանք չունեն: Եվ կան հայտնի գաղափարներ, որոնք քննարկվել են կողմերի հետ: Ես նախկինի նման համոզված եմ, որ բարդ է, բայց հնարավոր է դրանք ամրագրել փաստաթղթերում, որոնք բոլոր կողմերի համար ընդունելի կլինեն»:
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ 2012թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես էին եկել շփման գծում միջադեպերի հետաքննության, վստահության վերականգնման մեխանիզմի ստեղծման օգտին, և ԵԱՀԿ-ին հանձնարարել էին դրանով զբաղվել, ԵԱՀԿ ներկայացուցիչները այդ նախագծի տարբեր տարբերակներ էին մշակել: «Սակայն, ցավոք, այն ժամանակ՝ 2012թ., գործը առաջ չշարժվեց: Այժմ մենք ցանկանում ենք, որ կողմերը վերադառնան դրան, ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությունը ցանկանում է ակտիվություն ցուցաբերել, և մենք խրախուսում ենք դա»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ ներկայում ամենակարևորը նոր զոհերից խուսափելն է և հրադադարի նոր խախտումներ թույլ չտալը, որի համար հարկավոր է մշակել գործուն քայլեր, գործուն մեխանիզմներ:
Կառավրությունը մայիսի 5-ի նիստին հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:
Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը:
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ «սույն օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին»:
«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:
Միաժամանակ և հետևապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլևս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որևէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:
Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը»,- ասված է հիմնավորման մեջ:
Այս գրությունը ԱՆԻ կենտրոնի կայքում հրապարակվել է 2016թ մայիսի 5-ին