Բիշքեկից՝ Բուդապեշտ. Արցախյան բանակցությունները 1994-ի մայիս-դեկտեմբեր շրջանում

3120

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Ռուսաստանի ջանքերով հաստատված հրադադարը ԵԱՀԽ արեւմտյան երկրները միանշանակ չընդունեցին: 1994թ. հուլիսին գարնանային զորակոչին նվիրված խորհրդակցության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը, ԼՂ-ն և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության, սակայն խնդրի լուծումը բարդանում է Արեւմուտքի և Ռուսաստանի միջև առկա հակասությունների պատճառով. ՙԱրևմուտքը ոչ մի դեպքում չի ցանկանում լուծման գործում գլխավոր դերը Ռուսաստանին հատկացնել: Ներկայումս մեր բոլոր ջանքերն ուղղված են Արեւմուտքը և Ռուսաստանը ՙհաշտեցնելուն՚:

Ճիշտ է, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հայտարարեց, թե կարգավորման հարցում Վաշինգտոնը չի դիմակայել Ռուսաստանին, սակայն որոշ հայտարարություններ և գործողություններ խոսում էին, որ Արեւմուտքը մտահոգված էր Կովկասում Կրեմլի ազդեցության ուժեղացումով: ՙՄենք միայն ձգտում ենք, որ գործընթացն ընթանա ԵԱՀԽ շրջանակներում: Այդ նպատակով մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում ձգտում է խաղաղության՚,- ասում էր Կոզլարիչը:

Կազիմիրովի տպավորությամբ` արեւմտյան գործընկերների համար Ռուսաստանին զսպելը պակաս կարևոր առաջադրանք չէր, քան իրական առաջընթացը կարգավորման գործում: Ռուս միջնորդի յուրաքանչյուր առանձին այցը հակամարտության գոտի շվեդների, ֆինների և ամերիկացիների մոտ ջղաձգություն էր առաջ բերում: Ռուս միջնորդը հիշում է, թե ինչպես մի անգամ շվեդների հետ ժամանելով Բաքու` հյուրանոցում կես օրն անց են կացրել բանավիճելով` որտե՞ղ պետք է ստորագրվի հակամարտության դադարեցման համաձայնագիրը: ՙՆախագծում արդեն նշված էր Մոսկվայի անունը: Դա համաձայնեցված էր հակամարտող բոլոր կողմերի հետ: Սակայն Անդերս Բյուրներն ամեն կերպ փորձում էր հասնել նրան, որ համաձայնագրի նախագծում արդեն նշված Մոսկվայի դիմաց դատարկ թողնվեր, այսինքն` ստորագրման վայրի հարցը թողնել բաց: Մեկ անգամ էլ` Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի հաստատումից շաբաթներ անց,  Մաթիաս Մոսբերգը հակամարտող կողմերին առաջարկեց պայմանավորվել հրադադարը երկարաձգել 30 օրով: Անհեթեթությունն ակնհայտ էր. մեր միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը նախապես ձևակերպվել էր անժամկետ՚:

Լիպարիտյանը հիշում է 1993թ., երբ ռուսները փաստաթուղթ էին ներկայացրել, որը գրեթե երեք կողմերի համար էլ բավական ընդունելի էր. ՙԱմերիկացիները խանգարեցին: Որևէ լուծում, որ միջնորդով է, բաժին կտա միջնորդին: Արևմտյան մամուլում հաճախ են գրում, թե ռուսները դեմ են լուծմանը: Սխալ մոտեցում է: Ճիշտ հարցադրումն է` ո՞ւմ խաղաղությունն է լինելու: Խաղաղություն, որ ԱՄՆ-ինն է եւ կնվազեցնի Ռուսաստանի դերը, կավելացնի Ամերիկայի դերը, կմեկուսացնի Իրանը, թե ռուսականն է, որը կնվազեցնի ամերիկյանը կամ կավելացնի ռուսականը: Սա էր կռիվը, և ոչ թե այն, որ ռուսները խաղաղություն չեն սիրում: Ռուսները սիրում են խաղաղություն, ամերիկացիներն էլ են սիրում, բայց պայմանով, որ այնպիսի խաղաղություն չլինի, որ իրենց շահերը վնասվեն՚:

Փափազյանը հաստատում է. 1993թ. եղել է պահ, երբ Ռուսաստանը կարող էր զինադադար հաստատել, սակայն այդ փորձը տապալվեց: ՙԻ վերջո, 1994թ. զինադադարն էլ հաստատվեց Ռուսաստանի ջանքերով, այլ խնդիր է, որ հակամարտության երեք կողմերն էլ ուզում էին այդ զինադադարը, որովհետև երեքն էլ ուժասպառ էին: Ռուսների դերակատարությունն իհարկե շատ ավելի մեծ էր: Ռուսները հայտարարում են, որ կարող էին զինադադար հաստատել, բայց ամերիկացիները խանգարեցին, որի մեջ կա ճշմարտություն: Բայց ես ուզում եմ հիշեցնել մեկ այլ բան. Ալիևին իշխանության բերեցին ռուսները` զգալի չափով, այն հաշվարկով, որ Ալիևն Ադրբեջանը մտցնելու է ԱՊՀ-ի մեջ, եւ նա դա արեց: Փոխարենը, ռուսներն Ալիևին օգնեցին 1993-94թթ. ձմռանը՚:

Շահնազարյանը բազմիցս ականատես է եղել Ռուսաստանի և Արեւմուտքի միջև հակասություններին. ՙԱՄՆ-ը գործընթացն ուզում էր պահել Մինսկի խմբի շրջանակներում, ամերիկացիներին և  եվրոպացիներին դուր չէին գալիս Ռուսաստանի միակողմանի նախաձեռնությունները: Բայց մյուս կողմից, այն ժամանակ ռուսները պատրաստ էին շատ ավելի լուրջ քայլերի, քան Արեւմուտքը: Զինադադարը հաստատվեց Ռուսաստանի միջնորդությամբ և զինադադարի խնդիրն առաջնահերթ համարելն առաջին հերթին Ռուսաստանի և հատկապես Կազիմիրովի քաղաքականությունն էր: Հակասությունները լուրջ էին, օրինակ, թե խաղաղապահ ուժերն ինչ կազմով պետք է լինեն: Գրաչովի նախաձեռնությամբ հրադադարից անմիջապես հետո քառակողմ հանդիպում եղավ, ռուսները պատրաստ էին միայն ռուս խաղաղարարներ մտցնելու, մենք, անշուշտ, համաձայնեցինք` վստահ լինելով, որ Ադրբեջանը դեմ է լինելու՚:

Արզումանյանը Ռուսաստանի և Արեւմուտքի միջև հակասություններից խոսելիս ուշադրություն է հրավիրում տարածաշրջան ռուսական և միջազգային առաքելությունների այցելությունների ժամանակացույցին. ՙՌաֆայելլին չէր կարողանում Մինսկի խմբի շրջանակներում` Ռուսաստանի ոչ ճկուն քաղաքականության պատճառով, ինչ-ինչ քայլեր իրականացնել, և այն բանաձևերը, որ չէին ընդունվում Մինսկի խմբում, նա ուղարկում էր ՄԱԿ: Անվտանգության խորհրդի բոլոր բանաձև երում կարմիր թելի նման անցնում էր (այն ձևակերպումը), որ ՄԱԿ-ը լիովին պաշտպանում է Մինսկի խմբի գործունեությունը: Երկու միջնորդական առաքելությունների միջև հակասությունները շատ էին խորանում, և դա ստիպեց այլ լուծում գտնել: Հանուն Ռուսաստանի` ստեղծեցին համանախագահության ինստիտուտ: Միջազգային հանրությունը ոչ թե հակադրվեց, այլ Ռուսաստանին ներքաշեց գործընթացի մեջ՚:

Հրադադարի պահպանման միակ փաստաթուղթը

1994-ի հուլիսի 20-ին Երևանում Կազիմիրովը Տեր-Պետրոսյանից տեղեկանում է Մոսբերգի առաջարկության մասին. վերջինս Ստոկհոլմից զանգահարել էր Երևան և Մինսկի խմբի անունից առաջարկել հրադադարը երկարաձգել ևս 30 օրով: Ռուս միջնորդը, անմիջապես հասկանալով, որ անիմաստ է անժամկետ հրադադարը երկարաձգել 30 օրով, վտանգավոր զարգացումներից խուսափելու նպատակով ներակայցնում է այլընտրանքային տարբերակ. կողմերը ժամանակ առ ժամանակ հաստատում են հրադադարի ռեժիմը:

Հուլիսի 26-27-ին կողմերը այս անգամ միևնույն թղթի վրա` կրկին ֆաքսով, հաստատում են կրակի դադարեցումը պահպանելու իրենց պարտավորությունները: Ս. Սարգսյանը, Բաբայանը և Մամեդովը նամակ են հղում Գրաչովի ու Կոզիրևի, ինչպես նաև` Կազիմիրովի և Էլիասոնի անուններով: Սա մինչև օրս ստորագրված առաջին, վերջին և միակ փաստաթուղթն է, որով կողմերը պարտավորվել են պահպանել զինադադարը:

Վարդան Օսկանյանն ասում է, որ մինչև զինադադար կոնկրետ փաստաթուղթ սեղանի վրա չի եղել. ՙՄիշտ մրցակցություն էր ռուս և շվեդ համանախագահների միջեւ, գործընթացն արդյունավետ չէր, կոնկրետ հարցի կարգավորման փաստաթուղթ չի եղել: Զինադադարից հետո պատերազմի հետևանքներին վերաբերող փաստաթուղթ է հայտնվել սեղանի վրա, որի շուրջ մինչև 1997թ. երկար բանակցություններ են եղել: Դա հիմնականում Կազիմիրովի նախաձեռնությունն էր, դրա շուրջ համախմբվել էր նաև ֆիննական համանախագահությունը՚:

Մասիս Մայիլյանը ղարաբաղյան պատվիրակության կազմում մասնակցել է 1993-97թթ. բանակցություններին: Դեռ 1993թ. սեպտեմբերից շրջանառվում էր Մոսկվայում պատրաստված փաստաթուղթը` Մեծ քաղաքական համաձայնագիրը: Ռուսաստանի համանախագահ դառնալուց հետո այդ փաստաթուղթը որոշ փոփոխություններով դարձավ հիմք և ներկայացվեց Մինսկի խմբին: ՙՄինչև  Բուդապեշտի գագաթաժողովը, կարելի է ասել, կար երկու հստակ, առանձին գործընթաց. Ռուսաստանի նախաձեռնություն, երբ Կազիմիրովը շատ ակտիվ էր աշխատում, և կար ԵԱՀԽ-ն: Իհարկե, նկատվում էր, որ փորձում են իրարից նախաձեռնությունը խլել: Մենք կողմնակից էինք, որ միջնորդական առաքելությունները համախմբվեն, լինի մեկ նախաձեռնություն: Երբ ԵԱՀԿ-ն էր ինչ-որ բան առաջարկում, և կողմերից մեկին դուր չէր գալիս, սկսում էր աշխատել Ռուսաստանի հետ, կամ` երբ Ռուսաստանն էր առաջարկում, կողմերից մեկն սկսում էր աշխատել ԵԱՀԽ-ի հետ: Սա կողմերի համար խուսանավելու պայմաններ էր ստեղծում, և լուծումն ավելի էր հեռանում՚:

Հայաստանում ԼՂ ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը Մոսկվայում ամիսներ շարունակ, մինչև Բուդապեշտի գագաթաժողովը, մասնակցել է Մեծ քաղաքական համաձայնագրի մշակմանը, որը մի քանի ամսում ունեցել է տասից ավելի տարբերակ: ՙԱդրբեջանը քանդված էր և համաձայնեց եռակողմ փաստաթղթեր ստորագրել: Մեծ քաղաքական համաձայնագրի հիմքով պետք է ղարաբաղյան գոտի մտցվեին ռուսական խաղաղարար զորքեր: Երբ փաստաթուղթը դրեցին սեղանին, Ադրբեջանը հրաժարվեց եռակողմ հանդիպումից: Գտնվեց փոխզիջումը. բանակցությունները սկսեցին կոչել ՙփորձագետների խորհրդատվություն՚, ընդ որում՝ փակ: Մի քանի փուլերով և օրեր շարունակվող բանակցություններ էին, սեղանին դրվել էր փաստաթուղթ, գծվում էր այն վիճակը, որով ռուսական խաղաղարար զորքը պետք է մտներ, նպատակը սա էր՚:

Օգոստոսին, սեպտեմբերին, ապա նոյեմբերին անցկացված եռափուլ խորհրդատվությունների ՙդիրիժորը՚ Կազիմիրովն էր, թեև քննարկումներին միացել էր նաև Մինսկի խումբը: Մ. Սարգսյանն ասում է, որ ռուսական փաստաթուղթը որևէ կարգավիճակի հարց չէր դնում, խոսքը վերաբերում էր ռուսական զորքերի տեղակայմանը: Ադրբեջանցիներին թվում էր, թե ռուսական զորքը գալու է Լաչին, հայերին թվում էր, թե գալու է Աղդամ, մինչդեռ ռուսները գալու էին Իրանի սահման: ՙՂարաբաղյան կողմը հասկացավ, որ պետք չէ խրախուսել ռուսների մուտքը տարածաշրջան: Այդ ժամանակ սկսեցի աշխատել Զուլֆուգարովի հետ: Ես հարցնում էի նրան` ռուսները տեղակայվել են Իրանի սահմանի երկայնքով, հետագայում ո՞նց ես հանելու: Մենք և ադրբեջանցիները ասում էինք, որ շտաբը պետք է պատկանի ԵԱՀԽ-ին, մինչևԵԱՀԽ-ն շտաբ չդնի, մենք համաձայն չենք, որ ռուսական զորքերը գան: Վիճաբանությունն այդ շտաբի շուրջ էր: Այն ժամանակ տարածքները շուտ հետ տալու խնդիր էր դրված, այդ հիմա են ասում, որ չենք տա, այն ժամանակ հստակ էր, որ ստորագրում ենք փաստաթուղթ, ռուսական զորքերը գալիս են տարածաշրջան: Հետո վիճաբանություններն ավելի սրվեցին, մենք ասում էինք, որտեղից հետ քաշենք զորքերը, և տեղակայվեն խաղաղարարները, այդտեղից ադրբեջանցիներն առաջ չպետք է գան: Այստեղից սկսվեց իսկական պատերազմ: Ռուսները հարցնում են` իսկ ազատված տարածքը՞, պատասխանում եմ, որ տարածքում կտեղակայվեն ԵԱՀԽ զորքերը: Զուլֆուգարովը հեգնանքով ասում է Կազիմիրովին. ՙՊարոն Կազիմիրով, կեցցե ԵԱՀԽ հանրապետությունը՚, իսկ ես կատակով պատասխանեցիª ՙՀամաձայն չե՞ք. կեցցե Մոսկվայի ռազմակայանը՚:

