Քոչարյանը շնորհավորում է Սերժ Սարգսյանի «համոզիչ հաղթանակը». 20 փետրվարի, 2008թ

2333

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ՀՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ

20 փետրվար

Սիրելի հայրենակիցներ,

2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների ոգուն համահունչ:

Շնորհակալություն եմ հայտնում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, վստահված անձանց, դիտորդներին, բայց առաջին հերթին ձեզ` ընտրողներիդ, ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Դա կարեւոր մի փորձություն էր մեր պետության ամրացող ժողովրդավարության համար:

Ընտրությունները միշտ քաղաքական հակասությունների կիզակետ են եւ կարող են հանգեցնել լարման աստիճանի բարձրացման, հասարակության պառակտվածության: Սակայն քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է: Կարեւոր է, որ ընտրություններին հաջորդող այս շրջանում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ Հանրապետության Նախագահը չի կարող կիսել հասարակությունը ՙյուրայինների՚ եւ ՙօտարների՚: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը կարողանալու է համախմբել հասարակությունը, ձեւավորել փոխըմբռնման եւ հանդուրժողականության մթնոլորտ:

Չնայած առկա լուրջ ձեռքբերումներին՝ Հայաստանի Հանրապետության առջեւ դեռեւս ծառացած են բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Մեր ժողովուրդն ունի դեռեւս լիարժեք չօգտագործված մեծ ներուժ: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա աշխարհի ամենամրցունակ եւ արագ զարգացող պետություններից մեկը: Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն եւ հետեւողական աշխատանք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սարգսյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ և արդար ընտրություններում Ձեզ ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է:

Հայաստանի տնտեսության աճի տեմպերի պահպանումը, աղքատության հաղթահարումն ու կյանքի նոր որակի ապահովումը, Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և վերջնական կարգավորումը Ձեր առջև ժողովրդի կողմից դրված բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են:

Վստահ եմ, որ Դուք Ձեր բոլոր գիտելիքներն ու հմտությունները ներդնելու եք այդ նպատակների իրականացման գործում:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ և հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանը օժտված է բացառիկ մարդկային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջընթացին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, եռանդ և ուժ` պետության բարձրագույն պաշտոնում ժողովրդին Ձեր ծառայությունները մատուցելու համար:

Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տիկնանց հետ, 9 ապրիլի, 2008թ