Ռուսաստանն այսօր շահագրգռված չէ Հայաստանում ունենալ իր համար ընդունելի իշխանություն

3650

Մեր ընդդիմությունը զարմանում և զայրանում է (դա հրապարակավ չի արտահայվտում), թե ինչու Մոսկվան չի աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց հովանու տակ գործող ուժերին և, վերջնարդյունքում, իշխանափոխություն չի իրականացնում Հայաստանում:

Անկասկած, Մոսկվան կարող է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, սակայն, այսօր, դա Ռուսաստանի շահերից չի բխում: Քոչարյանի՝ Պուտինի հետ իբր կամ իրականում քիմիա ունենալը արժեք չունի ռուսական շահերի տեսանկյունից:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունելի ղեկավար է Ռուսաստանի համար: Կրկնեմ՝ այսօր: Ինչո՞ւ:

Եթե 2020-ի մեր աղետալի պարտությունից հետո Ռուսաստանը Հայաստանում իշխանության բերեր որևէ ուժի, ապա պետք է պարտավորված լիներ կատարել իր ռազմավարական, պայմանագրային ու փաստաթղթային պարտավորությունները:

Բայց քանի որ այսօր Ռուսաստանի համար Ադրբեջանը և Թուրքիան շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը, Մոսկվային բացարձակապես պետք չէ Հայաստանում ունենալ իր համար ընդունելի իշխանություն: Այստեղ պետք չէ փնտրել ոչ ստոր դավաճանություն, ոչ ապերախտություն, ոչ այլ բան: Ռուսաստանը, ինչպես ամեն պետություն (Հայաստանն այս հարցում, սովորաբար առաջնորդվում է մշտական բարեկամ և մշտական թշնամի վարդապետությամբ), առաջնորդվում է ի՛ր շահերով:

Պետք չէ զարմանալ, որ Մարիա Զախարովան ու Կրեմլի այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական խոսնակներ ամեն առիթով մեղադրում է Փաշինյանին՝ իբր թե նա արևմտամետ է, ՆԱՏՕ-ին Կովկաս բերելու փորձեր է անում…

Իրականում, Փաշինյանի իշխանության լինելը Մոսկվան կարողանում է հայ ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ստեղծել հավատ, որ հե՛նց Փաշինյանի պատճառով է, որ մենք այս անվերջ մղձավանջի մեջ ենք, որ հենց նրա ու իշխանությունների պատճառով է, որ պարտություն ենք կրել Արցախում և կորցրել այն:

(Բացմիցս եմ գրել, որ Փաշինյանը մեր պարտության թիվ մեկ մեղավորն է ու պատասխանատուն, բայց նա պատասխանատու է առաջին հերթին այն պատճառով, որ շարունակեց Քոչարյանի ու Սարգսյանի ոչմիթիզական գիծը ու մեզ բերեց այս աղետն ու անվերջ մղձավանջը):

Այստեղ հարց է առաջ գալիս՝ Մոսկվայի համար այդքան դժվար է՞ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել՝ հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում ՈՒկրաինայում:

Բացարձակապես դժվար չէ: Պարզապես Փաշինյանն ու նրա իբր արևմտամետ թիմը հրաշալի առիթ են Մոսկվայի համար՝ արդարացնելու իր ռազմավարական և պայմանագրային պարտավորությունների չկատարումը:

Այն պահին, երբ Մոսկվայի շահերի համար ավելի կարևոր կլինի Հայաստանը, ինչպես է՛ր 1990-ական թվականներին, ապա Փաշինյանն ու թիմը չեն լինի իշխանության և, գուցե, Սերժ Սարգսյանի թավշյա հեռացմանը երանի տան:

Հիմա գնանք 1920 թվականի գարուն:

Երբ ապրիլի 28-ին բոլշևիկները Ադրբեջանը խորհրդայնացրեցին, չէի՞ն կարող նույնն անել նաև Հայաստանում:

Անշուշտ, կարող էին, պարզապես Լենինին դա դեռ պետք չէր: Բոլշևիկյան Ռուսաստանը պետք էր Արևմուտքի “գործակալ ու խամաճիկ” վարչապետ Համո Օհանջանյանին ու Բյուրո-կառավարությանը մեղադրանքներ հասցներ, որպեսզի արդարացներ իր անգործությունը և թուրքերի հետ Հայաստանը բաժաներ:

Բոլշևիկները չէի՞ն կարող Կարսը պահել ՀՀ կազմում, Արցախը պահել ՀՀ կազմում, Արարատն ու Անին պահել ՀՀ կազմում… Օրվա իշխանությունը՝ ՀՅԴ-ն է՞ր խանգարում:

Այն պահին, երբ արդեն ռուս-թուրքական գործարքն ավարտական փուլին էր հասնում, առանց դժվարության ու առանց պատերազմի իշխանությունից հեռացրեցին ՀՅԴ-ին ու բերեցին Հայհեղկոմին:

Այսօր, այն պահին, երբ արդեն ավարտական փուլին հասնի ռուս-թուրքական նոր գործարքը, “արևմտամետ և հակառուս” Փաշինյանին հեռացնելը կլինի օրերի ու շաբաթների գործ:

Թաթուլ Հակոբյան

25 փետրվարի, 2024թ, Երևան