Կարսում մնացած հայերին վտարում են Ալեքսանդրապոլ. Երևանի բողոքի նոտան Քյազիմ Կարաբեքիրին, 1922թ

1882

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

Հայերի մնացորդները Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում

Քսաներորդ դարի առաջին երկու տասնամյակները հայ ժողովրդին անհուն տառապանքներ պատճառեցին: Մարդկային և տարածքային կորուստներն աղետալի էին: Իր հայրենիքում բնաջնջվեց շուրջ մեկուկես միլիոն հայ, հազարավոր գյուղեր ու ավաններ, հայկական եկեղեցիներ և վանքեր ավերվեցին ու կողոպտվեցին: Մի քանի տարիների ընթացքում` 1915-1922 թթ., գրեթե ամբողջությամբ արմատախիլ արվեց հայության բազմահազարամյա ներկայությունն Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Արևելյան Հայաստանի` քեմալականներին անցած մի մասում` Կարս, Արդահան, Սուրմալու:

Առաջին աշխարհամարտի նախօրեին հայերի թիվը Օսմանյան կայսրությունում հաշվվում էր մեկուկեսից երկու միլիոն,1 իսկ 1927 թվականին Թուրքիայում անցկացված առաջին մարդահամարի տվյալներով` հայերի թիվը, որոնց մայրենին հայերենն էր, կազմել է շուրջ 68 հազար: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում մնացած հայերի մեծագույն մասը բնակվում էր Ստամբուլում, ակնհայտ կդառնան Արևմտյան Հայաստանը հայերից արմատախիլ անելու ծրագրի ահռելի չափերը:

Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում հայերի մնացորդների մասին տեղեկությունները սակավ են ու սարսափելի: Փոխարենը, Պոլսի և Խորհրդային Հայաստանի մամուլը ողողված է որբերի ու գաղթականների մասին պատմություններով, որոնք հատորներ կլցնեն: Բայց որքան էլ բառերը ազդու լինեին, դրանք չէին կարող ամբողջությամբ նկարագրել հայ ժողովրդի կրած տառապանքների չափերը, ծավալն ու խորությունը:

1923թ. հունվարին Պատրիարքական տեղապահ Գևորգ եպիսկոպոս Արսլանյանը կոչ ուղղեց հայությանը, որ նյութապես և այլ միջոցներով օժանդակություն հասցնի հայ գաղթականներին և որբերին, որոնք ՙկյանքի ու մահվան վայրկյաններ են ապրում՚:

Հայոց պատրիարքի մոտավոր հաշվումներով` Արևելյան Հայաստանի` քեմալականներին անցած շրջաններում և Արևմտյան Հայաստանում հայերի թիվը պետք է հասներ մոտ 150 հազար հոգու, ևս այդքան` Պոլսում:

Լրագրային հրապարակումները չէին կարող ամբողջապես արժանահավատ լինել, սակայն հայերի մնացորդների մասին պատմող կարևոր սկզբնաղբյուրներ էին: Վանից թուրքական խորհրդարանի պատգամավոր Հակկը բեյը հայտարարեց. ՙՉգիտեմ, թե ճի՞շտ է այլևս գործածել ՙփոքրամասնություն՚ բացատրությունը: Արևմտյան Անատոլիայում հույները և հայերը հունական բանակին հետ միասին Հունաստան փախան, նույն բանը` նաև Թրակիայում: Արևելյան նահանգներում փոքրամասնություն չկա՚:

Արևմտյան Հայաստանում մնացած հայերի բեկորների մասին 1920 թվականի և հետագա տարիների տեղեկությունները սուղ են ու հակասական: Իսկ Արևելյան Հայաստանի` քեմալականներին անցած տարածքներում մնացած հայերը կամ դուրս էին քշվում կամ հեռանում:

Խորհրդային Հայաստանից դեպի Կարս երթևեկողները հազվադեպ էին, իսկ Կարսից թուրքերը հաճախ էին Ախուրյան գետը անցնում` Խորհրդային Հայաստանում առևտուր անելու նպատակով: Կարսից եկողները պատմում էին, թե այդ շրջանը գրեթե դատարկ է. հայերը, հույները և մոլոկանները հեռացել են:

Քեմալականները անտանելի պայմաններ էին ստեղծում, որով հայերին հարկադրում էին հեռանալ Կարսի շրջանից: Ոստիկանությունը հարցաքննում էր Կարսում բնակվող հայերին, նրանց անցյալը և Խորհրդային Հայաստանի ներկայացուցչության նկատմամբ վերաբերմունքը պարզելու նպատակով հարցուփորձ անում, թե ինչու են հաճախում Հայաստանի լիազոր ներկայացուցչություն: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության մոտ Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանի` 1922թ. օգոստոսին Քյազիմ Կարաբեքիրին ուղղված նոտայում մտահոգությամբ նշվում էր, որ Կարսում բնակվող հայերին վտարում են Ալեքսանդրապոլ:

Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի` քեմալականներին անցած շրջանների մասին տեղեկությունների կարևոր աղբյուր էր Կարսում Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյանի զեկուցագրերը, հարցազրույցներն ու մամուլին փոխանցվող տեղեկությունները: 1922թ. հունիսին հայ դիվանագետը շրջագայել էր մի շարք քաղաքներով: Կարսից գնացքով նա անցել էր Էրզրում` ճանապարհին կանգ առնելով Սարիղամիշում, որտեղ նրան ՙսիրալիր ընդունելություն՚ էր ցույց տվել Քյազիմ Կարաբեքիրը:

Սարիղամիշ-Էրզրում տանող երկաթգծի վրա աշխատողները հայ և հույն զինվորներ էին, որոնց կռվի դաշտ չէին տանում: 50-60 հազար բնակչություն ունեցող Էրզրումում հիմնականում մարդիկ առևտրով էին զբաղված: ՙՀայ այստեղ ամենևին չկա: Քաղաքի մի մասը, մանավանդ հայկականը, ավերված է դեռ իմպերիալիստական պատերազմի շրջանում: Սանասարյան վարժարանը այրվել է սրանից մի քանի ամիս առաջ՚: 1927թ. թուրքական տվյալներով Էրզրումում հայախոսների թիվը հաշվվել է ընդամենը 14 մարդ, իսկ ըստ հայկական աղբյուրների` 1930-ին այնտեղ ապրում էին 250 հայեր, հիմնականում` թուրքախոս:

Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյանը Էրզրումից անցել էր Բայբուրթ, Տրապիզոն, ապա Արդվին ու Արդահան: ՙՏրապիզոնում կան մոտ 150 հայ և երկու որբանոց մոտ 150 երեխաներով: Որբանոցները պահվում են ամերիկյան միջոցներով, իսկ ղեկավարությունը հանձնված է առաջնորդին: Տրապիզոնի հայերը կտրված են աշխարհից: Ոչ մի տեղեկություն չունեն Հայաստանի, նրա խորհրդային կառավարության մասին: Կարդում են միայն տեղում հրատարակվող ՙԻսթիգլալ՚ թուրքերեն թերթը: Բոլոր հայերը հեռացել են Արդվինից և Արդահանից՚:

Կարսում Խորհրդային Հայաստանի ներկայացուցչության խնդիրներից էր Արևելյան Հայաստանի` քեմալականներին անցած տարածքում հայ բնակչությանը, այդ թվում գերիների, կանանց ու երեխաների հայրենադարձությանը օժանդակելը: 1922թ. ապրիլին Կարսում Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյանը Մռավյանին հեռագրում է. ՙԱռաջին գնացքով Ալեքսանդրապոլ եմ ուղարկում Կարսում հավաքված 10 հայ որբ երեխաներ, երկու հայ կանանց, որոնք մի տարուց ավելի բռնությամբ պահվել են զանազան թուրքերի ձեռքում: Նրանց ամուսինները Հայաստանում են: Երեխաներին ուղարկում եմ Ալեքսանդրապոլի Գավգործկոմի տրամադրության տակ: Ապրիլի 4-ին մեկնեցի Սարիղամիշ Կարաբեքիր փաշայի մոտ` կես տարուց ավելի մեր փնտրած 100 գերիների հարցով: Որոշեցինք… միասին փնտրել մնացյալ հայ գերիներին, որոնք հանձնվելու են մեզ հայրենիք ուղարկելու համար՚:

1920թ. հոկտեմբերի 30-ին Կարսի գրավումից և ժողովրդի խուճապահար փախուստից հետո անգամ քաղաքում որոշ քանակությամբ հայեր մնացել էին: Խորհրդային Հայաստանի ներկայացուցչի տվյալներով` 1922թ. գարնանը Կարսը շուրջ 700 հայ բնակչություն է ունեցել, որոնք զբաղվում էին արհեստներով և վաճառականությամբ: Քաղաքագլուխը Իբրահիմ բեյն էր, որը հայտնի հասարակական գործիչ էր` Ալեքսանդրապոլի նախկին քաղաքացի: Սարգսյանի խոսքերով` ՙԿարսն իրենից այժմ ներկայացնում է մի ինտերնացիոնալ քաղաք՚:

Լրագրային սուղ հաղորդագրություններից պարզվում է, որ Երևանն ու Անկարան պայմանավորվածություն են ունեցել կազմակերպել հայերի արտագաղթը դեպի Խորհրդային Հայաստան և մահմեդականներինը` քեմալական Թուրքիա: 1922թ. հունիսի վերջերին Կարսում գումարվել է հայ-քեմալական խորհրդաժողով, որին հայկական կողմից մասնակցել է ներքին գործերի կոմիսարը, քեմալականներից` Քյազիմ Կարաբեքիր փաշան, Տրապիզոնի կուսակալ Հալիմ բեյը և Սաիդ փաշան, իսկ Ռուսաստանի կողմից` Թիֆլիսի խորհրդային ներկայացուցիչը:

Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանը 1921թ. փետրվարի 23-ին Լոնդոն` լորդ Քերզոնին հղած տեղեկագրում, որը զարտուղի ստացել էր Հայոց պատրիարքարանից, հայության թիվը Պոլսում ներկայացնում է 150 հազար, իսկ վիլայեթներում պատկերը հետևյալն է. Անկարա` 5.500, Քոնիա` 10 հազար, Կաստամոնու` 8 հազար, Սեբաստիա` 16.800, Տրապիզոն` 10 հազար, Խարբերդ` 35 հազար, Վան` 500, Կարին (Էրզրում)` 1.500, Կիլիկիա (Մարաշ և Այնթափ)` 62 հազար, Ալեքսանդրեթ` 6.000, Նիկոմեդիա (Իզմիթ)` 20 հազար, Բուրսա` 11 հազար, Բիլեջիք` 4.500, Քալե` 900, Կարեսի` 5.800, Աֆիոն Կարահիսար և Քյոթահիա` 7 հազար, Այդըն և Բոլու` 10 հազար, Կեսարիա` 4 հազար, Ջանիկ` 5 հազար, Դիարբեքիր` 3 հազար, Ադանա` 150 հազար, Ուրֆա` 9 հազար:

Զավեն Մսրլյանը գրում է, որ Վանա լճի կղզիներում գտնվող 4500 հայերի վիճակի մասին 1921թ. փետրվարին Պոլսի Հայոց պատրիարքությունը տեղեկություն չուներ: Պոլսի դեսպանի` Քերզոնին հղած տեղեկագրում նահանգ առ նահանգ ներկայացված է մուսուլմանների տներում պահվող հայ որբերի և երիտասարդ աղջիկների թիվը` 58 800, որից ամենաշատը Դիարբեքիրի շրջանում` մոտ 25 հազար: Տեղեկագիրը ասում է, որ այս թվերը ամբողջական չեն, քանի որ բազմաթիվ հայեր իսլամ են ընդունել` ջարդերից ազատվելու համար, իսկ որոշ հայեր այլ շրջաններ փոխադրվելով` իրենց ինքնությունը թաքցրած են ապրում:

1922թ. նոյեմբերին Լոզանի խորհրդաժողովի հայկական միացյալ պատվիրակության կազմած ցանկը հիմնականում համապատասխանում է Պոլսի Հայոց պատրիարքության թվերին, թեև կան նաև զգալի շեղումներ: Համաձայն այդ ցուցակի, հայության թիվը Պոլսում 148.988 հոգի է, Անկարայի վիլայեթում` 13. 254, Կոնիայում` 9994, Կաստամոնույում` 5542, Սվազում` 14.458, Տրապիզոնում` 19.927, Խարբերդում` 35 հազար, Վանում` 500, Բիթլիսում` 13 հազար, Կիլիկիայում (Մարաշ և Այնթափ)` 15 հազար:

Պոլսի հայկական մամուլը հաճախ է անդրադարձել Արևմտյան Հայաստանում մնացած հայության վիճակին. ՙՏիվրիկի Ս. Գր. Լուսավորիչ վանքը հիմնահատակ է եղել: Քաղաքում կան հարյուրին մոտ կանայք և 11 տղամարդ: Խուրնավուլ գյուղում 150-ի չափ կանայք պատերազմի ժամանակ ապաստան են գտել Գոչկիրի քրդական աշիրեթի մոտ, սակայն զինադադարից հետո վերադառնում են իրենց գյուղ: Մալաթիայի հայերի վիճակը նույնպես խղճալի է: Նրանք գերի են, և իրենց գոյությունը կախված է հարևանների քմահաճույքից: Արաբկիրում 3000 հայ կա խիստ թշվառ վիճակում: Նրանք գրեթե գերի են, քանի որ աշխատում են թուրքերի տներում: Եթե մի թուրք վեճ ունենա հայի հետ, նրան մի տեղ է տանում և սպանում՚:

Հայերի վիճակի մասին երբեմն տեղեկությունը պոլսահայ մամուլը քաղում էր հոգևորականներից ու ճամփորդներից. ՙՄուշի շրջանում կան 1000-1500 հայ կանայք, աղջիկներ ու մանչեր, որոնք իբրև իսլամ ապրում են տեղացի թուրքերի ու քրդերի մոտ: Հայ կանանցից ու աղջիկներից շատերը բռնի ամուսնացած են թուրքերի հետ, մնացյալները դաշտում և տնային գործերում են աշխատում: Մուշ քաղաքը կիսով չափ քանդված է, մանավանդ հայկական թաղը: Տեղացի թուրքերն ու քրդերը տեր են դարձել հայերի տներին ու ունեցվածքին:

Խարբերդի ամբողջ կուսակալությունում` Խարբերդ, Մեզրե, Մալաթիա քաղաքներով և գյուղերով, հայ բնակչության թիվը մոտ 10 հազար էր: Վարժարանը 250 աշակերտ ուներ, սակայն կառավարական հրահանգը` բոլոր դասերը դասավանդել թուրքերենով, շվարեցրել էր տնօրենին ու վեց ուսուցիչներին:

Զինադադարից հետո 12 հազար հայեր վերադարձել էին Կեսարիա, սակայն այժմ հազիվ չորս-հինգ հազար են մնացել: Նրանք գաղթել են: Յոզղաթում և շրջակայքում մի քանի հազար կանայք, աղջիկներ ու որբեր կան, որոնք այս ու այն կողմ են թափառում:

Որոշ ժամանակ անց Կեսարիայի փոխանորդը Պատրիարքարանին տեղեկացնում է, որ քաղաքում հայերի թիվը 2800 է, իսկ ամբողջ շրջանում` շուրջ 3700: Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արարողություններ են արվում, իսկ գյուղերում եկեղեցիները ավերակների մեջ են:

Արաբկիրից Պատրիարքարանին տեղեկացնում են, որ տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին բաց է ժողովրդի առաջ, երկու վարժարան կա, մեկը տղաների համար` 130 աշակերտներով, մյուսը աղջիկների համար` 145 աշակերտուհիներով:23
Մալաթիայից Պատրիարքարանին գրում են, որ քաղաքում մոտ հարյուրի չափ հայ տներ կան, ինչպես նաև` մոտ երկու հարյուր այրի կանայք, որոնք կարոտ վիճակի մեջ են: Մալաթիայում քահանա չկա:

Արևմտյան Հայաստանը գրեթե ամայացել էր հայ բնակիչներից: Պարսկահայքի Սուրբ Թադեի վանքի վանահայր Պետրոս վարդապետ Ղազարյանը ՙՆոր Կյանք՚ թերթին ասել է, որ Վասպուրականի մի քանի գյուղերում հայեր մնացել` 15-20 տներով, որոնք զբաղվում են հողագործությամբ և այգեգործությամբ. ՙՎան քաղաքում կա 100 տուն հայ` շուրջ 600 անձ: Այս հայերի մեջ կան դերձակներ, դարբիններ, որմնադիրներ, ոսկերիչներ, հյուսներ: Քաղաքամեջը և Շամիրամի թաղը ամբողջովին ավերակ են ու անմարդաբնակ: Թուրքերն ապրում են Այգեստան թաղում, որտեղ Խաչփողանից մինչև Քենդրչի թաղը հաստատված են պետական հիմնարկությունները: Վարագա վանքն ավերակ է: Աղթամար, Լիմ և Կտուց անապատ-վանքերն ամայի են՚:

Օսմանյան կայսրության փլատակների մի մասի վրա հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունը, չնայած նախորդ տարիներին իրականացված էթնիկ մաքրումներին, հույների ու ասորիների ջարդերին և հայերի ցեղասպանությանը, դեռ շարունակում էր մնալ բազմազգ: Քրդերն ու արաբները, հույներն ու վրացիները, դեռևս զգալի թիվ էին կազմում: Էթնիկ այս խմբերին ՙզսպելու՚ նպատակով քեմալականները մշակեցին և գործի դրեցին մի ծրագիր, համաձայն որի չէր խրախուսվում արաբների բնակությունը Սիրիայի և Միջագետքի սահմանագլուխներում, հույներին թույլ չէր տրվում ապրել ծովափնյա Թուրքիայում, վրացիներին արգելվում էր բնակվել Կարսի, Արդահանի և Ռիզեի շրջաններում: Բացի քրդերը, Թուրքիայի մյուս բոլոր ոչ թուրք փոքրամասնություններին արգելվում էր ինքնուրույն ավաններ ունենալ: Թուրքիայի ոչ մի քաղաքում, չհաշված Ստամբուլը, փոքրամասնությունների թիվը չպետք է գերազանցեր թուրքերի 10 տոկոսը:

Թուրքական մամուլը ողջունեց բնակության սահմանագծի օրենքը, պնդելով որ Թուրքիան թուրքերի համար է, իսկ մնացած ազգությունները պիտի թուրքեր դառնան, ընդունեն թուրքերենը և թուրքական մշակույթը: Ըստ նոր մշակված սահմանադրական օրենքի` Թուրքիայում ապրող բոլոր քաղաքացիները` իսլամ, քրիստոնյա, հրեա, կոչվելու էին թուրք: Թուրքական ազգայնամոլական թերթերը փոքրամասնությունների դեմ էին գրում, հայտնելով, որ հայերը, հույները և հրեաները երբեք չեն եղել հավատարիմ տարրեր և աշխատել են իսլամության և թրքության դեմ:

Չնայած Սևրի պայմանագիրը շարունակում էր մտահոգել քեմալականներին, սակայն նրանք համոզված էին, որ Մոսկվայի և Կարսի, ապա Լոզանի պայմանագրերը Հայկական հարցին վերջնական լուծում են տվել: Նրանց համար արդեն առաջնահերթ էր դարձել թուրք միատարր ազգի ձևավորումը Թուրքիայի ողջ տարածքում:

Քեմալականների խտրական ազգային քաղաքականությունը հատկապես ցցուն էր հայերի հանդեպ: 1925թ. Քրիստոնյաների բնակության շրջանների մասին օրենքը հայերին թույլ էր տալիս ապրել միայն Պոլսում: Թուրքիա կարող էին վերադառնալ այն հայերը, որոնք քեմալական կառավարության կողմից տրված անցագրերով էին մեկնել Թուրքիայից, 1922թ. սեպտեմբերի 1-ից մինչև քեմալական կառավարության Պոլսում հաստատվելը մեկնել էին օսմանյան կանոնավոր անցագրերով, ինչպես նաև այն հայ կանայք, որոնց ամուսինները և 18 տարեկանից փոքր անչափահասները, որոնց ծնողները գտնվում էին Թուրքիայում: Վերադարձի համար տրվում էր մեկ տարի, 1925թ. հուլիսից դիմումները չէին ընդունվում:

Թուրքիայի վարչապետ, հետագայում նախագահ Իսմեթ փաշան (Ինոնյու) 1925թ. Անկարայում ՙթուրքական օջախների՚ համագումարի իր ելույթում հայտարարել է. ՙՄենք ազգայնականներ ենք: Ազգայնականությունը մեր միասնականության միակ գործոնն է: Մենք ամեն գնով պետք է թուրքացնենք նրանց, ովքեր ապրում են մեր հայրենիքում, և վերացնենք նրանց, ովքեր ընդդիմանում են թուրքերին կամ թուրքականությանը՚: Իսկ Թուրքիայի արդարադատության նախարար Մահմութ Էսադը 1930թ. ասել է. ՙՄենք ապրում ենք ամենաազատ երկրում` Թուրքիայում, որտեղ թուրքը այս երկրի միակ տերն ու տիրակալն է: Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրավունք՚:

1920-ական թթ. վերջերին պետական մակարդակով պայքար սկսվեց փոքրամասնությունների լեզուների դեմ, որն անվանվեց ՙՀայրենակի’ց, թուրքերեն խոսիր՚: Գլխավոր թիրախը փոքրամասնություններն էին: Երիտասարդներից կազմված խմբերը հատկապես շրջում էին փոքրամասնություններով բնակեցված թաղամասերում և պահանջում խոսել թուրքերեն: Սա դարերի պատմություն ունեցող լեզվական ձուլման քաղաքականության շարունակությունն էր:

1934թ. հունիսին Թուրքիայում ընդունվեց ՙԱզգանվան մասին օրենք՚, որը պահանջում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիներին ունենալ ազգանուն: Մինչ օրենքի ընդունումը Օսմանյան կայսրության, ապա նաև Թուրքիայի Հանրապետության մուսուլմանները կրում էին ՙփաշա՚, ՙհոջա՚, ՙբեյ՚, ՙհանըմ՚, ՙէ‎ֆենդի՚ և նմանօրինակ տիտղոսներ, որոնք ուղղակի դրվում էին մարդու անունից հետո: Քրիստոնյաներն ու հրեաները ազգանուն օգտագործում էին, և ՙԱզգանվան մասին օրենք՚ արգելեց ոչ թուրքական վերջածանցների` ՙյան՚, ՙպուլոս՚, ՙիս՚, գործածումը:

1923թ. Լոզանի պայմանագիրը թեև պաշտպանում էր կրոնական փոքրամասնությունների` հայերի, հույների և հրեաների իրավունքները, սակայն քեմալականները ճնշումների և խտրականության բազմաթիվ միջոցներ կիրառեցին, որպեսզի հնարավոր կարճ ժամանակահատվածում Թուրքիան դառնա միատարր: ՙԲնակության օրենքին՚ նախորդել էր հայերի բռնի կամ ՙկամավոր՚ մահմեդականացման, ինչպես նաև նրանց` գավառներից դեպի Ստամբուլ տեղափոխվելը քաջալերելու գործընթացը: Գավառների հայությունը ստիպված է եղել էժան գներով վաճառել իր ունեցվածքը և գնալ Ստամբուլ, որտեղ Հայոց պատրիարքարանը, բարեգործական տարբեր ընկերություններ փորձել են օգնել գաղթականներին:

1932թ. Բոստոնում լույս տեսավ ՙԴեպի կախաղան՚ ստվարածավալ գիրքը, որում նկարագրվում է հայության օրհասական վիճակը Թուրքիայի ներքին գավառներում 1925-1928 թթ.: Այս ընդարձակ օրագրության վերջում հեղինակը տվել է Թուրքիայում բնակվող հայության վիճակագրական մոտավոր թվերի ընդհանուր գումարը նահանգային կամ միջնահանգային բաժանումներով: Գավառահայությունը կազմում է գրեթե 45 հազար հոգի: Հեղինակը նշում է, որ այս ցուցակի մեջ չեն հաշվվել թուրքական որբանոցների մեջ գտնվող և իրենց ինքնությունը մոռացած հազարավոր հայեր:

Արևմտյան Հայաստանից և Թուրքիայի խորքերից հայերի ստիպողական տեղափոխման և արտագաղթի մասին տեղեկություններ են պահպանվել նաև օտարերկրյա դիվանագիտական փաստաթղթերում: Այսպես, 1934թ. Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակից Ռոբերտ Սքինները պետքարտուղարկություն ուղարկած ՙհույժ գաղտնի՚ գրությունում իր վերադասի ուշադրությունն է հրավիրում ՙհայերի` Անատոլիայի ներքին շրջաններից դեպի Ստամբուլ իրականացվող տեղահանությանը՚:

ՙՀայերին պարտադրել են ոտքով քայլել իրենց գյուղերից մինչև երկաթուղային կայարանները, այնուհետև նրանց նստեցրել են դեպի Ստամբուլ ուղևորվող գնացքները: Տեղահանվածները սկսել են Ստամբուլ ժամանել մոտավորապես վեց շաբաթ առաջ, և հայկական եկեղեցին ու նրա բարեգործական կազմակերպությունները նրանց տեղավորում են Օրթաքյոյ և Ենիքյոյ գյուղերի եկեղեցիներում, դպրոցներում և լքված տներում: Ներկայումս ստանձված է մոտ 600 հայերի խնամքը: Նրանք բոլորն էլ եկել են Անատոլիայի տարբեր քաղաքներից և գյուղերից՚,- ասվում է փաստաթղթում:

Ամերիկացի դիվանագետը գրում է, որ ՙտեղահանման իրական պատճառներն անհայտ են՚, սակայն հավանական է, որ ՙնրանց տեղահանումն ուղղակի ևս մեկ քայլ է իշխանությունների որդեգրած Անատոլիան լիովին թուրքացնելու քաղաքականության ուղղությամբ՚:

ՙՏեղահանվածների մեծ մասի կարծիքով նրանց վտարումն Անատոլիայում գտնվող իրենց տներից Անատոլիան մաքուր թուրքական տարածք դարձնելու իշխանությունների քաղաքականության մի մասն է: Նրանք վկայում են, որ հայերով բնակեցված քաղաքներում և գյուղերում տեղի թուրք ոստիկանությունը փորձում էր տեղի մահմեդական բնակչությանը հրահրել` վռնդելու հայերին: Այս փորձերն ամբողջովին ձախողվեցին: Այնուհետև իշխանություններն այնտեղ բերեցին Ռումելիից եկած թուրքերին և ակնարկեցին, որ նրանք կարող են վերցնել հայերի ունեցվածքը: Սակայն այս նոր տարրը, փոխանակ թշնամաբար տրամադրելու հայերի նկատմամբ, լիովին մերվեց նրանց հետ: Այս երկու փորձերի տապալումից հետո իշխանությունները հայերին հայտնեցին, որ նրանք պետք է վերջնականապես լքեն իրենց բնակության վայրերը և տեղափոխվեն Ստամբուլ: Իրենց ունեցվածքը հայերը վաճառեցին սնանկացուցիչ գներով: Ինձ պատմել են, որ մեկ գլուխը մի քանի հարյուր լիրա արժեցող խոշոր եղջերավոր անասունները վաճառվել են գլուխը հինգ լիրայով: Իմ իրազեկիչը նշում էր, որ հայերին թույլ էր տրվել վաճառել իրենց ունեցվածքը, որպեսզի նրանցից ոչ մեկը հետագայում չասի, որ նրանց ստիպել են հրաժարվել դրանից: Սակայն այսպիսի պայմաններով վաճառքը հավասարազոր էր ունեցվածքից հրաժարվելուն՚,- գրում է Սքինները:

1938թ. Թորոս Ազատյանի և Մարտիրոս Գոչունյանի խմբագրած գրքում ՙՀայ կյանքը ներքին գավառների մեջ՚ անստորագիր հրապարակման մեջ ասվում էր, որ Ստամբուլից դուրս Թուրքիայի մյուս շրջաններում հայության թիվը գրեթե 20 հազար էր:

——————————

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Կարսը 2019-ի սեպտեմբերին

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