Բանակցություններում սկսվել էր մի շրջան, երբ, ըստ էության, հայերն ու ադրբեջանցիները միասին աշխատում էին ռուսների դեմ: Ու եթե չլիներ դա, գուցե ղարաբաղյան գոտում տեղակայվեին ռուսական խաղաղարարներ, ասենք` ԱՊՀ մանդատով, ինչը տեղի ունեցավ Աբխազիայում: Բացի այդ` ռուսական զորքերի տեղակայման դեպքում ղարաբաղյան ուժերը հավանաբար դուրս բերվեին գրավյալ տարածքներից, որոնք այսօր կազմում են ՙանվտանգության գոտին՚: Սարգսյանը շարունակում է. ՙԶուլֆուգարովին հարցնում եմ` բանակ ունե՞ք: Ասում է` ոչ: Ասում եմª մենք էլ չունենք: Թող այդ տարածքները հենց այնպես մնան, ինչո՞ւ տանք երրորդին: Չէին հավատում, որ չենք ուզում ռուսների գալը: Մոտ տասն օր անցավ, մինչև ադրբեջանցիները հավատացին մեզ և համաձայնեցին: Կազիմիրովը զայրույթը չէր կարողանում պահել: Մենք շվեդներին, ովքեր նույնպես հրավիրված էին, ասացինք, որ չենք ուզում ռուսական զորքերի տեղակայումը: ԵԱՀԽ-ն օգտվեց առիթից, աղմուկ բարձրացրեց, որ մոսկովյան հանդիպումները բանակցություններ չեն, Ռուսաստանն է միայն զբաղվում: Արդեն ուշ աշուն էր՚:

Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 8-9-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում տեղի էին ունեցել երկկողմ` Տեր-Պետրոսյան-Ալիև 6-ժամյա բանակցություններ, ապա նախագահների եռակողմ հանդիպում Քոչարյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել էին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Գլխավոր վեհաժողովի իր ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժողովուրդների ինքնորոշումն իր բազմաթիվ ձևերով մարդու անքակտելի իրավունքն է: ՙՀայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Հակամարտության մեջ են Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը, որը ձգտում է հասնել ինքնորոշման, և Ադրբեջանի կառավարությունը, որը հրաժարվում է հաշվի առնել ԼՂ ազգաբնակչության իրավունքները: Հայաստանը բարոյական, դիվանագիտական և մարդասիրական օգնություն է ցուցաբերում այդ ազգաբնակչությանը և չի կարող համաձայնել որևէ ռազմական լուծման, որը հավասարազոր կլինի ցեղասպանության կամ կհանգեցնի ԼՂ ազգաբնակչության տեղահանմանը՚:

Հոկտեմբերի վերջերին, նոյեմբերի առաջին օրերին Հարավային Կովկաս էր ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին, ղարաբաղյան կարգավորման հեռանկարը քննարկել Ալիևի, Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հետ:

Բուդապեշտի գագաթաժողովը

Հունգարիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 5-6-ը տեղի ունեցավ ԵԱՀԽ գագաթաժողովը, խորհրդաժողովը դարձավ կազմակերպություն` ԵԱՀԿ: Բուդապեշտում ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախաձեռնությամբ կազմակերպեց հանդիպում Տեր-Պետրսյանի և Ալիևի միջեւ:

Գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի երկրորդ` ՙՏարածաշրջանային խնդիրներ՚ բաժնում անդրադարձ կար ղարաբաղյան հակամարտությանը, որի կետերից մեկով նախատեսվում էր հակամարտության գոտում ԵԱՀԽ բազմազգ ուժեր ծավալել: Վիեննայում պետք է ստեղծվեր Բարձր մակարդակի ծրագրավորման խումբ (ԲՄԾԽ), որի վրա էին դրվելու խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման պարտականությունները: Նախատեսվում էր ստեղծել ԵԱՀԽ հավաքական միջազգային ուժեր, որոնք ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևի ընդունումից և  հակամարտող կողմերի համաձայնությունից հետո պետք է տեղակայվեին հակամարտության գոտում: Օրակարգից հանվեց ԱՊՀ խաղաղապահ ուժեր տեղակայելու ռուսական առաջարկը:

