Ի՞նչ է կատարվել Կապանում, ինչո՞ւ և ինչպե՞ս են ադրբեջանցիները հեռացել. 1988-ի փետրվար

4613

Ադրբեջանական աղբյուրներում կան պնդումներ, համաձայն որոնց` հայերի ու ադրբեջանցիների բախումները սկսվել են 1988թ. փետրվարյան ցույցերից առաջ: Պատմաբան Արիֆ Յունուսովը հետողականորեն, բայց առանց լուրջ փաստերի, պնդում է, թե Հայաստանից ադրբեջանցիների արտաքսումը և տեղահանումը սկսվել է Սումգայիթի ջարդերից ոչ թե ութ ամիս անց, այլ ավելի վաղ` 1987թ. նոյեմբերին, ապա` 1988թ. հունվարի 25-ին: Յունուսովը, մյուս ադրբեջանցի և օտար հեղինակները, որոնք բառ առ բառ կրկնում են նրան, չեն մեջբերել մինչև Սումգայիթի սպանդը Հայաստանից արտաքսված իբր մի քանի հազար ադրբեջանցիներից և ոչ մեկի խոսքերը:

Աշոտ Մանուչարյանը ժամանակին փորձել է պարզել` մինչևՍումգայիթի ջարդը Կապանից և  Մեղրիից ադրբեջանցիները հեռացե՞լ են: ՙԿապանում եղել է Իսլամ անունով հարուստ մի մսավաճառ, որը տեղի ադրբեջանցիների շրջանում հեղինակություն է վայելել: Ինչ-որ պահից նա սկսել է փող բաժանել և մարդկանց ասել` նստեն ավտոբուսները և հեռանան Ադրբեջան: 1988թ. նման բան անել առանց ՊԱԿի, ուղղակի հնարավոր չէր: Այդ մարդիկ են գնացել Սումգայիթ և ասել, որ իրենք բռնությունների են ենթարկվել: Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնություն չի եղել ընդհուպ մինչև1988թ. նոյեմբերը: Երբ որ Կիրովաբադում նոյեմբերի 22-ին տեղի ունեցան ջարդեր, փախստականների հոսքը գալիս էր Կիրովականով, Սպիտակով, և այդ հայ փախստականների զայրույթը թափվել էր տեղի ադրբեջանցիների վրա՚:

Համբարձում Գալստյանը, 1993-94թթ. իր հոդվածներից մեկում` չնշելով աղբյուրներ գրում է. ՙ1988թ. փետրվարի 15-ի և 25-ի միջև, տասն օրվա ընթացքում Մեղրիի և Կապանի շրջաններից մի քանի հարյուր ադրբեջանցիներ կազմակերպված կերպով մեկնեցին Ադրբեջան: Որքանով թույլ են տալիս դատել մեր ձեռքի տակ եղած աղքատիկ նյութերը, սրանց ճնշող մեծամասնությունը հանրապետության ղեկավարության կողմից տեղավորվեց Սումգայիթ քաղաքում, և հենց սրանք էլ դարձան Սումգայիթում կատարված հակահայկական վայրագությունների հիմնական հրահրողներն ու կատարողները՚: Ապա Գալստյանը մի շարք հարցադրումներ է անում. ՙՈ՞րն էր պատճառը, որ երբ Կապանից և Մեղրիից եկած կեղծ գաղթականները պատմում էին Հայաստանում իրենց նկատմամբ թույլ տրված վայրագությունների, սպանությունների ու բռնությունների, մորթված նորածինների ու Բալաջարի կայարանում անդամահատված դիակներով լեցուն վագոնների մասին, շուրջ 200 հազար բնակիչ ունեցող քաղաքում չգտնվեցին պատասխանատու անձինք, որոնք մարդկանց կարող էին փաստերով ապացուցել, որ ՙգաղթականների՚ պատմածներն իրականությանը չեն համապատասխանում՚:

ՙՂարաբաղ՚ կոմիտեի հանգուցյալ անդամը պնդում է, որ ադրբեջանցիների զանգվածային գաղթ Հայաստանից սկսվել է 1988թ. աշնանը, որը ժամանակագրական առումով հաջորդել է Ադրբեջանի հայաբնակ  շրջաններում ընթացող հայկական ջարդերին ու արդեն պետական մակարդակով անցկացվող տեղահանությանը:

Թոմաս դե Վաալը գրում է, որ 1987թ. նոյեմբերին Կապանից Բաքվի երկաթուղային կայարան են հասել երկու բեռնատար վագոններ, շատ քիչ բան է հայտնի այս միջադեպի մասին, մամուլում ոչինչ չի գրվել, բայց կան կատարվածի ականատեսներ: Սվետա Փաշաևան` բաքվեցի մի հայ այրի, բրիտանացի հետազոտողին պատմել է, թե ինչ վիճակում է տեսել փախստականներին: ՙՄարդիկ եկան և ասացին, որ Կապանից եկել է երկու վագոն` բոկոտն, մերկ երեխաներով, և մենք գնացինք տեսնելու: Նրանք կապանցի ադրբեջանցիներ էին: Ես կայարանում էի: Երկու բեռնատար վագոն էր: Դռները բաց էին` մեխված երկու երկար տախտակներով, որ մարդիկ ցած չընկնեին: Ասացին` ով ինչ կարող է թող բերի նրանց օգնելու համար: Ես, ոչ միայն ես, շատ մարդիկ, հավաքեցինք երեխաների հին հագուստ, այլ բաներ: Իմ աչքով եմ տեսել, կեղտի մեջ կորած գյուղացիներ էին` երկար մազերով և մորուքներով, տարեցներ, երեխաներ՚:

Ինչո՞ւ էին ՙերկար մազերով եւ մորուքներով տարեցները, երեխաներն՚ արտաքսվել Կապանից, որտե՞ղ էին նրանց որդիներն ու հայրերը: Պատճառ պե՞տք է լիներ, որ նրանք դուրս քշվեին իրենց տներից: Եթե` այո, ապա ո՞րն էր: Ո’չ Յունուսովը, ո’չ որևէ այլ հետազոտող չեն հանդիպել, մեջբերել կամ վկայություն վերցրել մինչև Սումգայիթի սպանդը Հայաստանից ստիպողաբար հեռացած որևէ ադրբեջանցուց:

Որևէ մեկը, ով տեսել է ադրբեջանցի գյուղացիների կամ պարզապես եղել է Կովկասյան լեռնաշղթայից հարավ, անմիջապես կնկատի չեղած բանի` ՙփչոցի՚ տարր, որը կարող է անցնել գուցե միայն Արևմուտքում կամ Ռուսաստանում, բայց ոչ երբեք Անդրկովկասում, գրում է հետազոտող Արսեն Մելիք-Շահնազարովը: ՙԽոսքը ՙերկար մազերով և մորուքներով գյուղացի տղամարդկանց՚ մասին է: Ադրբեջանցի տղամարդիկ, առավել եւս` գյուղում բնակվողները, երբեք չեն կրել ՙերկար՚ մորուք՚, ավելին` ՙերկար մազեր՚. նրանք մազերը կարճ էին կտրում և գրեթե համատարած ունեին բեխեր: Նրանց բեխեր ունենալը միշտ արիության խորհրդանիշ էր, մինչդեռ տղամարդու համար երկար մազերը համարվում էր ինչ-որ տեղ անպարկեշտ, ամոթալի՚:

Ժորա Մկրտչյանը մինչև1992թ. եղել է Կապանի երկաթուղային կայարանի պետը, սակայն նախքան Սումգայիթը չի հիշում մեկ ադրբեջանցու, որ տեղահանված լիներ: ՙՋարդից հետո միայն, երբ խառնաշփոթությունն ընկավ, ադրբեջանցիները սկսեցին տեղափոխվել: Նրանք դիմում էին գրում, ես էլ զանգում էի Նախիջևան` վերադասին, թույլտվություն վերցնում, ով վագոն էր ուզում, վագոն էինք տալիս, ով` կոնտեյներ, կոնտեյներ էինք տալիս, բեռները բարձում էին, տոմս գնում, հեռանում: Նրանք գնում էին Կապան-Բաքու գնացքով: Շատերն էլ մեքենաներով էին գնում՚:

Կապանի շրջկոմի երկրորդ քարտուղար Արամայիս Բաբայանն ասում է, որ 1987թ. սեպտեմբերին տեղացի ադրբեջանցիների շրջանում տարածվել է խոսակցություն, որ Ադրբեջանում կառուցվում է նոր քաղաք, պահանջվում է աշխատուժ: ՙԿապանի շրջանից այդ ժամանակ ադրբեջանցիների մի խումբ գնացել է: Տեղում պարզվել է, որ այնտեղ քաղաք չի կառուցվում, մնալու հնարավորություններ չկան, և  գնացածների մի մասը նորից հետ է եկել: Այդ ժամանակ ընտանիքներով գնացողներ չեն եղել՚,- ասում է Բաբայանը:

Այլ տեղեկությունների համաձայն` 1987թ. աշնանը մոտ 200 ադրբեջանցիներ` Սիսիանի, Կապանի և Մեղրիի շրջաններից, մի քանի ամսով տեղափոխվել են Ապշերոն: Բաքվի իշխանությունները դիմել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում բնակվող ազգակիցներին` առաջարկել արտոնյալ պայմաններով աշխատել Ապշերոնում ստեղծվող խորհրդային և կոլեկտիվ տնտեսություններում:

Գրիգոր Հարությունյանը 1987-1990թթ. եղել է Մեղրիի շրջխորհրդի գործկոմի նախագահը` շրջանի երկրորդ դեմքը: Նա պնդում է, որ միայն Սումգայիթի դեպքերից հետո են ընտանիքներով շրջանից սկսել հեռանալ ադրբեջանցիները: Հարությունյանը նշում է, որ 1980թ.,1985թ., դրանից առաջ և հետո ադրբեջանցի երիտասարդները մեկնում էին Բաքու սովորելու և նրանց մի մասը չէր վերադառնում, ինչպես Ադրբեջանի տարբեր բնակավայրերից Երևանում ուսանող հայերը մնում էին Հայաստանում: Հարությունյանը բացառում է, որ 1987թ. Մեղրիի շրջանից ադրբեջանցիները կարող էին ընտանիքներով հեռանալ, և ինքն այդ մասին տեղյակ չլիներ: ՙՍումգայիթից հետո Մեղրիից և Քաջարանից որոշ ադրբեջանցիներ երկյուղից գնացել են հարևան ն Նախիջևան և Զանգելանի շրջան, բայց կրկին վերադարձել: Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին բնակարանները փոխանակել: Արդեն գործընթացը սկսվել էր. ո’չ ադրբեջանցիներն էին ուզում մնալ Հայաստանում, ո’չ հայերը` Ադրբեջանում: Մեղրիի շրջանում ոչ մի ադրբեջանցու քիթ չի արյունոտվել, իսկ Նյուվադին եղել է վերջին ադրբեջանական գյուղը Հայաստանի տարածքում, որտեղից հեռացել են ադրբեջանցիները: Գյուղը պաշտպանում էին ռուսական զորքերը և ադրբեջանական ոստիկանական ուժերը՚,- ասում է Հարությունյանը:

Յունուսովը պնդում է, թե մինչևՍումգայիթն ադրբեջանցիները Կապանից արտաքսվել են նաև ավտոբուսներով: 1988թ. հունվարի 25-ին փախստականներով լիքը կարմիր գույնի չորս ՙԻկարուսներ՚ նա տեսել է կառավարության շենքի հարևանությամբ, աշխատանքի գնալու ճանապարհին. ՙՆրանք սարսափելի վիճակում էին: Հիմնականում կանայք էին, երեխաներ ու ծերեր: Կային մի քանի երիտասարդներ: Նրանցից շատերը ծեծված էին, նրանք գոռում էին՚:

Հայկական մամուլի հարցազրույցներից մեկում Յունուսովը նշել է 1988-ի հունվարին Հայաստանից ստիպողաբար հեռացած ադրբեջանցիների ստույգ թիվ. ՙԵս առաջին անգամ Կապանից փախստականների եմ հանդիպել Սումգայիթից վաղ: 400 մարդ էր փախել, նրանք ծեծված էին՚:

Կրկին նույն հարցը՝ ինչպե՞ս է պատահել, որ Կապանից և Մեղրիից արտաքսվել են հիմնականում երեխաները, ծերերը և կանայք: Իսկ ո՞ւր էին տղամարդիկ` ընտանիքի հայրերը: Ինչպե՞ս էին 400-ը տեղավորվել 4 ավտոբուսներում: 1988-90թթ. ընթացքում Կապանի և Մեղրիի շրջաններում որևէ ադրբեջանցի չի սպանվել, ամենահանդուրժողական վերաբերմունքն ադրբեջանցիների նկատմամբ եղել է հենց Կապանում և Մեղրիում:

Կապանում առաջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 22-ին` քաղաքային մարզադաշտում: Մինչ այդ փոքր հանրահավաքներ էին տեղի ունեցել տարբեր  հրապարակներում, քաղաքով անցել էին ուսանողական խմբերը ՙՂարաբաղ, միացում՚ բացականչություններով: ՙՄարզադաշտում տեղի ունեցած հանրահավաքից հետո ադրբեջանցիների մոտ երկյուղ զգացվում էր: Հաջորդ առավոտյան, այսինքն` փետրվարի 23-ին, երբ եկանք աշխատանքի, մեզ զանգահարեցին Բաքվից և հարցրին, թե ձեր քաղաքացիներն ի՞նչ գործ ունեն Ադրբեջանի տարածքում: Խոսակցությունից պարզվեց, որ այդ նույն գիշերը 276 ադրբեջանցիներ Կապան-Բաքու գնացքով մեկնել են քաղաքից: Նրանց, հավանաբար Մոսկվայի ցուցումով, կանգնեցրել են կես ճանապարհին` Աղջաբադի տարածքում և պահանջել, որ վերադառնան իրենց տները՚,- ասում է Բաբայանը:

Կապանի և Զանգելանի շրջանների կուսակցական ղեկավարությունը պայմանավորվում է հանդիպել սահմանագլխին: Բաբայանը հիշում է. ՙԵրբ տեղ հասանք, ժողովուրդ չկար: Ասացին, որ ժողովուրդը մեզ սպասում է Զանգելանում, ինձ առաջարկեցին նստել իրենց մեքենան, քանի որ մեր մեքենայով գնալը վտանգավոր էր, որովհետև նրանց ասելով Ռազ-դարա գյուղում երիտասարդությունը հավաքվել է` հրացաններով, քարերով, մահակներով: Ես տեղավորվեցի նրանց մեքենայում, հասանք Զանգելան: Երբ  հարցրի, թե ո՞ւր է ժողովուրդը, պատասխանեցին, որ նոր են ցրվել: Միակ կապանցի ադրբեջանցուն, ում հանդիպեցի այդ օրը, պրոֆտեխուսումնարանի նախկին վարպետն էր: Այդ օրը և ոչ մի ադրբեջանցու չհաջողվեց վերադարձնել Կապան՚:

Հաջորդ օրը Բաբայանը, շրջկոմի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը, այլ ղեկավարներ, կրկին մեկնում են սահման, իրենց հետ տանում ավտոբուսներ: Զանգելանի շրջանի ղեկավարությունը խոստացել էր Կապանը լքած ադրբեջանցիներին հասցնել սահման: ՙԱյս անգամ ադրբեջանցիներն ինչ-որ բան կազմակերպել էին, մարդկանց ավտոբուսներով հասցրել էին մինչևսահման, որտեղից էլ մեր երեք ՙԼԱԶ՚ ավտոբուսներով` երկուսը լիքը, մեկը` կիսադատարկ, նրանց բերեցինք Կապան: Նրանց մեջ բոլորը չէ, որ Կապանի բնակիչներ էին, կային նաև գինովցած, քրեածին տարրեր: Հենց նրանք էլ առաջին փորձն արեցին անհանգիստ վիճակ ստեղծել, բայց ի պատիվ Կապանի իրավապահ մարմինների աշխատակիցների, ամենամտերիմ ձևերով շրջապատեցին նրանց, հանգստացրին: Նրանց հետ եկան նաև Զանգելանի շրջանի իրավապահ մարմինների աշխատողներ, ծանոթացան իրավիճակին, համոզվեցին, որ իրենց ստացած տեղեկությունը ճիշտ չէ, Կապանում ոչ մի ադրբեջանցի չի վիրավորվել, ոչ մեկին չեն ծեծել, և դա սադրանք է՚,- ասում է Բաբայանը:

Կապանում տեղի ունեցածի արձագանքը շատ արագ հասնում է Կրեմլ: Մոսկվայից ժամանած ներկայացուցիչներն ադրբեջանցիների համար ընդունելություն են կազմակերպում: Կենտրոնական կոմիտեի ազգամիջյան հարաբերությունների ենթաբաժնից Սլոբոդնյուկ ազգանունով պաշտոնյան ժամանում է Կապան, շրջանի ղեկավարության հետ խորհրդակցության ընթացքում հրավիրում և լսում են ադրբեջանցիներին:

Բաբայանը մեզ տրամադրեց Բաքու-Կապան-Բաքու մարդատար գնացքի (թիվ 672-671) ադրբեջանցի ուղևորների ցուցակը, որոնք փետրվարի 22-ին դուրս են եկել Կապանից և շրջակա գյուղերից: Այս ցուցակում, որ ադրբեջանական կողմն է կազմել ու ներկայացրել Կապանի շրջանի ղեկավարությանը, ներառված է 276 մարդու անուն: Բաբայանը մեզ տրամադրեց ևս մեկ ցուցակ, որում գյուղ առ գյուղ նշված է, թե Կապանի շրջանից փետրվարի 24-ից 29-ն ընկած հինգ օրերի ընթացքում քանի՞ ադրբեջանցի է հեռացել: Ըստ այդ ցուցակի, որը կարող է և սխալներ ունենալ, հեռացած ադրբեջանցիների թիվը 97 է: Այս թվի մեջ չեն մտնում 276-ը` փետրվարի 22-ի երեկոյան գնացքով հեռացածները, որոնց մի մասը` մոտ 100 մարդ, կրկին վերադարձել էր Կապան:

Ֆադեյ Սարգսյանն իր հուշերում գրում է 1988թ. մարտի 10-ին տեղի է ունեցած քաղբյուրոյի նիստի մասին, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի երեք առաջին դեմքերը. ՙԲաղիրովը զեկուցեց, որ իրենք մեծ աշխատանք են տանում իրադրությունը բնականոն դարձնելու համար, բայց բախվում են մի երևույթի` փախստականներին: Ասաց, որ արդեն ունեն 3000 փախստական, որոնք է’լ ավելի խախտեցին հավասարակշռությունը: Նա իրենց թույլ օղակը համարեց Սումգայիթը, որտեղ շատ են քրեականները՚:

Դեմիրճյանը, որի հարաբերությունները լարված էին Գորբաչովի հետ, առարկում է նրա և իր ադրբեջանցի գործընկերոջ պնդումներին, թե երեւանյան ցույցերի մասնակիցների շարքում քիչ չեն քրեական տարրերը: ՙՀայաստանից գնացել են ընդամենը 500 ադրբեջանցիներ, մի՞թե դա ոչինչ չի ասում՚,- Դեմիրճյանի խոսքերը մեջբերում է նիստին մասնակից Ֆադեյ Սարգսյանը:

Մինչև մարտի 10-ը, երբ տեղի է ունեցել քաղբյուրոյի նիստը, Դեմիրճյանի նշած 500 թիվը տրամաբանական է թվում: Սումգայիթին հաջորդած տասն օրերի ընթացքում հնարավոր է մի քանի հարյուր ադրբեջանցիների հեռանալը Հայաստանից: Փետրվարի 29-ին Դեմիրճյանը հեռուստաելույթում հորդորել էր տուն վերադառնալ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին:

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից