1921թ մարտի 18-ին Հայաստանը, ընդդեմ բոլշևիկյան Ռուսաստանի, քեմալական Թուրքիայից օգնություն են ակնկալել

5147

Հայոց պատմության վերջին 100-ամյա պատմության մոռացվող դրվագներից մեկը՝ ընդդեմ բոլշևիկների թուրքերից օգնություն հայցելու հայերի դիմումն է: Հիշեցնենք, որ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին բոլշևիկ-քեմալական համագործակցության արդյունքում Բաքվից Երևան հասած բոլշևիկ Հայհեղկոմը ՀՀ օրինական իշխանություններից ստացավ իշխանությունը առանց կրակոցի: 1921-ի փետրվարին Հայրենիքի փրկության կոմիտեն տապալեց Հայհեղկոմին և Հայաստանը ղեկավարեց մինչև ապրիլի 2-ը, սակայն անզոր էր դիմադրել ռուս բոլշևիկներին:

ԱՆԻ կենտրոն 

1921թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալվում են 200-ից ավելի դաշնակցականներ, և այս դեպքը եղավ վերջին կաթիլը, որից հետո պայթում է ժողովրդական զայրույթը: Կոտայքի Զար գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որոշվում է հեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ է նշանակվում անկուսակցական սպա Կուռո Թարխանյանը, ով մի քանի ամիս առաջ Իգդիր-Մարգարա հատվածում մարտնչել էր թուրքական ուժերի դեմ:

Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին Երևանը, Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե, Հեղկոմը հեռացավ Ղամարլու-Վեդիի շրջան: Վրացյանը գրում է. «Իրար հետևից սկսեցին գալ շնորհավորելու օտար պետությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, բուռն ուրախություն էր արտահայտում Անկարայի ներկայացուցիչ Բեհաէդդինը, որը շտապել էր առաջինը շնորհավորել և շատ վշտացած էր երևում, որ իրենից առաջ արդեն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհավորել էին»: Հայրենիք ամսագիր, թիւ 6, ապրիլ, 1923:

Աբրահամ Գյուլխանդանյանի խոսքերով, նոր կառավարությունը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկվա, Թեհրան, Անկարա և Թի‎ֆ‎լիս` հաղորդելով Հայաստանում հեղաշրջման մասին: Ղամարլուի ճակատի հրամանատար խմբապետ Սմբատն առաջիններից էր, որ ապստամբության ընթացքում առաջարկեց  օգնություն խնդրել թուրքերից: Վրացյանի խոսքերով` «Այդ հարցը զբաղեցնում էր և ուրիշների մտքերը, նույնիսկ Քաջազնունու նման զգաստ մարդկանց` այնքան ատելություն կար դեպի Հեղկոմի իշխանությունն ու բոլշևիզմն առհասարակ»: Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն,  Երևան, 1992, էջ 574: 

Փետրվարի 18-ից Քաջազնունին մասնակցեց Հայրենիքի փրկության կոմիտեի բոլոր աշխատանքներին: Այնպիսի պատասխանատու քայլեր, որպիսին էին բանակցությունները թուրքերի հետ կամ Չիչերինին տրված հեռագիրը, որով Ալեքսանդր Բեկզադյանը հայտարարվում էր լիազորությունից զուրկ Հայաստանի կողմից թուրք-բոլշևիկյան խորհրդաժողովին մասնակցելու, եղել են Քաջազնունու անմիջական մասնակցությամբ: Նա ստանձնել էր և Անկարա գնալիք հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Սիմոն Վրացեան, Խարխափումներ. Յ. Քաջազնունիի Հ. Յ. Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլեւս Գրքի Առթիւ, Պոսթըն, 1924, էջ 13:

1921թ. փետրվարին Քաջազնունին այսպես էր մտածում. «Բոլշևիզմի դեմ կռվելու և ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ, որ հակառակ է մեր և թուրքերի միջև բարյացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ և բարեկամական կացություն մեր հարևան Թուրքիայի հետ»: Նույնը, էջ 21-23:

Վրացյանի խոսքերով` Հայրենիքի փրկության կոմիտեն ձգտում էր «նոր հիմքերի վրա դնել հայ-թուրքական հարաբերությունները և փոխադարձ համաձայնությամբ, թեկուզ զիջումներով, լուծել սահմանային վեճը», քանի որ կյանքի փորձը ցույց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյության համար «ամենից առաջ անհրաժեշտ է թուրքական բարյացակամությունը»: «Ապստամբությունից առաջ Երևանի թուրք հյուպատոսը վստահեցրել էր, որ Թուրքիան խիստ չեզոքություն կպահպանի: Նույնիսկ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի թուրքերին հրահանգել էր մնալ չեզոք և չկռվել հայերի դեմ: Երևանի թուրքերը բարեկամական տրամադրություն էին ցույց տալիս: Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որևէ պատրվակով մտնել Երևան: Մենք աշխատում էինք ամեն կերպ ցույց տալ մեր բարեկամությունը թուրքերին և նրանց ներշնչել հավատ դեպի մեզ: Նույնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինվորական օգնություն բոլշևիկների դեմ: Այդ նպատակով հատուկ սպա ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարության մոտ: Մենք գիտեինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը և ներշնչել վստահություն դեպի մեզ: Պետք է մեկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է»: Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւնը, պատմական ակնարկ, Հայրենիք ամսաgիր, տարի Ա, թիւ 3, հունվար, 1923, Պոսթըն:

Խորհրդահայ պատմաբանները այլ կերպ են ներկայացնում: Երևանում քեմալականների ներկայացուցիչ Բեհաէդդինին  հասցեագրած նամակում Վրացյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունից խնդրում է. «Առաջին` ռազմաճակատում գտնվող հայ գերիներին վերադարձնել Երևան, երկրորդ` որոշակի պայմանով հայկական բանակի համար տալ ռազմամթերք, երրորդ` հաղորդել, թե Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավո՞ր է համարում Հայաստանին զինվորական օժանդակություն հասցնել, եթե կարող է` ինչ չափով և եղանակով»: ՀՀԱ, ֆ. 4/114, ց. 103, թ. 109, թ. 48, գ. 100, թ. 85, Աղասի Եսայան, Հայաստանի միջազգային-իրավական դրությունը 1920-1922,  Երևան, 1967, էջ 185:

Արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը Արևելյան ճակատի հրամանատար Կարաբեքիրին հղած նոտայում գրում է. «Կապիտան Բեհաէդդինը մի քանի անգամ մեկնել է ռազմաճակատ, քաջալերել Հայրենիքի փրկության կոմիտեի զորքերին, իսկ Երևանում ողջունել կոմիտեի իշխանությունը և նրանց խոստացել օգնություն»: ՀՍՍՀ ՊԿՀՀԱ, ֆ. 40/113, ց. 3, գ. 39, թ. 170-172, Աղասի Եսայան, Հայաստանի միջազգային-իրավական դրությունը 1920-1922, Երևան, 1967, էջ 182:

Կարո Սասունին գրում է. «Հայաստանի նոր կառավարությունը բարեկամական հարաբերության մեջ մնաց Թուրքիայի հետ: Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը և հնարավոր խոհեմությունը գործադրում` գոնե ժամանակավորապես Թուրքիան հանդարտ պահելու: Կոմիտեն իր մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զորքեր, բացի նրանից ռազմամթերք խնդրելուց: Եթե ստանար, շատ լավ կլիներ»: Հայրենիք ամսագիր, թիւ 2 (38), դեկտեմբեր, 1925:

Հատված «Հայերը և թուրքերը» գրքից  (էջ 108-111)