Արմեն Այվազյանը հաստատում է, որ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը քննարկվում էր լրջորեն, որոշվում էր դրանց քանակը, ո՞ր տարածքներով է նրանց ռազմական տեխնիկան տեղափոխվելու Լեռնային Ղարաբաղ, ո՞ր պետություններն են զինվորներ տրամադրելու և որքա՞ն ժամանակով: ՙՀամաձայնություն կար խաղաղապահներ տեղակայելու մասին, այլապես ԲՄԾԽ չէր ստեղծվի՚,- ասում է նա:

1995թ. հուլիսին ԲՄԾԽ-ն ԵԱՀԿ-ին ներկայացրել է չորս տարբերակ: Առաջին` առաջարկվում էր ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել 240 դիտորդ և 3560 հոգանոց խաղաղապահ զինուժ, որոնք բաժանվում էին երեք գումարտակի և երեք վաշտի: Երկրորդ տարբերակով նախատեսվում էր 200 դիտորդի և հինգ գումարտակից կազմված 4200 հոգանոց խաղաղապահ զինուժի տեղակայում: Երրորդ տարբերակը ենթադրում էր 240 դիտորդ և 1260 թվով զինուժ, իսկ չորրորդը` ընդամենը 400 հոգանոց զինված դիտորդական խումբ և նրանց աջակցող 375 հոգանոց անձնակազմ: Առավել հավանական էր համարվում երկրորդ տարբերակը: Խաղաղապահների 30-50 տոկոսը պատրաստվում էր տրամադրել Ռուսաստանը: Միացյալ Նահանգները հակված էին տրամադրելու ֆինանսական, նյութական և  թիկունքային օժանդակություն:

Կազիմիրովը պնդում է, որ իրականում միայն երկու երկիր էր պատրաստ խաղաղապահ զորքեր ուղարկել Կովկասª Ռուսաստանը և Թուրքիան: Հայաստանի և ԼՂ-ի համար անընդունելի էր թուրքերի, իսկ Ադրբեջանի համար` ռուսների ներկայությունը: Հրադադարի հաստատումից անցել է գրեթե 16 տարի, և շփման գոտում ՙոչ խաղաղություն, ոչ պատերազմ՚ վիճակը շարունակում է պահպանվել առանց միջազգային խաղաղարար ուժերի: Ճիշտ է նաև, որ դիպուկահարների կրակոցներից և  պարբերաբար կրկնվող սահմանային փոխհրաձգություններից սպանվել են հարյուրավոր երիտասարդ զինակոչիկներ ու սպաներ:

Հայաստան. հարված ժողովրդավարությանը

1994թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը ստացավ լուրջ հարված: Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում ընկալվում էր ՙժողովրդավարության օազիս՚, սակայն նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրից հետո, որով Հայաստանում ժամանակավորապես դադարեցվեց ընդդիմադիր Դաշնակցություն կուսակցության գործունեությունը, միջազգային հանրության վերաբերմունքը փոխվեց: Իր որոշումը Հայաստանի նախագահը բացատրում էր ՀՅԴ Բյուրոյի և Կենտրոնական կոմիտեի գիտությամբ 1992թ. կուսակցության ներսում ՙԴրո՚-ի գործունեությամբ, ինչը, Տեր-Պետրոսյանի կարծիքով, սպառնում էր Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը, նպաստում միջազգային թմրաբիզնեսին և ահաբեկչությանը:

Տեր-Պետրոսյանը դեռ 1992թ. հունիսի 29-ին հեռուստատեսությամբ լուրջ մեղադրանքներ էր հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, Բյուրոյի ղեկավար Հրայր Մարուխյանին մեղադրել խորհրդային ՊԱԿ-ի հետ համագործակցելու մեջ, իբր նա փորձում է Հայաստանը ՙներքաշել կործանարար պատերազմի մեջ բոլոր հարևանների հետ և այդ ձևով տիրել իշխանությանը՚: Տեր-Պետրոսյանը կարգադրեց Հունաստանի քաղաքացի Մարուխյանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Հայաստանից:

Մարուխյանը չկարողացավ մասնակցել ՀՅԴ 25-րդ Ընդհանուր ժողովին, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում վերջին ավելի քան 70 տարիներին: Հունիսի 30-ին Երևանում ժողովի բացման հայտարարությունում Բյուրոյի ներկայացուցիչ Մարուխյանի դեմ Տեր-Պետրոսյանի ամբաստանությունները և նրան արտաքսելու վերջնագիրը որակվում էր ՙժողովրդավարության բռնաբարում՚:

1994թ. դեկտեմբերի 29-ին բռնի կերպով դադարեցվեց դաշնակցական(ամետ) լրատվամիջոցների տպագրությունը, որոշ խմբագրություններ ջախջախվեցին, հետապնդվեցին և ձերբակալվեցին կուսակցական գործիչներ: 1995թ. հունվարի 13-ին Գերագույն դատարանը ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանի տարածքում դադարեցրեց վեց ամսով: Մեկուկես տարի անց Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը. ՙԴրոն՚ որակվում էր ՀՅԴ կառույցում գործող գաղտնի կազմակերպություն, իսկ նրա անդամները մեղադրվում էին սպանությունների, այլ ծանր հանցագործությունների մեջ: Գործով անցնում էր 11 մեղադրյալ, որոնց մեջ Հրանտ Մարգարյանը համարվում էր խմբի ղեկավար: Երեք ամբաստանյալ դատապարտվեց մահապատժի (հետագայում փոխվեց ցմահ բանտարկության): Դատարանը չկարողացավ ապացուցված համարել Մարգարյանի կապը ՙԴրոյի՚ հետ: Նա ՙկեղծ անձնագիր և ապօրինի զենք կրելու՚ մեղադրանքով դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման:

Տեր-Պետրոսյանի հրաժարականից մի քանի օր անց` 1998թ. փետրվարի 9-ին, Հայաստանի արդարադատության կոլեգիայի նիստում որոշվեց թույլատրել շարունակել ՀՅԴ-ի գործունեությունը: Դաշնակցական գործիչները բանտերից ազատ արձակվեցին: Մարգարյանն ասում է, որ ազատվելու հույս չի ունեցել և ոչ էլ ենթադրել է, թե տեղի կունենա իշխանափոխություն. ՙԴրո՚ կառույցը, եթե կար այդպիսին, կամ այն, ինչ վերագրում էին, ոչ մի առնչություն չուներ ՀՅԴ-ի հետ: ՙԴրոն՚ ինձնով էին ուզում կապել ՀՅԴ-ի հետ: Եվ ՀՅԴ-ին պաշտպանելով` նաև ինձ էի պաշտպանում՚: Թե ինչու Տեր-Պետրոսյանը Դաշնակցության նկատմամբ ուներ ընդգծված բացասական վերաբերմունք, Մարգարյանը դժվարանում է ասել: ՙՆա կարող է համոզմունքով լինել հակադաշնակցական, վերջապես նա մտավորական է: Տեր-Պետրոսյանի մոտ երբեմն նկատելի էր ատելություն ՀՅԴ-ի նկատմամբ, որը նրան հանում էր հավասարակշռությունից, և նախագահը դառնում էր անտրամաբանական՚:

1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրություններն անցան առանց ընդդիմադիր ՀՅԴ-ի մասնակցության: Ընտրությունները չէին կարող որակվել ազատ և արդար` առաջին հերթին նկատի ունենալով ՀՅԴ-ի կասեցումը: Հուլիսի 5-ին տեղի ունեցավ նաև Սահմանադրության հանրաքվե, որի արդյունքները ևս վիճարկելի էին: Ընտրությունից ընտրություն Հայաստանի վարկը միջազգայնորեն խաթարվում էր, իսկ երկրի ներսում սրընթաց անկում էր ապրում Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը: