Ելիզավետպոլի նահանգ. կռվախնձոր Հայաստանի և Ադրբեջանի միջև

3466

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի և արյունալի պատերազմների հիմնական պատճառը եղել է Ելիզավետպոլի նահանգը, քանի որ վարչատարածքային այդ միավորման կազմում են եղել Արցախը, Զանգեզուրը և Ղազախը՝ վիճելի երեք հիմնական հատվածները հայերի և կովկասյան թաթարների՝ ադրբեջանցիների միջև:

Երբ 1828-ին ռուսները ավարտեցին ամբողջ Անդրկովկասի գրավումը պարսիկներից, նրանք Արաքս գետի, Կովկասյան լեռների ու Սև ծովի միջև ընկած տարածքը բաժանեցին երեք հիմնական նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական: Կասպյան նահանգը տարածքով մոտավորապես համապատասխանելու էր Խորհրդային Ադրբեջանին: Զանգեզուրը մաս էր կազմում Կասպյան նահանգի, իսկ ժամանակակից Ադրբեջանի հյուսիս-արևմտյան մի շարք շրջաններ՝ Ղազախ, Թովուզ, Աղստաֆա, Գետաբեկ, Գյանջա, մաս էին կազմում Վրացական նահանգի:

1840 թվականի նոր վարչական բաժանման արդյունքում Կասպյան նահանգի տարածքը զգալիորեն մեծացավ, քանի որ նրան կցվեց Դաղստանի մի մասը: Հինգ տարի անց՝ 1845-ին, ռուսները նոր բաժանում կատարեցին՝ վերացնելով Կասպյան նահանգը: Նրա տեղում ստեղծվեց Շամախիի նահանգը, որը տարածքով համապատասխանում էր 1828-ի Կասպյան նահանգին: Դաղստանի մասը առանձնացավ և ստացավ Դերբենդի նահանգ անունը: Զանգեզուրը և Ղարաբաղը մտնում էին Կասպյան, ապա Շամախիի նահանգի վարչական կազմ:

1868-ին Շամախիի նահանգը բաժանվեց երկու մասի՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների: Զանգեզուրը և Ղարաբաղը մնացին Ելիզավետպոլի նահանգի կազմում: Ավելին, մինչև այդ Թիֆլիսի նահանգի մեջ մտնող և այսօրվա Հայաստանի Հանրապետության մաս կազմող Լոռու և Տավուշի մարզերի տարածքները ևս անցան Ելիզավետպոլի նահանգի կազմ: Այս վիճակը շարունակվեց մինչև 1918 թվական, երբ անդրկովկասյան երեք հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը:

Ադրբեջանի առաջին մայրաքաղաք դարձավ Ելիզավետպոլը՝ Գյանջան կամ Գանձակը, քանի որ 1918-ին Բաքուն՝ Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքը, գտնվում էր Ստեփան Շահումյանի և Բաքվի կոմունայի գրավման տակ: Սեպտեմբերի կեսերին թուրքական ուժերի հետ կովկասյան թաթարները՝ ադրբեջանցիները, Շահումյանից գրավեցին Բաքուն՝ քաղաքում կոտորելով շուրջ 10 հազար հայերի:

Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ գծվել է 1918 թվականին: Մյուս կողմից, Ադրբեջանի կազմավորումը սկսվել էր 1918 թվականից մոտ մեկ դար առաջ, երբ ցարական Ռուսաստանը 19-րդ դարի սկզբից մեկը մյուսի հետևից Պարսկաստանից պատերազմով նվաճեց այն խանությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, պետք է դառնային Խորհրդային Ադրբեջանի բաղկացուցիչ մասը՝ Գյանջան, Ղարաբաղը, Շաքին, Ղուբան, Շիրվանը, Բաքուն և Թալիշը:

1918-ին Անդրկովկասում բազմաթիվ ազգեր ու ազգություններ էին ապրում և նրանցից երեք ամենամեծերին՝ մահմեդականներին (կովկասյան թաթարներ կամ թուրքեր), վրացիներին և հայերին հաջողվեց ստեղծել կամ վերականգնել իրենց անկախ հանրապետությունները: Եթե Հայաստանն ու Վրաստանը հազարամյակներ ունեցել էին իրենց անկախ պետականությունները, ապա Ադրբեջան անունով պետությունը նորություն էր:

1918 թվականի նախօրեին, երբ Արարատյան դաշտի ժողովրդի հերոսական ջանքերի ու պատմական հանգամանքների բերումով հիմնադրվում էր Հայաստանի Հանրապետությունը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա, Անդրկովկասը` որպես Ռոմանովների Ռուսաստանի ծայրամաս, բաժանված էր 9 վարչատարածքային միավորների՝ 5 նահանգ (губерния – Երևան, Ելիզավետպոլ, Բաքու, Թիֆլիս և Քութայիս), 3 մարզ (область – Կարս, Բաթում և Դաղստան) և 1 շրջան (округ – Զաքաթալ, այսօր Ադրբեջանի մաս է կազմում, հիմնականում բնակեցված էր մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով և թաթարներով):

Ելիզավետպոլի նահանգը բաժանված էր 8 գավառների, որոնցից միայն մեկում՝ Շուշիում էին հայերը մեծամասնություն կազմում համաձայն 1897 թվականի ցարական մարդահամարի տվյալների: 1918-ի նախօրեին հայերը մեծամասնություն կազմեցին ևս մեկ նահանգում՝ Զանգեզուրում, իսկ 1920-ին դարձան բացարձակ մեծամասնություն:

Ելիզավետպոլի նահանգը բաժանված էր հետևյալ 8 գավառների՝ Ելիզավետպոլ, Արեշ, Ջեբրայիլ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ, Նուխի (կամ՝ Շաքի) և Շուշի: 1897թ. մարդահամարի տվյալներով, ամբողջ նահանգում բնակչության թիվը գրեթե 880 հազար էր, որից թաթարների թիվը 534 հազար էր, հայերինը՝ 292 հազար:

Ղազախի գավառի կազմում, բացի այսօրվա Ադրբեջանի Ղազախի շրջանից, մտնում էր նաև այսօրվա Տավուշի մարզը գրեթե ամբողջությամբ, բացի Դեբեդի հովտի հատվածի, որը Թիֆլիս նահանգի Բորչալու գավառի մաս էր կազմում: Ղազախ գավառի մաս էր կազմում նաև այսօրվա Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի մի մասը: 1918-1920թթ. Ղազախի համար տեղի են ունեցել բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև: 1920-ի օգոստոսին, ռուսների միջնորդությամբ գծվել է մոտավորապես սահմանային այն գիծը, որ այսօր միմյանցից բաժանում է Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշ-Ղազախ/Թովուզ/Գետաբեկ հատվածում:

Ղազախի 112 հազար բնակիչներից հայերի թիվը 44 հազար էր, թաթարներինը՝ 64 հազար: Գավառում բնակվում էին նաև 3 հազարից ավելի ռուսներ:

Ելիզավետպոլի գավառում թաթարների թիվը գրեթե 104 հազար էր, հայերինը՝ 43 հազար: Այս գավառում ռուսների թիվը գերազանցում էր 10 հազարը:

Արեշում 67 հազար բնակչությունից հայեր էին 14 հազարը, ադրբեջանցիներ՝ 47 հազարը: Գավառի կենտրոնը Աղդաշ քաղաքն էր:

Նուխիի կամ Շաքիիի գավառի 120 հազար բնակչությունից հայ էր 19 հազարը, թաթար՝ 84 հազարը: Գավառական կենտրոնը Նուխի հայաշատ բնակավայրն էր, որն այսօրվա Շաքին է:

Այսօրվա Արցախը բաժանված էր երեք գավառների՝ Ջևանշիր, Ջեբրայիլ և Շուշի: Ջևանշիրի կենտրոնը Թերթեր կամ Միր Բաշիր քաղաքն էր: Գավառի կազմում էին այսօրվա Ադրբեջանի Թերթերի շրջանը, Արցախի Մարտակերտի և Քարվաճառի շրջանի մի մասը: Ջևանշիրում 73 հազար բնակիչներից հայերի թիվը մոտ 20 հազար էր, թաթարներինը՝ 52 հազար: Պետք է նկատել, որ այստեղ բնակվող քրդերը ևս համարվել են թաթար, քանի որ 1897-ի մարդահամարով քրդերը, թաթարները և բոլոր մուսուլմանները հաշվառվել են իսլամ անվան տակ:

Շուշիի գավառում բնակչության թիվը 139 հազար էր, որից հայերը՝ 74 հազար, թաթարները՝ 63 հազար: Կրկին, Շուշիի գավառի քրդերը, որոնք մեծամասնություն էին կազմում Լաչինում, այն ժամանակ՝ Աբդալլար, մտցվել են իսլամ անվան տակ և համարվել թաթար:

Ջերբայիլի գավառը, որի կենտրոնը Կարյագինո քաղաքն էր, տարածվում էր Արաքսի մերձափնյա հատվածում, ուներ 66 հազար բնակչություն, որից հայերը՝ 16 հազար, թաթարները՝ 49 հազար: Կարյագինոն 1930-ին վերանվանվեց Ֆիզուլի:

Եվ վերջապես Զանգեզուր գավառը Գորիս կենտրոնով, որ ռուսերենով հանդիպում է Գերյուսի ձևով, 1897-ի մարդահամարով ուներ 138 հազար բնակչություն, որից 64 հազարը հայեր, 71 հազարը՝ իսլամ կամ թաթար: 1918-ին Զանգեզուրի գավառում հայերը մեծամասնություն կազմեցին, իսկ 1919-1920-ին՝ բացարձակ մեծամասնություն, երբ այն վերջնականապես մաս կազմեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1921-ին՝ Խորհրդային Հայաստանի:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն