Մարտի 2, 1992․ ինչպես Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ

6798

1992թ․ մարտի 2-ին Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը։ Նյու Յորքում հանդիսավոր արարողությանը Հայաստանը ներկայացրել է այդ ժամանակվա արտգործնխարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ Ֆլեթչերի դիվանագիտության դպրոցի ուսանող էր, նույնպես մասնակցում էր այդ միջոցառմանը։ Իր՝ «Անկախության ճանապարհով» հուշագրությունների գրքում Օսկանյանը ներկայացնում է այդ օրվա մթնոլորտը։

Ամբոխներ չկային, այնտեղ նույնիսկ հազար մարդ չէր հավաքվել: 1992-ի մարտի 2-ին, երբ ինը նորանկախ պետություն պետք է պաշտոնապես անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանը շրջապատող պարսպի մոտ հավաքված էին տարբեր ծագում ունեցող ամերիկացիներ, որոնք սպասում էին, որ ինը նոր դրոշ է վեր խոյանալու:

Կատարվել էր անհավանական մի բան՝ մի քանի ամիս առաջ Խորհրդային Միությունն էր փլուզվել՝ վերջնականապես և պաշտոնապես: Իսկ մարտի 2-ին ՄԱԿ-ը պատրաստվում էր ազգերի միջազգային ընտանիքի գիրկն առնել տասնհինգ հանրապետություններից ութին:

Նյու Յորքի Առաջին ավենյուն լի էր մարդկանցով, որոնք ցանկանում էին ականատես լինել կարճ արարողությանը, որ պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի շենքի մոտ և տեսնել, թե ինչպես են Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Սան Մարինոն դառնում մեծ ընտանիքի անդամներ: Վրաստանը պետք է անդամակցեր հուլիսին, Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան, ինչպես նաև բալթյան երկրները, արդեն անդամներ էին:

Իրադարձությունը շրջադարձային էր աշխարհի և կարևորագույն իրադարձություն էր այդ օրն այնտեղ ներկայացված յուրաքանչյուր երկրի համար: Հայաստանն անկախություն էր ստացել առաջին անգամ գրեթե հարյուր տարիների և միայն երկրորդ անգամ՝ ողջ հազարամյակի ընթացքում: Հայերի համար սա երազանք էր, որը հանկարծ իրականացավ:

1992-ի մարտին Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում ես ավարտում էի մագիստրոսական ծրագիրը: Մարտի 2-ին Բոստոնի Լոգան օդանավակայանում օդանավ նստեցի և, հետևում թողնելով դիվանագիտության դպրոցը, շտապեցի դիվանագետների ամենախոշոր հավաքատեղին՝ Միավորված ազգերի կազմակերպություն:

Տաքսիից դուրս եկա ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ: Շենքի ներսը տեսել էի միայն ֆիլմերում: Քայլեցի այնտեղ, որտեղ մարդիկ էին հավաքված, հիմնականում՝ հայեր, սակայն այլ ազգերի ներկայացուցիչներ էլ կային: Նրանք սպասում էին, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին և ինը երկրների պատվիրակությունները ներսում ավարտեն արարողության պաշտոնական մասը և դուրս գան նորանդամ երկրների դրոշները բարձրացնելու:

Ներս մտնելու հրավերը մեծ դժվարությամբ էի ձեռք բերել և ականատես էի լինելու պատմական պահի, երբ Հայաստանը՝ Գլխավոր վեհաժողովյի 46-րդ նստաշրջանի թիվ 227 որոշմամբ պետք է անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը: Առաջին անգամ էի այդ դահլիճում. պատկերացնել անգամ չէի կարող, որ հաջորդ տասնվեց տարիների ընթացքում քսանից ավելի անգամ գալու եմ ՄԱԿ և տասն անգամից ավելի խոսելու եմ կանաչ գրանիտով պատված այդ պանծալի ամբիոնից: Բանաձևն ընդունվեց, և յուրաքանչյուր նորանկախ պետության արտաքին գործերի նախարար հանդես եկավ ելույթով:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց հայերեն: Հետո արագ անցավ անգլերենի, սակայն դա էլ էր բավարար: Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն՝ առաջինը՝ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, և երկրորդը՝ թեև ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության պատերի ներքո հնչեց հայերենը:

Պաշտոնական մասն ավարտվեց, և մենք դուրս եկանք շենքից ու գնացինք այնտեղ, որտեղ վերադասավորում էին 180 անդամ երկրների դրոշները՝ կենտրոնում դատարկ թողնելով ինը ձող: Դրոշները բարձրացվեցին մեկ առ մեկ՝ հավաքվածների ծափողջույնների ներքո:

Հայկական պատվիրակությունն ընդունելություն էր կազմակերպել ՄԱԿ-ի ներսում՝ պատվիրակությունների ճաշասրահի հարևանությամբ: Ընդարձակ, բաց ու նրբագեղ սրահում, որի լուսամուտները նայում էին Իսթրիվեր գետին, մենք՝ դեռ մի փոքր ապշած այստեղ գտնվելու փաստից, շնորհավորում էինք միմյանց՝ հենց նոր տեղի ունեցած իրադարձության կապակցությամբ:

Պատվիրակության կազմում էր Ալեքսանդր Արզումանյանը՝ մաթեմատիկոս, Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը, որը նոր էր նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում: Հետագայում, երբ 1996-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց արտաքին գործերի նախարար, նա գրեթե մեկ տարի եղավ իմ անմիջական ղեկավարը:

Պատվիրակության կազմում էր նաև Արմեն Սարգսյանը, որն ապրում և ուսանում էր Լոնդոնում: Անկախության առաջին իսկ օրերին Արմենը նշանակվեց դեսպան Միացյալ Թագավորությունում և համատեղության կարգով՝ եվրոպական մի շարք այլ մայրաքաղաքներում:

Րաֆֆին ղեկավարում էր հայկական պատվիրակությունը: Նա ծնվել և մեծացել էր Միացյալ Նահանգներում, մեծ ակտիվություն էր ցուցաբերել հայ համայնքի կյանքում և ճանաչում էր գրեթե բոլորին. հիմա նա զբաղված էր շնորհավորանքներ բաժանելով և ստանալով: Ակնհայտ էր, որ այնտեղ հավաքվածներն իրենց նույնացնում էին Րաֆֆիին՝ Սփյուռքի զավակին, որի համար իրականացել էր հայերի երազանքը:

Ես հավաքվածներից շատ քչերին էի ճանաչում, սակայն դա որևէ նշանակություն չուներ: Մենք տոնում էինք միասին, կիսում աներևակայելի այդ զգացումը և կրկնում բացահայտը՝ մենք ականատեսներն էինք այն բանի, թե ինչպես երազանքը դարձավ շոշափելի իրականություն… մենք դեռ չգիտեինք՝ որքան շոշափելի: Մտքներս այլուր էին: Ես ոչ թե սոսկ պատմության ընթացքն էի դիտում, այլ գիտեի, որ մի քանի ամիս հետո կլինեմ Երևանում և, աշխատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, մասնակից կդառնամ այն գործընթացներին, որոնք կդառնան նորանկախ Հայաստանի պատմության մասը:

Լուսանկարում՝  ձախից աջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արմեն Սարգսյանը։